2010–2019 թթ․
Խնամատարներ
Հոկտեմբեր 2012


Խնամատարներ

Դուք ուժ կստանաք բայց նաև կոգեշնչվեք՝ իմանալու ծառայելու ձեր կարողության չափը:

Ես երախտապարտ եմ վայելելու ձեր ընկերակցությունն այս երեկո: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կանայք առաջ են ընթանում դեպի քույրերի այնպիսի հասարակություն, ինչպիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մայրը՝ Լյուսի Մակ Սմիթն է նկարագրել այս խոսքերով. «Մենք պետք է փայփայենք միմյանց, հոգանք միմյանց մասին, սփոփենք միմյանց և ուսուցանվենք, որպեսզի բոլորս միասին նստենք երկնքում»1:

Աստծո հետ երջանիկ լինելու վիճակի բնութագիրը բաղկացած է երեք մասից: Մեկը՝ միմյանց մասին հոգալն է, մյուսը՝ միմյանց ուսուցանելն ու ուսուցանվելը: Եվ երրորդը՝ Աստծո հետ միասին նստելն է:

Այս երեկո իմ նպատակն է՝ օգնել ձեզ զգալ, որ Աստված մեծապես գնահատում և հավանություն է տալիս այն ամենին, ինչ արդեն իսկ արել եք՝ օգնելով միմյանց հասնելու այդ վեհ նպատակին: Եվ երկրորդ նպատակն է ներկայացնել, թե դեռևս ինչ է սպասվում ձեզ այդ միացյալ ծառայության գործում:

Վաղ ժամանակների քույրերի պես դուք արձագանքել եք մյուսներին օգնելուն ուղղված Տիրոջ կանչին: 1856թ. մարգարե Բրիգամ Յանգը խնդրել է Սրբերին, որ օգնության հասնեն լեռներում ձների մեջ խարխափող ձեռնասայլերով ռահվիրաներին: Այդ կարիքի պահին, գերագույն համաժողովի ժամանակ, նա ասաց անդամներին. «Ձեր հավատքը, կրոնը և դավանանքը երբեք չի փրկի ձեր հոգին Աստծո սելեստիալ թագավորությունում, եթե դուք կյանքի չկոչեք այն սկզբունքները, որ ես այժմ ուսուցանում եմ ձեզ: Գնացեք և բերեք տափաստանում գտնվողներին, և լիարժեք հոգ տարեք այն ամենի համար, ինչը մենք կոչում ենք նյութական կարիքներ այլապես ձեր հավատքն ապարդյուն կլինի»2:

Յուտայում հարյուրավոր կանայք արձագանքեցին այդ կոչին: Չնայած իրենց աղքատությանը, նրանք բեռնակառքերը լցրեցին այն ամենով, ինչ խնայել էին և ինչ կարող էին հավաքել մյուսներից, որպեսզի սփոփեին նեղության մեջ գտնվողներին: Այդ քաջարի քույրերից մեկն արձանագրել է. «Ես երբեք ավելի մեծ բավարարվածություն, և ինչու չէ, նաև հաճույք չեմ զգացել իմ կյանքում կատարած որևէ այլ աշխատանքից, որտեղ նման համերաշխություն էր տիրում»3:

Երբ փրկարար աշխատանքներն ավարտվել էին և ձյունը հալվել էր, այդ նույն քույրը գրեց իր հավատարիմ սրտից բխող հարցը. «Ո՞րն է հաջորդ բանը, որ կամեցող ձեռքերը պետք է անեն»4:

Մեր ժամանակներում, քաջարի քույրերի խմբերը ողջ երկրագնդով մեկ իրենց հավատքը գործի են դրել հարյուրավոր վայրերում: Եվ իրենց սրտերում և աղոթքներում նրանք նույն հարցն են ուղղում ծառայության կյանքի վերաբերյալ:

Ձեզանից յուրաքանչյուրը գտնվում է դեպի հավերժական կյանք տանող իր ճամփորդության յուրահատուկ փուլում: Ոմանք ունեն տարիների փորձ, իսկ մյուսները գտնվում են իրենց մահկանացու աշակերտության վաղ փուլում: Յուրաքանչյուրդ առանձնահատուկ անձնական պատմություն և դժվարություններ ունի: Սակայն բոլորդ քույրեր եք և սիրելի դուստրերն եք մեր Երկնային Հոր, ով ճանաչում և հետևում է ձեզանից յուրաքանչյուրին:

Այն, ինչ դուք միասին հրաշալիորեն անում եք՝ միմյանց փայփայելը, հսկելը և սփոփելն է: Մեկ ամիս առաջ մի քրոջը մատուցած ձեր ծառայության այդ եռակի հրաշքի ականատեսն եմ եղել ես: Որպես նրա հայր, շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ցանկանում եմ իմ գոհությունը հայտնել Աստծուն, որ ուղղորդել էր մի այցելող ուսուցչի:

Մեր դուստրը՝ Էլիզաբեթը, ով ապրում է մեկ ուրիշ նահանգում և այլ ժամանակային գոտում, տանն էր իր երեքամյա դստեր հետ: Նրա մյուս երեխան արդեն մեկ շաբաթ էր, մանկապարտեզ էր հաճախում: Էլիզաբեթը վեց ամսական հղի էր, և սպասում էր իր երրորդ զավակի լույս աշխարհ գալուն, որը բժիշկների կանխորոշմամբ աղջիկ էր: Նրա ամուսինը՝ Ջոշուան, գնացել էր աշխատանքի:

Երբ նա նկատեց, որ արյունահոսում է և որ այն գնալով սաստկանում է, նա զանգահարեց ամուսնուն: Վերջինս խորհուրդ տվեց կնոջը զանգահարել շտապ օգնություն, իսկ ինքը շտապեց նրան դիմավորել հիվանդանոցում, որը 20 րոպե հեռավորության վրա էր գտնվում իրենց տնից: Մինչ կհասցներ զանգել, Էլիզաբեթը լսեց դռան թակոցը:

Դռան շեմին նա զարմանքով տեսավ Սփոփող Միության իր ընկերակից այցելող ուսուցչին: Նրանք այդ առավոտ ոչ մի պայմանավորվածություն չունեին, պարզապես այդ քույրը զգացել էր, որ պետք է գար Էլիզաբեթին տեսակցելու:

Քույրը օգնեց Էլիզաբեթին նստել մեքենա: Նրանք հասան հիվանդանոց Ջոշուայի հիվանդանոց ժամանելուց մի քանի րոպե առաջ: Բժիշկներն ընդամենը 20 րոպեում որոշեցին վիրահատական եղանակով հանել երեխային՝ փրկելով Էլիզաբեթի և նրա մանկան կյանքը: Այսպիսով, ժամկետից 15 շաբաթ առաջ բարձրաձայն ճչալով մի փոքրիկ աղջիկ լույս եկավ աշխարհ: Նա կշռում էր 765գ, սակայն կենդանի մնաց մայրիկի հետ միասին:

Լյուսի Մակ Սմիթի խոսքերը մասամբ իրականացան այդ օրը: Սփոփող Միության հավատարիմ անդամը Սուրբ Հոգու հուշումով հսկեց, փայփայեց և սփոփեց Աստծո արքայության իր քրոջը: Նա և տասնյակ հազարավորներ, ովքեր նման ոգեշնչված ծառայություն էին մատուցել սերունդներ շարունակ, արժանացել են ոչ միայն նրանց, ում օգնել են, և իրենց սիրելիների շնորհակալությանը, այլ նաև Տիրոջ երախտագիտությանը:

Դուք հիշում եք Նրա երախտիքի խոսքերն ուղղված նրանց, ովքեր գնահատանքի գրեթե չեն արժանանում իրենց բարյացակամության համար. «Թագավորն էլ կպատասխանե և կասե նրանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»5:

Իսկ Սփոփող Միության մեկ քրոջ ժամանակին օգնության հասնելու հրաշքը բազմապատկվում է քույրերի համերաշխ միության ուժի շնորհիվ: Ահա երեխայի ծննդից մի քանի ժամ անց Էլիզաբեթին և Ջոշուային իրենց եպիսկոպոսի կողմից ուղարկված նամակից մի հատված. «Սփոփող Միության նախագահը վերահսկում է ամեն ինչ: Մենք արդեն մշակում ենք ապագա ծրագիր, որը նախատեսված է օգնելու տանը երեխաների հարցում, որպեսզի Էլիզաբեթը կարողանա այցելել հիվանդանոց, որքան որ իր մանկիկը այնտեղ կլինի: Մենք արդեն երկար ժամանակ է նման փորձ ունենք, և առիթի դեպքում [մեր] մարդիկ շտապում են օգնության»:

Այնուհետև եպիսկոպոսը գրել էր՝ իր անունից և ծխի անունից. «Նույնիսկ այցելել ենք հիվանդանոց և նստել ենք երեխաների հետ խաղասենյակում, երբ մայրիկները չեն ցանկացել թողնել նրանց մեկ ուրիշ տեղում»:

Եվ ապա. «Իհարկե, մեր ծրագիրը գործի չենք դնի առանց ձեր հետ համակարգելու և համաձայնեցնելու: Պարզապես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հանգիստ լինեք այն հարցերում, որ մենք կարող ենք օգնել»:

Նրանց ցուցաբերած օգնության շնորհիվ դուստրս կարողացավ վայելել իր համար թանկ պահը՝ առաջին անգամ գրկելով իր փոքրիկ դստերը:

Ապա Ջոշուային և Էլիզաբեթին ուղղված իր նամակը եպիսկոպոսը եզրափակում էր այն խոսքով, որը քույրերը հղում են երկրագնդով մեկ հանուն Վարդապետի մյուսներին ծառայելու իրենց պարտավորության մասին՝ «Պահիր հավատը»:

Ճիշտ է ձեր անհատական պայմաններն ու անցյալի փորձը տարբեր են, ես կասեմ, թե ինչ է սպասվում ձեզ առաջիկայում: Պահելով հավատքը, դուք Տիրոջ կողմից հաճախ կհրավիրվեք ծառայելու որևէ կարիքավորի, երբ թվա հարմար չէ: Թերևս դա թվա տհաճ և նույնիսկ անհնարին խնդիր: Երբ հնարավորությունը թակում է դուռը, ապա հնարավոր է թվա, որ ձեր կարիքը չկա կամ գուցե մեկ ուրիշը ավելի հեշտ օգնության կհասնի:

Հիշեք, որ երբ Տերը մեզ հնարավորություն է տալիս հանդիպել դժբախտության մեջ գտնվող մարդուն, մենք պատվում ենք բարի Սամարացուն ոչ թե իր արածի, այլև ավելի շատ իր չարածի համար: Նա չանցավ ճանապարհի մյուս կողմը, թեպետ ճանապարհին ընկած անցորդն օտար էր և գուցե թշնամի: Նա ծեծված մարդու համար արեց ինչ կարողացավ և ապա հատուկ ծրագիր կազմեց, որ մյուսներն ավելին անեն: Նա արեց դա, որովհետև գիտակցեց, որ օգնելու համար թերևս պահանջվի ավելին, քան մեկ մարդը կարող է անել:

Այդ պատմության դասերը կարող են ուղղորդել ձեզ ապագայում: Այդ նույն դասերը առկա են եղել ձեր իսկ մանկության տարիներին և վերջին փորձառությունների ժամանակ:

Թեկուզև մեկ անգամ, և գուցե հաճախ, դուք անակնկալի եք եկել՝ հանդիպելով հոգածության կարիք ունեցող մարդու: Գուցե դա եղել է հիվանդ կամ հաշմանդամ ծնող, պապիկ կամ տատիկ, քույր կամ երեխա: Ձեր կարեկցանքը հաղթահարել է ձեր մարդկային ցանկություններին: Այնպես որ դուք սկսել եք օգնել:

Բարի սամարացու սուրբ գրային պատմության ճամփորդի պես, հավանաբար, կարիք լինի, որպեսզի անհրաժեշտ օգնությունը վերածվի երկարատև հոգածության, որը դո՛ւք միայն կարող եք ցուցաբերել: Անհրաժեշտություն եղավ, որ սամարացին ճամփորդին հանձներ իջևանատիրոջ խնամքին: Կարիքի մեջ գտնվողներին ծառայելու համար Տիրոջ ծրագիրը թիմեր է տրամադրում:

Եպիսկոպոսները և Սփոփող Միության նախագահները միշտ կոչ են անում ընտանիքի անդամներին՝ օգնել միմյանց, երբ կարիքը կա: Այդ սկզբունքի համար շատ պատճառներ կան: Ամենագլխավորն է՝ ավելի շատ մարդկանց հասցնել մեծագույն սիրո օրհնությունը, որը գալիս է միմյանց ծառայելու արդյունքում:

Դուք տեսել և զգացել եք այդ օրհնությունը: Ամեն անգամ, երբ դուք հոգ եք տարել ինչ-որ մեկի համար անգամ մի կարճ ժամանակով, դուք սեր եք տածել այն մարդու հանդեպ, ում ծառայել եք: Երբ տրամադրվող անհրաժեշտ օգնությունը երկարել է, սիրո զգացումն ավելի է մեծացել:

Քանի որ մենք մահկանացու ենք, սիրո այդ աճը գուցե ընդհատվի հուսախաբության և հոգնածության պատճառով: Դա մեկ այլ պատճառ է, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ մենք ունենանք մյուսների օգնությունը կարիքի մեջ գտնվողին ծառայելու ժամանակ: Ահա թե ինչու է Տերը ստեղծել խնամատարների միություն:

Մի քանի շաբաթ առաջ ես ներկա էի մի հաղորդության ժողովի, որի ժամանակ մի երիտասարդ աղջիկ ոտքի կանգնեց, որպեսզի հաստատվի որպես այցելող ուսուցիչների համակարգողի օգնական՝ կոչում, որը ես չգիտեի, որ գոյություն ուներ: Ես մտածեցի, արդյոք նա տեղյա՞կ է, թե ինչպիսի պատվի է արժանացրել իրեն Տերը: Քանի որ այդ կնոջ երեխան անհանգիստ էր, նա ստիպված շուտ գնաց ժողովից, և ես չկարողացա նրան ասել, թե որքան է Տերը սիրում և գնահատում նրան՝ Իր աշակերտների աշխատանքը համակարգելու գործում նրա ցուցաբերած օգնության համար:

Կարիքի մեջ գտնվողներին հոգ տանելու համար անհրաժեշտ է թիմ՝ սիրող և համերաշխ միություն: Ահա թե ինչ է Տերը կերտում ձեր մեջ: Նա սիրում է ձեզ ինչպիսին էլ որ լինի ձեր դերը:

Դրա ապացույցներից մեկն այն է, որ Աստված թույլ է տալիս ձեզ օգնել Իրեն՝ ծառայելով կարիքավորին: Այդ պատճառով եք դուք արտասվում ինչ-որ մեկի մահվան ժամանակ, որին ծառայել եք երկար ժամանակ: Նրանց մասին հոգալու հնարավորությունը կորցնելն ավելի մեծ կորուստ կարող է թվալ, քան ժամանակավոր բաժանումը: Վերջերս լսեցի մի կնոջ վկայությունը, որին ճանաչել եմ երկար ժամանակ, որի ամուսինը մեկ շաբաթ առաջ էր մահացել: Նա երախտագիտության խոսքեր էր ասում կյանքի վերջին օրերին նրան ծառայելու հնարավորության համար: Արցունքները տեսանելի չէին, սակայն նրա դեմքին երջանիկ ժպիտ կար:

Թեպետ մարդկանց ցուցաբերած երկարատև և սիրով լի ծառայությունն առատորեն հատուցվում է, դուք գիտեք, որ կան ֆիզիկական, էմոցիոնալ և ֆինանսական սահմանափակումներ: Երկար ժամանակ խնամք ապահովող մարդը ինքն էլ է հոգածության կարիք ունենում:

Տերը, որը կարիքի մեջ հայտնված մարդկանց մասին Հոգացող Վարդապետն է, հետևյալ ոգեշնչող խորհուրդն է տվել հոգնած խնամատարներին Մորմոնի Գրքում գրված Բենյամին թագավորի արտահայտած հետևյալ խոսքերով. «Հանուն ձեր մեղքերի թողության օրեցօր պահպանման … ես կկամենայի, որ դուք բաժին հանեիք ձեր ստացվածքից աղքատներին՝ ամեն մարդ ըստ նրա, ինչ ինքն ունի, ինչպես օրինակ, կերակրելով քաղցածին, հագցնելով մերկին, այցելելով հիվանդին, և ծառայելով ի սփոփանք նրանց՝ և՛ հոգևորով, և՛ աշխարհիկով, ըստ նրանց կարիքների»6:

Այնուհետև, Նա շարունակում է զգուշացնել ձեզանից նրանց, ովքեր թերանում են տեսնել այն փաստը, որ չափից շատ և չափից երկար են տրվում սիրառատ ծառայությանը. «Եվ տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. քանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի: Եվ կրկին անհրաժեշտ է, որ նա ջանասեր լինի, որ այդպիսով նա կարողանա նվաճել մրցանակը. ուստի, բոլոր բաները պիտի արվեն կարգով»7:

Այդ խորհուրդը դժվար կլինի կիրառել, երբ ընտրությունը կարծես թե հավասարակշռում է մյուսներին օգնելու նպատակով ձեր ուժերի սահմանում ամեն ինչ կատարելու ցանկությունը իմաստության հետ, որպեսզի խելամտորեն բավարարեք ձեր իսկ կարիքները՝ խնայելով ձեր ուժը ծառայելու համար: Գուցե տեսել եք նրանց, ովքեր մաքառում են նման դժվար ընտրությունների հետ: Մեկ օրինակ է, երբ ընտրում եք խնամել կյանքի մայրամուտին մոտ գտնվող անձին իր տանը կամ ծերանոցում, երբ դուք գրեթե ուժասպառ եք:

Փրկության ծրագրի մասին գիտելիքը կարող է լինել ձեր ուղեկիցը նման դժվարին ընտրություններում: Դա էր պատճառներից մեկը, որ Լյուսի Մակ Սմիթն իմաստուն կերպով ասաց, որ քույրերը պետք է «ուսուցանվեն»:

Դա օգնում է անսասան վստահություն ունենալ, որ Տերը նպատակ ունի մահկանացու կյանքի փորձություններով անցնող յուրաքանչյուր Աստծո զավակի համար: Նման ձևով Տերն ուսուցանեց փրկության ծրագրի բուն էությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթին, երբ վերջինս ջանում էր հասկանալ իր անվերջ թվացող փորձությունները. «Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»8:

Այդ դեպքում դժվար փորձությունների միջով անցնող մարդուն լավագույնս օգնելու մեր ընտրությունն է դառնում. «Ի՞նչ ուղու հետևեմ, որը լավագույնս կօգնի իմ սիրած անձին, որ նա «լավ համբերի»: Մեզանից է հիմնականում կախված, որ նա կարողանա հավատք գործադրել առ Քրիստոս, պահեն հավերժական կյանքի վառ հույսը և բարյացակամություն, այսինքն՝ Քրիստոսի մաքուր սերը դրսևորեն մինչև իրենց կյանքի վերջը:

Արքայությունում ես տեսնում եմ քույրեր, ովքեր ուշադրությունը կենտրոնացնում են Փրկչի և Նրա նպատակի վրա: Հիշեք այն պահերը, երբ մտնում եք Սփոփող Միության, Երեխաների Միության կամ Երիտասարդ աղջիկների դասարան:

Գուցե աչքի չի զարնում Փրկչի նկարը կամ Նրա խոսքերը, բայց դուք գիտեք, որ այդ դասին զգացվում է Նրա Քավության իրականության և արժեքի մասին վկայությունը, ինչպես այս երեկո: Գուցե չլինի սուրբ տաճարի նկարը կամ «Ընտանիքները կարող են հավերժ լինել» արտահայտությունը, բայց դուք կարող եք տեսնել հույս նրանց ժպիտներում:

Եվ ինձ նման, դուք էլ ականատես եք եղել, թե ինչպես իմաստուն այցելող ուսուցիչը վստահություն է ներշնչում մաքառող քրոջ մեջ, որ ուրիշին մատուցած ծառայությունը, անգամ եթե թերի է, ինչպես իրենը, դեռևս անհրաժեշտ և արժեքավոր է: Սփոփող Միության հրաշալի նախագահները հնարավորություն են ընձեռում նրանց, ովքեր իրենք են կարիքի մեջ, օգնեն հոգալ ուրիշների մասին: Նրանք օգնում են քույրերին լավ համբերել փորձության ժամանակ՝ միմյանց մասին հոգ տանելով Քրիստոսի մաքուր սիրով: Դա կարող է լինել՝ հոգնատանջ խնամք տանողին մեղմ հորդորելը, որ հանգստանա և ընդունի մյուսների օգնությունը:

Քույրերը դա հնարավոր են դարձնում՝ փորձելով չդատել փորձությունների միջով անցնողներին: Շատերը, ովքեր ծանր բեռ են կրում, սկսում են կասկածել իրենց վրա և իրենց արժանավորությանը: Մենք թեթևացնում ենք նրանց բեռը, երբ համբերատար ենք նրանց թուլությունների հանդեպ և նշում ենք այն լավ բաները, որ տեսնում ենք նրանց մեջ: Տերն անում է դա: Եվ մենք կարող ենք հետևել Նրա օրինակին. Նա ամենամեծ խնամատարն է:

Մենք հաճախ ենք խոսում Հիսուս Քրիստոսի Եկեղեցում քույրերի շրջանակի ուժի մասին: Մենք պետք է սովորենք հասկանալ, որ Փրկիչը միշտ այդ շրջանակում է, երբ մենք հրավիրում ենք Նրան:

Ավելի ու ավելի շատ անգամ մենք կտեսնենք Աստծո դուստրերին իրենց շրջանակ ավելի շատ քույրերի հրավիրելիս: Երբ քույրերը գալիս են ժողովի և նստատեղ են փնտրում, նրանք կլսեն մեղմ հրավերը. «Խնդրում եմ, ե՛կ կողքս նստիր»:

Մենք կլսենք այդ խոսքերը Լյուսի Մակ Սմիթի կանախատեսած գալիքի օրը, երբ քույրերը «միասին կնստեն երկնքում»: Այդ օրվան չենք պատրաստվում մեկ ակնթարթում: Դա հնարավոր է օրերի և տարիների ընթացքում միմյանց մասին հոգալու և հավերժական կյանքի խոսքերը մեր սրտի մեջ փայփայելու շնորհիվ:

Իմ աղոթքն է, որ մեզանից շատերը միասին լինեն մեր առջև բացվող փառահեղ ապագայում: Ես բերում եմ իմ վկայությունը, որ այդ օրերի հետ կապված ձեր հույսը կարդարանա: Տեր Հիսուս Քրիստոսն Իր անսահման Քավությամբ դա հնարավոր է դարձրել մեզանից յուրաքանչյուրի համար: Երկնային Հայրը լսում և պատասխանում է հավատքի ձեր աղոթքներին, երբ ուղղություն և օգնություն եք աղերսում Նրա համար ձեր ծառայության մեջ համբերելու համար:

Սուրբ Հոգին ուղարկվել է ձեզ և նրանց, ում մասին հոգ եք տանում: Դուք ուժ կստանաք բայց նաև կոգեշնչվեք՝ իմանալու ծառայելու ձեր կարողության չափը: Հոգին կսփոփի ձեզ, երբ հարցնեք. «Արդյո՞ք բավականաչափ եմ արել»:

Ես վկայում եմ, որ Տերը կլինի ձեզ հետ, Նա ձեր ուղին կպատրաստի և կնախանշի, երբ ծառայեք կարիքի և փորձության մեջ գտնվողներին, ում Նա սիրում է: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: