Հիշեք օրհնությունները

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն


Մեր Երկնային Հայրը քաջատեղյակ է մեր կարիքների մասին և կօգնի մեզ, երբ մենք օգնություն խնդրենք Նրանից:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս համաժողովը նշանավորում է 49 տարին, երբ 1963թ. հոկտեմբերի 4-ին ես հաստատվեցի որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Քառասունինը տարին երկար ժամանակ է: Ինչ-որ տեղ էլ, կարծես, թե քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ կանգնեցի Թաբերնաքլի ամբիոնի մոտ և հղեցի իմ առաջին գերագույն համաժողովի ելույթը:

Շատ բան է փոխվել 1963թ. հոկտեմբերի 4-ից: Մենք ապրում ենք աշխարհի պատմության մեջ յուրահատուկ ժամանակներում: Մենք օրհնվել ենք այնքան շատ բաներով: Սակայն երբեմն դժվար է մեր շուրջը տեսնել խնդիրներ և ամենաթողություն, և չհուսահատվել: Ես գտել եմ, որ անցանկալի երևույթների մասին մտածելու փոխարեն, եթե մեկ քայլ ետ գնանք և վերանայենք մեր կյանքի օրհնությունները, նույնիսկ թվացյալ փոքր, երբեմն անտեսված օրհնությունները, մենք կարող ենք ավելի մեծ երջանկություն գտնել:

Վերանայելով անցած 49 տարիները, ես որոշ հայտնագործություններ կատարեցի: Դրանցից մեկը՝ անթիվ փորձառություններն են, որոնք չի կարելի համարել արտառոց: Իրենց ժամանակին դրանք հաճախ ոչնչով չեն առանձնացել և անգամ սովորական են համարվել: Բայց տարիների կտրվածքով դիտելիս ակնհայտ է դառնում, որ դրանք հարստացրել և օրհնել են կյանքեր, այդ թվում նաև իմ կյանքը: Ես կառաջարկեի այդ նույնը դուք անեիք, այսինքն՝ քննեիք ձեր կյանքը և փնտրեիք հատկապես ձեր ստացած օրհնությունները, լինեն՝ մեծ, թե փոքր:

Տարիների անձնական դիտարկումն ամրապնդել է իմ այն գիտելիքը, որ մեր աղոթքները լսվում և պատասխանվում են: Մեզ ծանոթ է Մորմոնի Գրքի 2 Նեփիում տրված ճշմարտությունը. «Մարդիկ կան, որ ուրախություն ունենանան»:1 Ես վկայում եմ, որ այդ ուրախությունը, հիմնականում, գալիս է, երբ հասկանում ենք, որ կարող ենք հաղորդակցվել մեր Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով, և որ այդ աղոթքները լսվում և պատասխանվում են, գուցե ոչ այնպես և այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում, բայց դրանք կպատասխանվեն Երկնային Հոր կողմից, ով ճանաչում և սիրում է մեզ կատարելապես և ով ցանկանում է մեր երջանկությունը: Նա խոստացել է մեզ. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին»:2

Ինձ հատկացված հաջորդ մի քանի րոպեներին ձեզ հետ կկիսվեմ իմ փոքր փորձառություններով, երբ աղոթքները լսվել և պատասխանվել են, և որոնք, հետադարձ հայացք գցելով, տեսնում եմ, որ օրհնել են իմ և մյուսների կյանքը: Իմ օրագիրը, որտեղ նշումներ եմ կատարել այս բոլոր տարիների ընթացքում, օգնել է ինձ առանձնացնել որոշ դեպքեր, որոնք այլկերպ գուցե չկարողանայի հիշել:

1965 թվի սկզբին ինձ հանձնարարվել էր այցելել ցցի համաժողովներին և այլ ժողովներ անցկացնել Հարավ-Խաղաղօվկիանոսյան կղզիներում: Դա իմ առաջին այցելությունն էր այդ աշխարհամաս, և ես այդ օրերը երբեք չեմ մոռանա: Այդ հանձնարարության շրջանակում ղեկավարների, անդամների և միսիոներների հետ իմ հանդիպումների ժամանակ հոգևոր բնույթի իրադարձություններ տեղի ունեցան:

Փետրվարի 20 և 21-ին, շաբաթ-կիրակի օրերին մենք Ավստրալիայի Բրիսբանում էինք, Բրիսբանի ցցի հերթական համաժողովի նիստերն անցկացնելու համար: Շաբաթ օրվա ժողովների ժամանակ ինձ ծանոթացրեցին հարևան տարածքից մի շրջանի նախագահի հետ: Նրա ձեռքը սեղմելիս ես ուժեղ տպավորություն ստացա, որ պետք է խոսեմ նրա հետ և խորհուրդ տամ, այնպես որ հետաքրքրվեցի, թե արդյոք նա կկարողանար ընկերակցել ինձ Կիրակնօրյա առավոտյան նիստին:

Կիրակնօրյա նիստից հետո մենք միասին հանդիպելու առիթ ունեցանք և խոսեցինք որպես շրջանի նախագահ նրա բազմաթիվ պատասխանատվությունների մասին: Այդ ընթացքում ես զգացի, որ պետք է նրան հատուկ խորհուրդներ տայի միսիոներական աշխատանքի վերաբերյալ, և թե ինչպես կարող է նա իր անդամների հետ միասին օգնել այդ տարածքում ծառայող լիաժամկետ միսիոներներին: Հետագայում ես իմացա, որ այդ մարդն աղոթել էր այդ մասին առաջնորդություն ստանալու համար: Նրա համար մեր հանդիպումը հատուկ վկայություն էր, որ իր աղոթքները լսվել և պատասխանվել էին: Դա կարծես թե ոչնչով աչքի չընկնող հանդիպում էր, սակայն համոզված եմ, որ այն առաջնորդվել էր Հոգով և մեծ դեր խաղաց այդ շրջանի նախագահի կյանքում և ծառայության մեջ, նրա անդամների կյանքում և տեղի միսիոներների հաջողության գործում:

Իմ եղբայրներ և քույրեր, Տիրոջ նպատակները հաճախ կատարվում են, երբ մենք ուշադրություն ենք դարձնում Հոգու առաջնորդությանը: Ես հավատում եմ՝ որքան շատ ենք մենք գործում մեր ունեցած ոգեշնչմամբ և տպավորություններով, այնքան շատ Տերը կվստահի մեզ Իր գործը:

Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթների ժամանակ, ես սովորել եմ, երբեք չհետաձգել հուշումը: Տարիներ առաջ մի անգամ լողանում էի Սոլթ Լեյք Սիթիի հին Դեզերեթ մարզասրահի լողավազանում, երբ ներշնչում ունեցա գնալ Համալսարանական հիվանդանոց այցելելու իմ լավ ընկերոջը, որը քաղցկեղի պատճառով կորցրել էր իր ոտքերը: Ես անմիջապես դուրս եկա լողավազանից, հագնվեցի և գնացի տեսնելու այդ լավ մարդուն:

Մտնելով նրա սենյակ, ես տեսա, որ այն դատարկ էր: Հարցուփորձ անելով իմացա, որ կարող եմ նրան գտնել հիվանդանոցի լողավազանում, որն օգտագործվում էր ֆիզիոթերապիայի համար: Այդպես էլ կար: Նա իր անվասայլակով գնացել էր այնտեղ և միայնակ էր: Նա լողավազանի մյուս ծայրում էր՝ խորը մասում: Ես նրան կանչեցի, և նա շրջեց իր անվասայլակը, որպեսզի ինձ ողջուներ: Մենք հաճելի հանդիպում ունեցանք, ես նրան ուղեկցեցի իր հիվանդասենյակ, որտեղ նրան օրհնություն տվեցի:

Ավելի ուշ ընկերոջիցս իմացա, որ նա այդ օրն իրեն լիովին վհատված էր զգացել և մտածել էր ինքնասպանություն գործելու մասին: Նա աղոթել էր սփոփանք ստանալու համար, սակայն սկսել էր զգալ, որ իր աղոթքներն անպատասխան են մնում: Նա գնացել էր լողավազան այն մտքով, որ այդկերպ վերջ կդնի իր թշվառ վիճակին, անվասայլակն ուղղելով դեպի լողավազանի խորքը: Ես այնտեղ հասա ճակատագրական պահին, իմ կարծիքով, ի պատասխան բարձրից եկող ոգեշնչմանը:

Ընկերս ապրեց երկար տարիներ՝ երջանկությամբ և երախտագիտությամբ լի տարիներ: Որքան ուրախ եմ, որ գործիք եմ եղել Տիրոջ ձեռքում, այդ ճակատագրական օրը հայտնվելով լողավազանում:

Մեկ ուրիշ անգամ, երբ Քույր Մոնսոնի հետ ընկերներին այցելելուց հետո մենք մեքենայով տուն էինք վերադառնում, ես զգացի, որ պետք է գնայինք քաղաք, որի համար պետք է մի քանի մղոն վարեի, որպեսզի այցելեինք մի ծեր այրու, որը մի ժամանակ մեր ծխում էր ապրել: Նրա անունն էր Զելլա Թոմաս: Այդ ժամանակ նա ապրում էր ծերանոցում: Կեսօր էր, և մենք գտանք նրան շատ թույլ, բայց հանգիստ պառկած իր անկողնու վրա:

Զելլան երկար ժամանակ կույր էր եղել, սակայն անմիջապես ճանաչեց մեր ձայները: Նա խնդրեց ինձ օրհնություն տալ իրեն, ավելացնելով, որ պատրաստ էր մեռնելուն, եթե Տերը ցանկանում է, որ ինքը վերադառնար տուն: Կար մի հաճելի, խաղաղ հոգի այդ սենյակում, և մենք բոլորս գիտեինք, որ նրան ապրելու քիչ ժամանակ էր մնացել: Զելլան բռնեց իմ ձեռքը և ասաց, որ ջերմեռանդ աղոթել էր, որ ես գնայի և իրեն օրհնություն տայի: Ես նրան ասացի, որ եկել էինք, որովհետև ուղղակի ոգեշնչում էինք ստացել մեր Երկնային Հորից: Ես համբուրեցի նրա ճակատը, մտածելով, որ գուցե այս կյանքում նրան էլ չտեսնեմ: Այդպես էլ եղավ, քանի որ նա մահացավ հաջորդ օրը: Անուշիկ Զելլային սփոփանք և խաղաղություն տալու հնարավորությունն օրհնություն էր նրա և ինձ համար:

Մեկ ուրիշի կյանքում օրհնություն լինելու առիթն անսպասելիորեն է գալիս: 1983–84թթ. մի ցրտաշունչ շաբաթ երեկոյան Քույր Մոնսոնի հետ մեքենայով մի քանի մղոն գնացինք Յուտայի Միդվեյ հովիտ, որտեղ մենք տուն ունենք: Այդ գիշեր ջերմաստիճանը -31°C աստիճան էր, և մենք ուզում էինք հավաստիանալ, որ ամեն ինչ լավ էր այդ տանը: Մենք ստուգեցինք և տեսնելով, որ ամեն ինչ նորմալ էր, ճանապարհ ընկանք դեպի Սոլթ Լեյք Սիթի: Մի քանի մղոն դեռ հազիվ էինք անցել, երբ մեր մեքենան կանգ առավ: Մենք դժվար կաղության մեջ էինք: Ես շատ քիչ դեպքերում եմ այդքան շատ մրսել:

Դժկամորեն մենք սկսեցինք քայլել դեպի մոտակա քաղաքը, մեքենաները սլանում էին մեր կողքով: Վերջապես մի մեքենա կանգնեց և մի երիտասարդ տղա օգնություն առաջարկեց: Մենք պարզեցինք, որ վառելիքը բենզոբաքում ցրտից խտացել էր, որի պատճառով մեքենան կանգ էր առել: Այդ բարի երիտասարդը իր մեքենայով մեզ տարավ ետ՝ մեր Միդվեյի տուն: Ես փորձեցի փոխհատուցել նրա ծառայության համար, սակայն նա մեծահոգաբար մերժեց: Նա նշեց, որ պատանի սկաուտ էր և ցանկանում էր բարի գործ կատարել: Ես ներկայացա նրան, և նա իր ուրախությունը հայտնեց, որ արտոնություն էր ունեցել օգնելու: Ենթադրելով, որ նա միսիոների տարիքի էր, ես հետաքրքրվեցի, թե արդյոք ծրագրում էր միսիա ծառայել: Նա նշեց, որ դեռ չէր որոշել:

Հաջորդ երկուշաբթի առավոտյան ես նամակ գրեցի այդ երիտասարդ տղային և շնորհակալություն հայտնեցի նրան իր բարի վերաբերմունքի համար: Նամակում ես նրան քաջալերեցի լիաժամկետ միսիա ծառայել: Ես նամակի հետ ուղարկեցի իմ գրքերից մեկը և նշեցի միսիոներական ծառայության մասին գլուխները:

Մեկ շաբաթ անց այդ երիտասարդի մայրը զանգահարեց և ասաց, որ իր որդին հրաշալի տղա է, սակայն իր կյանքում որոշ ազդեցությունների պատճառով կորցրել է միսիայում ծառայելու իր երկար փայփայած ցանկությունը: Նա նշեց, որ ամուսնու հետ ծոմ են պահել և աղոթել, որ նրա սիրտը փոխվի: Նրանք որդու անունը տեղադրել էին Պրովո Տաճարում աղոթելու համար: Նրանք հույս ունեին, որ ինչ-որ կերպ, նա կներշնչվի և կվերագտնի միսիա մեկնելու և Տիրոջը հավատարմորեն ծառայելու իր ցանկությունը: Մայրը ցանկացել էր ինձ տեղեկացնել, որ այդ ցրտաշունչ երեկոյան տեղի ունեցածը համարում էր տղայի համար ասված իր աղոթքների պատասխանը: Ես ասացի. «Համաձայն եմ»:

Այդ երիտասարդի հետ մի քանի ամիս տևած հաղորդակցությունից հետո, ես և քույր Մոնսոնը մեծ ուրախությամբ այցելեցինք նրան միսիայի ճանապարհելու երեկոյին, նա մեկնում էր Կանադա Վանկուվերի Միսիա:

Պատահականությո՞ւն էր արդյոք, որ մեր ուղիները խաչվեցին այդ դեկտեմբերյան ցրտաշունչ գիշերը: Ես դրան չեմ հավատում, փոխարենը հավատում եմ, որ մեր հանդիպումը պատասխանն էր այն սրտառուչ աղոթքների, որ ծնողներն ասել էին իրենց սիրելի որդու համար:

Դարձյալ, իմ եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հայրը քաջատեղյակ է մեր կարիքների մասին և կօգնի մեզ, երբ մենք օգնություն խնդրենք Նրանից: Ես հավատում եմ, որ մեր ոչ մի մտահոգություն շատ փոքր կամ անկարևոր չէ: Տերը գիտի մեր կյանքի մանրամասները:

Կուզենայի վերջում պատմել հինգ ամիս առաջ տեղի ունեցած մի դեպքի մասին, որն ազդեցություն ունեցավ հարյուրավոր մարդկանց վրա: Դա Կանզաս Սիթիի Տաճարի մշակութային տոնակատարության ժամանակ էր: Մեր կյանքում այնքան շատ բան է տեղի ունենում, որ ամեն անգամ, թվում է, թե հերթական փորձառություն է, որտեղ ամեն ինչ ի վերջո հարթվում է: Ինչևէ, տաճարի նվիրագորման նախորդ երեկոյան տեղի ունեցած տոնահանդեսի հետ կապված հանգամանքների մասին տեղեկանալով, հասկացա, որ այդ երեկոյի ներկայացումը ոչ թե սովորական, այլ բավականին ուշագրավ էր:

Ինչպես հատուկ է տաճարի նվիրագործումների հետ կապված բոլոր մշակութային երեկոներին, այս անգամ էլ Կանզաս Սիթի Միսսուրի Տաճարի շրջանի երիտասարդները ներկայացումը փորձել էին տարբեր խմբերով իրենց տարածքներում: Ծրագիրը հետևյալն էր. ներկայացման շաբաթ օրվա առավոտյան նրանք պետք է բոլորը միասին հավաքվեին մեծ, վարձակալված մշակույթի կենտրոնում, որպեսզի իմանային, երբ է իրենց մուտքը, որտեղից են մտնում, որտեղ պետք է կանգնեն, որքան տարածք պետք է լինի իրենց և մյուս կատարողի միջև, ինչպես դուրս գան բեմահարթակից և այլ բազմաթիվ մանրամասներ, որոնք պետք է հասկանային, երբ կազմակերպիչները ընդհանուր տեսարանի տարբեր հատվածները միացնելով իրար կստանային վերջնական հղկված և կատարյալ ներկայացումը:

Այդ օրը մի մեծ խնդիր էր ծագել: Ողջ ծրագիրը կախված էր նախապես տեսագրված հատվածներից, որոնք պետք է ցուցադրվեին մեծ էկրանի վրա, որը հայտնի է որպես Jumbotron: Այդ տեսագրված հատվածները շատ կարևոր էին ողջ ծրագրի համար, այն ոչ միայն կապում էր այդ ամենը իրար, այլև տեսագրության յուրաքանչյուր հատվածը ներկայացնելու էր հաջորդ կատարումը: Այդ տեսագրությունները ներկայացնում էին այն հիմքը, որից կախված էր ողջ ներկայացումը: Իսկ Jumbotron-ը չէր աշխատում:

Մասնագետներն ինքնամոռաց աշխատում էին ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ, իսկ հարյուրավոր երիտասարդներ սպասում էին, կորցնելով փորձի թանկ ժամանակը: Իրավիճակն արդեն թվում էր անելանելի:

Տոնահանդեսի սցենարիստն ու ռեժիսորը՝ Սյուզան Կուպերը հետագայում բացատրել է. «Երբ մենք անցնում էինք ծրագրից ծրագիր, տեսնում էինք, որ չի ստացվում … Նայելով ժամանակացույցին, մենք գիտեինք, որ մեր ուժերից վեր էր դա, սակայն գիտեինք, որ ներքևում՝ բեմահարթակի վրա ունենք մեծագույն ուժերից մեկը՝ 3000 երիտասարդներ: Անհրաժեշտություն եղավ, որ գնանք ներքև և նրանց ասենք, թե ինչ է կատարվում և ակնկալեինք իրենց հավատքը»:3

Մշակութային կենտրոն հանդիսատեսի գալուց ընդամենը մեկ ժամ առաջ, 3000 երիտասարդներ ծնկի իջան հատակին և միասին աղոթեցին: Նրանք աղոթեցին, որ Jumbotron-ի վրա աշխատողները ներշնչվեն իմանալու, թե ինչպես վերանորոգեն այն: Նրանք խնդրեցին Երկնային Հորը լրացնել այն պակասը, որ իրենք ժամանակի սղության պատճառով չկարողացան անել:

Հետագայում այդ մասին գրվեց. «Դա աղոթք էր, որը երիտասարդները երբեք չեն մռանա, ոչ թե նրա համար, որ հատակը չոր էր, այլ որ Հոգին հալեց նրանց ոսկորները»:4

Շատ չանցած տեխնիկներից մեկը մոտեցավ և ասաց, որ խնդիրը հայտնաբերվել և շտկվել է: Նա ասաց, որ լուծումը «բախտի» բան էր, բայց բոլոր երիտասարդներն ավելի լավ գիտեին:

Երբ այդ երեկո մենք ներս մտանք մշակույթի կենտրոն, գաղափար անգամ չունեինք այդ օրվա խնդիրներից: Միայն ավելի ուշ իմացանք դրանց մասին: Ինչևէ, մենք ներկա գտնվեցինք մի գեղեցիկ, փայլուն ներկայացման, որն իմ տեսածներից լավագույն էր: Երիտասարդները ճառագում էին փառավոր, հզոր հոգի, որը զգում էին բոլոր ներկաները: Նրանք գիտեին, որտեղից պետք է մտնեին, որտեղ կանգնեին և ինչպես համագործակցեին իրենց շուրջը գտնվող մյուս կատարողների հետ: Ես ապշեցի, երբ իմացա, որ նրանց փորձերը կրճատվել էին և շատ համարներ չէին փորձվել ամբողջ խմբի կողմից: Ոչ ոք չէր կարող դա կռահել: Տերն իրոք լրացրել էր պակասը:

Ես երբեք չեմ դադարում զարմանալ, թե ինչպես է Տերը կարողանում ուղղորդել և ղեկավարել Իր արքայության ամեն մանրուքը և դեռևս ժամանակ ունենալ ոգեշնչում ապահովել մեկ մարդու, մեկ մշակութային տոնահանդեսի կամ Jumbotron-ի վերաբերյալ: Ինձ համար վկայություն է այն փաստը, որ Նա կարողանում է և Նա անում է:

Իմ եղբայրներ և քույրեր, Տերը մեր կյանքի բոլոր ոլորտներում է: Նա սիրում է մեզ: Նա ցանկանում է օրհնել մեզ: Նա ցանկանում է, որ մենք փնտրենք Իր օգնությունը: Երբ Նա առաջնորդի և ղեկավարի մեզ, և երբ լսի և պատասխանի մեր աղոթքներին, այստեղ և այժմ մենք երջանկություն կգտնենք, որը Նա է ցանկանում մեզ համար: Թող որ մենք ունենանք Նրա օրհնությունները մեր կյանքում, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի անունով, ամեն:

Mostrar referencias

  1.  

    1.  2 Նեփի 2.25:

  2.  

    2.  Վարդապետություն և Ուխտեր 112.10:

  3.  

    3. Susan Cooper, in Maurine Proctor, “Nothing’s Too Hard for the Lord: The Kansas City Cultural Celebration,” Meridian Magazine, May 9, 2012, ldsmag.com.

  4.  

    4. Proctor, Meridian Magazine, May 9, 2012.