Հարցրեք միսիոներներին: Նրանք կարող ենք օգնել ձեզ:

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից


Բոլոր միսիոներները՝ երիտասարդ, թե տարեց, ծառայում են միակ հույսով՝ կյանքը մարդկանց համար ավելի լավը դարձնելու նպատակով:

Իմ սիրելի եղբայրներ, քույրեր և ընկերներ, մենք հղում ենք մեր սերը և երախտագիտությունը ձեզանից յուրաքանչյուրին. Մեր սիրտը թրթռում է Նախագահ Թոմաս Մոնսոնի այսօրվա հայտարարությամբ, ըստ որի միսիոներական ծառայությունը սկսելու նվազագույն տարիքը տղաների համար կլինի 18 տարեկանը, իսկ աղջիկների համար՝ 19 տարեկանը: Այդ այլընտրանքի շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կարող ենք վայելել միսիայի օրհնությունները:

Երկու տարի առաջ, այս առավոտյան ևս, Նախագահ Մոնսոնը զորությամբ հայտարարեց, «որ յուրաքանչյուր արժանի, ունակ երիտասարդ, պետք է նախապատրաստվի միսիայի ծառայության: Միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է՝ մի պարտավորություն, որը Տերը ակնկալում է մեզանից, ում այդքան շատ բան է տրված»:1 Կրկին նա բացատրեց, որ երիտասարդ քույրերի համար միսիան լավ այլընտրանք է, սակայն պարտականություն չէ: Եվ ևս մեկ անգամ նա հրավիրեց տարեց զույգերին ծառայելու:

Միսիային նախապատրաստվելը կարևոր է: Միսիան Աստծուն և մարդկությանը կամավոր ծառայություն է: Միսիոներները այդ արտոնությանը մասնակցում են իրենց անձնական խնայությունների շնորհիվ: Ծնողները, ընտանիքները, ընկերները և Միսիոներական ընդհանուր ֆոնդի նվիրատուները նույնպես կարող են օգնել: Բոլոր միսիոներները՝ երիտասարդ, թե տարեց, ծառայում են միակ հույսով՝ կյանքը մարդկանց համար ավելի լավը դարձնելու նպատակով:

Միսիայում ծառայելու որոշումը կձևավորի միսիոների, նրա ամուսնու կամ կնոջ և գալիք սերունդների նրանց ժառանգների հոգևոր ճակատագիրը: Ծառայելու ցանկությունը դարձի գալու, արժանավոր ապրելու և պատրաստված լինելու բնական հետևանք է:

Այս համաշխարհային լայն լսարանում շատերը չեն անդամակցում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և շատ քիչ բան գիտեն մեր և մեր միսիոներների մասին: Դուք այստեղ եք և մեզ լսում եք, որովհետև ցանկանում եք ավելին իմանալ մորմոնների մասին և թե ինչ են ուսուցանում մեր միսիոներները: Մեր մասին ավելի շատ իմանալով, դուք կհայտնաբերեք, որ մենք շատ ընդհանուր արժեքներ ենք կիսում: Մենք խրախուսում ենք ձեզ պահել այն ամենը, ինչ բարի և ճշմարիտ է, ապա տեսնել, թե արդյոք մենք կարող ենք ավելին առաջարկել: Խնդիրներով լի այս աշխարհում մենք ժամանակ առ ժամանակ օգնության կարիք ունենք: Կրոնը, հավերճական ճշմարտությունը և մեր միսիոներները այդ օգնության կենսական մասն են:

Մեր երիտասարդ միսիոներները մի կողմ են դնում իրենց կրթությունը, աշխատանքը, ժամադրությունը և այն ամենը, ինչ երիտասարդ ամուրիները սովորաբար անում են կյանքի այդ շրջանում: 18–24 ամիսների ընթացքում նրանք դադարեցնում են այդ ամենը, քանի որ մեծ ցանկություն ունեն ծառայելու Տիրոջը:2 Մեր միսիոներների մի մասն էլ ծառայում է կյանքի ավելի հասուն տարիքում: Ես գիտեմ, որ նրանց ընտանիքները օրհնվում են: Մեր սեփական ընտանիքում ութ հոգի ներկայումս ծառայում են որպես լիաժամկետ միսիոներներ՝ մեր երեք դուստրերը, նրանց ամուսինները, մեկ թոռնուհին և մեկ թոռը:

Ձեզանից ոմանք, հնարավոր է, մտածում են Մորմոն անվան մասին: Դա մականուն է մեզ համար: Դա մեր իրական անունը չէ, թեև մենք լավ հայտնի ենք որպես մորմոններ: Այդ եզրույթը վերցրած է սուրբ գրվածքների սրբազաբ մի գրքից, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրք:

Եկեղեցու իրական անունն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Այն Հիսուս Քրիստոսի վերահիմնված սկզբնական Եկեղեցին է: Երբ Նա քայլում էր երկրի վրա, Նա կազմավորեց Իր Եկեղեցին: Նա կանչեց Առաքյալներ, Յոթանասունականներ և այլ ղեկավարներ, որոնց տվեց Իր քահանայության իշխանությունը՝ գործելու Իր անունով:3 Նրանից հետո, երբ Քրիստոսը և Նրա Առաքյալները մահացան, մարդիկ փոխեցին արարողությունները և վարդապետությունը. Սկզբնական Եկեղեցին և քահանայությունը կորցվեց: Մութ դարերից հետո Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ետ վերադարձրեց Իր Եկեղեցին: Այժմ այն կրկին կենդանի է, վերականգնված է և գործում է Նրա աստվածային առաջնորդությամբ:4

Մենք հետևում ենք Տեր Հիսուս Քրիստոսին և սովորեցնում Նրա մասին: Մենք գիտենք, որ մահվան հանդեպ Նրա փառավոր հաղթանակից հետո, հարություն առած Տերը մի քանի անգամ հայտնվեց Իր աշակերտներին: Նա ճաշեց նրանց հետ: Նա քայլեց նրանց հետ: Իր վերջնական համբարձումից առաջ Նա հանձնարարեց նրանց. «Գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը»:5 Առաքյալները հետևեցին այդ հրահանգին: Նրանք նույնպես կանչեցին ուրիշներին՝ օգնելու իրենց կատարել Տիրոջ պատգամը:

Այսօր, ժամանակակից առաքյալների և մարգարեների ղեկավարությամբ, նույն կոչը տրվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներին: Այդ միսիոներները ծառայում են ավելի քան 150 երկրներում: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ, նրանք ձգտում են կատարել այդ աստվածային պատգամը, որը նորացվել է մեր օրերում անձամբ Տիրոջ կողմից, ավետարանի լրիվությունը հասցնել աշխարհին և օրհնել մարդկանց կյանքն ամենուր:6

Դեռահասության վերջին տարիներում կամ 20 տարեկանը նոր բոլորած միսիոներները դեռ երիտասարդ են աշխարհի տեսանկյունից: Սակայն նրանք օրհնված են պարգևներով, ինչպիսիք են՝ Սուրբ Հոգու զորությունը, Աստծո սերը և ճշմարտության վկայությունները, որոնք նրանց դարձնում են Տիրոջ զորեղ դեսպաններ: Նրանք տարածում են ավետարանի բարի լուրը, որն իրական ուրախություն և հավերժական երջանկություն է բերում բոլորին, ովքեր լսում են իրենց ուղերձը: Եվ շատ դեպքերում, նրանք դա անում են մի երկրում, որի լեզուն օտար է իրենց համար:

Միսիոներները ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին ինչպես խոսքով, այնպես էլ գործով: Նրանք քարոզում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:7 Նրանք ուսուցանում են Քրիստոսի հնադարյան Եկեղեցու բառացի վերականգնման մասին՝ Տիրոջ վերջին օրերի առաջին մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Գուցե, նախկինում դուք դեմ եք ելել կամ անտեսել եք մեր միսիոներներին: Իմ հույսն է, որ դուք չվախենաք, այլ սովորեք նրանցից: Նրանք կարող են լինել ձեզ համար երկնքից ուղարկված միջոց:

Այդպես եղավ Ջերիի՝ 60-անց բողոքական եկեղեցու մի անդամի հետ, որն ապրում է Մեսայում՝ Արիզոնա նահանգ: Ջերիի հայրը մկրտական քահանա էր, նրա մայրը՝ մեթոդական սպասավոր: Մի օր Ջերիի մոտ ընկերուհին՝ Պրիցիլլան պատմեց իր ցավի մասին, որը զգացել էր իր նորածին երեխայի մահից և դրանից քիչ անց հետևած դառը ամուսնալուծությունից: Պայքարելով որպես միայնակ մայր՝ Պրիցիլլան ունի չորս երեխա՝ երեք դուտրս և մեկ որդի: Բացելով իր սիրտը Ջերիին, նա խոստովանեց, որ մտածում էր իր կյանքին վերջ տալու մասին: Ողջ ուժով և սիրով, որ կարող էր կուտակել, Ջերին փորձեց օգնել նրան հասկանալ, որ իր կյանքը արժեք ունի: Նա հրավիրեց նրանց այցելել իր եկեղեցին, բայց Պրիցիլլան բացատրեց, որ այլևս չի հավատում Աստծուն:

Ջերին չգիտեր, թե ինչ աներ: Ավելի ուշ, երբ ջրում էր իր բակի ծառերը, հավատքի այդ մարդը աղոթեց Աստծուն ուղղության համար: Աղոթելիս, նա մտքում մի ձայն լսեց. «Կանգնեցրու հեծանվով անցնող տղաներին»: Մի փոքր շփոթված, Ջերին մտածեց, թե ինչ դա կարող էր նշանակել: Մտածելով իր այդ տպավության մասին՝ նա նայեց դեպի փողոց և տեսավ երկու երիտասարդ տղաների՝ սպիտակ վերնաշապիկներով և փողկապներով, որոնք հեծանիվներով մոտենում էին իր տանը: Ապշած այդ զուգադիպությունից, նա տեսավ, թե ինչպես նրանք անցան կողքով: Ապա, հասկանալով, որ պետք է գործեր ըստ իրավիճակի, բացականչեց. «Հե՜յ, դո՛ւք, խնդրում եմ, կանգնեք: Ես պետք է խոսեմ ձեզ հետ»:

Զարմանքով, սակայն ուրախ հայացքներով, երիտասարդ տղամարդիկ կանգ առան: Երբ նրանք մոտենում էին, Ջերին նկատեց նրանց կրծքապիտակները, որտեղ գրված էր, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներ էին: Ջերին նայեց նրանց և ասաց. «Սա կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, բայց ես աղոթում էի և ինձ ասվեց, որ կանգնեցնեմ հեծանիվ վարող տղաներին: Ես նայեցի դեպի փողոց և տեսա ձեզ: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»:

Միսիոներները ժպտացին և ասացին. «Այո՛, իհարկե, կարող ենք»:

Ջերին բացատրեց Պրիցիլլայի մտահոգիչ կացությունը: Շուտով միսիոներները հանդիպում էին Պրիցիլլային, նրա երեխաներին և Ջերիին: Նրանք քննարկում էին կյանքի նպատակը և նրանց համար Աստծո ծրագիրը: Ջերին, Պրիցիլլան և նրա երեխաները աճում էին հավատքով՝ անկեղծ աղոթքի, Մորմոնի Գրքի ուսւոմնասիրության և Եկեղեցու անդամների հետ սիրով շփվելու շնորհիվ: Հիսուս Քրիստոսի հանդեպ արդեն իսկ ունեցած հավատքն էլ ավելի ամրացավ: Պրիցիլլայի կասկածները և ինքնասպանության մասին մտքերը վերածվեցին հույսի և երջանկության: Նրանք մկրտվեցին և դարձան Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ:8

Այո՛, միսիոներները կարող են օգնել ձեզ շատ ուղիներով: Օրինակ՝ ձեզանից ոմանք, հնարավոր է, ցանկանում են ավելին իմանալ իրենց նախնիների մասին: Դուք գիտեք ձեր ծնողների և պապ ու տատերի չորս անունները, իսկ ի՞նչ կասեք ձեր ութ նախապապերի և նախատատերի մասին: Դուք գիտե՞ք նրանց անունները: Դուք կցանկայի՞ք ավելին իմանալ նրանց մասին: Հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ:9 Նրանց մատչելի են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ընտանեկան պատմության լայնածավալ գրառումները:

Ձեզանից ոմանք անդամներ են, սակայն ներկայումս չեն մասնակցում: Դուք սիրում եք Տիրոջը և հաճախ մտածում Նրա փարախը վերադառնալու մասին: Բայց դուք չգիտեք, ինչպես սկսել: Ես առաջարկում եմ հարցնել միսիոներներին:10 Նրանք կարող են օգնել ձեզ: Նրանք կարող են նաև օգնել ձեզ, ուսուցանելով ձեր հարազատներին: Մենք և միսիոներները սիրում ենք ձեզ և ցանկանում ենք ձեր կյանք բերել ավետարանի ուրախությունը և լույսը:

Ձեզանից ոմանք, հավանաբար, ցանկանում են իմանալ, թե ինչպես հաղթահարել կախվածությունը, կամ ավելի երկար ապրել կամ ավելի լավ առողջություն ունենալ: Հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես խումբ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները բավականին առողջ են: Մահվան ցուցանիշները ամենացածրն են, իսկ կյանքի տևողությունը ավելի երկար, քան որևէ այլ լավ սահմանված երկար ժամանակահատվածում ուսումնասիրված խմբի դեպքում:11

Ձեզանից ոմանք, գուցե զգան, թե կյանքը զբաղված և քաոսային է, թեև սրտի խորքում կարող եք զգալ աճող դատարկություն՝ առանց ուղղության կամ նպատակի: Հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ: Նրանք կարող են օգնել ձեզ սովորել կյանքի իրական նպատակի մասին՝ թե ինչու եք դուք այստեղ՝ երկրի վրա, և ուր եք գնալու մահից հետո: Դուք կարող եք սովորել, թե ինչպես Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կօրհնի ձեր կյանքը այնպես, ինչպես դուք չեք կարող անգամ պատկերացնել:

Եթե դուք մտահոգված եք ձեր ընտանիքով, հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ: Ամուսնությունները և ընտանիքները ամրացնելը առավել մեծ կարևորություն է հանդիսանում Վերջին Օրերի Սրբերի համար: Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել: Խնդրեք միսիոներներին սովորեցնել ձեզ, թե ինչպես դա կարող է հնարավոր լինել ձեր ընտանիքի համար:

Միսիոներները կարող են նաև օգնել ձեզ ավելի շատ գիտելիք ստանալու ձեր ցանկության մեջ: Մարդու հոգին ձգտում է լուսավորման: Որտեղից էլ որ բխի ճշմարտությունը՝ լաբորատորիայից, թե Աստծուց ստացած հայտնությունից, մենք փնտրում ենք այն: Աստծո փառքը բանականությունն է:12

Ուսման աճը ներառում է և հոգևոր և նյութական գիտելիք: Մենք շեշտում ենք սուրբ գրությունները հասկանալու կարևորությունը: Վերջերս կատարված անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վերջին Օրերի Սրբերը քրիստոնեության և Աստվածաշնչի մասին առավել գիտակ մարդիկ են:13 Եթե դուք ցանկություն ունեք ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը և ավելի խորը հասկացողություն ձեռք բերել մարդկանց եղբայրության և Աստծո հայրության մասին, հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ:

Ձեզանից շատերը մեծ ցանկություն ունեն օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: Լինելով Հիսուս Քրիստոսի հետևորդները, Վերջին Օրերի Սրբերը դնում են իրենց առջև այդ խնիրը ևս:14 Ցանկացած մարդ կարող է միանալ մեզ՝ օգնելու կարիքավորին և օգնություն տրամադրելու աղետից տուժվածներին աշխարհի ցանկացած վայրում: Եթե ցանկանում եք մասնակցել, հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ:

Եվ եթե դուք ավելին եք ուզում իմանալ մահից հետո կյանքի, դրախտի, ձեզ համար Աստծո ծրագրի մասին, եթե դուք ուզում եք ավելին իմանալ Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Նրա սկզբնական Եկեղեցու Վերականգնման մասին, հարցրեք միսիոներներին: Նրանք կարող են օգնել ձեզ:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է: Եռանդով ես աղոթում եմ, որ Աստված օրհնի ձեզ և մեր թանկագին միսիոներներից յուրաքանչյուրին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. Թոմաս Ս. Մոնսոն, «Կրկին հանդիպելով», Լիահոնա, նոյ. 2010, 5–6:

  2.  

    2. Տես Վարդապետություն և Ուխտեր 4.3:

  3.  

    3. Տես Մատթեոս 10.1; Ղուկաս 6.13; 10.1; 10.1; Եփեսացիս 4.11–12:

  4.  

    4. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.30:

  5.  

    5.  Մատթեոս 28.19:

  6.  

    6. Տես Վարդապետություն և Ուխտեր 68.8; 84.62; 112.28:

  7.  

    7. Տես Ա Կորնթացիս 2.2; 2 Նեփի 25–26:

  8.  

    8. Personal communication from W. Tracy Watson, former president of the Arizona Mesa Mission.

  9.  

    9. Այնտեղ, որտեղ ես օգտագործել եմ «հարցրեք միսիոներներին» արտահայտությունը, դուք կարող եք հարցնել Եկեղեցու անդամ ձեր ընկերոջ օգնությունը:

  10.  

    10. Ակտիվ մասնակցող ագականները, ընկերները և Եկեղեցու ղեկավարները նույնպես պատրաստ կլինեն աջակցելու:

  11.  

    11. Տես James E. Enstrom and Lester Breslow, “Lifestyle and Reduced Mortality among Active California Mormons, 1980–2004,” Preventive Medicine, vol. 46 (2008), 135:

  12.  

    12. Տես Վարդապետություն և Ուխտեր 93.36:

  13.  

    13. Տես U.S. Religious Knowledge Survey (Pew Forum on Religion and Public Life, Sept. 28, 2010), 7:

  14.  

    14. Տես Ram Cnaan, Van Evans, and Daniel W. Curtis, Called to Serve: The Prosocial Behavior of Active Latter-day Saints (University of Pennsylvania School of Social Policy and Practice, 2012); “Mormon Volunteerism Highlighted in New Study” (Mar. 16, 2012), http://www.mormonnewsroom.org/article/mormon-volunteerism-report; Mormons in America: Certain in Their Beliefs, Uncertain of Their Place in Society (Pew Forum on Religion and Public Life, Jan. 12, 2012), 43; Robert D. Putnam and David E. Campbell, American Grace: How Religion Divides and Unites Us (2010), 444–54: