2010–2019 թթ․
Դարձ դեպի Տերը
Հոկտեմբեր 2012


Դարձ դեպի Տերը

Ավետարանի ճշմարտացի լինելու մասին գիտելիքը վկայության հիմքն է: Մշտապես ավետարանին հավատարիմ լինելը դարձի հիմքն է:

Իմ ուղերձը հիմնականում նվիրված է Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու և դեպի Նա ու Նրա ավետարանը դարձի գալու միջև կապին: Որպես կանոն, մենք վկայության և դարձի գալու թեմաներին առանձին-առանձին ենք անդրադառնում: Ինչևէ, այդ երկու թեմաները միասին դիտարկելով մենք կարող ենք անգին հեռանկար և ավելի մեծ հոգևոր համոզմունք ձեռք բերել:

Իմ աղոթքն է, որ ճշմարտությունները, որ մենք կդիտարկենք, խորը ներթափանցեն մեր սրտերը և առիթ դառնան, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը խորհի, ապաշխարի և ավելի նմանվի Վարդապետին: Ես փափագում և խնդրում եմ, որ Սուրբ Հոգին ուսուցանի և շենացնի մեզանից յուրաքանչյուրին:

Ո՞վ եք ասում ինձ համար:

Մենք վկայության և դարձի մասին շատ բան ենք սովորում Պետրոս Առաքյալի ծառայությունից:

Գալով Փիլիպպեա, Կեսարիայի կողմերը Հիսուսը հետևյալ խորաթափանց հարցը տվեց Իր աշակերտներին. «Իսկ դուք ո՞վ եք ասում ինձ համար»:

Պետրոսն անկեղծորեն պատասխանեց.

«Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին:

Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Երանի քեզ, Սիմոն՝ Հովնանի որդի, որովհետև մարմինը և արյունը չհայտնեց քեզ, բայց իմ Հայրը որ երկնքումն է» (Մատթեոս ԺԶ.15–17):

Պետրոսի պատասխանը և Փրկչի հրահանգը ցույց են տալիս, որ վկայությունը հոգևոր ճշմարտության վերաբերյալ հայտնությամբ ստացված անձնական գիտելիք է: Վկայությունը պարգև է Աստծո կողմից և հասանելի է Իր բոլոր զավակներին: Ճշմարտության անկեղծ որոնողը կարող է վկայություն ձեռք բերել առ Հիսուս Քրիստոս, անհրաժեշտ «հավատքի մի մասնիկ գործադրելով, «փորձարկելով» (Ալմա 32.27) և «փորձելով խոսքի ուժը» (Ալմա 31.5), ենթարկվելով «Սուրբ Հոգու հորդորներին» (Մոսիա 3.19), և զարթնելով առ Աստված (տես Ալմա 5.7): Վկայությունը բերում է ավելի մեծ անձնական պատասխանատվություն և հանդիսանում է նպատակի, վստահության և ուրախության աղբյուր:

Հոգևոր ճշմարտության մասին վկայություն փնտրելու և ձեռք բերելու համար պետք է խնդրել, փնտրել և թակել (տես Մատթեոս 7.7; 3 Նեփի 14.7)՝ մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատք ունենալով առ Փրկիչ (տես Մորոնի 10.4): Վկայության հիմնարար բաղադրիչներն են՝ իմանալ, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և որ ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա վերջին օրերին:

Երբ դու դարձի գաս:

Վերջին Ընթրիքի ժամանակ Փրկիչն, ուսուցանելով Իր աշակերտներին, ասաց Պետրոսին.

«Սիմոն, Սիմոն, ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղե ցորենի պես.

Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի. և դու երբ որ դառնաս, եղբայրներիդ հաստատիր» (Ղուկաս 22.31–32):

Հետաքրքիրն այն է, որ այդ զորավոր Առաքյալը զրուցում և քայլում էր Վարդապետի հետ, ականատեսն էր բազում հրաշքների և Փրկչի աստվածության մասին ամուր վկայություն ուներ: Սակայն նույնիսկ Պետրոսն ուներ Հիսուսի կողմից լրացուցիչ հրահանգավորման կարիք՝ Սուրբ Հոգու դարձի բերող ու սրբագործող զորության և հավատարիմ ծառայելու իր պարտավորության վերաբերյալ:

Հիսուս Քրիստոսի ավետարանը հիմնարար և հարատև փոփոխություն է առաջացնում մեր բուն էության մեջ, որը հնարավոր է դառնում Փրկչի Քավությամբ: Ճշմարիտ դարձը փոփոխություն է առաջացնում այն մարդու համոզմունքներում, սրտում և կյանքում, ով ընդունում և ենթարկվում է Աստծո կամքին (տես Գործք Գ.19; 3 Նեփի 9.20) և գիտակցաբար պարտավորվում է դառնալ Քրիստոսի աշակերտը:

Դարձը մեծացնում, խորացնում և ընդլայնում է վկայության հիմքը: Դա արդյունքն է Աստծո հայտնության՝ զուգորդված անհատական ապաշխարությամբ, հնազանդությամբ և ջանասիրությամբ: Ճշմարտության ազնիվ փնտրողը կարող է դարձի գալ սրտի հզոր փոփոխություն ապրելով և Աստծուց հոգեպես ծնվելով (տես Ալմա 5.12–14): Փրկության և վեհացման արարողությունները և ուխտերը պատվելով (տես ՎևՈւ 20.25), «Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ առաջ մղվելով» (2 Նեփի 31.20) և հավատքով համբերելով մինչև վերջ (տես ՎևՈւ 14.7), մենք դառնում ենք նոր արարածներ Քրիստոսում (տես Բ Կորնթացիս 5.17): Դարձն այն է, երբ մենք ինքներս մեզ որպես ընծա մատուցում ենք Աստծուն՝ ի երախտագիտություն վկայության պարգևի:

Մորմոնի Գրքում բերված դարձի օրինակներ

Մորմոնի Գիրքը լի է դարձի ոգեշնչող պատմություններով: Հակոբի հետնորդ Ամաղեկին հայտարարել է. «Ես կկամենայի, որ դուք գայիք դեպի Քրիստոսը, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեիք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո՛, եկե՛ք դեպի նա և մատուցե՛ք ձեր ողջ հոգիները, որպես ընծա առ նա» (Օմնի 1.26):

Կարևոր և անհրաժեշտ է Սուրբ Հոգու զորությամբ իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է: Սակայն դեպի Նա հանստատակամորեն գալու և մեր հոգին ամբողջությամբ որպես ընծա մատուցելու համար անհրաժեշտ է շատ ավելին, քան լոկ իմանալը: Դարձը պահանջում է մեր ողջ սիրտը, մեր ողջ զորությունը և մեր ողջ միտքն ու կարողությունը (տես ՎևՈւ 4.2):

Բենիամին թագավորի ժողովուրդը ի պատասխան նրա ուսուցմանը բացականչեց. «Այո՛, մենք հավատում ենք բոլոր խոսքերին, որոնք դու ասել ես մեզ. և նաև, մենք գիտենք դրանց հավաստիության և ճշմարտացիության մասին՝ Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, այնպես որ մենք այլևս հակում չունենք չարիք անելու, այլ՝ շարունակ կատարելու բարիք» (Մոսիա 5.2): Հղված խոսքերն ընդունելը, դրանց ճշմարտացիության մասին վկայություն ձեռք բերելը և առ Քրիստոս հավատք գործադրելը սրտի հզոր փոփոխություն և ամուր վճռականություն են առաջ բերում՝ բարելավելով և ավելի լավը դարձնելով:

Հելամանի գրքում դարձի եկած Լամանացիները նկարագրվում են, որ գտնվում են «իրենց պարտականության ուղու վրա, և նրանք քայլում են զգուշորեն Աստծո առջև և նրանք պահում-պահպանում են նրա պատվիրանները, և նրա կանոններն ու նրա դատաստանները …

Եվ նրանք ձգտում են անխոնջ ջանասիրությամբ, որ կարողանան բերել իրենց եղբայրների մնացածին ճշմարտության իմացությանը» (Հելաման 15.5–6):

Ինչպես այս օրինակներն են լուսաբանում, դարձին հատուկ հիմնական հատկանիշներն են՝ սրտի հզոր փոփոխությունը, մշտապես բարիք գործելը, պարտականության ուղով առաջ գնալը, զգուշորեն քայելը Աստծո առաջ, պահել պատվիրանները և անխոնջ ջանասիրությամբ ծառայելը: Ակնհայտ է, որ այդ հավատարիմ հոգիները խորապես նվիրված էին Տիրոջը և Նրա ուսմունքներին:

Դարձ

Շատերիս համար դարձը շարունակական գործընթաց է, ոչ թե մեկանգամյա իրադարձություն, և այն զորավոր կամ ազդեցիկ փորձառության հետևանք է: Տող առ տող և ցուցում առ ցուցում, աստիճանաբար և, գրեթե, աննկատելիորեն մեր մտքերը, խոսքերը և գործերը դառնում են Աստծո կամքին համապատասխան: Դեպի Տերը դարձի գալու համար անհրաժեշտ է և՛ համառություն, և՛ համբերություն:

Սամուել Լամանացին նշել է առ Տերը դարձի գալու հինգ հիմնական տարրեր՝ (1) հավատալ սուրբ մարգարեների ուսմունքներին և մարգարեություններին, ինչպես դրանք տրված են սուրբ գրքերում, (2) հավատք գործադրել առ Տեր Հիսուս Քրիստոսը, (3) ապաշխարել, (4) սրտի հզոր փոփոխություն զգալ և (5) դառնալ «կայուն և հաստատուն հավատքում» (տես Հելաման 15.7–8): Սրանք են դեպի դարձ տանող քայլերը:

Վկայություն և դարձ

Վկայությունը շարունակական դարձի սկիզբն ու նախապայմանն է: Վկայությունը ելակետ է, ոչ թե վերջնական նպատակակետ: Ամուր վկայությունը հիմք է, որի վրա հիմնվում է դարձը:

Վկայությունն ինքնին բավարար չէ, որպեսզի պաշտպանի մեզ վերջին օրերի խավարի և չարի փոթորկից, որի պայմաններում մենք ապրում ենք: Վկայությունը կարևոր և անհրաժեշտ է, սակայն բավարար չէ մեզ համար անհրաժեշտ հոգևոր ուժ և պաշտպանություն ապահովելու համար: Եկեղեցու վկայություն ունեցող որոշ անդամներ սասանվել և հեռացել են: Նրանց հոգևոր գիտելիքը և պարտավորվածությունը բավարար չի եղել դիմակայելու համար իրենց դեմ ծառացած դժվարություններին:

Վկայության և դարձի մեջ գոյություն ունեցող կապի մասին կարևոր դասն ակնհայտ է դառնում Մոսիայի որդիների միսիոներական գործունեության մեջ:

«Բոլոր նրանք, ովքեր հավատացին, կամ բոլոր նրանք, ովքեր բերվեցին ճշմարտության իմացությանը՝ Ամմոնի և նրա եղբայրների քարոզելու միջոցով, համաձայն հայտնության և մարգարեության ոգուն, և Աստծո զորությանը՝ գործելով հրաշքներ նրանց մեջ, այո, … ինչպես կենդանի՛ է Տերը, Լամանացիներից բոլոր նրանք, որքեր հավատացին նրանց քարոզելուն, և դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան:

Քանզի նրանք դարձան մի արդարակյաց ժողովուրդ. նրանք վայր դրեցին իրենց ապստամբության զենքերը, այնպես որ նրանք այլևս չկռվեցին Աստծո դեմ: …

Արդ, սրանք են, ովքեր դարձի բերվեցին առ Տերը» (Ալմա 23.6–8):

Երկու կարևոր տարրեր են նկարագրվում այս հատվածներում՝ (1) ճշմարտության մասին գիտելիք, որը կարող է մեկնաբանվել որպես վկայություն, և (2) դարձ դեպի Տերը, որը ես համարում եմ դարձ դեպի Փրկիչը և Նրա ավետարանը: Ուստի, վկայության և առ Տերը դարձի զորեղ համակցությունն առաջ էր բերել ամրություն, հաստատամտություն և պարգևել հոգևոր պաշտպանություն:

Նրանք երբեք չհեռացան և հրաժարվեցին իրենց ապստամբության զենքերից, նրանք չկռվեցին Աստծո դեմ: Փայփայած «ապստամբության զենքները», օրինակ՝ եսասիրությունը, հպարտությունը և անհնազանդությունը, մի կողմ դնելու համար պահանջվում է ավելի քան սոսկ հավատք և գիտելիք: Համոզվածություն, համեստություն, ապաշխարություն և հնազանդություն է անհրաժեշտ մեր ապստամբության զենքերը վայր դնելու համար: Արդյո՞ք դուք և ես դեռևս ունենք ապստամբության զենքեր, որոնք խոչընդոտում են առ Տերը դարձի գալուն: Եթե այդպես է, մենք պետք է այժմ ապաշխարենք:

Նկատեցի՞ք, որ Լամանացիները դարձի չեկան դեպի իրենց ուսուցանող միսիոներները կամ Եկեղեցու գերազանց ծրագիրը, նրանք դարձի չեկան դեպի իրենց ղեկավարները, իրենց մշակույթը կամ իրենց հայրերի ավանդույթները պահպանելը: Այլ նրանք դարձի եկան առ Տերը՝ իրենց Փրկիչը, և Նրա աստվածությունն ու վարդապետությունը, և նրանք երբեք չհեռացան:

Վկայությունը հոգևոր գիտելիք է, որը ձեռք է բերվում Սուրբ Հոգու զորությամբ: Շարունակելի դարձը հաստատուն նվիրվածությունն է առ հայտնված ճշմարտությունը, որ ստացել ենք կամեցող սրտով և արդար դրդապատճառներով: Ավետարանի ճշմարտացի լինելու մասին գիտելիքը վկայության հիմքն է: Մշտապես ավետարանին հավատարիմ լինելը դարձի հիմքն է: Մենք պետք է իմանանք, որ ավետարանը ճշմարիտ է, և հավատարիմ լինենք ավետարանին:

Վկայություն, դարձ և տաս կույսերի առակը

Այժմ, վկայության և դարձի գալու միջև կապը լուսաբանելու համար, ես ցանկանում եմ օգտագործել տաս կույսերի առակի բազում մեկնաբանություններից մեկը: Տաս կույսերը, որոնցից հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար, վերցրեցին իրենց լամպերն ու գնացին դիմավորելու փեսային: Պատկերացրեք կույսերի լամպերը որպես վկայության լամպեր: Հիմար կույսերը վերցրեցին իրենց վկայության լամպերը, սակայն յուղ չվերցրեցին իրենց հետ: Նկարագրված յուղը համարենք դարձի գալու յուղը:

«Սակայն իմաստուններն իրանց [դարձի]ամաններումը ձեթ վեր առան իրանց [վկայությունների] լապտերների հետ մեկտեղ:

Եվ երբոր փեսան ուշացավ, ամենքը թմրեցան և քնեցին:

Եվ կեսգիշերին աղաղակ եղավ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու:

Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան և իրանց [վկայությունների] լապտերները պատրաստեցին:

Բայց հիմարներն ասեցին իմաստուններին. Տվեք մեզ ձեր յուղիցը [այսինքն՝ դարձի յուղիցը], որովհետև մեր [վկայության] լապտերները [թույլ են] և հանգչում են»:

Իմաստուններն էլ պատասխանեցին և ասեցին. Մի գուցե մեզ և ձեզ բավական չլինի. բայց ավելի լավ՝ գնացեք ծախողների մոտ և գնեցեք ձեզ համար» (Մատթեոս ԻԵ.4–9):

Արդյո՞ք հինգ իմաստուն կույսերը եսասեր էին և չկամեցան կիսվել յուղով, թե՞ նրանք ճիշտ ձևով ցույց են տալիս, որ դարձի յուղը հնարավոր չէ պարտք տալ: Կարո՞ղ է մեկ ուրիշին տրվել այն հոգևոր ուժը, որ առաջ է գալիս պատվիրանները մշտապես պահելուց: Կարո՞ղ է ջանասեր ուսանելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին: Կարո՞ղ է արդյոք ավետարանի միջոցով հավատարիմ Վերջին Օրերի Սրբին հասու դարձած խաղաղությունը փոխանցվել դժբախտություն և մեծ դժվարություններ կրող անհատին: Այս հարցերից յուրաքանչյուրի հստակ պատասխանն է՝ ոչ:

Ինչպես իմաստուն կույսերը հստակ նշեցին, մեզանից յուրաքանչյուրը պետք է «գնի իր համար»: Այդ ոգեշնչված կանայք չէին նկարագրում բիզնես գործարք, այլ նրանք շեշտում էին մեր անհատական պատասխանատվությունը՝ պահել մեր վկայության լամպերը և ձեռք բերել դարձի յուղի բավականաչափ պաշար: Այս թանկարժեք յուղը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ՝ «տող առ տող [և] ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30), համբերությամբ և հաստատակամությամբ: Մենք չենք կարող ընտրել կարճ ճանապարհ և վերջին րոպեին հապճեպ պատրաստություն տեսնել:

«Ուստի, հավատարիմ եղեք, միշտ աղոթելով, ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ, որ պատրաստ լինեք Փեսայի գալստի ժամանակ» (ՎևՈւ 33.17):

Վկայություն

Ես խոստանում եմ, որ եթե ունենանք ճշմարտության մասին գիտելիք և դարձի գանք դեպի Տերը, մենք կմնանք անսասան, հաստատակամ և երբեք չենք հեռանա: Անկոտրում մենք մի կողմ կդնենք ապստամբության զենքերը: Կօրհնվենք մեր վկայության լապտերների պայծառ լույսով և կունենանք դարձի գալու յուղի բավականաչափ պաշար: Եվ մեզանից յուրաքանչյուրը լիովին դարձի գալով կամրացնի իր ընտանիքը, իր ընկերներին և իր մերձավորներին: Ես վկայում եմ, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Ավետարանի լիությունը վերականգնվել է երկրի վրա այս վերջին օրերին: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: