2010–2019 թթ․
«Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն»
Հոկտեմբեր 2012


«Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն»

Երբ գանք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մոտ, և մաքրագործենք մեր սրտերը, մենք բոլորս էլ գործիքներ կդառնանք՝ իրագործելու Մորմոնի Գրքի հզոր խոստումները:

Վիետնամի պատերազմի ժամանակ ես որպես կամավոր ծառայել եմ Միացյալ Նահանգների Նավատորմում: Հիմնական զորավարժությունների համար Քուանթիկո՝ Վերջինիա, ժամանելուց կարճ ժամանակ անց ես արդեն կանգնած էի զորանոցի իմ մահճակալի առջև Նավատորմի մնացած զորաբանակի 54 նորակոչիկների շարքում: Ես հանդիպեցի իմ շարքային հրահանգիչին՝ կռվում կոփված մի վետերանի, երբ նա ոտքի հարվածով բացեց զորանոցի դուռը և ներս մտավ, հայհոյախառն արտահայտություններ գոռալով:

Այս սարսափեցնող նախաբանից հետո նա սկսեց զորամասի մի ծայրից և դեմ առ դեմ կանգնելով հարցեր էր ուղղում նորակոչիկներին: Առանց բացառությաննա որևէ բան էր գտնում յուրաքանչյուր նորակոչիկի մոտ՝ բարձրաձայն և գռեհկորեն նրան ծաղրելու համար: Անցնելով շարքով նա զինվորներից լսում էր պատասխանները, որոնք պատվիրված էր նրանց տալ՝ «Այո» կամ «Ոչ, սերժանտ»: Ես չէի կարողանում պարզ տեսնել, թե ինչ էր նա անում, քանի որ մեզ պատվիրված էր կանգնել՝ զգաստ հայացքը վեր ուղղված: Երբ իմ հերթը հասավ, նա վերցրեց իմ պայուսակը և դատարկեց դրա պարունակությունը իմ հետևում գտնվող ներքնակի վրա: Նա զննեց իմ իրերը, այնուհետև ետ վերադարձավ՝ կանգնելով իմ դիմաց: Ես նախապատրաստվել էի նրա խիստ քննադատությանը: Նրա ձեռքում էր գտնվում իմ Մորմոնի Գիրքը: Ես սպասում էի, որ նա կգոռար ինձ վրա. դրա փոխարեն նա մոտեցավ ինձ և շշնջաց. «Դու Մորմո՞ն ես»:

Ինչպես պատվիրված էր, ես բարձր ձայնով պատասխանեցի. «Այո, սերժանտ»:

Կրկին ես սպասում էի վատագույնին: Դրա փոխարեն նա մի պահ կանգ առավ և բարձրացրեց իր ձեռքը, որով բռնել էր Մորմոնի Գիրքը, և հետո շատ ցածր ձայնով նա ասաց. «Դու հավատու՞մ ես այս գրքին»:

Ես կրկին բացականչեցի. «Այո, սերժանտ»:

Այդ պահին ես վստահ էի, որ նա արհամարհական բառեր կգոռար Մորմոնների և Մորմոնի Գրքի վերաբերյալ, սակայն նա պարզապես լուռ կանգնեց այնտեղ: Մեկ րոպե անց նա վերադարձավ իմ մահճակալի մոտ և զգուշորեն ցած դրեց իմ Մորմոնի Գիրքը: Նա այնուհետև շարունակեց առանց կանգնելու քայլել իմ կողքով և շարունակեց հայհոյանքներով ծաղրել և արհամարհել մյուս նորակոչիկներին:

Հաճախ եմ խորհել այն մասին, թե ինչու ծովային հետևակի այդ կոպիտ սերժանտը խնայեց ինձ այդ օրը: Սակայն երախտապարտ եմ, որ կարողացա առանց հապաղելու ասել. «Այո, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ» և «Այո, ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այս վկայությունը թանկարժեք պարգև է, որ տրվել է ինձ Սուրբ Հոգու միջոցով՝ երկու միսիոներների և քահանաների քվորումի խորհրդատուի օգնությամբ:

Երբ 14 տարեկան էի, երկու միսիոներներ՝ Լի Փիրսոնը և Բոյդ Քամփույսենը, սովորեցրեցին իմ ընտանիքին Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, և ես մկրտվեցի: Երկու տարի անց իմ քահանաների քվորումի խորհրդատուն՝ Ռիչարդ Բորեն, հանձնարարեց ինձ կարդալ Մորմոնի Գիրքը: Ես ընդունեցի այդ հանձնարարությունը, և ես ամեն երեկո կարդում էի ամենաքիչը 10 էջ, մինչև ավարտեցի այն:

Տիտղոսաթերթում ես կարդացի, որ այն «գրված է Լամանացիներին, որոնք Իսրայելի տան մի մնացորդ են. և նաև հրեային ու հեթանոսին»: Մորմոնի Գրքի՝ Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Վերաբերյալ, նախաբանում ասվում է, որ լամանացիներն են «Ամերիկյան Հնդկացիների նախահայրերը»: Երբ ես կարդացի Մորմոնի Գիրքը, ինձ թվաց, որ դա իմ Ամերիկյան Հնդկացի նախնիների մասին էր: Այն տալիս է մի ժողովրդի պատմություն, որի մի մասը հետագայում նկարագրվում է որպես «լամանացիներ», ովքեր գաղթել էին Երուսաղեմից դեպի «խոստումի երկիր» (1 Նեփի 2.20)՝ Ք.ծ. 600 տարի առաջ: Այն մի հիշատակարան է Ամերիկյան աշխարհամասի որևէ մասում բնակվող հնագույն բնակիչների հետ Աստծո գործերի մասին: Այն ներառում է նրանց մեջ Հիսուս Քրիստոսի ծառայության արձանագրությունը՝ Նրա հարությունից հետո: Մորմոնի Գրքի հատվածները հուշում են, որ ժամանակի ընթացքում նրանք ցրվել են Ամերիկյան աշխարհամասում և մոտակա ծովերի կղզիներում (տես Ալմա 63.9–10): Նրանց մարգարեները կանխագուշակել են, որ հեթանոսների շատ բազմություններ, ի վերջո, կգան այս խոստումի երկիրը, և Աստծո ցասումը կլինի լամանացիների վրա, և նրանք կցրվեն, կխարազանվեն և գրեթե կկործանվեն (տես 1 Նեփի 13.10–14):

Իմ նախապապ Էքո Հոքը՝ Փավնիից մի հնդկացի, ծնվել էր 1800-ականների կեսերին այն վայրում, որն այժմ կոչվում է Նեբրասկա: Երբ նա 19 տարեկան էր, Փավնիի ժողովրդին ստիպեցին թողնել իրենց 23 միլիոն ակր (9.3 միլիոն հեկտար) սեփական հողերը, որպեսզի տեղ հատկացնեին նորաբնակներին: 1874թ. Փավնիի բնակիչները ոտքով անցան մի քանի հարյուր կիլոմետր դեպի հարավ և տեղավորվեցին մի փոքր վայրում, որը գտնվում էր Օկլահոմայի Հնդկական տարածքներում: Փավնիի ժողովրդի բնակիչների թիվը նվազել էր, 12000-ից հասնելով մինչև 700 -ից էլ պակաս, երբ նրանք հասան Օկլահոմա: Փավնին, ինչպես մյուս ցեղերը, ցրվել, խարազանվել և գրեթե կործանվել էր:

Մորմոնի Գիրքը հատուկ ուղերձ ունի լամանացիների հետնորդների՝ Իսրայելի տան մնացորդի համար: Նեփին տալիս է այս ուղերձի բացատրությունը, երբ մեկնաբանում է այս վերջին օրերի վերաբերյալ իր հոր տեսիլքը. «Եվ այն օրը մեր սերնդի մնացորդը կիմանա, որ իրենք Իսրայելի տնից են, և որ իրենք Տիրոջ ուխտի ժողովուրդն են. և այն ժամանակ նրանք կիմանան և կգնան իրենց նախահայրերի իմացությանը, և նաև Քավչի ավետարանի իմացությանը, որը տրվել էր իրենց հայրերին նրա կողմից. ուստի նրանք կգնան իրենց Քավչի և նրա վարդապետության ամեն մի կետի իմացությանը, որպեսզի նրանք կարողանան իմանալ՝ ինչպես գան դեպի նա և փրկվեն» (1 Նեփի 15.14):

Մորմոնի Գիրքը սրբազան սուրբ գրություն է: Այն պարունակում է հավիտենական ավետարանի լրիվությունը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է, որ. «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 64): Այսպիսով, այն ուղերձ ունի աշխարհի բոլոր մարդկանց համար:

Որպես 17-ամյա տղա, ով առաջին անգամ էր կարդում Մորմոնի Գիրքը, ես կենտրոնացա Մորոնիի խոստումի վրա. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):

Երբ աղոթքով ծնկի իջա, ես ստացա հզոր հոգևոր վկայություն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Այդ վկայությունը օգնեց ինձ կյանքում գտնել իմ ուղին:

Ես հորդորում եմ բոլոր մարդկանց կարդալ Մորմոնի Գիրքը՝ Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Մասին:

Ես հատկապես խնդրում եմ Իսրայելի տան մնացորդին՝ Մորմոնի Գրքի ժողովրդի հետնորդներին, որտեղ էլ որ դուք լինեք՝ կարդացեք և վերընթերցեք Մորմոնի Գիրքը: Ծանոթացեք Մորմոնի Գրքում պարունակվող խոստումներին: Հետևեք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին: Տիրոջ հետ ուխտեր կապեք և պահեք դրանք: Փնտրեք և հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը:

Ես ավարտում եմ իմ ելույթը Մորոմնի Գրքի մեկ այլ մարգարեի՝ Ամուղեկի խոսքերով. «Եվ արդ, իմ սիրելի եղբայրներ, ես կկամենայի, որ դուք գաք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա, և շարունակեք ծոմով ու աղոթքով, և համբերեք մինչև վերջ, և ինչպես կենդանի է Տերը, դուք կփրկվեք» (Օմնի 1.26):

Երբ գանք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մետ, և մաքրագործենք մեր սրտերը, մենք բոլորս էլ գործիքներ կդառնանք՝ իրագործելու Մորմոնի Գրքի հզոր խոստումները: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: