2010–2019 թթ․
Ձեր հավատքի փորձությունը
Հոկտեմբեր 2012


Ձեր հավատքի փորձությունը

Թեժ կրակի պես, որը երկաթը պողպատի է վերածում, եթե հավատարիմ մնանք մեր հավատքի բորբոքված փորձության մեջ, մենք հոգևորապես կհղկվենք և կամրանանք:

Տաս տարի առաջ ես և կինս՝ Քեթին, ապրում էինք Սան Պաոլոյում, Բրազիլիա: Նախագահ Դեյվիդ Մերիոթը նախագահում էր Բրազիլիայի Սան Պաոլո Ինտերլագոս միսիայում: Նա և նրա կինը՝ Նիլը, նրանց որդիները՝ Վիլը, Վեսլին և Թրեյսին ապրում էին մեր հարևանությամբ: Նրանք թողել էին իրենց տունը, բիզնեսները և ընտանիքից շատերին, արձագանքելով միսիայում ծառայելու մարգարեի կոչին:

Մի երեկո Նախագահ Մերիոթը զանգահարեց ինձ: Իրենց 21-ամյա թանկագին արդարակյաց դուստրը՝ Ջորջիան, Ինդիանա Համալսարանի առաջին ջութակը, վթարի էր ենթարկվել. Եկեղեցու ժողովից հեծանվով տուն վերադառնալիս նրան հարվածել էր բեռնատարը: Սկզբում ասում էին, որ Ջորջիան լավ էր: Ժամեր անց նրա վիճակը կտրուկ վատացավ:

Ընտանիքը և ընկերները սկսեցին ծոմ պահել և աղոթել հրաշքի համար: Նրա մայրը գիշերը թռավ Բրազիլիայից: Հաջորդ օրը Ինդիանայի օդանավակայանում նրան դիմավորեցին ավագ երեխաները, որոնք գրկեցին նրան և, լաց լինելով, ասացին, որ Ջորջիայի հետ էին, երբ նա մահացավ:

Ես հետևում էի Մերիոթների ընտանիքին, երբ նրանք անցնում էին այս փորձառության միջով, և հաջորդող ամիսների և տարիների ընթացքում: Նրանք սգում էին, նրանք աղոթում էին, նրանք խոսում էին Ջորջիայի մասին, նրանք անսահման ցավ և տխրություն էին ապրում, բայց նրանց հավատքը չէր թուլացել: Այս առավոտյան նիստի ժամանակ, մենք լսեցինք նմանատիպ հավատքի մասին Բոուեն և Վիլբերգեր ընտանիքների հրաշալի կյանքում:1

Հավատքի սկզբունքը հոգևոր անգին օժտում է: «Սա է հավիտենական կյանքը, - աղոթում էր Հիսուսը, - որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նորան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»:2

Մեր հավատքը կենտրոնացած է մեր Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի, մեր Փրկչի և Քավիչի շուրջ: Այն ամրապնդվում է մեր գիտելիքով այն մասին, որ ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և որ մարգարեները և առաքյալները այսօր կրում են քահանայության բանալիները: Մենք փայփայում ենք մեր հավատքը, աշխատում ամրացնել այն, աղոթում ենք ավելի մեծ հավատքի համար և անում մեր ուժերի սահմաններում հնարավորինը, որ պաշտպանենք և պահպանենք մեր հավատքը:

Պետրոս Առաքյալը բացահայտել է մի բան, որը կոչել է «հավատքի փորձառություն»:3 Նա զգացել է դա: Հիշենք Հիսուսի խոսքերը.

«Սիմոն, Սիմոն, ահա Սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պես.

Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի»:4

Ավելի ուշ Պետրոսը քաջալերում էր մյուսներին. «Օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ»:5

Այդ բորբոքված նեղությունները միտված են ձեզ ավելի ամուր դարձնելու, սակայն դրանք նաև ներուժ են կրում թուլացնելու, անգամ կործանելու ձեր վստահությունը դեպի Աստծո Որդին, և նվազեցնելու Նրան տված խոստումները պահելու ձեր վճռականությունը: Այդ փորձությունները հաճախ քողարկվում են և դառնում դժվար բացահայտվող: Դրանք արմատ են գցում մեր թուլությունների, մեր խոցելիության, մեր զգայունության կամ այլ բաների մեջ, որոնք առավել կարևոր են մեզ համար: Իրական, միևնույն ժամանակ, կառավարելի քննությունը մեկի համար կարող է բորբոքված նեղություն լինել մեկ ուրիշի համար:

Ինչպե՞ս եք դուք մնում «հաստատուն և անխախտ»6 հավատքի փորձության ժամանակ: Դուք ընկղմվում եք այն ամենի խորքը, ինչն օգնել է ձեզ կառուցել ձեր հավատքի առանցքը. դուք գործադրում եք հավատք առ Քրիստոս, դուք աղոթում եք, դուք խորհում եք սուրբ գրքերի մասին, դուք ապաշխարում եք, դուք պահում եք պատվիրանները և դուք ծառայում եք մյուսներին:

Երբ հանդիպում եք հավատքի փորձությանը, ինչ էլ որ անեք, մի շրջվեք Եկեղեցուց: Աստծո արքայությունից ձեզ հեռացնելը, երբ հավատքի փորձության մեջ եք, նման է ապահով տանիքի տակից դուրս գալուն հենց այն պահին, երբ փոթորիկը տեսադաշտում է:

Պողոս Առաքյալն ասել է. «Այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո հետ ընտանիքներ»:7 Եկեղեցու պատերի ներսում է, որ մենք պաշտպանում ենք մեր հավատքը: Հանդիպելով մյուսների հետ, ովքեր հավատում են, մենք աղոթում ենք և գտնում մեր աղոթքների պատասխանները, երկրպագում երաժշտության միջոցով, կիսվում Փրկչի մասին վկայությամբ, ծառայում միմյանց և զգում Տիրոջ Հոգին: Մենք ճաշակում ենք հաղորդությունը, ստանում քահանայության օրհնությունները, և այցելում տաճար: Տերը հայտարարել է. «Արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:8 Երբ հանդիպում եք հավատքի փորձառությանը, մնացեք Աստծո տան ապահով և անվտանգ սահմաններում: Այնտեղ ձեզ համար միշտ տեղ կա: Չկա այնպիսի փորձություն, որը մենք չկարողանանք միասին հաղթահարել:9

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Հասարակության բարոյական կողմնացույցը [մեծ արագությամբ փոփոխվում է]: Վարքը, … որը նախկինում համարվել է ոչ պատշաճ և անբարոյական, այժմ … դիտվում է … շատերի կողմից որպես ընդունելի»:10

Եկեղեցում կան շատ չափահաս ամուրիներ, արդեն անցած իրենց չափահասության վաղ տարիներից: Թեև նրանց ներկա կյանքը տարբերվում է նրանից, ինչ իրենք ակնկալում էին, նրանք պահում են մաքրաբարոյության օրենքը:11 Դա կարող է լինել իրենց հավատքի փորձությունը: Ես իմ խորին հարգանքն ու հիացմունքն եմ արտահայտում Քրիստոսի այդ աշակերտների հանդեպ:

Աստված պատվիրել է, «որ ծնունդ տալու սուրբ զորությունը օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»:12 Նոր Կտակարանում Փրկիչը բարձրացրել է բարոյականության սանդղակը Իր հետևորդների համար, հայտարարելով. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մըտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նորա հետ իր սրտի մեջ»:13 Նա մեզ սովորեցրել է չդատել ուրիշներին, բայց Նա չի վախեցել ուղղակիորեն ասել. «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր»:14

Մենք ունենք ընտանիքի մի ընկերուհի: Մի գուցե, դուք ճանաչում եք նրա պես մեկին, կամ, մի գուցե, դուք եք նրա նման: Միշտ հավատարիմ, ազնվազարմ ձևով նա ծառայում է Եկեղեցում, հիացնում է իր արհեստավարժությամբ, ընտանիքը հմայվում է նրանով, և, թեև նա ակնկալում էր, որ երեխաներ և ընտանիք կունենար, ամուրի է: «Ես որոշում եմ կայացրել, - ասում է նա, - իմ վստահությունը դնել Հիսուս Քրիստոսի վրա: Հաճախակի տաճար գնալն օգնում է ինձ ուշադրությունս ավելի շատ կենտրոնացնել հավերժության վրա: Այն ինձ հիշեցնում է, որ ես երբեք միայնակ չեմ: Ես հավատք ունեմ, … որ ոչ մի … օրհնություն չի պահվի ինձանից, … եթե ես … մնամ հավատարիմ իմ ուխտերին, ներառյալ՝ մաքրաբարոյության օրենքին»:15

Մեկ այլ ընկեր ծառայել է գերազանց միսիա, որից հետո դժվարին ակադեմիական կրթություն է ստացել: Նա ընտանիք էր փափագում: Նրա հավատքի փորձությունը նույն սեռի հանդեպ հակվածությունն է: Վերջերս նա ինձ գրել է. «Իմ հայրապետական օրհնության մեջ ինձ խոստացվել է, որ մի օր ես կունենամ իմ ընտանիքը: Լինի դա այս կյանքում, թե՝ հաջորդ, ես չգիտեմ: Բայց ես վստահ եմ, որ չեմ ուզում անել որևէ բան, որը վտանգի տակ կդնի օրհնությունները, որոնք Աստված խոստացել է ինձ և իմ ապագա սերունդներին: … [Մաքրաբարոյության օրենքով] ապրելը դժվար է, բայց արդյո՞ք մենք չենք գալիս երկիր դժվարությունների հանդիպելու և Աստծուն մեր սերն ու հարգանքը ցույց տալու համար Նրա պատվիրանները պահելու միջոցով: Ես օրհնված եմ լավ առողջությամբ, ավետարանով, սիրող ընտանիքով և հավատարիմ ընկերներով: Ես երախտապարտ եմ իմ բազմաթիվ օրհնությունների համար»:16

Աշխարհը բողոքում է, թե ինչպե՞ս մենք կարող ենք այդքան բան պահանջել: Տերը պատասխանում է.

«Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն …

«Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը»:17

Քրիստոսի այս երկու հետևորդները և նրանց նման տասնյակ հազարավորները զգացել են Փրկչի խոստումը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա»:18

Ահա մեկ այլ փորձություն: Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:

Եկեղեցու մասին որոշ տեղեկություն, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ: 1985 թվականին, հիշում եմ, ինչպես իմ աշխատակիցներից մեկը մտավ իմ գրասենյակ Ֆլորիդայում: Նա բերել էր Time ամսագրի հոդվածը, որը կոչվում էր «Մորմոնիզմի կասկածյալ արմատները»: Այն պատմում էր վերջերս հայտնաբերված նամակի մասին, որն, իբր, գրվել էր Մարթին Հարիսի կողմից, և որը հակասում էր Մորմոնի Գրքի թիթեղները գտնելու Ջոզեֆ Սմիթի պատմությանը:19

Աշխատակիցս հարցրեց, թե արդյոք այս նոր տեղեկությունը չի կործանի Եկեղեցին: Հոդվածում մեջբերվում էր մի անձնավորություն, որն ասում էր, որ հեռանում էր Եկեղեցուց այդ փաստաթղթի պատճառով: Հետագայում, ասվեց, որ ուրիշները նույնպես հեռացել էին Եկեղեցուց:20 Ես վստահ եմ, դա նրանց հավատքի փորձությունն էր:

Մի քանի ամիս անց մասնագետները բացահայտեցին (իսկ կեղծարարը խոստովանեց), որ նամակը բացարձակ կեղծիք էր: Ես իսկապես հույս էի տածում, որ այս խաբեության պատճառով Եկեղեցին լքած մարդիկ կգտնեին իրենց ետդարձի ճանապարհը:

Ոմանք կասկածի տակ են դնում իրենց հավատքը, երբ գտնում են Եկեղեցու որևէ ղեկավարի ասվածը տասնամյակներ առաջ, որը համահունչ չէ մեր վարդապետությանը: Կարևոր մի սկզբունք կա, որը կարգավորում է Եկեղեցու վարդապետությունը: Վարդապետությունն ուսուցանվում է Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի բոլոր 15 անդամների կողմից: Այն թաքնված չէ որևէ առանձին ելույթի անորոշ տողերում: Ճշմարիտ սկզբունքները ուսուցանվում են հաճախ և շատերի կողմից: Մեր վարդապետությունը դժվար չէ գտնել:

Եկեղեցու ղեկավարները ազնիվ, բայց ոչ կատարյալ տղամարդիկ են: Հիշում եք Մորոնիի խոսքերը. «Մի դատապարտեք ինձ իմ թերությունների համար, ոչ էլ իմ հորը, … այլ, ավելի շուտ, գոհություն հայտնեք Աստծուն, որ նա հայտնի է դարձրել ձեզ մեր թերությունները, որպեսզի դուք սովորեք լինել ավելի իմաստուն, քան մենք ենք եղել»:21

Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես երբեք չեմ ասել ձեզ, որ կատարյալ եմ, բայց չկա սխալ հայտնությունների մեջ»:22 Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմության և ճակատագրի մեջ Աստծո ձեռքի հրաշքը կհասկացվի միայն հոգևոր որոնումների ոսպնյակների միջոցով: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ասել է. «Ամեն [անձ], ի վերջո, կանգնում է հավատքի պատի առաջ և դրան նա պետք է հիմնվի»:23 Չզարմանաք, եթե դա պատահի ձեզ հետ:

Ըստ սահմանման, փորձությունները փորձող կլինեն: Կլինեն ցավ, շփոթություն, անքուն գիշերներ, արցունքներից թրջված բարձեր: Բայց մեր փորձությունները չպետք է հոգեպես մահացու լինեն: Դրանք չպետք է մեզ հեռացնեն մեր ուխտերից կամ Աստծո տնից:

«Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:24

Թեժ կրակի պես, որը երկաթը պողպատի է վերածում, եթե հավատարիմ մնանք մեր հավատքի բորբոքված փորձության մեջ, մենք հոգևորապես կհղկվենք և կամրանանք:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչ է սովորել անձնական փորձությունից. «Թեև ես այդ ժամանակ տառապեցի, երբ ետ եմ նայում, շնորհակալ եմ, որ իմ խնդրին արագ լուծում չեղավ: Այն փաստը, որ ես ստիպված էի երկար տարիների ընթացքում գրեթե ամեն օր դիմել Աստծո օգնությանը, ինձ իսկապես սովորեցրեց ինչպես աղոթել և ստանալ աղոթքի պատասխանները, և ես գործնականում սովորեցի հավատք ունենալ առ Աստված: Ես ճանաչեցի իմ Փրկչին և իմ Երկնային Հորը այնպես և այն աստիճան, որ այլ ճանապարհով հնարավոր չէր լինի կամ դրան հասնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվեր: … Ես սովորեցի ապավինել Տիրոջը իմ ողջ սրտով: Ես սովորեցի ամեն օր քայլել Նրա հետ»:25

Պետրոսը նկարագրում է այդ փորձառությունները որպես «ավելի պատվական, … քան … ոսկին»:26 Մորոնին ավելացնում է, որ վկայությունը հաջորդում է «ձեր հավատքի փորձությանը»:27

Ելույթիս սկզբում ես պատմեցի Մերիոթների ընտանիքի մասին: Անցած շաբաթ Քեթին և ես նրանց հետ Ջորջիայի գերեզմանի մոտ էինք: Տաս տարի է անցել: Ընտանիքը և ընկերները պատմում էին սիրո և հուշերի մասին, որ ունեին Ջորջիայի մասին: Այնտեղ էին բերվել սպիտակ օդային փուչիկներ՝ նրա կյանքը տոնելու համար: Արցունքներն աչքերին Ջորջիայի մայրը քնքշությամբ պատմեց իր մեծացած հավատքի և հասկացողության մասին, իսկ Ջորջիայի հայրը շշուկով ինձ ասաց խոստացված «վկայության» մասին, որը նա ստացել էր:

Հավատքի հետ մեկտեղ գալիս են հավատքի փորձությունները, բերելով ավելի մեծ հավատք: Մարգարե Ջոզեֆ Սմիթին Աստծո տված մխիթարիչ հավաստիացումը այն նույն խուստումն է, որը Նա տալիս է ձեզ հավատքի փորձության ժամանակ: «Շարունակիր, … մի վախեցիր, … քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:28 Այս մասին եմ ես բերում իմ սուրբ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Շեյն Բոուեն, «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք», և Էնն Մ. Դիբ, «Ես գիտեմ դա: Ես ապրում եմ դրանով: Ես սիրում եմ դա», 2012 հոկտեմբերի գերագույն համաժողով, շաբաթ առավոտյան նիստ:

  2. Հովհաննես 17.3:

  3. Ա Պետրոս 1.7:

  4. Ղուկաս 22.31–32:

  5. Ա Պետրոս 4.12; շեշտադրումն ավելացված է:

  6. Ալմա 1.25:

  7. Եփեսացիս 2.19:

  8. Վարդապետություն և Ոխտեր 84.20:

  9. Տես Մոսիա 18.8–10:

  10. Թոմաս Ս. Մոնսոն, «Կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, նոյ. 2011, 82:

  11. Տես Ezra Taft Benson, “The Law of Chastity,” New Era, Jan. 1988, 4–7; “The Law of Chastity” in Brigham Young University 1987–88 Speeches (1988), 1–5, speeches.byu.edu; տես նաև Ավետարանի սկզբունքները (2009), 224–32:

  12. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  13. Մատթեոս 5.28:

  14. Հովհաննես 8.11:

  15. Անձնական նամակագրություն, 2012:

  16. Անձնական նամակագրություն, 2012:

  17. Եսայիա 55.8–9:

  18. Հովհաննես 14.27:

  19. Տես Richard N. Ostling, “Challenging Mormonism’s Roots,” Time, May 20, 1985, 44:

  20. Տես Gordon B. Hinckley, “Lord, Increase Our Faith,” Ensign, Nov. 1987, 52:

  21. Մորմոն 9.31:

  22. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 522.

  23. Ezra Taft Benson, “The Book of Mormon Is the Word of God,” Tambuli, May 1988, 6:

  24. Հելաման 5.12:

  25. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Տուր մեզ այսօր հացն մեր հանապազօրյա» (Եկեղեցու Կրթական Համակարգ, հունվ. 9, 2011), lds.org/broadcasts:

  26. Ա Պետրոս 1.7; տես նաև Ա Պետրոս 4.13:

  27. Եթեր 12.6:

  28. Վարդապետություն և Ուխտեր 122.9; Նախագահ Ջորջ Քեննոնն ասել է. «Կարևոր չէ, թե որքան լուրջ է փորձությունը, որքան մեծ ճնշումը, որքան դաժան հալածանքը, [Աստված] երբեք մեզ չի լքի: Նա երբեք դա չի արել, և չի անի: Նա չի կարող անել դա: Դա Նրա բնավորությունը չէ: Նա անփոփոխ էակ է՝ նույնը երեկ, նույնը այսօր, նույնը կլինի հավերժության մեջ: Մենք գտել ենք այդ Աստծուն: Մենք դարձրել ենք Նրան մեր ընկերը, հնազանդվելով Նրա Ավետարանին, և Նա կլինի մեր կողքին: Մենք կանցնենք թեժ կրակով, խոր ջրերով, բայց մենք չենք ոչնչացվի կամ հոգնի: Մենք դուրս կգանք այդ բոլոր փորձությունների և դժվարությունների միջից, դառնալով ավելի մաքուր և լավը, եթե միայն ապավինենք մեր Աստծուն և պահենք Նրա պատվիրանները» (“Remarks,” Deseret Evening News, Mar. 1891, 4); տես Jeffrey R. Holland, “Come unto Me,” Ensign, Apr. 1998, 16–23: