2010–2019 թթ․
Սովորեցնել մեր երեխաներին հասկանալ
Ապրիլ 2012


Սովորեցնել մեր երեխաներին հասկանալ

Մեր երեխաներին հասկանալ ուսուցանելը ավելին է, քան տեղեկություն տալը: Դա նշանակում է օգնել մեր երեխաներին ընդունել վարդապետությունը իրենց սրտում:

Տարիների հետ կյանքիս շատ մանրամասներ դառնում են ավելի ու ավելի աղոտ, սակայն որոշ հուշեր, որոնք առավել պայծառ են մնում, մեր երեխաներից յուրաքանչյուրի ծննդի հետ են կապված: Երկինքն այնքան մոտ էր թվում, և եթե ես փորձեի, կարող էի գրեթե զգալ պատկառանքի և հրաշքի այն նույն ապրումները, որոնք ունենում էի ամեն անգամ, երբ այդ թանկարժեք մանուկներից մեկը դրվում էր իմ ձեռքերի մեջ:

Մեր «զավակները Տիրոջ ժառանգությունն են» (Սաղմոս 127.3): Նա ճանաչում և սիրում է յուրաքանչյուրին կատարյալ սիրով (տես Մորոնի 8.17): Ինչպիսի սուրբ պարտականություն է, որը Երկնային Հայրը հանձնարարում է մեզ՝ ծնողներիս, որ Նրա գործընկերը լինենք, օգնելով Իր ընտրյալ հոգիներին դառնալ այն, ինչ Նա գիտի, որ կարող են դառնալ:

Մեր երեխաներին մեծացնելու այս աստվածային արտոնությունը շատ ավելի մեծ պատասխանատվություն է, որը մենք չենք կարող իրականացնել միայնակ՝ առանց Տիրոջ օգնության: Նա հստակ գիտի, թե ինչ իմանալու կարիք ունեն մեր երեխաները, ինչ պետք է անեն և ինչ պետք է դառնան՝ Նրա ներկայություն վերադառնալու համար: Նա մայրերին և հայրերին տալիս է որոշակի հրահանգում և ուղղություն սուրբ գրությունների, Իր մարգարեների և Սուրբ Հոգու միջոցով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերջին օրերի հայտնության մեջ Տերը հրահանգում է ծնողներին ուսուցանել իրենց զավակներին հասկանալ ապաշխարության, Քրիստոսի հանդեպ հավատքի, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի վարդապետության մասին: Ուշադրություն դարձրեք, որ Տերը չի ասում, որ մենք պետք է պարզապես «ուսուցանենք վարդապետությունը»: Նա հրահանգում է ուսուցանել մեր երեխաներին «հասկանալ վարդապետությունը» (տես ՎևՈւ 68.25, 28; շեշտադրումն ավելացված է):

Սաղմոսում մենք կարդում ենք. «Իմաստուն արա ինձ, որ քո օրենքը պահեմ և նորան կատարեմ բոլոր սրտով » (Սաղմոս 119.34):

Մեր երեխաներին հասկանալ ուսուցանելը ավելին է, քան տեղեկություն տալը: Դա նշանակում է օգնել մեր երեխաներին ընդունել վարդապետությունը իրենց սրտում, որպեսզի այն դառնա իրենց էության մասը և արտացոլվի իրենց վերաբերմունքի և պահվածքի մեջ ողջ կյանքի ընթացքում:

Նեփին սովորեցրել է, որ Սուրբ Հոգու դերն է հասցնել ճշմարտությունը «մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1): Որպես ծնողներ մեր դերը նրանում է, որ անենք այն, ինչ կարող ենք, ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մեր երեխաները կարող են զգալ Հոգու ազդեցությունը, ապա օգնել նրանց հասկանալ այն, ինչ զգում են:

Ես հիշում եմ մի հեռախոսազանգ տարիներ առաջ մեր դստեր Միշելից: Հուզված նա ասաց. «Մամ, ես նոր մի աներևակայելի փորձառություն ունեցա Էշլիի հետ»: Էշլին նրա դուստրն էր, որն այդ ժամանակ հինգ տարեկան էր: Միշելը պատմեց, ինչպես էր ողջ առավոտ անդադար վեճ տիրում Էշլիի և երեքամյա Էնդրյույի միջև՝ մեկը չէր կիսվում, մյուսը խփում էր: Օգնելուց հետո նրանց լուծել վեճը Միշելը գնաց տեսնելու, թե արդյոք ամեն-ինչ կարգին է փոքրիկի հետ:

Շուտով Էշլին զայրացած վազելով եկավ և ասաց, որ Էնդրյուն չի կիսվում: Միշելը Էշլիին հիշեցրեց այն որոշման մասին, որ կայացրել էին ընտանեկան երեկոյին՝ ավելի բարի լինել միմյանց նկատմամբ:

Նա հարցրեց Էշլիին, թե մի գուցե նա աղոթեր և խնդրեր Երկնային Հոր օգնությունը, սակայն Էշլին, շատ զայրացած, պատասխանեց. «Ոչ»: Երբ հարցրեց, թե արդյոք Էշլին հավատում էր, որ Երկնային Հայրը կպատասխաներ աղոթքին, Էշլին ասաց, որ չգիտի: Նրա մայրը խնդրեց իրենց փորձել, մեղմ բռնելով նրա ձեռքերը և նրա հետ ծնկի իջնելով;

Միշելն առաջարկեց Էշլիին խնդրել Երկնային Հորը օգնել Էնդրյույին կիսվել, իսկ իրեն՝ լինել բարի: Այն միտքը, որ Երկնային Հայրը կարող էր օգնել իր փոքր եղբորը կիսվել խաղալիքով երևիթե հետաքրքրեց Էշլիին, և նա սկսեց աղոթել, նախ խնդրելով Երկնային Հորը օգնել Էնդրյույին կիսվել: Երբ նա խնդրեց Նրան օգնել իրեն լինել բարի, նա սկսեց լաց լինել: Էշլին ավարտեց աղոթքը և պահեց գլուխը, դնելով մոր ուսին: Միշելը գրկեց նրան և հարցրեց, թե ինչու է նա լաց լինում: Էշլին ասաց, որ չգիտի:

Նրա մայրն ասաց. «Կարծում եմ, գիտեմ, թե ինչու ես դու լաց լինում: Դու լավ զգացում ունե՞ս ներսում»: Էշլին գլխով արեց և մայրը շարունակեց. «Դա Հոգին է, որ օգնում է քեզ զգալ այդպես: Այդպես Երկնային Հայրն ասում է քեզ, որ սիրում է և կօգնի քեզ»:

Նա հարցրեց Էշլիին, թե արդյոք նա հավատում էր, որ Երկնային Հայրը կարող էր օգնել իրեն: Իր փոքրիկ աչքերով, լցված արցունքներով, Էշլին ասաց, որ հավատում էր դրան:

Երբեմն մեր երեխաներին սովորեցնելու առավել զորեղ եղանակ է ուսուցանելը նրանց այն ենթատեքստում, որի մեջ են նրանք այդ պահին: Այդ պահերը ինքնաբուխ և չպլանավորված են, և տեղի են ունենում ընտանեկան կյանքի նորմալ ընթացքի ժամանակ: Դրանք գալիս և գնում են արագ, այնպես որ մենք պետք է զգոն լինենք և հասկանանք, երբ է եկել ուսուցման պահը, երբ երեխաները գալիս են մեզ մոտ մի հարցով կամ մտահոգությամբ, երբ խնդիրներ ունեն իրենց եղբայրների և քույրերի կամ ընկերների հետ, երբ նրանք կարիք ունեն սանձելու իրենց զայրույթը, երբ սխալ են կատարում կամ պետք է որոշում կայացնեն: (Տես Teaching, No Greater Call: A Resource Guide for Gospel Teaching [1999], 140–41; Marriage and Family Relations Instructor’s Manual [2000], 61:)

Եթե մենք պատրաստ ենք և թույլ ենք տալիս, որ Հոգին ուղղորդի մեզ այդ իրավիճակներում, մեր երեխաները կուսուցանվեն ավելի մեծ արդյունավետությամբ և կստանան ավելի խորը հասկացողություն:

Նույնքան կարևոր են ուսուցման պահերը, որոնք գալիս են, երբ մենք լավ մտածված պլանավորում ենք կանոնավոր միջոցառումները, ինչպիսին են՝ ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան երեկոն և ընտանեկան այլ միջոցառումները:

Ուսուցման ցանկացած իրավիճակում սովորելու և հասկանալու ողջ ընթացքը լավագույնս սնուցվում է ջերմության և սիրո մթնոլորտում, որտեղ ներկա է Հոգին:

Իր երեխաների ութ տարեկանը բոլորելուց մոտ երկու ամիս առաջ մի հայր ամեն շաբաթ ժամանակ էր հատկացնում նրանց մկրտությանը պատրաստելու համար: Նրա դուստրն ասաց, որ երբ եկավ իր հերթը, հայրը նրան մի ամսագիր տվեց և նրանք միասին՝ միայն երկուսով, նստեցին և քննարկեցին ու կիսվեցին ավետարանի սկզբունքների մասին իրենց զգացումներով: Հայրը խնդրեց նրան մի նկար նկարել: Այն ցույց էր տալիս նախաերկրային գոյությունը, այս երկրային կյանքը և յուրաքանչյուր քայլը, որը նա պետք է կատարեր՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու և Նրա հետ ապրելու համար: Նա բերեց իր վկայությունը փրկության ծրագրի յուրաքանչյուր քայլի մասին, որը սովորեցրեց իրեն:

Երբ նրա դուստրը մեծանալով հիշում էր այդ փորձառությունը, ասում էր. «Ես երբեք չեմ մոռանա այն սերը, որ զգացի իմ հայրիկի կողմից, երբ նա ժամանակ էր անցկացնում ինձ հետ:… Ես հավատացած եմ, որ այդ փորձառությունն է հիմնական պատճառը, որ ես վկայություն ունեի ավետարանի մասին, երբ մկրտվում էի» (տես Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 129):

Հասկանալու համար ուսուցանումը վճռական և հետևողական ջանքեր է պահանջում: Այն պահանջում է ուսուցանում սկզբունքով և օրինակով, հատկապես, օգնելով մեր երեխաներին ապրել նրանով, ինչ սովորում են:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Առանց ավետարանի սկզբունքը գործի մեջ զգալու … ավելի դժվար է հավատալ այդ սկզբունքին» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 121):

Ես սկսել եմ սովորել աղոթել, ծնկի իջնելով իմ ընտանիքի հետ ընտանեկան աղոթքի ժամանակ: Ես սովորել եմ աղոթքի լեզուն, երբ լսել եմ իմ աղոթող ծնողներին և երբ նրանք օգնել են ինձ ասել իմ առաջին աղոթքները: Ես սովորել եմ, որ կարող եմ խոսել Երկնային Հոր հետ և ուղղություն խնդրել:

Ամեն առավոտ, առանց բացառության, իմ մայրը և հայրը նախաճաշից առաջ հավաքում էին մեզ խոհանոցի սեղանի մոտ և մենք ծնկի էինք իջնում ընտանեկան աղոթք ասելու: Ամեն անգամ ուտելուց առաջ մենք աղոթում էինք: Երեկոյան անկողին մտնելուց առաջ մենք միասին ծնկի էինք իջնում հյուրասենյակում և փակում օրը ընտանեկան աղոթքով:

Թեև շատ բան կար, որ ես չէի հասկանում աղոթքի մասին, երբ երեխա էի, այն դարձավ իմ կյանքի մասը և մնաց ինձ հետ: Ես դեռ շարունակում եմ սովորել և աղոթքի զորության մասին իմ հասկացողությունը դեռ շարունակում է աճել:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Մենք բոլորս հասկանում ենք, որ ավետարանի ուղերձի հաջողությունը կախված է նրանից, որ այն ուսուցանվի, ապա հասկացվի, ապա կիրառվի կյանքում այնպես, որպեսզի դրա երջանկության և փրկության խոստումը կարողանա իրականանալ» (“Teaching and Learning in the Church” [worldwide leadership training meeting, Feb. 10, 2007], Liahona, June 2007, 57):

Ավետարանի վարդապետությունները լիարժեք հասկանալ սովորելը կյանքի տևողություն ունեցող գործընթաց է և գալիս է «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» (2 Նեփի 28.30): Երբ երեխաները սովորում և գործում են իրենց սովորածի համաձայն, նրանց հասկացողությունը խորանում է, որը տանում է ավելի խորը սովորելուն, գործելուն, և անգամ ավելի մեծ և տևական հասկացողության:

Մենք կարող ենք իմանալ, որ երեխաները սկսում են հասկանալ վարդապետությունը, երբ տեսնում ենք, թե ինչպես է այն արտահայտվում նրանց վերաբերմունքի և արարքների մեջ՝ առանց արտաքին սպառնալիքների կամ հատուցումների: Երբ մեր երեխաները սովորում են հասկանալ վարդապետությունները, նրանք դառնում են ավելի ինքնուրույն և ավելի պատասխանատու: Նրանք դառնում են ընտանիքի խնդիրների լուծումների մասը և դրական ներդրում են կատարում մեր տան միջավայրին և մեր ընտանիքի հաջողությանը:

Մենք կուսուցանենք մեր երեխաներին հասկանալ, եթե օգտվենք ուսուցման ամեն առիթից, հրավիրենք Հոգին, օրինակ լինենք և օգնենք նրանց ապրել նրանով, ինչ իրենք սովորում են:

Երբ մենք նայում ենք փոքրիկ մանկան աչքերին, հիշում ենք երգի խոսքերը.

Զավակն եմ ես Աստծո,

Մեծ կարիքներ ունեմ,

Օգնիր Իր խոսքը հասկանալ,

Քանի դեռ շատ ուշ չէ:

Առաջնորդիր, քայլիր ինձ հետ,

Որ ուղին գտնեմ,

Սովորեցրու ինչ անել,

Որ մի օր Քեզ հասնեմ:

«Զավակն եմ Աստծո» Hymns, no. 301; շեշտադրումն ավելացված է)

Թող որ մենք անենք այդպես: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: