2010–2019 թթ․
Արթնանանք մեր պարտականության մեջ
Հոկտեմբեր 2012


Արթնանանք մեր պարտականության մեջ

Մենք պետք է արթուն լինենք մեր պարտականությունների մեջ և հավատքով շարունակենք, ապավինելով Քավության մխիթարող, ամրացնող, կարողություն պարգևող և բուժող զորությանը:

Սփոփող Միության գերագույն նախագահություն կանչվելուց հետո ես ցանկություն զգացի ավելին իմանալ այն կանանց մասին, ովքեր ծառայել էին ինձանից առաջ: Ինձ տպավորեցին Քույր Զինա Դ. Յանգի ուսմունքները, ով ծառայել էր որպես Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահության առաջին խորհրդական: Նա ասել է. «Քույրեր, մենք պետք է մեծապես արթուն լինենք մեր պարտականությունների մեջ»:1 Ես խորհեցի արթուն և պարտականություն բառերի մասին և լրացուցիչ ուսումնասիրություն կատարեցի սուրբ գրքերում:

Նոր Կտակարանում Պողոսն ուսուցանում է իր օրերի սրբերին.

«Ժամ է արդեն քնիցն զարթնել. որովհետև մեզ հիմա ավելի մոտ է փրկությունը: …

Գիշերն անցավ գնաց, և ցերեկը մոտեցել է. … հագնենք լույսի զենքերը»:2

Մորմոնի Գրքում Ալման իր ժողովրդին ուսուցանում է նրանց սուրբ պարտականությունների մասին, ովքեր ուխտի մեջ են մտնում Աստծո հետ.

«Եվ արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,

Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում …

Արդ, ես ասում եմ ձեզ, եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առաջ, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա:

Եվ այժմ, երբ ժողովուրդը լսեց այս խոսքերը, նրանք ուրախությունից ծափ տվեցին, և բացականչեցին. Այս է մեր սրտի իղձը»:3

Քույր Յանգի խոսքերը և այս սուրբ գրությունները ստիպեցին ինձ մտածել այն «պարտականությունների» մասին, որոնց համար մենք պետք է արթուն լինենք մեր օրերում:

Երբ մկրտվում ենք, մենք ուխտի մեջ ենք մտնում: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է. «Երբ մենք կապում և պահում ենք ուխտեր, մենք դուրս ենք գալիս աշխարհից և մտնում Աստծո թագավորություն»:4

Մենք փոխվում ենք: Մենք այլ տեսք ենք ձեռք բերում, մենք այլ կերպ ենք գործում: Այն, ինչ մենք լսում և կարդում ենք, տարբերվում է, այն, ինչ, մենք հագնում ենք, տարբերվում է, որովհետև մենք դառնում ենք Աստծո դուստրերը՝ կապված Նրա հետ ուխտով:

Երբ մենք հաստատվում ենք, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը՝ իրավունք մեզ հետ ունենալու Աստվածագլխի անդամի մշտական ազդեցությունը, որն ուղղորդում, սփոփում և պաշտպանում է մեզ: Նա նախազգուշացնում է մեզ, երբ մենք փորձում ենք շեղվել մեր ուխտերից և վերադառնալ աշխարհ: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ մեզանից ոչ ոք «երբեք լուրջ սխալ չի կատարի առանց նախազգուշացում ստանալու Սուրբ Հոգու կողմից»:5

Պարգևը ստանալու և Հոգին միշտ մեզ հետ ունենալու համար մենք պետք է արժանի լինենք և անդադար ստուգենք մեր սրտի վիճակը: Արդյո՞ք մեր սիրտը փափուկ է: Արդյո՞ք մենք ունենք խոնարհ սիրտ, ուսուցանվող սիրտ, մեղմ սիրտ: Թե՞ մեր սրտերը աստիճանաբար կարծրանում են, երբ մենք թույլ ենք տալիս, որ աշխարհի աղմուկը շեղի մեզ մեղմ հուշումներից, որոնք անշուշտ գալիս են Հոգուց:

Երբ մենք մկրտվում ենք, մեր սրտերը փոխվում են և արթնանում են, դառնալով դեպի Աստված: Մեր մահկանացու ճանապարհին, մենք անընդմեջ պետք է հարցնենք մեզ. «Արդյո՞ք ես զգում եմ սրտի փոփոխություն, … զգո՞ւմ եմ ես դա դեռ»:6 Եվ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ:

Վաղ Սրբերից շատերը զգացել են «սրտի զորեղ փոփոխությունը»:7 Դա արթնացրել է նրանց և նրանք ստացել են տաճարի օրհնությունները, որոնք ամրացրել են նրանց՝ իրենց պարտականություններում: Նավույում վաղ Սրբերը գնում էին «տաճար ամբողջ օր ու գիշեր»8՝ ստանալու ծեսերը և ուխտեր կապելու դեպի արևմուտք ճանապարհ ընկնելուց առաջ:

Սառա Ռիչը՝ Սփոփող Միության մի քույր Նավույից, ասել է. «Շատ էին այն օրհնությունները, որ մենք ստացանք Տիրոջ տանը, որոնք մեզ ուրախություն և սփոփանք պարգևեցին մեր վշտերի պահին և թույլ տվեցին հավատք ունենալ Աստծո հանդեպ, իմանալով, որ Նա կառաջնորդի և կսատարի մեզ մեր առջև ընկած անհայտ ճամփորդության ընթացքում»:9

Առ Փրկիչ հավատքով փոխված սրտերով նրանք ապավինեցին Նրա Քավության զորությանը: Նրանք արթուն էին՝ գործելու համար: Իրենց սրտի խորքում նրանք գիտեին, որ կար միայն մեկը՝ Փրկիչը, ով հասկանում էր իրենց անձնական դժվարությունները, որովհետև տանջվել էր իրենց համար Գեթսեմանի այգում և խաչի վրա: Նա զգացել էր իրենց վախը, իրենց կասկածները, իրենց ցավը և իրենց միայնակությունը: Նա տարել էր իրենց վշտերը, իրենց հալածանքները, իրենց սովը, իրենց հոգնածությունը և իրենց կորուստները: Եվ որովհետև Նա տառապել էր այդ ամենի համար, Նա կարող էր ասել նրանց. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:10

Եվ նրանք եկան: Նրանք վստահեցին և հետևեցին մարգարեին: Նրանք գիտեին, որ ճանապարհը երկար էր լինելու, իսկ իրենց պարտականությունները՝ դժվար: Նրանք գիտեին, որ զոհաբերություն էր պահանջվելու, սակայն մխիթարվում էին իրենց հավատքով և կառչում իրենց ուխտերից. նրանք հոգևորապես պատրաստված էին:

Նավույից հեռանալուց առաջ Սրբերի մի խումբ մի ուղերձ գրեց տաճարի հավաքների սրահում, որը ստիպված էր լքել. «Տերն ընդունեց մեր զոհաբերությունը: Եկեք մեր ետևից»:11

Վերջերս մեր ծխի երիտասարդ տղամարդկանց և կանանց հետ միասին ես մասնակցեցի պիոներների հետքերով ուղևորությանը: Ամեն առավոտ ես ինձ հարցնում էի. «Ո՞րն է իմ զոհաբերությունը: Ինչպե՞ս ես կարող եմ գնալ նրանց ետևից»:

Ուղևորության երկրորդ օրը մենք քշեցինք մեր ձեռնասայլակները 13 կմ, երբ հասանք մի վայր, որը կոչվում էր «կանանց հատված»: Տղամարդիկ և կանայք բաժանվեցին և տղամարդիկ առաջ գնացին, բարձրանալով բլուրը: Երբ մենք սկսեցինք քշել ձեռնասայլակները, ես նայեցի վերև, որտեղ մեր քահանայության եղբայրները՝ երիտասարդ և տարիքով, շարված էին ճանապարհի երկու կողմերում, գլխարկները հանած՝ ի հարգանք կանանց:

Սկզբում ճանապարհը հեշտ էր, բայց շուտով մենք խորը ավազի մեջ էինք, իսկ բլուրը կտրուկ վեր էր բարձրանում: Ես գլուխս կախ ամբողջ ուժով հրում էի, երբ զգացի, որ սայլակը դեմ առավ ինչ-որ բանի, և աչքերս բարձրացնելով տեսա մեր երիտասարդ կանանցից մեկին և իմ հարևանուհուն՝ Լեքսիին: Նա իր սայլակը հասցրել էր բլրի գագաթը և, տեսնելով, որ մենք օգնության կարիք ունեինք, վազել էր հետ: Երբ մենք հասանք վերև, ես այնքան էի ուզում ետ վազել և օգնել նրանց, ովքեր մեր ետևում էին, բայց ես ծանր էի շնչում, սիրտս այնքան ուժեղ էր խփում, որ սրտի կաթված բառերը միանգամից ներխուժեցին միտքս: Ես երախտագիտությամբ նայում էի, ինչպես էին մյուս երիտասարդ կանայք գցում իրենց սայլակները և վազում օգնելու:

Երբ բոլորը հասան գագաթին, մենք մի քանի րոպե հատկացրեցինք մեր զգացումների մասին օրագրերում գրառելու համար: Ես գրեցի. «Ես ֆիզիկապես բավականաչափ պատրաստ չէի, և ուժ չունեցա, որ օգնեի իմ ետևից եկողներին: Մի գուցե ես երբեք ձեռնասայլակ քաշելու կարիք չունենամ, սակայն երբեք չեմ ցանկանա իմ քույրերին հոգևոր առումով ետևում թողնել, երբե՛ք»:

Դա սրբազան փորձառություն էր, որն ինձ ստիպեց հոգեպես արթնանալ և հիշել իմ պարտականությունները ընտանիքիս և մյուսների հանդեպ: Մեր ճանապարհորդության ընթացքում, ես հիշում էի այն, ինչ սովորել էի:

Առաջինը, ես մտածեցի իմ քույրերի մասին, ովքեր քաշում էին և ովքեր շարունակում են այսօր միայնակ քաշել իրենց ձեռնասայլակները: Վաղ ժամանակների ձեռնասայլակների այդ խմբի կանանց մոտ 20 տոկոսը միայնակ էին, առնվազն ճանապարհի մի մասը: Ոմանք ամուսնացած չէին, ոմանք բաժանված կամ այրիներ էին. Շատերը միայնակ մայրեր էին:12 Նրանք բոլորը միասին էին քաշում՝ ուխտի դուստրեր, երիտասարդ և մեծահասակ, գտնվելով կյանքի տարբեր իրավիճակներում, բայց նույն ուղու վրա, նույն նպատակով:

Նրանք, ովքեր վազում էին օգնելու իրենց կարիքի մեջ ընկած քույրերին, հիշեցնում էին ինձ փրկարարների՝ տեսանելի և անտեսանելի, որոնք արագ նկատում էին, տեսնում կարիքը և գործում:

Ես մտածեցի Տիրոջ խոսքերի մասին. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:13

Արահետի երկու եզրերին կանգնած էին հավատարիմ, հնազանդ, ուխտեր պահող տղամարդիկ: Նրանց քահանայության զորությունը՝ Աստծո զորությունը, որով Նա օրհնում է Իր զավակներին, բարձրացրել, ամրացրել և սատարել է մեզ: Նրանք հիշեցում են այն բանի, որ մենք երբեք միայնակ չենք: Մենք կարող ենք միշտ մեզ հետ ունենալ այդ զորությունը, եթե պահենք մեր ուխտերը:

Ես մտածեցի այն տղամարդկանց մասին, ովքեր ճանապարհորդության ժամանակ բաժանվել էին իրենց ընտանիքներից, թողնելով նրանց ինքնուրույն քշելու իրենց սայլակները: Շատ տղամարդիկ մահացել էին ճանապարհին: Կային որդիներ, որոնք մնացել էին միսիաներ ծառայելու իրենց հայրենի հողերում: Մյուսներն ավելի շուտ էին գաղթել, որպեսզի պատրաստեին իրենց ընտանիքների ժամանումը Սոլթ Լեյքի հովիտ: Որոշ տղամարդիկ կամավոր էին բացակայում, ընտրելով ուխտերը չպահելու ուղին:

Ինչպես նրանք, ովքեր առաջ էին գնացել, այսօր շատերը ապրում են ոչ կատարյալ պայմաններում: Մենք շարունակում ենք ուսուցանել և ձգտել կատարյալին, որովհետև գիտենք, որ շարունակ ձգտելը կօգնի մեզ առաջ գնալ ուղով և կպատրաստի մեզ բոլոր խոստացված օրհնություններին, մինչ մենք սպասում ենք Տիրոջը:14

Յուրաքանչյուրս ունի և կշարունակի ունենալ դժվարություններ կյանքում: Այս մահկանացու կյանքը փորձաշրջան է, և մենք կշարունակենք հնարավորություններ ունենալ օգտագործելու մեր ազատ ընտրությունը և ընտրել, սովորելով մեր դժվարություններից, որոնք անշուշտ կգան:

Որպես Աստծո դուստրեր մենք շարունակում ենք շարժվել հավատքի ուղով, որովհետև, ինչպես սովորեցնում է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, մենք ընդունում ենք, որ «տաճարի փրկող ծեսերը, որոնք թույլ են տալիս մեզ մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ՝ հավերժական ընտանիքի կապերի մեջ և օժտվել օրհնություններով և զորությամբ ի վերուստ, արժեն ցանկացած զոհաբերություն և ցանկացած ջանք»:15

Բավական չէ միայն լինել ճամփորդության մեջ, մենք պետք է արթուն լինենք մեր պարտականությունների մեջ և հավատքով շարունակենք, ապավինելով Քավության մխիթարող, ամրացնող, կարողություն պարգևող և բուժող զորությանը:

Քույրեր, ես սիրում եմ ձեզ: Ձեզանից շատերին անձամբ չեմ ճանաչում, բայց ես գիտեմ, թե ով եք դուք: Մենք ուխտեր պահող դուստրեր ենք Նրա արքայության մեջ և օժտված ենք զորությամբ մեր ուխտերի միջոցով, պատրաստ կատարելու մեր պարտականությունը:

Սփոփող Միությունը պատրաստում է կանանց հավերժական կյանքի օրհնություններին, հոգեպես արթնացնելով մեզ, որ մեծանա մեր հավատքը և անձնական արդարակեցությունը: Եկեք սկսենք ինքներս մեզանից: Եկեք սկսենք այն տեղից, որտեղ գտնվում ենք: Եկեք սկսենք այսօր: Եթե մենք հոգևոր առումով արթուն լինենք, մենք կկարողանանք ավելի լավ ամրացնել մեր ընտանիքները և տները և օգնել մյուսներին:

Սա փրկության աշխատանք է, և Քավության ամրացնող և զորացնող ուժը այն հնարավոր է դարձնում: Արթնանանք և հիշենք, թե ով ենք մենք: Արթնանանք մեր պարտականության մեջ: Մենք դուստրերն ենք մեր Երկնային Հոր, ով սիրում է մեզ: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Zina D. Young, in Woman’s Exponent, Oct. 15, 1877, 74.

  2. Հռովմայեցիս 13.11–12:

  3. Մոսիա 18.8–11:

  4. Robert D. Hales, “Modesty: Reverence for the Lord,” Liahona, Aug. 2008, 21.

  5. Բոյդ Ք: Փաքեր, «Ինչպես գոյատևել թշնամու տարախքում», Լիահոնա,հոկտ. 2012, 35:

  6. Ալմա 5.26:

  7. Ալմա 5.14:

  8. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 29.

  9. Sarah Rich, in Daughters in My Kingdom, 30.

  10. Մատթեոս 11.28:

  11. In Daughters in My Kingdom, 30.

  12. Research conducted by Jolene S. Allphin from stories and company rosters; see Tell My Story, Too, 8th ed. (2012).

  13. Վարդապետություն և Ուխտեր 84.88:

  14. Եսայիա 40.31:

  15. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ տաճար՝ լույս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 92: