2010–2019 թթ․
Այգու մշակները
Ապրիլ 2012


Այգու մշակները

Խնդրում ենք լսեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք ասում են հենց այժմ, հենց այս պահին, որ դուք պետք է ընդունեք Տեր Հիսուս Քրիստոսի քավող պարգևը:

Առաջին Նախագահության հենց նոր հայտարարած կոչումների և ազատումների լույսի ներքո ես կկամենայի խոսել բոլորի համար՝ ասելով, որ մենք կհիշենք և կսիրենք միշտ նրանց, ովքեր այնքան հավատարմորեն ծառայել են, ճիշտ ինչպես որ մենք անմիջապես սիրում և ողջունում ենք նրանց, ովքեր եկել են տարբեր պաշտոններում ծառայելու այժմ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ բոլորիդ:

Ես ցանկանում եմ խոսել Փրկչի առակի մասին, որում մի տանուտեր «առավօտանց կանուխ դուրս եկավ իր այգու համար մշակներ բռնելու»: Առաջին խմբին առավոտյան ժամը 6.00-ից աշխատեցնելուց հետո նա վերադարձավ առավոտյան ժամը 9.00-ին, կեսօրին՝ ժամը 12.00-ին և կեսօրից հետո՝ ժամը 3.00- ին, որպեսզի ավելի շատ մշակներ վարձեր, քանի որ բերքահավաքի անհետաձգելիությունը մեծանում էր: Սուրբ գիրքն ասում է, նա ետ եկավ վերջին անգամ «ժամը տասնեւմեկերորդին մոտ» (մոտավորապես երեկոյան ժամը 5-ին) և վարձեց վերջին խմբին: Ապա հենց մեկ ժամ անց, բոլոր մշակները հավաքվեցին ստանալու իրենց օրական աշխատավարձը: Զարմանալիորեն բոլորը ստացան նույն աշխատավարձը, չնայած աշխատած ժամերի տարբերությանը: Նրանք, ովքեր վարձվել էին առաջինը, անմիջապես զայրացան, ասելով. «Այդ յետինները մեկ ժամ գործեցին, եւ դորանց մեզ հետ հաւասար արիր, որ օրի ծանրութիւնը եւ տաքութիւնը քաշեցինք»:1 Գուցե կարդալով այս առակը, այդ մշակների նման դուք էլ եք զգացել, որ այդտեղ անարդարություն կար: Թույլ տվեք հակիրճ խոսել այդ մտահոգության վերաբերյալ:

Նախևառաջ կարևոր է նշել, որ ոչ մեկին անազնվորեն չվերաբերվեցին այստեղ: Առաջին մշակները համաձայնվեցին ողջ օրվա աշխատավարձին և ստացան այն: Բացի այդ կարող եմ պատկերացնել, թե նրանք որքան երախտապարտ էին, որ աշխատանք ստացան: Փրկչի ժամանակներում միջին հաշվով մարդն ու իր ընտանիքը չէին կարող գործել ավելի, քան ապրել նրանով, ինչ վաստակում էին տվյալ օրը: Եթե դուք չէիք աշխատել կամ հող մշակել, ձուկ որսացել կամ էլ վաճառել, դուք, հավանաբար, ուտելիք չէիք ունենա: Քանի որ աշխատուժի առաջարկն ավելի շատ էր, քան աշխատատեղերի պահանջարկը, այդ առավոտյան առաջինն ընտրված այս տղամարդիկ ամենահաջողակն էին ողջ աշխատուժի մեջ:

Իրականում, եթե որևէ կարեկցանքի արժանի մարդիկ կային, դա առաջինը նրանք էին, ովքեր չէին ընտրվել, ովքեր նույնպես կարիք ունեին բերաններ կերակրելու և հագուստներ ապահովելու: Բախտը կարծես երբեք չէր ժպտում նրանցից մի քանիսին: Տանուտերի յուրաքանչյուր այցի ժամանակ նրանք միշտ տեսնում էին, թե ինչպես մեկ ուրիշն էր ընտրվում:

Բայց հենց օրվա ավարտին մոտ, տանուտերը վերադարձավ զարմանալիորեն հինգերորդ անգամ տասնմեկերորդ ժամի նշանավոր առաջարկով: Մշակներից այս վերջինները և ամենահուսահատվածները լսելով միայն, որ իրենց հետ ազնվորեն կվարվեն, ընդունեցին աշխատանքն առանց նույնիսկ իմանալու աշխատավարձը, իմանալով, որ ինչ-որ բանը ավելի լավ է, քան ոչ մի բանը, որն այն էր, ինչ նրանք մինչև այդ ունեցել էին: Հետո, երբ նրանք հավաքվեցին իրենց վճարը ստանալու, նրանք ապշահար եղան՝ ստանալով նույնը, ինչպես բոլոր մյուսները: Նրանք պետք է որ մեծ ակնածանքով լցվեին և անչափ շատ երախտապարտ լինեին: Իհարկե, երբեք այդպիսի կարեկցանք ցույց չէր տրվել բոլոր իրենց աշխատած օրերում:

Պատմության այս ըմբռնմամբ է, որ առաջին մշակների տրտնջալը պետք է հասկացվի: Ինչպես առակի տանուտերն ասաց նրանց (և ես միայն թեթևակիորեն եմ ձևափոխում). «Ընկերներ, ես անազնիվ չեմ եղել ձեր հանդեպ: Դուք համաձայնվեցիք օրավարձին, դա լավ աշխատավարձ էր: Դուք երջանիկ էիք աշխատանք ստանալու համար, և ես էլ շատ գոհ եմ ձեր ծառայությունից: Դուք լիովին վճարվել եք: Վերցրեք վճարը և վայելեք օրհնությունը: Ինչ վերաբերում է մյուսներին, անկասկած, ես կարող եմ իմ փողի հետ վարվել ինչպես կկամենամ»: Ապա այս սուր հարցը ուղղված նրանց բոլոր ժամանակներում, ովքեր կարիք ունի լսելու այն. «Ինչո՞ւ պետք է դուք նախանձեք, որովհետև ես նախընտրում եմ բարի լինել»:

Եղբայրներ և քույրեր, մեր կյանքում կարող են լինել ժամանակներ, երբ ինչ-որ մեկը անսպասելի օրհնություն է ստանում կամ որևէ հատուկ հավանության է արժանանում: Կարո՞ղ եմ խնդրել ձեզ չվիրավորվել և իհարկե չնախանձել, երբ բախտը ժպտում է մեկ ուրիշին: Մեզանից չի պակասում, երբ մեկ ուրիշին ավելին է տրվում: Մենք մրցակցության մեջ չենք միմյանց հետ, տեսնելու թե ով է ամենահարուստը, ամենատաղանդավորը, ամենագեղեցիկը կամ ամենաօրհնվածը: Մրցակցությունը, որն իրականում առկա է, մրցակցությունն է մեղքի դեմ, և իհարկե, նախանձն ամենատարածված մեղքերից մեկն է:

Բացի այդ, նախանձը մի սխալ է, որն անընդհատ շարունակում է կրկնվել: Ակնհայտորեն, մենք մի քիչ տառապում ենք, երբ ինչ-որ անհաջողություն է պատահում մեզ, բայց նախանձը պահանջում է մեզանից տառապել բոլոր հաջողությունների համար, որոնք պատահում են մեր իմացած ամեն մեկին: Ինչպիսի պայծառ հեռանակար՝ շատ դժբախտ զգալ ամեն անգամ, երբ մեր շրջապատում ինչ-որ մեկը երջանիկ պահ է ապրում: Շատ ավելի նեղսրտություն կզգանք վերջում, երբ մենք տեսնենք, որ Աստված և արդար է և ողորմած, բոլոր Իրեն հետևողներին տալով «իր բոլոր ստացվածքները»,2 ինչպես սուրբ գրությունն է ասում: Այսպիսով, դաս համար մեկ Տիրոջ այգուց՝ տենչալը, խռովելը կամ ուրիշներին վիրավորելը չի բարձրացնում ձեր դիրքը, ոչ էլ ինչ-որ մեկին նվաստացնելը բարելավում է ձեր ինքնագնահատականը: Այսպիսով, եղեք բարի և եղեք երախտապարտ, որ Աստված բարի է: Սա երջանիկ ապրելակերպ է:

Երկրորդ կետը, որ ես կկամենայի նշել այս առակից այն տխուր սխալն է, որը կարող են որոշ մարդիկ թույլ տալ, եթե նրանք հրաժարվում են ստանալ իրենց աշխատավարձի ստացականը օրվա վերջում, որովհետև նրանք անհանգստացած են եղել որոշ բաների պատճառով, որոնք իրենց թվացել են խնդիրներ օրվա սկզբում: Այստեղ չի ասվում, որ ինչ-որ մեկը շպրտեց իր մետաղադրամները տանուտերի դեմքին և բարկացած հեռացավ առանց մի կոպեկի, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը գուցեև այդպես արած լինի:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այն ինչ պատահեց այս պատմության մեջ ժամը 9.00-ին, կեսօրին կամ ժամը 3.00-ին կարևոր չէ, օրվա վերջում համընդհանուր առատաձեռն վճարի համեմատությամբ: Հավատքի բանաձևն է դիմանալ, շարունակել աշխատել, ձգտել ավարտին հասցնել և թույլ տալ, որ նախկին մտահոգությունը՝ իրական, թե մտացածին, փարատվի վերջնական պարգևի առատությամբ: Մի շարունակեք մտածել հին խնդիրների, կամ բողոքների մասին, ոչ ձեր հանդեպ, ոչ ձեր մերձավորի ոչ էլ նույնիսկ, ես կավելացնեի, այս ճշմարիտ և կենդանի Եկեղեցու հանդեպ: Ձեր կյանքի, ձեր մերձավորի կյանքի և Հիսուս Քրիստոսի ավետարանի փառահեղությունը ցույց կտրվի վերջին օրը, նույնիսկ, եթե սկզբում այդ փառահեղությունը միշտ չի, որ ճանաչվել է ամենքի կողմից: Այսպիսով, մի նեղսրտեք մի բանի մասին, որը պատահել է առավոտյան ժամը 9.00-ին, եթե Աստծո շնորհը փորձում է պարգևատրել ձեզ երեկոյան ժամը 6.00-ին, ինչպիսին էլ որ ձեր աշխատանքային պայմանները եղած լինեն օրվա ընթացքում:

Մենք սպառում ենք այնպիսի թանկարժեք զգացմունքային և հոգևոր կապիտալ՝ համառորեն փորփրելով հիշողության մեջ մանկության ժամանակ դաշնամուրի վրա նվագած մենահամերգի որևէ անդուր երաժշտական նոտա, կամ 20 տարի առաջ կողակցի ասած կամ արած ինչ-որ բան, որը մենք որոշել ենք պահել մեր գլխում ևս 20 տարի, կամ դեպք Եկեղեցու պատմությունից, որի միջոցով պարզվեց ոչ ավել, ոչ պակաս, որ մահկանացուները միշտ էլ կդժվարանան համապատասխանել իրենց առջև դրված անմահության չափանիշներին: Եթե նույնիսկ այդ դժգոհությունները ձեր մեջ չեն առաջացել, դրանք կարող են ձեզանով վերջանալ: Եվ որքան մեծ կլինի պարգևը այդ ներդրումի համար, երբ այգու Տերը կնայի ձեր աչքերի մեջ և բոլոր հաշիվները կկարգավորվեն մեր երկրային օրվա վերջում:

Որը և տանում է ինձ դեպի իմ երրորդ և վերջին հարցը: Այս առակը, ինչպես բոլոր առակները, իրականում մշակների կամ աշխատավարձերի վերաբերյալ չեն, ինչպես մյուսների դեպքում, որոնք ոչխարների և այծերի մասին չեն: Սա պատմություն է Աստծո բարության մասին, Նրա համբերության և ներողամտության և Տեր Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Սա պատմություն է առատաձեռնության և կարեկցանքի մասին: Սա պատմություն է շնորհքի մասին: Սա ընդգծում է այն միտքը, որ ես լսել եմ շատ տարիներ առաջ, որ հաստատ այն բանը, որիցԱստված ամենաշատն է բավականություն ստանում Աստված լինելուց՝ ողորմած լինելու հրճվանքն է, հատկապես նրանց հանդեպ, ովքեր չեն սպասում այդ և հաճախ զգում են, որ իրենք արժանի չեն դրան:

Ես չգիտեմ, թե ով է այս վիթխարի լսարանում այսօր կարիք զգում լսելու ներման ուղերձը, որը ներհատուկ է այս առակին, բայց որքան էլ կարծում եք, որ ուշացել եք, որքան էլ կարծում եք, որ բաց եք թողել հնարավորությունները, որքան էլ որ շատ սխալեր գործած լինեք՝ ըստ ձեզ, կամ կարծում եք թե տաղանդներ չունեք, կամ տնից և ընտանիքից ու Աստծուց հեռացած եք զգում, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել աստվածային սիրո հասանելիությունից: Ձեզ համար հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում:

Եթե դուք դեռ մեր հավատքից չեք կամ մի ժամանակ մեր հետ եք եղել և չեք մնացել, ամեն դեպքում չկա մի բան, որ դուք արած լինեք, որը հնարավոր չլինի լուծել: Չկա խնդիր, որը դուք չկարողանաք հաղթահարել: Չկա երազանք, որ ժամանակներ անցնելուց հետո և հավերժության մեջ դեռ հնարավոր չլինի իրականացնել: Եթե նույնիսկ դուք զգում եք, որ կորած եք և տասնմեկերորդ ժամի վերջին մշակն եք, այգու Տերը դեռևս կանգնած նշան է անում ձեռքով՝ «Համարձակությունով մօտեցեք շնորհքի աթոռին»,3 և ընկեք Իսրայելի Սուրբի ոտքերը: Եկեք և խրախճանք արեք Տիրոջ սեղանի մոտ «առանց փողի և առանց վճարի»:4

Ես հատկապես կոչ եմ անոմ ամուսիններին և հայրերին, քահանայություն կրողներին, ինչպես Լեքին է ասել. «Զարթնեք և բարձրացեք փոշուց և … տղամարդ եղեք»:5 Ոչ միշտ, բայց հաճախ, տղամարդիկ են, որ ընտրում են չպատասխանել «եկեք միացեք շարքերին»6 կոչին: Հաճախ կանայք և երեխաներն ավելի հոժարակամ են թվում: Եղբայրնե՛ր, գործի անցեք: Արեք դա հանուն ձեզ: Արեք դա հանուն նրանց, ովքեր սիրում են ձեզ և աղոթում են, որ դուք արձագանքեք: Արեք դա հանուն Տեր Հիսուս Քրիստոսի, որը վճարեց անսահման գին այն ապագայի համար, որ Նա կամենում է ձեզ համար:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ձեզանից նրանք, ովքեր օրհնվել են ավետարանով շատ տարիների ընթացքում, որովհետև դուք բավականին բախտավոր եք եղել այն վաղ գտնելու համար, ձեզանից նրանք, ովքեր եկել են դեպի ավետարանը աստիճանաբար և փուլերով ավելի ուշ, և ձեզանից նրանք՝ անդամներ և դեռ ոչ անդամներ, ովքեր դեռևս ետ են մնում, ձեզանից յուրաքանչյուրին, ձեզ բոլորիդ ես վկայում եմ Աստծո սիրո նորոգող զորության մասին և Նրա շնորհի հրաշքի մասին: Նրա մտահոգությունը ձեր հավատքի համար է, որին դուք ի վերջո կհասնեք, ոչ թե օրվա ժամի համար, որի ընթացքում դուք ձեռք բերեցիք այն:

Այսպիսով, եթե դուք ուխտեր եք կապել, պահեք դրանք: Եթե չեք կապել, կապեք: Եթե ուխտեր եք կապել և խախտել եք դրանք, ապաշխարեք և նորոգեք դրանք: Երբեք շատ ուշ չէ, քանի դեռ այգու Տերն ասում է՝ ժամանակ կա: Խնդրում ենք լսեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք ասում են հենց այժմ, հենց այս պահին, որ դուք պետք է ընդունեք Տեր Հիսուս Քրիստոսի քավող պարգևը և Նրա գործին ընկերակցելու վայելքը: Մի հետաձգեք: Սկսում է ուշ լինել: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: