2010–2019 թթ․
Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար
Ապրիլ 2012


Ինչպես ստանալ հայտնություն և ոգեշնչում ձեր անձնական կյանքի համար

Ինչու՞ է Տերը ցանկանում, որ մենք աղոթենք Նրան և հարցնենք: Որովհետև այդպես է ստացվում հայտնությունը:

Յուրաքանչյուրը, ով կանգնում է այս ամբիոնի առաջ ուղերձ հղելու զգում է աշխարհի անդամների ուժը և աջակցությունը: Ես շնորհակալ եմ, որ նույն աջակցությունը գալիս է սիրելի զուգընկերոջից՝ վարագույրի մյուս կողմից: Շնորհակալություն, Ջենին:

Սուրբ Հոգին հաղորդում է կարևոր տեղեկություն, որով առաջնորդվելու կարիքը մենք ունենք մեր մահկանացու կյանքի ընթացքում: Երբ այն հստակ է, պարզ և կարևոր, այն կոչվում է հայտնություն: Երբ այն հուշումների շարք է, որոնք մենք հաճախ ստանում ենք քայլ առ քայլ մեզ առաջնորդելու համար դեպի արժանի նպատակ, այն այս ուղերձում կանվանվի ոգեշնչում:

Հայտնության օրինակ կարող է լինել հրահանգը, որ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ստացավ Տիրոջը երկար ժամանակ շարունակաբար աղոթելուց հետո, որը կապված էր Եկեղեցու բոլոր արժանի տղամարդկանց քահանայություն տալու խնդրի հետ, քանի որ այդ ժամանակ այն հասանելի էր միայն որոշ տղամարդկանց:

Հայտնության մեկ այլ օրինակ է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին տրված այս առաջնորդությունը. «Ես կարծում եմ, որ մենք գործում ենք և գտնվում ենք երկնային սուրհանդակների և երկնային էակների ներկայության մեջ: Մենք առանձնացված չենք նրանցից: … Մենք սերտորեն կապված ենք մեր ազգականների, մեր նախնիների հետ, … ովքեր նախորդել են մեզ հոգևոր աշխարհում: Մենք չենք կարող մոռանալ նրանց, մենք չենք դադարում սիրել նրանց, նրանք միշտ մեր սրտում են և մեր հիշողության մեջ, և այսպիսով մենք հաղորդակցվում և միանում ենք նրանց հետ կապերով, որոնք մենք չենք կարող խզել: … Եթե սա է իրավիճակը մեր մահկանացու կյանքում, երբ շրջապատված ենք մեր մահկանացու թուլություններով, … որքան ավելի համոզիչ է … հավատալը, որ նրանք, ովքեր հավատարիմ են եղել, ովքեր մահացել են, … կարող են տեսնել մեզ ավելի լավ, քան մենք կարող ենք տեսնել նրանց, որ նրանք ավելի լավ գիտեն մեզ, քան մենք գիտենք նրանց: … Մենք ապրում ենք նրանց ներկայության մեջ, նրանք տեսնում են մեզ, նրանք անհանգստանում են մեր բարօրության համար, նրանք սիրում են մեզ այժմ ավելի, քան երբևէ: Քանզի այժմ նրանք տեսնում են վտանգները, որ գայթակղում են մեզ, … նրանց սերը մեր հանդեպ և նրանց ցանկությունը մեր բարեկեցության համար պետք է որ ավելի մեծ լինի, քան այն, որ մենք ենք զգում մեր հանդեպ»:1

Հարաբերությունները կարող են ամրանալ վարագույրի միջով այն մարդկանց հետ, ում մենք գիտենք և սիրում ենք: Դա կատարվում է շարունակաբար շիտակ գործելու մեր վճռական ջանքերի շնորհիվ: Մենք կարող ենք ամրացնել մեր հարաբերությունները սիրած անձնավորության հետ, ով հեռացել է, հասկանալով, որ բաժանումը ժամանակավոր է և որ տաճարում կապած ուխտերը հավերժական են: Երբ շարունակաբար հնազանդվում ենք, այն հաստատում է ուխտում եղած խոստումների իրականացումը հավերժության մեջ:

Իմ սեփական կյանքում շատ պարզ հայտնություն եղավ, երբ ես ուժգնորեն հուշում ստացա Հոգուց խնդրել Ջենին Վաթկինսին կնքվել ինձ հետ տաճարում:

Մեծ դասերից մեկը, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի, հարցնելն է: Ինչու՞ է Տերը ցանկանում, որ մենք աղոթենք Նրան և հարցնենք: Որովհետև այդպես է ստացվում հայտնությունը:

Երբ ես հանդիպում եմ շատ դժվար մի խնդրի, ահա թե ինչպես եմ ես փորձում հասկանալ, թե ինչ անել: Ես ծոմ եմ պահում: Ես աղոթում եմ, որ գտնեմ և հասկանամ սուրբ գրությունները, որոնք կարող են օգնել: Այդ գործընթացը կրկնվում է: Ես սկսում եմ կարդալ հատված սուրբ գրություններից, ես խորհում եմ այդ հատվածի նշանակության մասին և աղոթում եմ ոգեշնչման համար: Այնուհետև ես խորհում եմ և աղոթում, որ իմանամ, թե արդյոք ընկալել եմ այն ամենը, ինչ Տերը ուզում է, որ անեմ: Հաճախ ավելի շատ տպավորություններ գալիս են վարդապետությունը ավելի լավ հասկանալու հետ զուգահեռ: Ես նկատել եմ, որ դա սուրբ գրություններից սովորելու լավ ձև է:

Կան որոշ գործնական սկզբունքներ, որ մեծացնում են հայտնության հնարավորությունները: Առաջինը, բարկություն կամ վիրավորանք կամ պաշտպանվելու ցանկություն առաջացնող զգացմունքներին տեղ տալը հեռու կվանի Սուրբ Հոգին: Այդ զգացմունքները պետք է վերացնել, այլապես հայտնություն ստանալու մեր հնարավորությունը կփոքրանա:

Հաջորդ սկզբունքն է՝ զգույշ լինել հումոր օգտագործելիս: Բարձր, անպատշաճ ծիծաղը կվիրավորի Հոգուն: Լավ հումորի զգացողությունը օգնում է հայտնությանը, բարձր ծիծաղը՝ ոչ: Հումորի զգացումը կյանքում ճնշումներից խուսափելու միջոց է:

Հայտնության մեկ այլ թշնամի է՝ չափազանց բարձր կամ աղմուկով ինչ-որ բան ասելը: Զգուշությամբ ասված ցածր խոսքը մեծացնում է հայտնություն ստանալու զորությունը:

Մյուս կողմից, հոգևոր հաղորդակցումը բարելավվում է առողջ ապրելակերպի միջոցով: Մարզվելու, բավականաչափ քնելու և ճիշտ սնվելու սովորությունները մեծացնում են հայտնություններ ստանալու և հասկանալու մեր ունակությունը: Մենք կապրենք մեզ համար նախատեսված ժամանակահատվածը: Այնուամենայնիվ, մենք կարող ենք լավացնել այդ ծառայության որակը և մեր բարեկեցությունը՝ կատարելով զգույշ և պատշաճ ընտրություններ:

Կարևոր է, որ մեր ամենօրյա միջոցառումները չշեղեն մեզ Հոգուն լսելուց:

Հայտնությունը կարող է նաև տրվել երազում, երբ գրեթե աննկատելի անցում է կատարվում քնից դեպի արթուն վիճակի: Եթե դուք փորձում եք անմիջապես գրի առնել բովանդակությունը, դուք կարող եք գրի առնել կարևոր մանրամասներ, հակառակ դեպքում այն արագ կերպով մոռացվում է: Գիշերվա ոգեշնչված հաղորդակցությունը հիմնականում զուգորդվում է ողջ փորձառության հետ կապված սուրբ զգացողությամբ: Տերն օգտագործում է անձանց, ում մենք շատ ենք հարգում, ուսուցանելու համար մեզ ճշմարտություններ երազում, քանի որ մենք վստահում ենք նրանց և կլսենք նրանց խորհրդին: Տերն է, որ ուսուցանում է Սուրբ Հոգու միջոցով: Այնուամենայնիվ, Նա կարող է երազում ավելի հեշտ դարձնել հասկանալը և ավելի հավանական մեր սրտերին դիպչելը, ուսուցանելով մեզ ինչ-որ մեկի կողմից, ում մենք սիրում և հարգում ենք:

Եթե Տիրոջը նպատակահարմար է, Նա կարող է մեզ հիշեցնել ցանկացած բան: Դա չպիտի թուլացնի Հոգու կողմից ստացած տպավորությունները գրի առնելու մեր վճռականությունը: Ոգեշնչումը զգուշությամբ գրառելը ցույց է տալիս Տիրոջը, որ Նրա հաղորդակցությունները սուրբ են մեզ համար: Գրի առնելը նաև կմեծացնի հայտնությունը մտաբերելու մեր ունակությունը: Հոգու այսպիսի առաջնորդությունների գրառումը պետք է պահպանել, որ այն չկորի կամ այլ մարդկանց համար մատչելի չդառնա:

Սուրբ գրությունները տալիս են ազդեցիկ հաստատում, թե ինչպես է ճշմարտությունը բացում ոգեշնչման պատուհանը, երբ շարունակաբար ապրում ես դրանով, որպեսզի իմանաս, թե ինչ անել և, երբ անհրաժեշտ է, մարդու հնարավորությունները մեծանում են աստվածային զորությամբ: Սուրբ գրությունները նկարագրում են, թե ինչպես են անհրաժեշտության դեպքում դժվարությունները, կասկածները և անհաղթահարելի թվացող խնդիրները հաղթահարելու ունակությունները ուժեղացել Տիրոջ կողմից: Մինչ դուք խորհեք այս օրինակների շուրջ, Սուրբ Հոգու միջոցով հաստատում կգա, որ նրանց փորձառությունները ճշմարիտ են: Դուք կգիտակցեք, որ նմանատիպ օգնություն հնարավոր է ձեր համար:

Ես տեսել եմ դժվարությունների հանդիպող անդամների, ովքեր գիտեին ինչ անել, երբ դա իրենց սեփական ուժերից վեր էր, քանի որ նրանք վստահում էին Տիրոջը և գիտեին, որ Նա կառաջնորդեր նրանց դեպի անհապաղ պահանջվող լուծումները:

Տերը հայտարարել է. «Եվ դուք պետք է ուսուցանվեք ի վերուստ: Սրբացրեք ձեզ, և դուք զորությամբ կօժտվեք, որ կարողանաք ուսուցանել, ճիշտ ինչպես ես ասացի»:2 Սրբացրեք ձեզ բառերը կարող են շփոթեցնող թվալ: Նախագահ Հարոլդ Բ. Լին մի անգամ բացատրել է ինձ, որ դուք կարող եք փոխարինել այդ բառերը «պահեք իմ պատվիրանները» արտահայտությամբ: Կարդացեք այդ ձրով, խորհուրդը ավելի պարզ է թվում:3

Մարդը պետք է մտքով և մարմնով միշտ մաքուր լինի և ունենա մաքուր մտադրություն, որպեսզի Տերը կարողանա ոգեշնչել նրան: Նա, ով հնազանդ է Նրա պատվիրաններին, վստահություն է ձեռք բերում Տիրոջ կողմից: Այդ անհատը արժանանում է Նրա ոգեշնչումներին, որպեսզի իմանա, թե ինչ անել և, երբ անհրաժեշտ լինի, արժանանում է աստվածային զորությանը այն անելու համար:

Հոգևոր առումով ավելի ուժեղ դառնալու և ավելի մատչելի լինելու համար այն պետք է սերմանել արդար միջավայրում: Գոռոզությունը, հպարտությունը և մեծամտությունը նման են քարքարոտ վայրին, որը երբեք հոգևոր պտուղ չի տա:

Համեստությունը պտղաբեր հող է, որտեղ հոգևորությունը աճում և տալիս է ոգեշնչման պտուղ, որպեսզի իմանալ, թե ինչ անել: Այն աստվածային զորություն է տալիս իրականացնելու համար այն, ինչը պետք է անել: Փառք և ճանաչում ցանկացող անհատը չի կարող որակավորվել Հոգուց ուսուցանվելու համար: Ինքնահավան անձնավորությունը կամ նա, ով թույլ է տալիս իր զգացմունքներին ներգործել իր որոշումների վրա, Հոգու կողմից զորությամբ չի առաջնորդվի:

Երբ մենք գործիք ենք հանդիսանում ուրիշների համար, մենք ավելի հեշտությամբ ենք ոգեշնչվում, քան երբ մենք մտածում ենք միայն մեր մասին: Ուրիշներին օգնելու գործընթացը Տերը կարող է օգտակար դարձնել մեր իսկ համար:

Մեր Երկնային Հայրը մեզ չի բերել երկիր ձախողվելու համար, այլ փառահեղ հաջողություն ձեռք բերելու համար: Սա կարող է արտասովոր թվալ, սակայն դա է պատճառը, որ աղոթքի պատասխանը նկատելը կարող է երբեմն շատ դժվար լինել: Երբեմն մենք անխոհեմորեն փորձում ենք կյանքում առաջնորդվել, հիմնվելով մեր սեփական փորձառության և ունակության վրա: Մեր կողմից ավելի խելացի կլինի աղոթքով և աստվածային ոգեշնչմամբ փնտրել, իմանալու համար, թե ինչ անել: Մեր հնազանդությունը երաշխավորում է, որ երբ պահանջվի, մենք կարողանանք որակվել աստվածային զորության համար՝ ոգեշնչված գործ իրականացնելու համար:

Մեզանից շատերի նման Օլիվեր Քաուդերին չէր գիտակցել, որ Տերն արդեն իսկ պատասխանել էր իր աղոթքներին: Նրա և մեր աչքերը բացելու համար, Ջոզեֆ Սմիթի միջոցովտրվեցայս հայտնությունը.

«Օրհնված ես դու այն բանի համար, որ արել ես. քանզի դու հարցրել ես ինձ, և ահա, այնքան հաճախ, որքան հարցրել ես ինձ, դու հրահանգներ ես ստացել իմ Հոգուց: Եթե դա այդպես չլիներ, դու չէիր լինի այն տեղում, որտեղ հիմա գտնվում ես:

Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը. և այժմ ես ասում եմ քեզ այս բաները, որ կարողանաս իմանալ, որ դու լուսավորվել ես ճշմարտության Հոգով»:4

Եթե դուք զգում եք, որ Տերը չի պատասխանել ձեր աղոթքներին, խորհեք այս սուրբ գրությունների շուրջ, այնուհետև զգուշությամբ փնտրեք փաստեր ձեր իսկ կյանքում, որոնք կվկայեն, որ Նա արդեն իսկ պատասխանել է ձեզ:

Աստծուց եկող զգացմունքների կամ հուշումների երկու նախանշաններ են սրտում խաղաղության զգացումը և մեղմ ու ջերմ զգացողությունը: Եթե դուք հետևեք իմ քննարկած սկզբունքներին, դուք պատրաստ կլինեք տեսնելու հայտնությունը ձեր կյանքի վճռորոշ պահերին:

Որքան ավելի մոտիկից դուք հետևեք աստվածային առաջնորդությանը, այնքան ավելի մեծ կլինի ձեր ուրախությունն այստեղ և հավերժության մեջ. դեռ ավելին, ավելի մեծ կլինի ձեր զարգացումը և ծառայելու ունակությունը: Ես ամբողջությամբ չեմ հասկանում, թե ինչպես է դա կատարվում, սակայն այդ առաջնորդությունը ձեր կյանքում ձեզանից չի խլում ձեր ազատ ընտրության իրավունքը: Դուք կարող եք որոշումներ կայացնել, որոնք որ դուք ընտրում եք կայացնել: Սակայն հիշեք, ճիշտը գործելու հակվածությունը բերում է մտքի խաղաղություն և երջանկություն:

Եթե սխալ ընտրություններ են կատարվում, վերադառնալու ճանապարհ կա ապաշխարության միջոցով: Երբ սխալը մինչև վերջ արդեն արված է, Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի Քավությունը ազատում է մեզ կատարված սխալների արդարադատության պահանջներից: Սա զարմանալիորեն պարզ և անհամեմատելիորեն գեղեցիկ է: Եթե դուք շարունակում եք արդար ապրել, դուք միշտ հուշում կստանաք, որ իմանաք ինչ անել: Երբեմն ընտրություն կատարելը կարող է պահանջել ձեզանից մեծ ջանքեր և վստահություն: Այնուամենայնիվ, ձեզ կհուշվի, որ իմանաք, թե ինչ անեք, երբ դուք հանդիպեք ձեր կյանքում իրավիճակների, երբ անհրաժեշտ է այսպիսի աստվածային առաջնորդություն, ինչպիսիք են հնազանդությունը Տիրոջ պատվիրաններին, վստահություն Նրա երջանկության աստվածային ծրագրի հանդեպ և խուսափել ցանկացած բանից, որը հակասում է դրան:

Մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելը աննշան բան չէ: Այն սուրբ արտոնություն է: Այն հիմնված է հավերժական, անփոփոխ սկզբունքների վրա: Մենք օգնություն ենք ստանում մեր Երկնային Հոր կողմից ի պատասխան մեր հավատքի, հնազանդության և ազատ ընտրության պատշաճ օգտագործման:

Թող Տերը ոգեշնչի ձեզ հասկանալու և օգտագործելու սկզբունքները, որոնք տանում են դեպի անձնական հայտնությու և ոգեշնչում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: