2010–2019 թթ․
Մի շարժվեք
Ապրիլ 2013


Մի շարժվեք

Կանգնեք անսասան: Եղեք անխախտ: «Պաշտպանեք ճշմարտությունը և արդարությունը»: Կանգնեք որպես վկա: Եղեք դրոշ աշխարհի համար: Կանգնեք սուրբ վայրերում:

Այս երեկո ես կանգնել եմ սուրբ վայրում` այս ամբիոնի առաջ, մարգարեների, տեսանողների, հայտնողների և Աստծո թագավորական դուստրերի ներկայությամբ: Հրաշալի ժամանակ է երկրի վրա ապրելու և երիտասարդ աղջիկ լինելու համար: Դուք մեր Երկնային Հոր ընտրյալ դուստրերն եք: Նա սիրում է յուրաքանչյուրիդ, ես` նույնպես:

Իմ գրասեղանին դրված է Կրիստինա անունով երիտասարդ կնոջ բրոնզաձույլ մի քանդակ: Կրիստինայի իրական չափերով բնօրինակը կանգնեցրած է Դանիայում Կոպենհագենի ծովափին. նա նայում է ծովից այն կողմ` դեպի Սիոն: Եկեղեցուն միանալու և տնից հեռանալու նրա որոշումը հեշտ չտրվեց, ինչպես տեսնում եք նա կանգնած է խստաշունչ քամիներին դեմ հանդիման: Նա կանգնած է հաստատուն, իմանալով, որ թեպետ դժվար, բայց ճիշտ քայլ է կատարում: Նրա ժառանգներն այս քանդակը դրել են այդ ծովապատնեշին` որպես տուրք Կրիստինային, սերունդների համար հավերժական նշանակություն ունեցող այդ որոշման համար:

Ինձ համարԿրիստինայի քանդակը ներկայացնում է ձեզանից յուրաքանչյուրին: Նրա նման, դուք կանգնած եք շատ կարևոր որոշումների առաջ և ամեն օր ընտրություններ եք կատարում, որոնք կկերտեն ոչ միայն ձեր ապագան, այլև սերունդների ճակատագրերը: Դուք ևս դիմակայում եք հակառության, ձախորդության, հասակակիցների ճնշման և բարոյական ախտի խստաշունչ հողմերին: Եվ չնայած մեր հասարակության մեջ մոլեգնող այդ փոթորիկներին, դուք կանգնած եք անսասան և ապրում եք ավետարանով: Կրիստինայի նման, դուք առաջնորդվում եք Սուրբ Հոգով, կայացնում եք ճիշտ որոշումներ: Դուք հավատարիմ եք և թագավորական:

Սիրող Երկնային Հորից ստացված չկա առավել կարևոր խորհուրդ, կարծում եմ, քան ձեզանից յուրաքանչյուրին ուղղված նրա հորդորը` «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք»:1 Նա ասում է՝ Կանգնեք անսասան: Եղեք անխախտ: 2 «Պաշտպանեք ճշմարտությունը և արդարությունը»:3 Կանգնեք որպես վկա: 4 Եղեք դրոշ աշխարհի համար: Կանգնեք սուրբ վայրերում: Այսպիսով, իմ ուղերձը ձեզանից յուրաքանչյուրին շատ պարզ է` Մի շարժվեք:

Առաջինը, եղեք անսասան ճիշտն ընտրելիս: Այս վերջին օրերին չկան փոքր որոշումներ: Որոշումները, որ այժմ կատարում եք, որոշիչ նշանակություն ունեն: Ազատ կամքը կամ ընտրելու ազատությունը Իր զավակներին տված Աստծո մեծագույն պարգևներից է: Դա երջանկության ծրագրի մի մասն է, որը դուք և ես ընտրել և պաշտպանել ենք մեր նախաերկրային կյանքում: Այնպես ապրեք, որ լսեք Սուրբ Հոգուն, և Նա կօգնի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել: Իրականում, նա կասի ձեզ «բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:5

Մի քանի շաբաթ առաջ ես վերադարձել էի իմ հին ավագ դպրոց` առաջին անգամ այսքան տարիների ընթացքում: Ես մասնակցում էի ցցի համաժողովին, որն անցկացվում էր իմ դպրոցի դահլիճում: Քայլելով սրահներով, հիշողությունները հեղեղել էին միտքս: Ես հիշեցի, թե ինչպես էի զգում, երբ երիտասարդ հասակում հաճախում էր ավագ դպրոց` անապահով, ուժերիս հանդեպ անվստահ, քաշվող, համապատասխանելու մեծ ցանկությամբ: Մտա դահլիճ: Կրկին հիշողությունները հեղեղեցին միտքս: Ես քաջածանոթ էի դահլիճի ամեն մի մանրուքին: Միայն մի բան էր փոխված, դա` ես էի:

Այդ օրն առիթ ունեցա կանգնելու ամբիոնի մոտ, որտեղ շատ անգամներ կանգնել էի որպես ուսխորհրդի անդամ: Ներկաների մեջ ես անգամ տեսա իմ դասընկերներից մի քանիսին, որոնց հետ այն տարիներին ժամադրվել էի: Բայց այս անգամ ժողով անցկացնելու փոխարեն ես արտոնություն ունեի իմ դպրոցի դահլիճում «կանգնել որպես վկա»6 և բերել իմ վկայությունը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

Երիտասարդ կանայք, հետևեք, որ մյուսների հետ ձեր հարաբերություններն այնպիսին լինեն, որ 40 տարի անց չամաչեք: Ոչ հասակակիցների ճնշումները, ոչ ընդունված լինելը և ոչ էլ հանրաճանաչությունը չարժեն անգամ մեկ փոխզիջում: Երիտասարդ տղաների վրա ձեր ազդեցությունը կօգնի նրանց արժանի մնալ քահանայության զորությանը, տաճարային ուխտերին և միսիայում ծառայությանը: Ով գիտե, քառասուն տարի անց, գուցե նրանցից մեկը մոտենա ձեզ ձեր ավագ դպրոցի դահլիճում և շնորհակալություն ասի, որ օգնել եք իրեն արժանի մնալ քահանայության պարտականությանը և պատվավոր միսիա ծառայելուն: Եվ ով գիտե, գուցե նույնիսկ նամակ ստանաք այդ երիտասարդ տղաներից մեկի կնոջից, որը շնորհակալություն կհայտնի ձեզ այն ազդեցության համար, որ ունեցել եք իր ամուսնու և իրենց ապագա ընտանիքի վրա: Ձեր այսօրվա ընտրությունները կարևոր են: Ձեր այսօրվա ընտրություններն ազդում են ոչ միայն ձեր, այլ ուրիշների վրա: Դրանք հավերժական նշանակություն ունեն: Մի շարժվեք:

Երկրորդ, անսասան եղեք առաքինություն և սեռական մաքրություն պահելու ձեր ցանկության և պարտավորության մեջ: Փայփայեք առաքինությունը: Ձեր անձնական մաքրությունը ձեր զորության ամենամեծ աղբյուրներից մեկն է: Երբ երկիր եկաք, ձեզ թանկագին նվեր տրվեց. դա ձեր մարմինն էր: Ձեր մարմինը ձեր մտքի գործիքն է և աստվածային պարգև է, որով պետք է գործադրեք ձեր ազատ կամքը: Այս պարգևից զրկվել է սատանան, ուստիև նրա բոլոր հարձակումները ուղղված են ձեր մարմնի դեմ: Նա ցանկանում է, որ դուք արհամարհեք ու չարաշահեք ձեր մարմինը: Անհամեստությունը, պոռնոգրաֆիան, անբարոյականությունը, դաջվածքները, պիրսինգները, թմրամոլությունը և բոլոր տեսակի հակումները` այդ թանկ պարգևին տիրանալու և ձեր ազատ կամքը կասեցնելու արդյունք են: Պողոսը հարցրել է. «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակուած է ձեզանում»:7

Ձեր մարմինը տաճար է: Ինչո՞ւ: Որովհետև այն ունակ է օթևան լինելու ոչ միայն ձեր հավերժական հոգու, այլև այն հավերժական հոգիների համար, ովքեր կգան երկիր որպես ձեր հավերժական ընտանիքի մաս: Երեց Դալլին Հ. Օքսն ուսուցանել է. «Մահկանացու կյանք ստեղծելու զորությունը վեհ զորություն է»:8 Ձեր դերը կարևոր դեր է: Աստված ձեզ սուրբ պարտականություն է տվել: Դուք պատրաստվում եք լինել գալիք սերունդների ապագա մայրերը: Մաքուր և արժանի պահեք ձեզ, և պահպանեք այն, ինչը «ամենաթանկն է ու արժեքավորը` բոլոր բաներից առավել». դա ձեր առաքինությունն ու մաքրաբարոյությունն է: 9 Որպես Երկնային Հոր ընտրյալ դուստրեր, անձամբ ձեզ ուղղված Նրա իմաստուն խորհուրդն է` «Իմ առաջ քայլեք առաքինության շավիղներում»:10

Առաքինությունը տաճարի ոսկե բանալին է: Այնպես որ, երրորդը, եղեք անսասան, որպեսզի արժանի լինեք ուխտեր կապելուն և պահելուն: Մկրտության ժամանակ կապած ուխտը կպահի ձեզ առաքինության և երջանկության ուղու վրա, եթե ամեն շաբաթ նորոգեք այն՝ ընդունելով հաղորդությունը: Պահելով ձեր մկրտության ուխտը, դուք այլ տեսք կունենաք, այլ կերպ կհագնվեք, և ձեր վարքով կտարբերվեք աշխարհից: Այդ ուխտը պահելով, դուք կունենաք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Կանգնեք սուրբ վայրերում և մի մոտեցեք անգամ այնպիսի միջավայրի կամ երաժշտության, լրատվամիջոցների կամ ընկերությունների, որոնց պատճառով կկորցնեք Սուրբ Հոգու ընկերակցությունը: 11 Եվ ձեր ուխտերը պահելով, դուք արժանի և պատրաստված կլինեք մտնելու Տիրոջ սուրբ տաճարը:

Եվ վերջում, անսասան եղեք Փրկչի Քավությունն ընդունելու մեջ: Քավությունը ձեզ և ինձ համար է: Դա լիազորող և փրկագնող զորություն է: Եթե արժանի չեք համարում ձեզ կանգնելու սուրբ վայրերում, մեկ օր ավել անգամ մի կրեք այդ բեռը: Մահկանացու կյանքում մենք բոլորս էլ սխալներ ենք գործում: Վստահ եղեք, որ Փրկիչը ձեզ սիրում է այնքան, որ ձեզ համար հնարավոր է դարձրել փոխվելը և ապաշխարելը, եթե սխալ եք գործել: Սատանան չի ցանկանում, որ մտածեք, թե կարող եք արդյոք փոխվել: 12 Նա կփորձի համոզել ձեզ, որ ամեն ինչ կորած է: Սուտ է: Դուք կարող եք վերադառնալ, կարող եք ապաշխարել: Կարող եք լինել մաքուր և սուրբ` ի շնորհիվ Փրկչի անսահման Քավության:

Խոսքս կուզեի ավերտել երբևէ պատմված ամենահրաշալի սիրո պատմություններից մեկով: Գուցե հարցնեք. «Ի՞նչ կապ ունի սիրո պատմությունը սուրբ վայրերում կանգնելու հետ»: Ասեմ, որ իրոք կապ ունի: Սա Ռեբեկա անունով մի երիտասարդ աղջկա մասին է: 13

Ըստ պատմության, Աբրահամը հանձնարարում է իր ծառային, որ գտնի այնպիսի երիտասարդ աղջիկ, որն արժանի կլիներ իր որդի Իսահակի կինը լինելու: Նա պետք է արժանի լիներ ուխտյալ ամուսնությանը` լիներ առաքինի, մաքուր և արժանավայել: Այսպիսով, նա ուղարկում է իր ծառային երկար ու վտանգավոր ճամփորդության դեպի Հարան կոչվող վայր: Այնտեղ գնալու պատճառը պարզ է` սուրբ տղամարդկանց պետք են սուրբ կանայք` իրենց կողքին կանգնելու համար: Ծառան քաղաքին մոտենալով կանգ առավ ջրհորի մոտ, որպեսզի ջուր տար իր ուղտերին, և աղոթեց, որ հանդիպեր մի լավ աղջկա և ճանաչեր նրան, երբ նա ջուր առաջարկեր իրեն և իր 10 ուղտերին: Գիտեք, ես ուղտ վարել եմ, և մի բան գիտեմ, որ ուղտերը շատ ջուր են խմում:

Ծննդոցում կարդում ենք, որ Ռեբեկան ոչ միայն գնաց ջրհորի մոտ և ջուր հանեց, այլ «շուտով»14 կամ արագ կատարեց իր գործը: Այնուհետև ծառան ապարանջաններ և զարդեր նվիրեց Ռեբեկային և հարցրեց, թե արդյո՞ք իր հոր տանն իջևանելու տեղ կգտնվեր: Վստահ եմ, զարդեղենն օգնել էր: Սուրբ գրության մեջ կարդում ենք. «Եվ աղջիկը վազեց, և այս բաները պատմեց իր մորը»:15 Ռեբեկան պետք է որ վազորդ եղած լիներ:

Ծառան պատմեց Ռեբեկայի ընտանիքին իր երկար ճամփորդության նպատակը, և Ռեբեկան համաձայնեց դառնալ Իսահակի կինը: Ծառան ցանկանում էր հենց հաջորդ օրը Ռեբեկայի հետ հեռանալ, բայց ընտանիքը խնդրում էր, որ աղջիկն իրենց հետ առնվազն 10 օր էլ մնար: Իսկ երբ Ռեբեկային հարցրեցին, թե ինչ էր նա ցանկանում, նա պարզապես պատասխանեց` «Կգնամ»:16 Արդյո՞ք այդ պատասխանը նման չէ հազարավոր երիտասարդ տղաների և աղջիկների արձագանքին, ովքեր վճռականորեն ասացին` «Ես կգնամ և կանեմ»,17 երբ մեր մարգարեն, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, հայտարարեց, որ այժմ երիտասարդները կարող են ավելի վաղ տարիքում միսիա ծառայել:

Այժմ այդ սիրո պատմության բարոյախոսությունը և ավարտը: Ռեբեկան պատրաստ և արժանի էր` սուրբ ուխտեր կապելուն և պահելուն, և Իսահակի ուխտյալ կինը դառնալուն: Նա ստիպված չէր սպասել և պատրաստվել: Իր ընտանիքից հեռանալուց առաջ նրան օրհնություն տրվեց, որի խոսքերը հուզում են հոգիս, քանզի նրան խոստացվեց, որ նա կդառնա «շատ և շատ հազարների մայր»: 18 Սակայն այս սիրո պատմության լավագույն մասն այն է, երբ Ռեբեկան առաջին անգամ տեսավ Իսահակին, իսկ Իսահակը՝ Ռեբեկային: Աստվածաշնչում չի ասվում, սակայն իմ կարծիքով, դա սեր էր առաջին հայացքից: Քանզի «առաքինությունը սիրում է առաքինությանը. [և] լույսը հարում է լույսին»:19 Երբ Իսահակը դուրս եկավ դիմավորելու քարավանը, Ռեբեկան «[իր] ուղտիցն իջավ»: 20 «Եվ նա սիրեց նրան»: 21 Այստեղ ես թեթևացած շունչ եմ քաշում:

Թե Ռեբեկայի, և թե Կրիստինայի համար հեշտ չէր սուրբ վայրերում կանգնելը: Անսասան մնալը հեշտ չէր: Խստաշունչ քամիները փչում էին, ջրհորից ջուր քաշելը ծանր էր, իրենց հարազատ տնից և նախկին կյանքից հեռանալն անշուշտ հեշտ չէր: Բայց նրանք ճիշտ որոշումներ կայացրեցին: Նրանք առաջնորդվում էին Սուրբ Հոգով: Նրանք առաքինի էին, և պատրաստ էին սուրբ ուխտեր կապելուն և պահելուն: Փրկիչը սերում է Ռեբեկայի տոհմագծից: Արդյո՞ք այն ժամանակ նա գիտեր դա: Ո՛չ: Արդյո՞ք այժմ ձեր կայացրած որոշումները կարևոր են: Այո՛:

Երիտասարդ կանայք, սերունդներ են կախված ձեր որոշումներից, ձեր մաքրությունից և ձեր արժանավայել կյանքից: Եղեք անսասան: Դուք ունեք հրաշալի ապագա ձեր առջև: Սա ձեր ժամանակն է: Ես իրոք հավատում եմ, որ Հոգով առաջնորդվող առաքինի երիտասարդ աղջիկը կարող է փոխել աշխարհը:

Ես վկայում եմ, որ Փրկիչն ապրում է: Նա կլինի ձեզ հետ, Նա կօգնի ձեզ: Եվ դժվար պահերին Նրա «հրեշտակները [կլինեն] ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:22 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: