2010–2019 թթ․
Եղբայրներ, մենք գործ ունենք կատարելու
Հոկտեմբեր 2012


Եղբայրներ, մենք գործ ունենք կատարելու

Որպես քահանայության տղամարդիկ, մենք կարևոր դեր ունենք կատարելու հասարակության մեջ, տանը և Եկեղեցում:

Եղբայրներ, վերջին տարիներին շատ բաներ են ասվել և գրվել տղամարդկանց և տղաների մարտահրավերների մասին: Նմանատիպ գրքերի օրինակներ են՝ Why There Are No Good Men Left (Ինչու չեն մնացել լավ տղամարդիկ), The Demise of Guys (Երիտասարդ տղաների անկումը), The End of Men (Տղամարդկանց վերջը), Why Boys Fail (Ինչու են տղաները ձախողվում), և Manning Up (Պատասխանատվության ստանձնում): Հետաքրքրականն այն է, որ գրքերից շատերը գրվել են կանանց կողմից: Ամեն դեպքում, այդ վերլուծությունների մեջ մի ընդհանուր գաղափար կա, որ այսօր շատ հասարակություններում տղամարդիկ և տղաները ստանում են հակասական և նվաստացնող ազդանշաններ հասարակության մեջ իրենց դերի և արժեքի վերաբերյալ:

Manning Up (Պատասխանատվության ստանձնում) գրքի հեղինակն այսպես է բնութագրում դա. «Քաղաքակրթության գրեթե ընդհանուր օրենք է եղել, որ աղջիկները կին են դարձել պարզապես ֆիզիկական հասունության հասնելով, իսկ տղաները պետք է ստուգարք անցնեին: Նրանց պետք էր ցուցադրել քաջություն, ֆիզիկական խիզախություն կամ անհրաժեշտ հմտությունների վարպետություն: Նպատակն ապացուցելն էր, որ կարող են պաշտպանել կանանց և երեխաներին. դա միշտ եղել է նրանց առաջնային սոցիալական դերը: Ինչևէ, երբ այսօր զարգացած տնտեսության պայմաններում կանայք առաջ են գնում, ապահովող ամուսիններն ու հայրերը այժմ անհրաժեշտություն չեն, իսկ բնավորության գծերը, որ տղամարդկանց անհրաժեշտ էր իրենց դերը կատարելու համար՝ տոկունությունը, ամրությունը, համարձակությունը, հավատարմությունը, հնացած են և անգամ փոքր ինչ շփոթեցնող»:1

Կանանց համար՝ հնարավորություն ընձեռելու իրենց խանդավառության մեջ, որը մենք ողջունում ենք, կան այնպիսիք, ովքեր նվաստացնում են տղամարդկանց և իրենց ավանդը: Նրանք կյանքին նայում են որպես տղամարդու և կնոջ մեջ մրցակցություն, երբ մեկը պետք է իշխի մյուսին, և այժմ կանանց հերթն է: Ոմանք ապացուցում են, որ կարիերան ամեն ինչ է, իսկ ամուսնությունը և երեխաները ամենևին էլ անհրաժեշտություն չեն, հետևաբար, մեր ինչի՞ն են պետք տղամարդիկ:2 Բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում, հեռուստատեսությամբ և կաբելային ծրագրերով, տղամարդիկ ներկայացվում են որպես անընդունակ, տհաս կամ եսակենտրոն: Տղամարդկանց դերի նման սոցիալական թուլացումը վնասակար ազդեցություն է թողնում:

Օրինակ, Միացյալ Նահանագներում հաղորդվում է. «Այժմ բոլոր մակարդակներով աղջիկներն առաջ են անցնում տղաներից, սկսած տարրական դասարանից մինչև ավարտական դասարանը: Մինչև ութերորդ դասարանը, օրինակ, տղաների միայն 20 տոկոսն է վարժ գրում, իսկ 24 տոկոսը՝ վարժ կարդում: Միևնույն ժամանակ 2011թ.-ին երիտասարդ տղաների ընդունելության քննությունների միավորները, վերջին 40 տարիների ընթացքում եղել են ամենացածրը: Ըստ Ազգային Կենտրոնի Կրթական վիճակագրության, աղջիկների համեմատ տղաները 30 տոկոսով ավելի շատ են դուրս մնում ավագ դպրոցից և քոլեջից … Կանխատեսվել է, որ մինչև 2016թ. կանայք կվաստակեն բակալավրի կոչումների 60 տոկոսը, մագիստրոսի՝ 63 տոկոսը, և դոկտորական աստիճանի 54 տոկոսը: Հատուկ կրթական թույլ ծրագրով ուսանողների երկու-երրորդը տղաներ են»:3

Որոշ տղամարդիկ և երիտասարդ տղաներ բացասական խոսքերը որդեգրում են որպես պատասխանատվությունից խույս տալու արդարացում և իրականում երբեք չեն աճում: Մի դիտարկման ժամանակ, որը շատ հաճախ ստույգ է լինում, համալսարանական մի պրոֆեսոր նշել է. «Տղաները դասին ներկայանում են բեյսբոլի գլխարկներով և «Word ծրագիրը կերավ իմ տնայինը» [թերի] պատճառաբանություններով, մինչդեռ աղջիկները ստուգում են իրենց ամենօրյա դասացուցակները և երաշխավորագիր են խնդրում իրավագիտության դպրոցում ուսանելու համար»:4 Կինոնկարների մի կին գրախոս հետևյալ բավականին ցինիկ տեսակետն է հայտնել, որ՝ «քանի որ մենք հաջողակ ենք և ընտրում ենք ունենալ միայն զուգընկեր, տղամարդկանցից կարող ենք ակնկալել, որ լինեն միայն դա՝ զուգընկեր: Ով գտնվում է իր անձնական տարածքում, և հարգում է մեր դիրքը մեր իսկ տարածքում»:5

Եղբայրներ, դա մեզ չպետք է վերաբերվի: Որպես քահանայության տղամարդիկ, մենք կարևոր դեր ունենք կատարելու հասարակության մեջ, տանը և Եկեղեցում: Բայց մենք պետք է լինենք տղամարդիկ, որոնց կարող են վստահել կանայք, երեխաները և Աստված: Այս վերջին օրերին Եկեղեցում և Աստծո արքայությունում մենք չենք կարող հանդուրժել, որ ունենանք պասսիվ տղամարդիկ և տղաներ: Մենք չենք կարող հանդուրժել երիտասարդ տղաներ, ովքեր անկարգապահ են և ապրում են միայն զվարճանալու համար: Մենք չենք կարող հանդուրժել երիտասարդ չափահասների, ովքեր կյանքում ոչ մի տեղ չեն գնում, ովքեր լուրջ չեն վերաբերվում ընտանիք կազմելուն և այս աշխարհում իրական ավանդ ներդնելուն: Մենք չենք կարող հանդուրժել ամուսինների և հայրերի, ովքեր չեն կարողանում հոգևոր ղեկավարություն ապահովել տանը: Մենք չենք կարող հանդուրժել նրանց, ովքեր գործադրում են Սուրբ Քահանայությունը, ըստ Աստծո Որդու Կարգի, սակայն վատնում են իրենց ուժը պոռնոգրաֆիայում կամ անցկացնում են իրենց կյանքը համացանցում (ճակատագրի հեգնանքով լինելով այս աշխարհից, միևնույն ժամանակ չլինելով այս աշխարհում):

Եղբայրներ, մենք գործ ունենք կատարելու:

Երիտասարդներ, դուք պետք է լավ սովորեք դպրոցում և դպրոցից հետո շարունակեք ձեր ուսումը: Ձեզանից ոմանք կցանկանան գնալ համալսարան և սովորել գործարարություն, գյուղատնտեսություն, պետական կառավարում կամ այլ մասնագիտություններ: Ոմանք կառաջադիմեն արվեստում, երաժշտության և մանկավարժության մեջ: Ոմանք էլ կընտրեն զինվորական կարիերան կամ արհեստներ կսովորեն: Տարիներ առաջ, մի քանի արհեստավորներ էին աշխատում իմ տան վերանորոգման ժամանակ, և ես հիացած էի այդ մարդկանց տքնաջան աշխատանքով և վարպետությամբ: Ինչ էլ որ ընտրեք, կարևոր է, որ դուք հմտանաք ձեր ընտրած մասնագիտության մեջ, որպեսզի կարողանաք ընտանիք պահել և ձեր ավանդը ներդնել ձեր համայնքում և երկրում:

Վերջերս ես մի տեսաֆիլմ դիտեցի, որտեղ ներկայացվում էր Հնդկաստանում ապրող Ամար անունով 14 տարեկան տղայի մեկ օրը: Նա վաղ արթնանում է, դպրոցից առաջ և դպրոցից հետո աշխատում երկու աշխատավայրում, շաբաթվա մեջ վեցուկես օր: Նրա եկամուտը կազմում է իր ընտանիքի ապրուստի հիմնական մասը: Երկրորդ աշխատանքից հետո, արդեն մութն ընկած, նա իր մաշված հեծանվով շտապում է տուն և մի քանի ժամ տրամադրում տնային աշխատանքին, և գիշերվա տասնմեկի կողմերը մտնում գետնին գցած անկողնու մեջ՝ քնելու իր եղբայրների և քույրերի կողքին: Թեև երբեք նրան չեմ հանդիպել, ես հպարտանում եմ նրա ջանասիրությամբ և քաջությամբ: Նա իր սահմանափակ կարողություններով և հնարավորություններով անում է ամեն ինչ, և օրհնություն է իր ընտանիքի համար:

Չափահաս տղամարդիկ՝ հայրեր, ամուրիներ, ղեկավարներ, տնային ուսուցիչներ, եղեք արժանի օրինակներ և տղաների աճող սերնդին օգնեք տղամարդ դառնալ: Նրանց սովորեցրեք սոցիալական և այլ հմտություններ, ինչպես մասնակցել խոսակցությանը, ինչպես ծանոթանալ և շփվել մյուսների հետ, ինչպես վերաբերվել կանանց և աղջիկներին, ինչպես ծառայել, ինչպես լինել ակտիվ և վայելել զվարճանքը, ինչպես հետամուտ լինել սիրած զբաղմունքին հակվածություն ձեռք չբերելով, ինչպես ուղղել սխալները և ավելի լավ ընտրություններ կատարել:

Այսպիսով բոլորին, ովքեր լսում են ինձ, ուր էլ որ լինեք, ես ասում եմ՝ ինչպես Եհովան ասաց Հեսուին. «Զորացիր և քաջ եղիր» (Հեսու 1.6): Արիացեք ու ինչպես հարկն է պատրաստվեք, ինչպիսին էլ լինեն ձեր պայմանները: Պատրաստվեք լինել լավ ամուսին և հայր, լավ ու բարեխիղճ քաղաքացի, պատրաստվեք ծառայել Տիրոջը, որի քահանայությունը դուք կրում եք: Ուր էլ որ լինեք, ձեր Երկնային Հայրը հոգ է տանում ձեր մասին: Դուք միայնակ չեք, դուք ունեք քահանայություն և Սուրբ Հոգու պարգևը: Եթե դուք շարունակեք աշխատել և պահել Նրա պատվիրանները, ապագայում ձեզ համար հնարավորություններ կբացվեն:

Ձեզ համար անհրաժեշտ շատ վայրերից ամենակարևորը քահանայության ձեր քվորումն է: Մեզ պետք են քվորումներ, որոնք կիրակի օրը հոգևոր սնուցում են ապահովում անդամների համար և նաև ծառայում են: Մեզ պետք են քվորումների ղեկավարներ, ովքեր կենտրոնացած են Տիրոջ գործը կատարելու և քվորումի անդամներին և իրենց ընտանիքներին աջակցելու վրա:

Դիտարկենք միսիոներական աշխատանքը: Երիտասարդ տղաներ, դուք վատնելու ժամանակ չունեք: Դուք չեք կարող սպասել, որ 17 կամ 18 տարեկանում լրջորեն վերաբերվեք պատրաստվելուն: Ահարոնյան Քահանայության քվորումները կարող են օգնել իրենց անդամներին հասկանալ քահանայության խոստումն ու ուխտը և պատրաստվել որպես երեց կարգվելուն, նրանք կարող են օգնել նրանց հասկանալ և պատրաստվել տաճարային ծեսերին, նաև պատրաստվել հաջող միսիա ծառայելուն: Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները և Սփոփող Միությունը կարող են օգնել ծնողներին պատրաստել միսիոներներին, ովքեր գիտեն Մորմոնի Գիրքը և ովքեր միսիա կմեկնեն լիովին պարտավորված: Իսկ յուրաքանչյուր ծխում և ճյուղում այդ նույն քվորումները կարող են արդյունավետ համագործակցություն խթանել տվյալ միավորում ծառայող լիաժամկետ միսիոներների հետ:

Աշխատանքը, որ հիմնականում ընկած է քահանայության ուսերին, Փրկչի կանչն է, որը կրկնվում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից՝ փրկել նրանց, ովքեր հեռացել են ավետարանից կամ ինչ-որ պատճառով դժգոհ են: Մենք այդ գործում հաջողության ենք հասել, ներառյալ՝ երիտասարդների կողմից տարվող գերազանց աշխատանքը: Նյու Մեքսիկոյում, Ալբուքերկի Ռիո Գրանդ (իսպանական) ծխում Ահարոնյան Քահանայության մի քվորում միասին խորհրդակցեց, թե ում կարող են ետ բերել, և ապա խմբով գնացին յուրաքանչյուրին այցելելու: Մեկն ասել է. «Երբ նրանց տեսա մեր դռան մոտ, ես կարևոր զգացի», մեկ ուրիշն էլ վստահել է. «Ես ներքուստ ուրախ եմ, որ ինչ-որ մեկն իրականում ցանկանում է, որ ես գնամ Եկեղեցի. այժմ ես ցանկանում եմ գնալ Եկեղեցի»: Երբ քվորումի անդամներ հրավիրեցին մի երիտասարդի ետ գալ, նրան խնդրեցին իրենց հետ գնալ հաջորդ այցելությանը, և նա համաձայնեց: Նրանք պարզապես նրան չհրավիրեցին հաճախել Եկեղեցի, այլ անմիջապես նրան ընդգրկեցին քվորումի մեջ:

Մեկ այլ դժվար, բայց խթանող քահանայական աշխատանք է՝ ընտանիքի պատմության և տաճարային աշխատանքը: Շուտով լույս կընծայվի Առաջին Նախագահության նամակը, որը կներկայացնի նորացված կանչը և մեր կատարելիք աշխատանքի այս կարևոր մասի վերաբերյալ ավելի բարձր տեսլականը:

Մեր քվորումներում նաև ձևավորվում է փոխօգնության եղբայություն: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի անգամ ասել է. «Իմ եղբայրներ, հրաշալի օր և Տիրոջ նպատակների իրագործման օր կլինի այն օրը, երբ մեր քահանայության քվորումները դառնան ուժի խարիսխ քվորումին պատկանող յուրաքանչյուր տղամարդու համար, երբ այդ տղամարդիկ, իրենց հերթին, ի վիճակի լինեն ասելու՝ ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քվորումի անդամ եմ: Ես պատրաստ կանգնած եմ՝ օգնելու իմ եղբայրներին իրենց կարիքի ժամանակ, և ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կանգնած են օգնելու ինձ: … Միասին աշխատելով, մենք կարող ենք կանգնել անսասան և անվախ, հակառակորդի ամեն մի քամու դեմ, որ կփչի, լինի դա տնտեսական, սոցիալական, թե՝ հոգևոր»:6

Չնայած մեր գործադրած լավագույն ջանքերին, իրերն այնպես չեն դասավորվում ինչպես պլանավորել էինք և հատկապես «հակառակորդի քամին», որը կարող է փչել տղամարդու կյանքում գործազրկությունն է: Վաղ շրջանի Եկեղեցու բարօրության գրքույկում ասվում է. «Գործազուրկ տղամարդը հատուկ նշանակություն ունի Եկեղեցու համար, քանի որ իր ժառանգությունից զրկված, Հոբի պես, նա գտնվում է փորձության մեջ՝ իր շիտակության համար: Երբ ձախորդ օրերը դառնում են շաբաթներ, ամիսներ և անգամ տարիներ, ցավն ավելի է խորանում … Եկեղեցին չի կարող հույս ունենալ, որ կիրակի օրը կփրկի այդ տղամարդուն, եթե շաբաթվա ընթացքում ինքնագոհ ականատեսն է նրա հոգու խաչելության»:7

2009թ. ապրիլին Նախագահող Եպիսկոպոսության նախկին խորհրդական Ռիչարդ Ս. Էդգլին պատմեց մի օրինակելի քվորումի մասին, որը ջանքերը կենտրոնացնելով, օգնել էր աշխատանքը կորցրած անդամ ընկերոջը.

«Յուտայի Սենթերվիլում Phil’s Auto ավտոսպասարկման կետը վկայությունն է այն բանի, թե ինչ կարող են անել քահանայության ղեկավարները: Ֆիլը երեցների քվորումի անդամ էր և մեխանիկ էր աշխատում տեղի ավտովերանորոգման կետում: Ցավոք այդ արհեստանոցը, որոշ ֆինանսական խնդիրներ ուներ, և Ֆիլին ազատեցին աշխատանքից: Նա շատ հուսահատված էր դեպքերի նման շրջադարձի պատճառով:

Լսելով, որ Ֆիլը կորցրել է իր աշխատանքը, նրա եպիսկոպոս Լեոն Օլսեն և նրա երեցների քվորումի նախագահությունը աղոթքով ուղիներ դիտարկեցին, թե ինչպես կարող են օգնել Ֆիլին կրկին ոտքի կանգնել: Ի վերջո, նա քվորումի անդամ ընկեր էր, եղբայր և օգնության կարիք ուներ: Նրանք հանգեցին եզրակացության, որ Ֆիլն այնպիսի հմտություններ ուներ, որ կարող էր իր բիզնեսն ունենալ: Քվորումի անդամներից մեկը առաջարկեց, որ իր հին ամբարը գուցե հնարավոր լիներ օգտագործել որպես արհեստանոց: Քվորումի մյուս անդամները օգնեցին՝ հավաքելով անհրաժեշտ գործիքները և սարքավորումներով ապահովելով նոր արհեստանոցը: Քվորումի գրեթե բոլոր անդամներն օգնեցին մաքրել հին ամբարը:

Նրանք գաղափարներ էին տալիս Ֆիլին, ապա իրենց ծրագրով կիսվեցին քվորումի անդամների հետ: Ամբարը մաքրվեց և վերանորոգվեց, գործիքները հավաքվեցին և ամեն ինչ կարգի բերվեց: Phil’s Auto-ն հաջողություն ունեցավ և, ի վերջո, տեղափոխվեց ավելի բարվոք և մշտական տեղ, այդ ամենը կատարվեց ճգնաժամի պահին իր քվորումի եղբայրների օգնության շնորհիվ»:8

Ինչպես տարիների ընթացքում կրկնել են մարգարեները. «Տիրոջ ամենակարևոր աշխատանքը, որ դուք երբևէ կանեք, կլինի ձեր տան պատերի ներսում»:9 Մենք շատ բան ունենք անելու առաջիկայում ամրապնդելու ամուսնությունը մի հասարակությունում, որն ավելի ու ավելի է նվազեցնում դրա կարևորությունը և նպատակը: Մենք շատ բան ունենք անելու առաջիկայում մեր երեխաներին ուսուցանելու գործում ՝ «աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ» (ՎևՈւ 68.28): Մեր խնդիրն է՝ առնվազն օգնել մեր երեխաներին ունենալ սրտի հզոր փոփոխություն կամ դարձ առ Տերը, որի մասին այնքան պերճախոս ասվել է Մորմոնի Գրքում (տես Մոսիա 5.1–12, Ալմա 26): Սփոփող Միության հետ միասին, քահանայության քվորումները կարող են աջակցել ծնողներին և ամուսնական զույգերին, և քվորումները կարող են քահանայության օրհնություններ տալ միայնակ ծնողով ընտանիքներին:

Այո Եղբայրներ, մենք աշխատանք ունենք կատարելու, Ծնորհակալություն ձեր կատարած զոհաբերությունների և բարիքի համար: Շարունակեք այդպես և Տերը կօգնի ձեզ: Երբեմն գուցե չիմանաք, թե ինչ անեք կամ ասեք, պարզապես առաջ գնացեք: Սկսեք գործել և Տերը կապահովի, որ «արդյունավետ դուռ բացվի [ձեզ] համար» (ՎևՈւ 118.3): Սկսեք խոսել, և Նա խոստանում է. «Դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ. Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք» (ՎևՈւ 100.5–6): Ճիշտ է, մենք որոշ հարցերում հասարակ ենք և անկատար, սակայն ունենք կատարյալ Վարդապետ, որը կատարյալ Քավություն գործեց, և մենք դիմում ենք Նրա շնորհին և Նրա քահանայությանը: Եթե ապաշխարենք և մաքրենք մեր հոգին, մեզ խոստացվել է, որ կուսուցանվենք և կօժտվենք զորությամբ ի վերուստ (տես ՎևՈւ 43.16):

Եկեղեցին, աշխարհը և կանայք փնտրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր զարգացնում են իրենց կարողությունները և տաղանդները, ովքեր ցանկանում են աշխատել և զոհաբերություններ կատարել, ովքեր կօգնեն մյուսներին հասնել երջանկության և փրկության: Նրանք կոչ են անում՝ «Վեր կացեք, Աստծո տղամարդիկ»:10 Աստված, օգնիր մեզ այս գործում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Kay S. Hymowitz, Manning Up: How the Rise of Women Has Turned Men into Boys (2011), 16.

  2. «Երբ երիտասարդներին հարցնում ես, թե ինչն է իրենց չափահաս դարձնում, գրեթե ոչ ոք չի նշում ամուսնությունը: Նրանց կարծիքները հանգում են աշխատանքին՝ կրթությունն ավարտել, ֆինանսական անկախություն և լրիվ դրույքով աշխատանք ձեռք բերել: Աշխատանքը, կարիերան, ֆինանսական անկախությունն են հանդիսանում այսօրվա ինքնության չափորոշիչները» (Hymowitz, Manning Up, 45): Ընդդեմ ամուսնության կարծիքը հատկապես ուժեղ է ազդում կանանց վրա: Լոնդոնի Times-ի մշտական թղթակիցը գրել է. «Ոչ ոք, ոչ իմ ընտանիքը, ոչ էլ իմ ուսուցիչները երբեք չեն ասել. «Իհարկե, ցանկալի է լինել մայր և կին նույնպես»: Նրանք այնքան կենտրոնացած են այն գաղափարի շուրջ, որ պետք է հետևել նոր համընդհանուր, ժամանակակից ուղուն, երբ պատմականորեն կանանց սերունդների ամուսնանալու և ընտանիք կազմելու ակնկալիքները միտումնավոր դուրս են մղվում ապագայի հետ կապված իրենց պատկերացումներից» (Eleanor Mills, “Learning to Be Left on the Shelf,” Sunday Times, Apr. 18, 2010, www.thetimes.co.uk; in Hymowitz, Manning Up, 72): 40-ն անց տարիքի մեկ այլ լրագրող չամուսնանալու վերաբերյալ զղջալու մասին գրված իր հոդվածին ի պատասխան նա այսպիսի արձագանքներ էր ստացել. «Ես ցնցված եմ, որ դուք տղամարդու կարիք ունեք», «Բարձրացրեք ձեր ինքնագնահատականը», «Ձեր փոխկախվածության մակարդակը շատ ցածր է», «Եթե իմ դուստրը մեծանա և ձեր կեսի չափ տղամարդ ցանկանա, ես կիմանամ, որ ինչ-որ տեղ նրան սխալ եմ դաստիարակել» (Lori Gottlieb, Marry Him: The Case for Settling for Mr. Good Enough [2010], 55):Լավ նորությունն այն է, որ հիմնականում մարդիկ, ներառյալ կրթված երիտասարդ չափահասները, չեն տարվում ամուսնության, ընտանիքի դեմ գաղափարախոսությամբ: «Պենսիլվանիայի Համալսարանից մի տնտեսագետի ուսումնասիրության համաձայն, Միացյալ Նահանգներում 2008թ. քոլեջի կրթությամբ սպիտակամորթ կանանց 86 տոկոսը ամուսնացել էին մինչև 40 տարեկանը, եթե համեմատենք քոլեջի չորսամյա կրթություն չունեցողների 88 տոկոսի հետ: Քոլեջի կրթությամբ սպիտակամորթ տղամարդկանց համար թվերը նույնն են՝ 2008թ. նրանց 84 տոկոսն էր ամուսնացել մինչև 40 տարեկանը: Ի միջիայլոց հետազոտությամբ չհիմնավորված մի տարակարծություն կա, որ ամուսնությունը վատ գործարք է կանանց համար: Բայց քոլեջի կրթությամբ սպիտակամորթ կանայք թերևս չեն հավատում դրան: Նրանք հիմնականում մտածում են, որ «ամուսնացած կանայք չամուսնացածներից ավելի երջանիկ են»: … Քոլեջի առաջին կուրսեցիների մեծամասնության՝ 70 տոկոսի կարծիքով ընտանիք կազմելը «կարևոր» է կամ «շատ կարևոր» է իրենց ապագայի համար» (Hymowitz, Manning Up, 173–74):

  3. Philip G. Zimbardo and Nikita Duncan, The Demise of Guys: Why Boys Are Struggling and What We Can Do about It (2012), e-book; see the chapter “Behind the Headlines.”

  4. Barbara Dafoe Whitehead, Why There Are No Good Men Left: The Romantic Plight of the New Single Woman (2003), 67.

  5. Amanda Dickson, “‘Hunger Games’ Main Character a Heroine for Our Day,” Deseret News, Apr. 2, 2012, www.deseretnews.com.

  6. Gordon B. Hinckley, “Welfare Responsibilities of the Priesthood Quorums,” Ensign, Nov. 1977, 86.

  7. Helping Others to Help Themselves: The Story of the Mormon Church Welfare Program (1945), 4.

  8. Ռիչարդ Ս. Էդգլի «Սա ձեղ գանգն է» Լիահոնա, մայիս 2009, 54:

  9. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 134.

  10. “Rise Up, O Men of God,” Hymns, no. 323.