2010–2019 թթ․
Տիրոջ կողմից ընդունված լինել
Ապրիլ 2013


Տիրոջ կողմից ընդունված լինել

Տիրոջ հավանությունը փնտրելը և ստանալը կհանգեցնի այն գիտելիքին, որ մենք ընտրված և օրհնված ենք Նրա կողմից:

Երբ պատանի էի, հիշում եմ, հայրս, երբեմն, ինձ վերցնում էր աշխատանք կատարելու: Մենք ունեինք մի փոքր այգի մի քանի կիլոմետր հեռու այն տեղից, որտեղ ապրում էինք, և այնտեղ միշտ շատ աշխատանք կար այգին գարնանը նախապատրաստելու համար: Մենք աշխատում էինք ամառանոցի վրա, կառուցում կամ վերանորոգում էինք ցանկապատը: Իմ հիշողության մեջ այդ աշխատանքը միշտ կատարվում էր սաստիկ ցրտին, ձյան հաստ շերտի ներքո կամ հորդառատ անձրևի տակ: Բայց այն ինձ դուր էր գալիս: Հայրս ինձ սովորեցնում էր, թե ինչպես կարելի է գործ անել համբերությամբ և հավանությամբ:

Մի օր նա ինձ հրավիրեց մի պտուտակ ամրացնել և զգուշացրեց. «Հիշի՛ր, եթե պտուտակը չափից շատ ուժեղ ամրացնես, կարող է կոտրվի»: Հպարտությամբ ես ցանկացա ցույց տալ, թե ինչի էի ընդունակ: Ես պտտեցի իմ ողջ ուժով և, իհարկե, կոտրեցի պտուտակը: Նա զվարճալի մի դիտողություն արեց և մենք նորից սկսեցինք: Նույնիսկ այն ժամանակ, երբ մի բան սխալ էի անում, նա ինձ ցույց էր տալիս իր սերը և վստահությունը իմ հանդեպ: Նա մահացել է ավելի քան 10 տարի առաջ, բայց ես կարող եմ դեռ լսել նրա ձայնը, վայելել նրա սերը, օգտվել նրա քաջալերանքից և զգալ նրա կողմից ընդունված լինելը:

Սիրված մարդու կողմից ընդունված լինելու զգացողությունը հիմնարար անհրաժեշտություն է մարդու համար: Լավ մարդկանց կողմից ընդունված լինելը խթանիչ ուժ է մեզ համար: Այն ինքնաարժեվորում և ինքնավստահություն է հաղորդում մեզ: Նրանք, ովքեր ընդունված չեն զգում ցանկալի աղբյուրների կողմից, հաճախ այն փնտրում են այլ աղբյուրներից: Նրանք կարող են հավանություն փնտրել այն մարդկանց մոտ, ովքեր շահագրգռված չեն իրենց բարեկեցությամբ: Սպասված ընդունելություն ձեռք բերելու համար նրանք կարող են հարել կեղծ ընկերների և կասկածելի գործեր անել: Ընդունված լինելու կամ որոշակի կարգավիճակում զգալու համար նրանք կարող են կրել որոշակի ապրանքանիշի հագուստ: Ճանաչման որոշակի դերի կամ դիրքի ձգտումը ևս կարող է ընդունում փնտրելու ուղի լինել ոմանց համար: Նրանք կարող են մտածել, որ իրենց արժանավորությունը որոշվում է զբաղեցրած պաշտոնով կամ ստացած կարգավիճակով:

Նույնիսկ եկեղեցում, մենք միշտ չէ, որ ազատ ենք այսպիսի մտածողությունից: Սխալ աղբյուրներից կամ սխալ դրդապատճառներով ընդունում փնտրելը մեզ դնում է վտանգավոր ուղու վրա՝ ուղի, որը կարող է տանել մոլորության և նույնիսկ կործանման: Փայփայված ու ինքնավստահ զգալու փոխարեն, մենք, ի վերջո, լքված ու ստորադրյալ կզգանք:

Ալման իր որդի Հելամանին խորհուրդ է տվել. «Տես որ նայես առ Աստված և ապրես»: 1 Առավելագույն կարողությունների և տևական ընդունման աղբյուրը մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն են: Նրանք գիտեն մեզ: Նրանք սիրում են մեզ: Նրանք չեն ընդունում մեզ մեր կոչման կամ պաշտոնի համար: Նրանք չեն նայում մեր կարգավիճակին: Նրանք նայում են մեր սրտին: Նրանք մեզ ընդունում են այնպես, ինչպես կանք և ինչպիսին ձգտում ենք լինել: Նրանց կողմից ընդունված լինելու ձգտումը միշտ կբարձրացնի և քաջալերանք կլինի մեզ համար:

Ես կկիսվեմ մի պարզ օրինակով, որի կիրառումը կարող է օգնել յուրաքանչյուրիս առավելագույն ընդունում գտնել: Այս օրինակը տրվել է Տիրոջ կողմից՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ բոլոր նրանք, ովքեր գիտեն, որ իրենց սիրտն ազնիվ է ու կոտրված, իսկ իրենց հոգին՝ փշրված, և կամենում են պահպանել իրենց ուխտերը զոհաբերությամբ,– այո, ամեն մի զոհաբերությամբ, որը ես՝ Տերս, կպատվիրեմ,– ընդունված են իմ կողմից»:2

Այս օրինակը ներառում է երեք հասարակ քայլ.

  1. Իմանալ, որ մեր սիրտն ազնիվ ու կոտրված է:

  2. Իմանալ, որ մեր հոգին փշրված է:

  3. Պատրաստակամ լինել պահել մեր ուխտերը զոհաբերությամբ, ինչպես որ կպատվիրի Տերը:

Առաջին հերթին, մենք պետք է իմանանք, որ մեր սիրտն ազնիվ ու կոտրված է: Ինչպե՞ս ենք դա իմանում: Մենք սկսում ենք նայել մեր անկեղծ արտացոլանքին: Սիրտը մեր զգացմունքների կենտրոնն է: Երբ նայում ենք մեր սրտին, մենք կարդում ենք մեր էությունը: Այն, ինչ շրջապատը չգիտի մեր մասին, մենք, անշուշտ, գիտենք: Մենք գիտենք մեր շարժառիթներն ու ցանկությունները: Եթե անկեղծորեն, ազնվորեն խորաքննենք մեզ, մենք չենք արդարացնի, ոչ էլ կխաբենք ինքներս մեզ:

Կա ևս մեկ ճանապարհ՝ եզրակացնելու, թե արդյոք մենք կոտրված սիրտ ունենք, թե ոչ: Կոտրված սիրտը փափուկ, բաց և ընկալունակ սիրտ է: Երբ լսում եմ Փրկչին ասելիս. «Ահա, ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ»,3 ես լսում եմ, թե ինչպես է Նա թակում իմ սրտի դուռը: Եթե ​​ես բացում եմ դուռը Նրա առաջ, ապա ավելի լավ եմ արձագանքում Հոգու հրավերներին և ավելի հեշտ եմ ընդունում Աստծո կամքը:

Երբ անկեղծորեն ու աղոթքով խորհենք, թե որքանով ազնիվ ու կոտրված է մեր սիրտը, մենք կուսուցանվենք Սուրբ Հոգու կողմից: Մենք կստանանք քաղցր հաստատում կամ մեղմ ուղղում, որը մեզ հրավիրում է գործել:

Երկրորդ՝ մենք պետք է իմանանք, որ ունենք փշրված հոգի: Փշրված հոգի ունենալ նշանակում է վատ գործի գիտակցումից վշտանալ, հուսաբեկվել, զղջալ:4 Երբ մենք փշրված հոգի ունենք, մենք ընդունում ենք մեր մեղքերն ու թերությունները: Մենք ընկալում ենք այն «ամենը, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին: 5 Մենք զգում ենք աստվածային տրտմություն ու ցանկանում ենք ապաշխարել: Փշրված հոգին պատրաստ է լսել «Սուրբ Հոգու հորդորները»:6

Փշրված հոգին դրսևորվում է գործելու մեր պատրաստակամությամբ ու վճռականությամբ: Մենք պատրաստ ենք Աստծո առաջ մեզ խոնարհեցնելու, պատրաստ ենք ապաշխարելու, պատրաստ ենք սովորելու և պատրաստ ենք փոխվելու: Մենք պատրաստ ենք աղոթելու՝ «ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող կատարվի»:7

Տիրոջ կողմից ընդունված լինելու երրորդ քայլը գիտակցված որոշումն է պահել մեր ուխտերը զոհաբերությամբ, «այո, ամեն մի զոհաբերությամբ, որը ես՝ Տերս, կպատվիրեմ»:8 Շատ հաճախ կարծում ենք, թե զոհաբերություն բառը ակնարկում է ինչ-որ մեծ կամ մեզ համար ծանր գործ անելը: Որոշակի իրավիճակներում դա կարող է ճիշտ լինել, բայց, հիմնականում, այն վերաբերում է որպես Քրիստոսի իրական հետևորդ ամենօրյա մեր ապրելակերպին:

Մեր ուխտերը զոհաբերությամբ պահելը յուրաքանչյուր շաբաթ արժանիորեն հաղորդություն ընդունելն է: Մենք գիտակցաբար նախապատրաստվում ենք հաղորդության սրբազան արարողությանը: Մենք վերականգնում և հաստատում ենք Տիրոջը տված մեր սրբազան խոստումները: Այս կերպ, մենք զգում ենք Նրա հավանությունը և ստանում ենք Նրա վստահությունը, որ մեր ջանքերն ընդունելի են և մեր մեղքերը ներվում են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այդ արարողության ընթացքում Տերը մեզ խոստանում է, որ քանի որ մենք պատրաստակամ ենք մեզ վրա վերցնել Նրա Որդու անունը և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, մենք միշտ Նրա Հոգին մեզ հետ կունենանք: Սուրբ Հոգին որպես մեր մշտական ​​ուղեկից ունենալը Աստծո կողմից ընդունելի լինելու վերջնական ցուցանիշ է:

Մեր ուխտերը զոհաբերությամբ պահելու պարզ ուղիներից են Եկեղեցական կոչում ընդունելը և կոչման ծառայությունը հավատարմորեն կատարելը կամ մեր մարգարեի՝ Թոմաս Ս. Մոնսոնի հրավերին հետևելը՝ ձեռք մեկնելու նրանց, ովքեր կանգնած են ճանապարհի եզրին և փրկարար ջանքերի կարիք ունեն: Մենք պահում ենք մեր ուխտերը զոհաբերությամբ՝ լուռ ծառայություն մատուցելով հարևանության շրջապատում կամ համայնքում կամ գտնելով մեր նախնիների անունները և նրանց համար տաճարային աշխատանք կատարելով: Մենք պահում ենք մեր ուխտերը զոհաբերությամբ, պարզապես ձգտելով արդարության, բաց լինելով և լսելով Հոգու հուշումներին մեր ամենօրյա կյանքում: Երբեմն, մեր ուխտերը պահելը նշանակում է ոչ այլ ինչ, քան ամուր և հավատարմորեն կանգնելը, երբ կյանքի փոթորիկները մոլեգնում են մեր շրջապատում:

Բացատրելով օրինակը, թե ինչպես ընդունելի լինենք Իրեն, Տերը հիանալի պատկեր է օգտագործում, որպեսզի ցույց տա, թե ինչպես ենք մենք շահում որպես անհատներ և ընտանիքներին, երբ ձգտում ենք Նրան ընդունելի լինել: Նա ասել է. «Քանզի ես՝ Տերս, այնպես կանեմ, որ նրանք առաջ բերեն բարի գործեր, ինչպես շատ պտղաբեր մի ծառ, որը տնկված է մի բերրի հողում, մաքուր վտակի մոտ, և որը շատ թանկարժեք պտուղ է տալիս»։ 9

Երբ մենք ինքներս համահունչ ենք Տիրոջ Հոգու հետ և ընդունված ենք զգում Նրա կողմից, մենք կօրհնվեք մեր հասկացողությունից վեր օրհնություններով և առաջ կբերենք արդարության բազում պտուղներ: Մենք կլինենք նրանց թվում, ում Նա ասել է. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը»:10

Տիրոջ հավանությունը փնտրելը և ստանալը կհանգեցնի այն գիտելիքին, որ մենք ընտրված և օրհնված ենք Նրա կողմից: Մենք ավելի մեծ վստահություն կունենանք, որ Նա կառաջնորդի մեզ և կուղորդի մեզ դեպի բարին: Նրա գորովալից ողորմությունները ակնհայտ կդառնան մեր սրտում, մեր կյանքում և մեր ընտանիքում:

Իմ ամբողջ սրտով ես հրավիրում եմ ձեզ փնտրել Տիրոջ հավանությունը և վայելել Նրա խոստացված օրհնությունները: Երբ հետևենք Տիրոջ ցույց տված հասարակ օրինակին, մենք կհասկանանք, որ ընդունված ենք նրա կողմից, անկախ մեր զբաղեցրած պաշտոնից, կարգավիճակից կամ մահկանացու սահմանափակումներից: Նրա սիրելի ընդունելությունը խթանիթ ուժ կլինի, կամրապնդի մեր հավատքը և կօգնի մեզ դիմակայել կյանքի բոլոր փորձություններին: Անկախ մեր մարտահրավերներից, մենք հաջողակ կլինենք, կբարգավաճենք11 և խաղաղություն կզգանք:12 Մենք կլինենց թվում, ում Տերն ասել է.

«Մի վախեցեք, փո՛քր երեխաներ, քանզի դուք իմն եք, և ես հաղթել եմ աշխարհին, և դուք նրանցից եք, որոնց իմ Հայրը տվել է ինձ.

Եվ նրանցից ոչ ոք, որ իմ Հայրը տվել է ինձ, չպետք է կորչի»: 13

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: