Սքանչելի առավոտներ

Յոթանասունական


Մենք կարիք չունենք վախենալու ապագայից, ոչ էլ կորցնելու հույսը կամ ուրախ չլինելու, որովհետև Աստված մեզ հետ է:

Հինգշաբթի երեկոյան, Երուսաղեմում, Հիսուսը և Իր աշակերտները հավաքվեցին վերնահարկի սենյակում՝ Զատիկը նշելու համար: Նրան միացած տղամարդիկ չգիտեին, որ այդ ընթրիքը մի օր կկոչվի Վերջին Ընթրիք: Եթե նրանք իմանային դա, ինչպես նաև դրա նշանակությունը, նրանք լաց կլինեին:

Նրանց Վարդապետը, ինչևէ, կատարելապես հասկանում էր, որ Գեթսեմանիի և Գողգոթայի փորձությունները շուտով կսկսեին: Աշխարհի պատմության ամենամութ ժամերը մոտ էին, սակայն Հիսուսն ասաց նրանց. «Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Այսօր մենք ապրում ենք խառնաշփոթի և անորոշության ժամանակներում, որի մասին Տերը մարգարեացել է Ենոքին, որ դրանք կբնութագրվեն որպես “ամբարշտության և վրեժխնդրության օրեր» (Մովսես 7.60): Առջևում կարող են լինել փորձություններ և դժվար ժամանակներ, սակայն մենք նույնպես լավ պատճառ ունենք ուրախանալու: Մենք ապրում ենք վերջին տնտեսությունում, երբ Աստված վերականգնեց Իր Եկեղեցին և արքայությունը երկրի վրա՝ ի նախապատրաստություն Իր Որդու վերադարձի:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մի առիթով խոսել է իր թոռների մասին և ավելի ու ավելի անհանգիստ դարձող աշխարհում, որում նրանք ապրում են: Նա ասաց. «Նրանք կտեսնեն բազմաթիվ իրադարձություններ, որոնք տեղի կունենան իրենց կյանքի ընթացքում: Դրանցից ոմանք կպահանջեն նրանց քաջությունը և կխորացնեն հավատքը: Սակայն, եթե նրանք աղոթքով փնտրեն օգնություն և առաջնորդություն, նրանց կտրվի զորություն՝ դժվարությունները հաղթահարելու համար»:

Ավելի ուշ նա ավելացրել է. «Բարոյական արժեքները, որի վրա պետք է հենվի քաղաքակրթությունը, պարուրաձև ընթանում են դեպի վար՝ ավելի ու ավելի սրընթաց: Սակայն ես չեմ վախենում ապագայից» («Մի վախեցիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 77, 78):

Եղբայրներ և քույրեր, մենք կարիք չունենք վախենալու ապագայից, ոչ էլ կորցնելու հույսը կամ ուրախ չլինելու, որովհետև Աստված մեզ հետ է: Գրի առնված խորհրդի առաջին խոսքերից, որ Հիսուսը տվեց Գալիլեայում Իր նոր կանչված աշակերտներին, այս երկբառանի հորդորն էր. «Մի վախեցիր» (Ղուկաս 5.10): Նա կրկնել է այդ խորհուրդը բազմաթիվ անգամ Իր ծառայության ժամանակ: Այսօր Իր Սրբերին Փրկիչն ասել է. «Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին» (ՎևՈւ 68.6):

Տերը կլինի Իր Եկեղեցու և ժողովրդի կողքին և կպահի նրանց ապահովության մեջ մինչև Իր գալուստը: Խաղաղություն կտիրի Սիոնում և դրա ցցերում, քանզի Նա հայտարարել է. «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար. Եվ որպեսզի միասին հավաքվելը՝ Սիոնի հողի վրա և նրա ցցերում, պաշտպանություն և ապաստան լինի փոթորկից ու ցասումից, երբ այն անխառն կթափվի ողջ երկրի վրա» (ՎևՈւ 115.6):

Եկեղեցին պարսպապատի պես կանգնած է իր անդամների պաշտպանության համար: Թեև պայմանները աշխարհում երբեմն կարող են դառնալ շատ դժվարին, հավատարիմ Վերջին Օրերի Սրբերը ապաստարան կգտնեն Սիոնի ցցերում: Տերն ասել է, որ առանց ձեռքի կտրած քարը սարից կգլորվի, մինչև որ կծածկի ողջ երկիրը (sես Դանիել 2.31–45; ՎևՈւ 65.2): Ոչ մի մարդկային ուժ չի կարող կանգնեցնել դրա ընթացքը: Աստված է այս աշխատանքի հեղինակը, իսկ Հիսուս Քրիստոսը՝ հիմնաքարը:

Նեփի մարգարեն տեսիլք է ունեցել այն մասին, որ վերջին օրերին Աստծո Գառան զորությունը կիջնի « Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա» և նրանք զինված կլինեն «արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14.14):

Մեզանից յուրաքանչյուրը և մեր ընտանիքները կարող են զինվել Աստծո զորությամբ ինչպես մի վահանով, եթե հավատարիմ մնան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և թույլ տան, որ Հոգին լինի մեր ուղեկիցը: Փորձություններ կարող են գալ և մենք, հնարավոր է, չհասկանանք այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ կամ մեր շուրջը: Սակայն, եթե մենք խոնարհաբար, հանգիստ ապավինենք Տիրոջը, Նա մեզ կտա ուժ և առաջնորդություն ցանկացած խնդրի համար, որ մենք հանդիպում ենք: Երբ մեր միակ ցանկությունը լինի Նրան գոհացնելը, մենք կօրհնվենք ներքին խոր խաղաղությամբ:

Վերականգնման վաղ օրերին Եկեղեցու անդամները դաժան փորձությունների հանդիպեցին: Նախագահ Բրիգամ Յանգն ասել է այդ ժամանակների մասին. «Ամբոխով շրջապատված, ամեն կողմից մահվան և ոչնչացման սպառնալիքի պայմաններում, ես հիշում եմ միայն հոգուս ուրախ վիճակը, ինչպես այժմ: Հեռանկարը կարող է աղոտ և շատ խավար երևալ, սակայն երբեք չեմ տեսել ժամանակ այս Ավետարանում, երբ չեմ իմացել, որ արդյունքը կլինի օգտակար ճշմարտության նպատակի համար» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 357):

Իմ միսիոներ զուգընկերը՝ Փոլը միշտ լավ տրամադրություն էր ճառագայթում: Երիտասարդ հայր լինելով, նա հիվանդացավ բազմակի սկլեռոզ հիվանդությամբ: Չնայած դժվարություններին, որոնք հետևեցին, նա շարունակում էր ծառայել մյուսներին ուրախությամբ և բարի հումորով: Մի անգամ նա մտավ իմ գրասենյակ իր նոր անվասայլակի մեջ նստած և հայտարարեց. «Կյանքը սկսվում է շարժիչային անվասայլակով»: Ես միշտ կհիշեմ նրան՝ ինչպես էր իր մահից մի քանի տարի առաջ բռնել Օլիմպիական ջահը՝ անվասայլակին նստած, հարյուրավոր մարդկանց ծափահարության ներքո: Այդ ընդմիշտ վառվող կրակի նման Փոլի հավատքը երբեք ժամանակի հետ չի մարի:

Երբ ուսանող էի Բրիգամ Յանգ Համալսարանում, ես ապրում էի մի տանը մի քանի երիտասարդների հետ: Սենյակակիցս՝ Բրուսը, հավանաբար, ամենալավատես անձնավորությունն էր, որ ես երբև է հանդիպել եմ: Մենք երբեք չենք լսել, որ նա որևէ բացասական բան ասեր որևէ մեկի կամ որևէ իրավիճակի մասին, և անհնար էր ուրախ չզգալ նրա ներկայությամբ: Նրա ուրախ ոգին հոսում էր Փրկչին և ավետարանին հավատարմորեն ապավինելուց:

Մի ցուրտ ձմեռային օր իմ մյուս ընկերը՝ Թոմը, քայլում էր համալսարանի տարածքով: Առավոտյան ժամը 7:00- էր և տարածքը ամայի և մութ էր: Առատ ձյուն էր գալիս և սառը քամի էր փչում: «Ինչ թշվառ եղանակ է», - մտածում էր Թոմը: Առաջ քայլելով խավարի և ձյան մեջ, նա լսեց, թե ինչպես էր ինչ-որ մեկը երգում:

Իհարկե, թափվող ձյան միջից հայտնվեց մեր ընդմիշտ լավատես ընկեր Բրուսը: Ձեռքերը ուղղված դեպի երկինքը, նա երգում էր մի հատված Բրոդվեյի Օկլահոմա մյուզիքլից. «Ինչպիսի սքանչելի առավոտ: Ինչպիսի սքանչելի առավոտ: Ես ունեմ սքանչելի զգացում, որ ամեն-ինչ լավ է լինելու»:

Հաջորդող տարիների ընթացքում այդ պայծառ ձայնը մութ փոթորկի մեջ դարձավ ինձ համար հավատքի և հույսի խորհրդանիշ: Անգամ խավարի մեջ ընկղմվող աշխարհում մենք՝ Վերջին օրերի Սրբերը, կարող ենք երգել ուրախությամբ, իմանալով, որ երկնքի զորությունները Աստծո Եկեղեցու և մարդկանց հետ են: Մենք կարող ենք ուրախանալ այն հաստատուն գիտելիքով, որ սքանչելի առավոտ է սպասվում առջևում՝ հազարամյակի օրվա լուսաբացը, երբ Աստծո Որդին կբարձրանա Արևելքում և կրկին կտիրի երկրի վրա:

Ես մտածում եմ նաև աշխարհի պատմության մեջ երկու այլ սքանչելի առավոտների մասին : 1820թ. գեղեցիկ, պայծառ գարնանային մի առավոտ, Ջոզեֆ Սմիթ անունով երիտասարդ տղան մտավ անտառոտ պուրակը և ծնկի իջավ աղոթքի մեջ: Այդ աղոթքի պատասխանը, Հոր և Որդու հայտնությունը, սկիզբ դրեցին ժամանակների լրության տնտեսությանը և երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնմանը:

Մեկ այլ սքանչելի առավոտ բացվեց մոտ 2000 տարի առաջ, Երուսաղեմի պատերից դուրս: Այդ Զատկի առավոտ արևը, անկասկած շողում էր բացառիկ պայծառությամբ: Կանանց մի փոքր խումբ եկավ գերեզմանոց, հույս ունենալով օծել իրենց խաչված Տիրոջ մարմինը: Երկու հրեշտակ դիմավորեցին նրանց և հայտարարեցին. «Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ» (Ղուկաս 24.5–6):

Մեղքի և մահի հանդեպ Հիսուս Քրիստոսի հաղթանակի մասին ես բերում եմ իմ վկայությունը: Մեր Երկնային Հոր ողորմած ծրագրի և Նրա հավիտենական սիրո մասին եմ ես վկայում: Ամեն առավոտ վեր կենալիս, թող որ մենք հավատքով նայենք երկնքին և ասենք. «Օ, ինչպիսի սքանչելի առավոտ է», ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: