Երկնքի զորությունները

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Տասներկու Առաքյալների Քվորումից


Երեց Դեյվիդ Ա. Բեդնար
Քահանայություն կրողները՝ երիտասարդ և մեծահասակ, կարիք ունեն և իշխանության, և զորության՝ փրկության գործում Աստծուն ներկայացնելու համար անհրաժեշտ թույլտվության և հոգևոր ունակության:

Իմ սիրելի եղբայրներ, ես երախտապարտ եմ, որ մենք կարող ենք միասին երկրպագել՝ որպես քահանայություն կրողների մի մեծ մարմին: Ես սիրում և հիանում եմ ձեր արժանավորությամբ և բարի ազդեցությամբ ողջ աշխարհում:

Ես հրավիրում եմ յուրաքանչյուրիդ մտածել, թե ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցին, որը տրվեց Եկեղեցու անդամներին շատ տարիներ առաջ Նախագահ Դեյվիդ Օ. Մաքկեյի կողմից. «Եթե այս պահին ձեզանից յուրաքանչյուրին խնդրեն մի նախադասությամբ կամ արտահայտությամբ նշել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ամենատարբերակիչ հատկանիշը, ո՞րը կլիներ ձեր պատասխանը» (“The Mission of the Church and Its Members,” Improvement Era, Nov. 1956, 781):

Իր սեփական հարցին Նախագահ Մաքկեյը պատասխանեց՝ քահանայության «աստվածային իշխանությունը»: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առանձնանում է այլ եկեղեցիներից, որոնք համարում են, որ իրենց իշխանությունը ծագում է պատմական անցյալից, սուրբ գրություններից կամ կրոնական ուսուցումից: Մեր հայտարարությունը այլ է՝ քահանայության իշխանությունը շնորհվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին ձեռնադրությամբ՝ անմիջապես երկնային սուրհանդակների կողմից:

Իմ ուղերձը կենտրոնացած է այս աստվածային քահանայության և երկնային զորությունների շուրջ: Ես անկեղծ աղոթում եմ Տիրոջ Հոգու օգնության համար, մինչ մենք կսովորենք այդ կարևոր ճշմարտությունների մասին:

Քահանայության իշխանությունը և զորությունը

Քահանայությունը Աստծո իշխանությունն է՝ փոխանցված երկրի տղամարդկանց՝ գործելու բոլոր բաներում մարդկության փրկության համար (տես Spencer W. Kimball, “The Example of Abraham,” Ensign, June 1975, 3): Քահանայությունը միջոց է, որով Տերը գործում է մարդկանց միջոցով՝ հոգիներ փրկելու համար: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու տարբերակիչ հատկանիշներից մեկը՝ և հնում և այսօր, Նրա իշխանությունն է: Չի կարող լինել ճշմարիտ Եկեղեցի առանց աստվածային իշխանության:

Սովորական տղամարդկանց տրվում է քահանայության իշխանությունը: Արժանավորությունը և պատրաստակամությունը, ոչ թե փորձը, մասնագիտությունը կամ կրթությունը, հանդիսանում են քահանայության շնորհման նախադրյալները:

Քահանայության իշխանությունը ստանալու ձևը նկարագրվում է Հավատո հինգերորդ հանգանակում. «Մենք հավատում ենք, որ Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ»: Այսպիսով, տղան կամ տղամարդը ստանում են քահանայության իշխանությունը և կարգվում որոշակի պաշտոնի նրա կողմից, ով արդեն կրում է քահանայություն և լիազորված է քահանայության անհրաժեշտ բանալիները կրող ղեկավարի կողմից:

Քահանայություն կրողը պետք է գործադրի այս սուրբ իշխանությունը համաձայն Աստծո սուրբ մտքի, կամքի և նպատակների: Քահանայությանը վերաբերող ոչ մի հարց ինքնակենտրոնացված չէ: Քահանայությունը պետք է միշտ օգտագործվի մարդկանց ծառայելու, օրհնելու և ամրացնելու համար:

Ավելի բարձր քահանայությունը ստացվում է պաշտոնական ուխտով, որը ներառում է պարտավորություն գործելու ստացված իշխանությամբ (տես ՎևՈւ 68.8) և պաշտոնում (տես ՎևՈւ 107.99): Որպես Աստծո սուրբ իշխանության կրողներ, մենք գործակալներ ենք գործելու համար, ոչ թե ներգործվելու համար առարկա (տես 2 Նեփի 2.26): Քահանայությունն ըստ էության ակտիվ է, ոչ թե պասիվ:

Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն ուսուցանել է.

«Բավական չէ ստանալ քահանայություն, ապա պասիվորեն նստել և սպասել մինչև ինչ-որ մեկը ակտիվացնի մեզ: Երբ մենք ստանում ենք քահանայություն, մենք պարտավորություն ենք ձեռք բերում ակտիվորեն և ոգեշնչված ներգրավվելու երկրի վրա արդարության աշխատանքը առաջ տանելու մեջ, որովհետև Տերն ասել է.

«… Ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է» [ՎևՈւ 58.29]» (So Shall Ye Reap [1960], 21):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը նաև հատուկ շեշտել է քահանայության ակտիվ բնույթը. «Քահանայության ուխտը կարելի է կոտրել, խախտելով պատվիրանները, նաև՝ չկատարելով պարտականությունները: Հետևաբար, այս ուխտը դրժելու համար բավական է ոչինչ չանել» (The Miracle of Forgiveness [1969], 96):

Երբ մենք անում են, ինչ կարող ենք, քահանայության մեր պարտականությունները կատարելու համար, մենք կարող ենք օրհնվել քահանայության զորությամբ: Քահանայության զորությունը Աստծո զորությունն է, որը գործում է մեզ նման տղամարդկանց և տղաների միջոցով, և պահանջում է անձնական արդարակեցություն, հավատք, հնազանդություն և ջանասիրություն: Տղան կամ տղամարդը կարող է ձեռնադրությամբ ստանալ քահանայության իշխանություն, սակայն նա չի ունենա քահանայության զորություն, եթե լինի անհնազանդ, անարժան կամ անպատրաստակամ ծառայելու:

«Քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ, և … երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա:

Որ դրանք կարող են շնորհվել մեզ, ճշմարիտ է. բայց երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը կամ գոհացնել մեր հպարտությունը, մեր ունայն փառասիրությունը կամ իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով, ահա, երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամեն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը» (ՎևՈւ 121.36–37; շեշտադրումն ավելացված է):

Եղբայրներ, երբ տղան կամ տղամարդը ստանում է քահանայության իշխանությունը, սակայն անտեսում է իր անելիքները քահանայության զորությանը արժանանալու համար, դա անընդունելի է Տիրոջ համար: Քահանայություն կրողները՝ երիտասարդ և մեծահասակ, կարիք ունեն և իշխանության, և զորության՝ փրկության գործում Աստծուն ներկայացնելու համար անհրաժեշտ թույլտվության և հոգևոր ունակության:

Դաս իմ հորից

Ես մեծացել եմ մի տանը, որտեղ կային հավատարիմ մայր և հիանալի հայր: Մայրս պիոներների սերնդից էր, որոնք ամեն ինչ զոհաբերել էին Եկեղեցու և Աստծո արքայության համար: Հայրս մեր Եկեղեցու անդամ չէր և երիտասարդ տարիքում ցանկացավ դառնալ կաթոլիկ քահանա: Ի վերջո, նա որոշեց չհաճախել կրոնական սեմինարիա, փոխարենը ընտրեց գործիքներ պատրաստելու մասնագիտությունը:

Իր ամուսնացած կյանքի մեծ մասը հայրս մեր ընտանիքի հետ միասին հաճախել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ժողովներին: Իրականում, մեր ծխի անդամների մեծ մասը չեն իմացել անգամ, որ հայրս Եկեղեցու անդամ չէր: Նա խաղում էր և մարզում մեր ծխի սոֆտբոլի թիմում, օգնում էր սքաութների միջոցառումներին և աջակցում մայրիկիս նրա բազմազան կոչումներում և պարտականություններում: Ես ուզում եմ պատմել ձեզ քահանայության իշխանության և զորության վերաբերյալ մեծ դասերից մեկի մասին, որը սովորել եմ իմ հայրիկից:

Երբ տղա էի, ամեն շաբաթ հորս մի քանի անգամ հարցնում էի, թե երբ էր նա պատրաստվում մկրտվել: Նա սիրով, սակայն վստահորեն, ամեն անգամ պատասխանում էր. «Դեյվիդ, ես չեմ պատրաստվում միանալ Եկեղեցուն քո մայրիկի, քեզ կամ որևէ մեկի համար: Ես կմիանամ Եկեղեցուն, երբ իմանամ, որ դա անելը ճիշտ է»:

Համոզված եմ, որ դեռահասության վաղ տարիքում էի, երբ տեղի ունեցավ հորս հետ այս զրույցը: Մենք հենց նոր միասին վերադարձել էինք տուն մեր կիրակնօրյա ժողովից և ես հարցրեցի հայրիկիս, թե երբ էր նա պատրաստվում մկրտվել: Նա ժպտաց և ասաց. «Միշտ դու ես ինձ հարցնում մկրտվելու մասին: Այսօր ես քեզ հարց ունեմ»: Ես արագ և ոգևորված ենթադրեցի, որ մենք առաջադիմել ենք այս հարցում:

Հայրս շարունակեց. «Դեյվիդ, քո եկեղեցին ուսուցանում է, որ քահանայությունը հնում վերցվել է Երկրի վրայից և ապա վերականգնվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով երկնային սուրհանդակների օգնությամբ, այդպես չէ՞»: Ես պատասխանեցի, որ նրա պնդումը ճշմարիտ էր: Ապա նա ասաց. «Ահա իմ հարցը. ամեն շաբաթ քահանայության ժողովին ես լսում եմ, ինչպես են եպիսկոպոսը և քահանայության մյուս ղեկավարները հիշեցնում, խնդրում և աղաչում, որ տղամարդիկ կատարեն իրենց տնային ուսուցումը և քահանայության իրենց պարտականությունները: Եթե քո եկեղեցին իսկապես ունի Աստծո վերականգնված քահանայությունը, ինչո՞ւ քո եկեղեցում այդքան շատ տղամարդիկ չեն տարբերվում իմ եկեղեցու տղամարդկանցից՝ իրենց կրոնական պատասխանատվությունները կատարելու հարցում»: Իմ երիտասարդ ուղեղը անմիջապես դատարկվեց: Ես չունեի հորս հարցի բավարար պատասխանը:

Ես հավատացած եմ, հայրս սխալ էր, դատելով աստվածային իշխանություն կրելու մեր Եկեղեցու հայտարարության արժեքի մասին, ելնելով այն տղամարդկանց թերություններից, որոնց հետ նա շփվում էր մեր ծխում: Սակայն նրա հարցի մեջ ինձ համար մարմնավորվում էր իրավացի ենթադրությունը, որ տղամարդիկ, ովքեր կրում են Աստծո սուրբ քահանայությունը, պետք է տարբերվեն մյուս տղամարդկանցից: Քահանայություն կրող տղամարդիկ ժառանգորեն մյուս տղամարդկանցից լավը չեն, բայց նրանք պետք է այլ պահվածք ունենան: Քահանայություն կրող տղամարդիկ պետք է ոչ միայն ստանան քահանայության իշխանությունը, այլ դառնան Աստծո զորության արժանի և հավատարիմ կատարածուներ: «Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ» (ՎևՈւ 38.42):

Ես երբեք չեմ մոռացել քահանայության իշխանության և զորության մասին դասերը, որոնք սովորել եմ իմ հորից, որը լավ մարդ էր՝ ոչ մեր հավատքից, որն ավելին էր ակնկալում այն տղամարդկանցից, ովքեր համարում էին իրենց Աստծո քահանայությունը կրողներ: Տարիներ առաջ հորս հետ կիրակնօրյա այդ զրույցը ինձ մեջ «լավ տղա» լինելու ցանկություն առաջացրեց: Ես չէի ուզում լինել թույլ օրինակ և խանգարող քար վերականգնված ավետարանի մասին սովորելու հորս ճանապարհին: Ես պարզապես ուզում էի լինել լավ տղա: Տիրոջը հարկավոր է, որ որպես Իր իշխանության կրողներ մենք լինենք պատվարժան, առաքինի և լավ տղաներ՝ բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

Ձեզ հետաքրքիր կլինի իմանալը, որ տարիներ անց իմ հայրը մկրտվեց: Եվ պատշաճ ժամանակին ես հնարավորություն ունեցա շնորհելու նրան Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունները: Իմ կյանքի մեծագույն փորձառություններից էր տեսնելը, ինչպես է հայրս ստանում քահանայության իշխանությունը, և, ի վերջո, զորությունը:

Ես կիսվում եմ ձեզ հետ հորիցս սովորած այս համոզիչ դասով՝ շեշտելու համար մի պարզ ճշմարտություն: Ձեռնադրությամբ քահանայության իշխանություն ստանալը կարևոր սկիզբ է, սակայն բավական չէ: Ի սպաս դնելը իշխանություն է շնորհում, սակայն պահանջվում է արդարակեցություն զորության հետ մեկտեղ, որպեսզի մենք բարձրացնենք հոգիներ, ուսուցանենք և վկայենք, օրհնենք և խորհուրդ տանք, և առաջ տանենք փրկության աշխատանքը:

Երկրի պատմության այս կարևոր ժամանակ դուք և ես՝ որպես քահանայություն կրողներ պետք է լինենք արդարակյաց տղամարդիկ և արդյունավետ գործիքներ Աստծո ձեռքերում: Մենք պետք է դառնանք Աստծո տղամարդիկ: Դուք և ես լավ կանենք, եթե սովորենք Նեփիի օրինակից և հետևենք դրան, Նեփիի, որը Հելամանի թոռն էր և առաջինը այն տասներկու աշակերտներից, ովքեր կանչվեցին Փրկչի կողմից Նեփիացիների մեջ Նրա ծառայության սկզբում. «Եվ [Նեփին] շատ բաներ սովորեցրեց նրանց. … Եվ Նեփին սովորեցնում էր զորությամբ և մեծ իշխանությամբ» (3 Նեփի 7.17):

«Խնդրում եմ, օգնեք ամուսնուս հասկանալ»

Երբ որպես եպիսկոպոս և ցցի նախագահ ես տաճարային երաշխավորագրի հարցազրույցներ էի անցկացնում, վերջում հաճախ հարցնում էի ամուսնացած կանանց, թե ինչպես կարող եմ լավագույնս ծառայել իրենց և իրենց ընտանիքներին: Այդ հավատարիմ կանանց պատասխանների նմանությունը և ուսուցողական է, և անհանգստացնող: Քույրերը հազվադեպ են բողոքում կամ քննադատում, սակայն շատ հաճախ այսպես են պատասխանում. «Խնդրում եմ, օգնեք ամուսնուս հասկանալ որպես մեր տանը քահանայության ղեկավար իր պատասխանատվությունը: Ես ուրախությամբ եմ իմ ձեռքը վերցնում սուրբ գրությունների ուսումնասիրության, ընտանեկան աղոթքի և ընտանեկան երեկոյի նախաձեռնությունը, և կշարունակեմ դա անել: Բայց ես կցանկանայի, որ ամուսինս հավասար գործընկեր լիներ և քահանայության ամուր ղեկավարում ապահովեր, որը միայն նա կարող է անել: Խնդրում եմ, օգնեք իմ ամուսնուն սովորել մեր տանը լինել հայրապետ և քահանայության ղեկավար, որը նախագահում և պաշտպանում է»:

Ես հաճախ եմ խորհում այդ քույրերի անկեղծության և նրանց այս խնդրանքի շուրջ: Քահանայության ղեկավարները նման մտահոգություններ են լսում այսօր: Շատ կանայք խնդրում են, որ իրենց ամուսիններն ունենան ոչ միայն քահանայության իշխանություն, այլև քահանայության զորություն: Նրանք ուզում են հավասարապես կրել իրենց բեռը հավատարիմ ամուսինների և քահանայության զուգընկերների հետ, ստեղծելով Քրիստոսակենտրոն և ավետարանակենտրոն տներ:

Եղբայրներ, ես խոստանում եմ, որ եթե դուք և ես աղոթքով խորհենք այս քույրերի խնդրանքի մասին, Սուրբ Հոգին կօգնի տեսնել մեզ այնպես, ինչպես մենք իրականում կանք (տես ՎևՈւ 93.24), և կօգնի մեզ հասկանալ այն բաները, որոնք մենք պետք է փոխենք և բարելավենք: Իսկ գործելու ժամանակը այժմ է:

Եղեք արդարակեցության օրինակներ

Այսօր ես կրկնում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուսմունքները, ով հրավիրել է մեզ որպես քահանայություն կրողներ լինել «արդարակեցության օրինակներ»: Նա շարունակ հիշեցնում է մեզ, որ մենք Տիրոջ այգում ենք և արժանի ենք Նրա օգնությանը, որը պայմանավորված է մեր արժանավորությամբ (տես «Արդարության օրինակները», Լիահոնա, մայիս 2008, 65–68): Դուք և ես կրում ենք քահանայության իշխանությունը, որը վերադարձվել է Երկիր այս տնտեսությունում երկնային սուրհանդակների՝ Հովհաննես Մկրտչի և Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի կողմից: Հետևաբար յուրաքանչյուր տղամարդ, ով ստանում է Մելքիսեդեկյան Քահանայություն, կարող է տանել իշխանության իր անձնական գիծը անմիջապես դեպի Տեր Հիսուս Քրիստոսը: Ես հույս ունեմ, որ մենք գնահատում ենք այդ հրաշալի օրհնությունը: Ես աղոթում եմ, որ մենք լինենք մաքուր և արժանի ներկայացնելու Տիրոջը՝ Նրա սուրբ իշխանությունը գործածելիս: Թող որ մեզանից յուրաքանչյուրը արժանի լինի քահանայության զորությանը:

Ես վկայում եմ, որ սուրբ քահանայությունը իսկապես վերականգնվել է երկրի վրա այս վերջին օրերին և այն գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ես նաև վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Եկեղեցու քահանայապետերի նախագահող քահանայապետն է (տես ՎևՈւ 107.9, 22, 65–66, 91–92) և միակ անձը երկրի վրա, ով կրում է և լիազորված է գործածելու քահանայության բոլոր բանալիները: Այս ճշմարտությունների մասին ես հանդիսավորությամբ վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: