2010–2019 թթ․
Առաջին մեծ պատվիրանը
Հոկտեմբեր 2012


Առաջին մեծ պատվիրանը

Տիրոջ հանդեպ սերը մենք պետք է արտահայտենք նվիրված աշակերտի կյանքով:

Պատմության մեջ գրեթե չկա այլ խումբ, որի հանդեպ ես ավելի շատ կարեկցանք ունենամ, որքան այն տասնմեկ առաքյալների հանդեպ, ովքեր մնացել էին անմիջապես աշխարհի Փրկչի մահից հետո: Կարծում եմ, երբեմն մոռանում ենք, թե որքան անփորձ էին դեռ նրանք և, անհրաժեշտությունից ելնելով, որքան կախված էին նրանք դեռևս Հիսուսից: Ավելի շուտ Նա ասաց նրանց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցի՞ք»:1

Բայց, իհարկե, նրանց կարծիքով Հիսուսն այդքան էլ երկար չէր մնացել իրենց հետ: Երեք տարին այնքան էլ երկար ժամանակ չէ, որպեսզի մի բուռ նորադարձներից կանչել Տանսերկու Առաքյալների մի ամբողջ քվորում, զտել նրանցից հին սովորությունները, ուսուցանել նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշալիքները, և ապա թողնել նրանց՝ աշխատանքն առաջ տանելու, մինչև որ նրանք ևս կսպանվեն: Բավական ապշեցուցիչ հեռանկար նոր կարգված մի խումբ երեցների համար:

Հատկապես ցավոտ էր միայնակ մնալու մասը: Բազմիցս Հիսուսը փորձել էր նրանց ասել, որ չի պատրաստվում ֆիզիկապես ներկա մնալ նրանց հետ, բայց նրանք կա՛մ չէին կարողանում, կա՛մ էլ չէին ցանկանում ընդունել նման ցավոտ միտք: Մարկոսը գրել է.

«Նա իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։

Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել»:2

Ապա, նման կարճ ժամանակ սովորելուց, իսկ պատրաստելու համար նույնիսկ ավելի քիչ ժամանակ ունենալուց հետո, տեղի ունեցավ աներևակայելին՝ անհավատալին ճշմարտություն դարձավ: Իրենց Տերն ու Վարդապետը, իրենց Խորհրդականն ու Թագավորը խաչվեց: Նրա մահկանացու ծառայությունն ավարտվել էր, եւ նրա հաստատած մաքառող փոքր Եկեղեցին կարծես դատապարտված էր ծաղրանքի ու ոչնչացման ճակատագրի: Նրա Առաքյալները տեսան Նրան Իր հարություն առած վիճակում, սակայն դա միայն սաստկացրեց նրանց տարակուսանքը, քանի որ նրանք, անշուշտ, պետք է որ մտածած լինեին. «Ի՞նչ պետք է անենք հիմա»: Նրանք պատասխանի համար դիմեցին Պետրոսին, որն ավագ Առաքյալն էր:

Այստեղ ես հայցում եմ ձեր ներողամտությունը, քանի որ ազատություն կցուցաբերեմ նկարագրելու նրանց խոսակցությունը, որը չկա սուրբ գրություններում: Պետրոսն ասաց իր գործընկերներին նման մի բան. «Եղբայրներ, սրանք երեք փառահեղ տարիներ էին: Ամիսներ առաջ մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել այնպիսի հրաշքներ, որոնց ականատես եղանք եւ այնպիսի աստվածայնություն, որը վայելեցինք: Մենք զրուցել ենք, մենք աղոթել ենք եւ մենք աշխատել ենք անձամբ Աստծո Որդու հետ: Մենք քայլել ենք Նրա հետ եւ լաց ենք եղել Նրա հետ, իսկ ավարտի այն սարսափելի գիշերը ոչ ոք այդքան դառնությամբ լաց չեղավ, որքան ես: Բայց ամեն ինչ վերջացել է: Նա ավարտել է իր աշխատանքը եւ բարձրացել է գերեզմանից: Նա իրականացրել է և՛ Իր փրկությունը, և՛ մերը: Այժմ դուք հարցնում եք. «Ի՞նչ անենք հիմա»: Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, որ ուրախանալով վերադառնաք ձեր նախկին կյանքին: Ես ինքս «գնում եմ ձուկ որսալու»»: Եվ մնացած տաս Առաքյալներից առնվազն վեցը, համաձայնվելով, ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Հովհաննեսը, որ նրանցից մեկն էր, գրում է. «Նրանք գնացին եւ անմիջապես նավը մտան»:3

Բայց, ցավոք, ձկնորսությունը հաջող չէր: Լիճ վերադառնալու նրանց առաջին գիշերը նրանք ոչինչ բռնեցին, նույնիսկ մի ձուկ: Արշալույսի առաջին ճառագայթների հետ նրանք հիասթափված նայեցին դեպի ափը, որտեղից հեռավորության վրա երևացող մի մարդ կանչում էր նրանց, «Երեխե՛ք, մի բան բռնե՞լ եք»: Մռայլ դեմքով՝ Առաքյալները, որ կրկին ձկնորս էին դարձել, տվեցին մի պատասխան, որը ոչ մի ձկնորս չի ուզում տալ: «Ո՛չ, ոչինչ չենք բռնել», - փնթփնթացին նրանք, վիրավորանքը սաստկացած լինելով նրանից, որ իրենց «երեխեք» են անվանում:4

«Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»,5 - բարցրաձայնեց անծանոթը, և այդ հասարակ խոսքերը ծանոթ հնչեցին նրանց ականջին: Երեք տարի էր միայն անցել, երբ այդ նույն մարդիկ ձուկ էին որսում այդ նույն ծովում: Այդ ժամանակ ևս նրանք «ողջ գիշեր չարչարվել էին և ոչինչ չէին բռնել»,6 - ասում է սուրբ գրությունը: Սակայն Գալիլեացի մի հայրենակից նրանց հորդորեց ուռկանը գցել և նրանք «մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին»7, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին», որսած ձկներն էլ երկու նաւակ լցրեցին այնքան, որ քիչ էր մնում սուզվեին:

Այժմ պատմությունը կրկնվում էր: Այդ «երեխաները», ինչպես նրանց արդարացիորեն անվանել էին, անհամբեր իջեցրեցին իրենց ուռկանը և «ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել»:8 Հովհաննեսն ասաց ակնհայտը. «Տերն է»9: Եվ անհամբեր Պետրոսը նավի բերանից իրեն ծովը նետեց:

Հարություն առած Հիսուսի հետ ուրախ վերամիավորումից հետո, Պետրոսը հաղորդակցություն ունեցավ Փրկչի հետ, որը ես համարում եմ առաքելական ծառայության վճռական՝ շրջադարձային պահ ընդհանուր առմամբ, և անշուշտ անձամբ Պետրոսի համար, շարժելով այդ մեծ ժայռ մարդկանց դեպի նվիրված ծառայության և ղեկավարության փառահեղ կյանքը: Նայելով նրանց ծեծված փոքր նավակին, քրքրված ցանցերին եւ ցնցող 153 ձկների կույտին՝ Հիսուսն ասաց իր ավագ Առաքյալին. «Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Պետրոսը պատասխանեց. «Այո՛, Տէ՛ր. դու գիտես, որ սիրում եմ քեզ»:10

Փրկիչը արձագանքում է այդ պատասխանին, սակայն շարունակում է նայել Իր աշակերտի աչքերին և կրկին ասում է. «Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ»: Հարցի կրկնությունից փոքր ինչ շփոթված, անկասկած, մեծ ձկնորսը պատասխանում է երկրորդ անգամ. «Այո՛, Տեր. դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»:11

Փրկիչը կրկին համառոտ արձագանքում է, սակայն անողոք հայացքով Նա հարցնում է երրորդ անգամ. «Պետրոս, սիրո՞ւմ ես ինձ»: Այդ պահին արդեն Պետրոսն իրապես անհարմար է զգում: Հավանաբար, նրա սրտում արթնացել էր հիշողությունը, որ միայն մի քանի օր առաջ, երբ նրան երեք անգամ նմանատիպ մեկ այլ հարց տվեցին, նա հավասարապես համոզված պատասխան տվեց՝ միայն բացասական պատասխան: Կամ, հավանաբար, նա սկսեց կասկածել, թե արդյոք ճիշտ է հասկանում Վարպետ Ուսուցչի հարցը: Կամ, գուցե, նա սկսեց իր սիրտը քննել, անկեղծ հաստատում փնտրելով շատ արագ, գրեթե ինքնաբերաբար տված իր պատասխաններին: Ինչպիսին էլ լինեին զգացումները, Պետրոսը երրորդ անգամ պատասխանեց. «Տեր … դու գիտես, որ ես սիրում եմ քեզ»:12

Որին Հիսուսը պատասխանեց (և այստեղ ես կրկին խոստովանում եմ, որ իմ ենթադրածը չկա սուրբ գրություններում), հավանաբար, ասելով նման մի բան. «Այդ դեպքում, Պետրոս, ինչո՞ւ ես դու այստեղ: Ինչո՞ւ ենք մենք կրկին այս նույն ծովափին, այս նույն ուռկանների կողքին, նույն բանի մասին խոսում: Մի՞թե ակնհայտ չէր այն ժամանակ և մի՞թե ակնհայտ չէ հիմա, որ եթե իմ ուզածը ձուկ լիներ, ես կարողանում եմ ձուկ հայթայթել: Իմ ուզածը, Պետրոս, աշակերտներ են, և նրանք ինձ պետք են հարատև: Ինձ պետք է մեկը, ով կկերակրի իմ ոչխարներին ու կփրկի իմ գառներին: Ինձ պետք է մեկը, ով կքարոզի իմ ավետարանը և կպաշտպանի իմ հավատքը: Ինձ պետք է մեկը, ով սիրում է ինձ, իրապես, իրապես սիրում է ինձ, և սիրում է ինձ լիազորած մեր Երկնային Հոր գործը: Մեր պատգամը խամրող պատգամ չէ, ոչ էլ անցողիկ հանձնառություն: Այն անհեռանկար ու անհույս չէ, ոչ էլ մատնված է պատմության մոռացության մոխրին: Այս աշխատանքը Ամենազոր Աստծունն է և այն փոխելու է աշխարհը: Այնպես որ, Պետրոս, երկրորդ և ենթադրում եմ, վերջին անգամ ես քեզ խնդրում եմ թողնել այս բոլորը և գնալ ուսուցանելու և վկայելու, ջանք թափելու և նվիրված ծառայելու, մինչև օրը գա, երբ քեզ հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես ինձ հետ վարվեցին»:

Այնուհետև, շրջվելով դեպի մնացած Առաքյալները, Նա, շատ հնարավոր է, ասած լիներ նման մի բան. «Մի՞թե դուք այնքան անխոհեմ էիք, որքան դպիրներն ու փարիսեցիները, որքան Հերովդեսն ու Պիղատոսն էին: Մի՞թե դուք նրանց պես կարծում էիք, որ այս աշխատանքը հնարավոր է սպանել, պարզապես ինձ սպանելով: Մի՞թե դուք նրանց պես կարծում էիք, որ խաչը, բևեռները և գերեզմանն այդ ամենի վերջն էր և յուրաքանչյուրը կարող էր երանավետ վերադառնալ իր նախկին կյանքին: Երեխաներ, մի՞թե իմ կյանքն ու իմ սերը ձեր սրտին ավելի խորը չդիպչեցին, քան այդ ամենը»:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես համոզված չեմ, թե մենք ինչ փորձառություն կունենանքԴատաստանի օրը, բայց ես շատ զարմացած կլինեմ, եթե այդ խոսակցության ինչ-որ պահի Աստված չհարցնի մեզ այն, ինչ Քրիստոսը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»: Կարծում եմ, նա կցանկանա իմանալ, թե արդյոք նույն մահկանացու, նույն անբավարար և երբեմն երեխայական ըմբռնման հետ մեկտեղ մենք առնավազն հասկացե՞լ ենք մեկ պատվիրան՝ բոլոր պատվիարններից առաջինն ու ամենամեծը՝ «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր հոգով, քո բոլոր զորությամբ և քո բոլոր մտքով»:13 Եվ եթե այդ պահին մենք կակազելով ասենք. «Այո՛, Տեր, դուք գիտես, որ ես քեզ սիրում եմ», այդ ժամանակ նա կարող է մեզ հիշեցնել, որ սիրո բնորոշման գերագույն բնութագիրը նվիրվածությունն է:

«Եթէ ինձ սիրում էք, պահէք իմ պատուիրանները»,14 - ասում էր Հիսուսը: Այնպես որ մենք ունենք հարևաններ՝ օրհնելու, երեխաներ՝ պաշտպանելու, աղքատներ՝ բարձրացնելու, և ճշմարտություն՝ պաշտպանելու: Սխալներ կան, որ մենք պետք է ճիշտ դարձնենք, ճշմարտություններ, որ պետք է կիսվենք, և բարիք, որ պետք է գործենք: Կարճ ասած՝ Տիրոջ հանդեպ սերը մենք պետք է արտահայտենք նվիրված աշակերտի կյանքով: Մենք չենք կարող դադարել, և չենք կարող ետ դառնալ: Կենդանի Աստծո Որդուն հանդիպելուց հետո ոչինչ կրկին նախկինի պես չի լինի: Հիսուս Քրիստոսի Խաչելությունը, Քավությունը և Հարությունը քրիստոնյա կյանքի սահմանագիծն է, բայց ոչ թե վերջը, այլ սկիզբը: Այդ ճշմարտությունն էր՝ այդ իրականությունն էր, որ հնարավորություն տվեց գալիլեացի մի բուռ ձկնորսների կրկին վերափոխվել Առաքյալների, ովքեր չունենալով որևէ ժողովարան, ոչ էլ սուր,15 առաջ գնացին՝ կերտելու աշխարհի պատմությունը, որում ներկայումս ապրում ենք15:

Սրտիս խորքից, հոգուս ուժգնությամբ, ես վկայում եմ բոլորին, ովքեր կարող են լսել իմ ձայնը, որ առաքելական այդ բանալիները վերականգնվել են երկրի վրա և դրանք գտնվում ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Քրիստոսի այս վերջին մեծ գործին մեզ չմիացած մարդկանց մենք ասում ենք. «Խնդրում ենք, եկե՛ք»: Իսկ նրանց, ովքեր ժամանակին մեզ հետ են եղել, բայց նահանջել են, նախընտրելով ճաշակել վերականգնված ավետարանի հարուստ սեղանի միայն մշակութային նախուտեստները, թողնելով խրախճանքի մնացած մասը, նրանց ես ասում եմ. «Դուք դատարկ ուռկաններով շատ գիշերներ եք անցկացնում»: Մենք կանչում ենք ձեզ՝ վերադարձեք, հավատարիմ մնացեք, սիրեք Աստծուն և գործակից դարձեք: Այդ հավատարմության նորոգման իմ հրավերում ես ընդգրկում եմ յուրաքանչյուր վերադարձած միսիոների, որը երբևէ կանգնել է մկրտության ավազանում, ձեռքը անկյուն բարձրացրած ասել է. «Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից»:16 Այդ լիազորությունը նախատեսում էր մշտապես փոխել նորադարձին, բայց նաև ենթադրում էր մշտապես փոխել ձեզ: Եկեղեցու երիտասարդներին, որոնք աճում են միսիայի ծառայության և տաճարային ամուսնության համար, մենք ասում ենք. «Սիրեք Աստծուն և մաքուր մնացեք այս սերնդի արյունից ու մեղքերից: Դուք մնայուն աշխատանք ունեք անելու, որն երեկ առավոտյան ստորագծվեց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի սքանչելի հայտարարությամբ: Ձեր Երկնային Հայրն ակնկալում է ձեր նվիրվածությունը և սիրում է ձեզ կյանքի յուրաքանչյուր փուլում»:

Իմ ձայնի հասանելիության սահմաններում գտնվող բոլոր մարդկանց՝ Քրիստոսի ձայնը զրնգում է ժամանակի գավիթներում՝ հարցնելով յուրաքանչյուրիս. «Սիրո՞ւմ ես ինձ»: Եվ բոլորիս անունից ես պատասխանում եմ հոգուս ողջ կորովով. «Այո՛, Տեր, մենք Քեզ իսկապես սիրում ենք»: Եվ մեր «ձեռքը մաճի վրա դնելով»,17 մենք ետ չենք նայի, մինչև որ աշխատանքն ավարտվի և Աստծո և մերձավորի սերը կղեկավարի աշխարհը: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: