2010–2019 թթ․
Եկեք, Աստծո որդիք
Ապրիլ 2013


Եկեք, Աստծո որդիք

Եղբայրներ, թող որ մեզանից յուրաքանչյուրը ջանասիրաբար քննի սուրբ գրությունները, նպատակային ծրագրի իր կյանքը, վկայությամբ ուսուցանի ճշմարտությունը և սիրով ծառայի Տիրոջը:

Տարվա մեջ երկու անգամ այս հրաշակերտ Համաժողովների Կենտրոնը, կարծես, իր համոզիչ ձայնով մեզ ասում է. «Եկեք, Աստծո որդիք, քահանայության այրեր»:1 Մի առանձնահատուկ ոգի է թևածում Եկեղեցու քահանայության գերագույն ժողովին:

Այս երեկո մեր շարքերում կան շատ-շատերը ողջ աշխարհում, ովքեր ծառայում են Տիրոջը որպես Իր միսիոներներ: Ինչպես նշեցի իմ այսօրվա առավոտյան ելույթում, մենք ունենք ավելի քան 65000 միսիոներ, հազարավորներ էլ սպասում են, որպեսզի մտնեն միսիոներների պատրաստման կենտրոն, իսկ շատերի դիմումներն էլ այժմ ընթացքի մեջ են: Մենք սիրում և գովաբանում ենք նրանց, ովքեր ցանկություն ունեն և ձգտում են ծառայել:

Սուրբ գրություններում չկա առավել արդիական կոչ, առավել պարտադրող պատասխանատվություն, առավել ուղղակի հրահանգ, քան հարություն առած Տիրոջ կողմից տրված հրամանը, երբ Նա հայտնվեց տասնմեկ առաքյալներին Գալիլեայում: Նա ասաց.

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը.

Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատուիրեցի` պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը»:2

Փառահեղ խոստումով զուգորդված այս աստվածային պատվիրանը մեր նշանաբանն է այսօր, ինչպես որ ժամանակների գագաթնակետում էր: Միսիոներական աշխատանքը միշտ եղել է, կա և կլինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բնորոշ առանձնահատկությունը: Ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է հայտարարել. «Այն ամենից հետո ինչ ասվել է, մեծագույն և կարևորագույն պարտականությունը` ավետարանը քարոզելն է»:3

Այժմ Աստծո այս թագավորական բանակում երկու կարճ տարի ծառայելուց հետո բոլոր լիաժամկետ միսիոներներն, ավարտելով իրենց աշխատանքը, կվերադառնան տուն` իրենց սիրելիների մոտ: Երեցներին կփոխարինեն այս երեկո Եկեղեցու Ահարոնյան Քահանայության շարքերը համալրող տղաները: Երիտասարդներ, դուք պատրա՞ստ եք արձագանքելու, ցանկանո՞ւմ եք աշխատել, պատրա՞ստ եք ծառայելուն:

Լավագույն միսիոներական աշխատանքը պահանջում է ապրելակերպի կտրուկ փոփոխություն: Անհրաժեշտ է երկար ժամերի տրամարդում և մեծ նվիրվածություն, անձնուրաց զոհաբերություն և ջերմեռանդ աղոթք: Արդյունքում նվիրված միսիոներական ծառայությունը հատուցվում է հավերժական ուրախությամբ, որը տևում է մահկանացու կյանքում և հավերժության մեջ:

Կոչն է` լինել Տիրոջ այգու առավել արդյունավետ ծառայողներ: Դա վերաբերում է ոչ միայն որպես լիաժամկետ միսիոներ ծառայելուն պատրաստվողներին, այլ մեզ բոլորիս, անկախ տարիքից, քանզի յուրաքանչյուրիս է վերաբերվում ավետարանով կիսվելու Քրիստոսի պատվիրանը:

Ուզում եմ ներկայացնել մեր հաջողության բանաձևը. առաջինը` ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները, երկրորդ` նպատակային ծրագրեք ձեր կյանքը (ես կավելացնեի անկախ ձեր տարիքից), երրորդ` վկայությամբ ուսուցանեք ճշմարտությունը, և չորրորդ` սիրով ծառայեք Տիրոջը:

Եկեք դիտարկենք այս բանաձևի չորս մասերը:

Առաջինը` ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները:

Սուրբ գրությունները վկայում են Աստծո մասին և պարունակում են հավերժական կյանքի խոսքեր: Դրանք դառնում են մեր ուղերձի հիմքը:4

Եկեղեցու ուսումնական ծրագրերում հիմնականում շեշտը դրվում է սուրբ գրությունների վրա, որոնք մշակվել և համակարգվել են փոխկապակցված ջանքերով: Նաև խրախուսվում ենք ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները` անհատապես և ընտանիքով:

Ուզում եմ մեկ հղում կատարել, որն անմիջական կիրառում ունի մեր կյանքում: Մորմոնի Գրքի Ալմա 17 գլխում կարդում ենք Ալմայի ուրախության մասին, երբ նա կրկին տեսավ Մոսիայի որդիներին և նկատեց ճշմարտության գործում ցուցաբերած նրանց հաստատակամությունը: Հիշատակարանն ասում է մեզ, որ «նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք քննել էին սուրբ գրքերը ջանասիրաբար, որպեսզի կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց այս բոլորը չէ. նրանք տվել էին իրենց շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք սովորեցնում էին, նրանք սովորեցնում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ»:4

Եղբայրներ, ջանասիրաբար քննեք սուրբ գրությունները:

Մեր բանաձևի երկրորդ կետն է` ծրագրեք ձեր կյանքը նպատակով:

Հավանաբար, ոչ մի սերունդ նման հեռահար որոշումների առաջ չի կանգնել, որքան այսօրվա երիտասարդները: Պետք է նախապատրաստվել ուսմանը, միսիային և ամուսնությանը: Շատերը պետք է պատրաստվեն նաև զինվորական ծառայությանը:

Միսիային պատրաստվելը սկսվում է վաղ տարիքից: Իմաստուն ծնողը բացի հոգևոր պատրաստությունից, միջոցներ կտրամադրի, որպեսզի իր որդին սկսի կուտակել իր անձնական միսիոներական ֆոնդը: Լավ կլիներ, որ նա քաջալերվեր և տարիների ընթացքում օտար լեզու ուսումնասիրեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառեր իր լեզվի ունակությունները: Ի վերջո, գալիս է փառահեղ օրը, երբ եպիսկոպոսը և ցցի նախագահը հրավիրում են այդ երիտասարդին իրենց մոտ: Հաստատվում է արժանիությունը, լրացվում է միսիոների երաշխավորագիրը:

Այդ ընթացքում ողջ ընտանիքն անհամբեր սպասում է փոստատարին և նամակին, որն ունի հետադարձ հասցե` 47 East South Temple,Salt Lake City, Utah: Նամակը գալիս է, սպասումն ավարտվում է և հայտնի է դառնում կանչը: Ինչևէ, անկախ ծառայության վայրից, պատրաստված և հնազանդ միսիոների արձագանքը նույնն է` ես կծառայեմ:

Սկսվում են մեկնումի պատրաստությունները: Երիտասարդներ, հուսով եմ, գնահատում եք զոհաբերությունները, որ ձեր ծնողները պատրաստակամորեն կատարում են, որպեսզի դուք ծառայեք: Նրանց ջանքերը կաջակցեն ձեզ, նրանց հավատքը կքաջալերի ձեզ, նրանց աղոթքները նեցուկ կլինեն ձեզ: Միսիան ընտանեկան գործ է: Ձեր սրտերը միասին են բաբախում, թեպետ մայրցամաքներ կամ օվկիանոսներ են բաժանում ձեզ:

Եղբայրներ, ծրագրելով ձեր կյանքը նպատակով, հիշեք, որ ձեր միսիոներական հնարավորությունները չեն սահմանափակվում պաշտոնական կանչված ժամանակահատվածով: Ովքեր զինվորական ծառայության մեջ են գտնվում, այդ ժամանակը կարող է և պետք է շահավետ օգտագործվի: Ամեն տարի մեր զինվորական երիտասարդները շատ հոգիներ են բերում Աստծո արքայություն` պատվելով իրենց քահանայությունը, ապրելով Աստծո պատվիրաններով և Տիրոջ աստվածային խոսքը ուսուցանելով մյուսներին:

Աչքաթող մի արեք միսիոներ լինելու ձեր արտոնությունը, մինչ շարունակում եք ձեր ուսումը: Որպես Վերջին Օրերի Սուրբ ձեր օրինակը կնկատեն, կկշռադատեն և հաճախ էլ ձեզ կընդօրինակեն:

Եղբայրներ, անկախ ձեր տարիքից, ձեր պայմաններից, ես հորդորում եմ ձեզ, որ նպատակային ծրագրեք ձեր կյանքը:

Այժմ անցնենք մեր բանաձևի երրորդ կետին` վկայությամբ ուսուցանեք ճշմարտությունը:

Հետևեք Պետրոս Առաքյալի խորհրդին. «Միշտ պատրաստ եղեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»:5 Բարձրացրեք ձեր ձայնը և վկայեք Աստվածագլխի բուն էության մասին: Հայտարարեք Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը: Հաղորդեք փրկության ծրագրի փառահեղ և գեղեցիկ ճշմարտությունները:

Երբ 50 տարի առաջ ծառայում էի որպես միսիայի նախագահ Կանադայում, մի երիտասարդ միսիոներ, որ եկել էր փոքր գյուղական համայնքից, ապշած էր Տորոնտոյի չափերից: Նա հասակով կարճ էր, բայց բարձր էր իր վկայությամբ: Իր ժամանումից շատ չանցած, իր զուգընկերոջ հետ նա մտավ Ելմեր Փոլլանդի տուն Օշավայում, Օնտարիո, Կանադա: Պր. Փոլլանդը միսիոներներին տուն հրավիրեց, կարեկցելով երիտասարդներին, ովքեր կուրացնող փոթորկին գնում էին տնից տուն: Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը: Նա չզգաց հոգին: Եվ խնդրեց տղաներին, որ հեռանան և այլևս չվերադառնան: Երբ տղաները իջնում էին տան դիմացի աստիճաններով, նա ծաղրանքով ասաց երեցների ետևից. «Դուք չեք կարող ասել, որ իսկապես հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն էր»:

Դուռը փակվեց: Երեցները քայլում էին ճանապարհով: Մեր գյուղացի տղան ասաց իր զուգընկերոջը. «Երեց, մենք չպատասխանեցինք Պր. Փոլլարդին: Նա ասաց, որ մենք չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր: Արի վերադառնանք և բերենք մեր վկայությունները նրան»: Սկզբում ավելի փորձառու միսիոները տատանվեց, սակայն, ի վերջո, համաձայնվեց միանալ ընկերոջը»: Վախը պատեց նրանց սիրտը, երբ մոտեցան դռանը, որտեղից իրենց դուրս էին վռնդել: Նրանք թակեցին դուռը, Պր. Փոլլարդը բացեց, մի սարսափելի պահ ապրեցին, ապա հոգուց ծնված զորությամբ մեր անփորձ միսիոները խոսեց. «Պր. Փոլլարդ, դուք ասացիք, որ մենք իրականում չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր : Ես վկայում եմ ձեզ, որ Ջոզեֆը մարգարե էր: Նա թարգմանել է Մորմոնի Գիրքը: Նա տեսավ Հայր Աստծուն և Որդի Հիսուսին: Ես գիտեմ դա»:

Որոշ ժամանակ անց, Պր. Փոլլարդը, այժմ Եղբայր Փոլլարդը, կանգնած քահանայության ժողովին հայտնեց. «Այդ գիշեր ես չկարողացա քնել: Իմ ականջներում հնչում էին խոսքերը. «Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր: Ես գիտեմ դա: Ես գիտեմ դա: Ես գիտեմ դա»: Հաջորդ օրը ես զանգահարեցի միսիոներներին և խնդրեցի վերադառնալ: Վկայություններով համեմված նրանց ուղերձը փոխեց իմ և իմ ընտանիքի կյանքը»: Եղբայրներ, վկայությամբ ուսուցանեք ճշմարտությունը:

Մեր բանաձևի չորրորդ կետն է` սիրով ծառայեք Տիրոջը: Սերը ոչնչով չի կարելի փոխարինել: Հաջողակ միսիոներները սիրում են իրենց ընկերներին, միսիայի ղեկավարներին և այն թանկագին անձանց, ում ուսուցանում են: Վարդապետություն և Ուխտերի չորրորդ բաժնում Տերը սահմանել է ծառայության գործում աշխատողների հատկանիշները: Եկեք կարդանք մի քանի հատված.

«Ո~վ դուք, որ մտնում եք Աստծո ծառայության մեջ, տեսեք, որ ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան, որ վերջին օրը դուք կարողանաք անարատ կանգնել Աստծո առաջ:…

Եվ հավատքը, հույսը, գթությունը և սերը, պարզ աչքով ուղղված Աստծո փառքին, որակում են նրան գործի համար:

Հիշեք, հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, եղբայրասիրություն, աստվածայնություն, գթություն, խոնարհություն, ջանասիրություն»:6

Այսպիսով, ամենքդ, որ լսում եք իմ ձայնը, հարցրեք ինքներդ ձեզ` «Արդյո՞ք այսօր ես մեծացրեցի իմ հավատքը, առաքինությունը, գիտելիքը, բարեպաշտությունը, սերը»:

Տանը, թե դրսում, ձեր հավատարիմ նվիրվածության շնորհիվ, գուցե, օգնեք փրկել նրանց, ում ամենաշատն եք սիրում:

Տարիներ առաջ իմ սիրելի ընկերները՝ Քրեյգ Սադբերին և նրա մայրը, Փըրլը, եկան իմ գրասենյակ, Քրեյգի Ավստրալիա Մելբուրն միսիա մեկնելուց առաջ: Քրեյգի հայրը` Ֆրեդ Սադբերին, նրանց հետ չէր: Քսանհինգ տարի առաջ Քրեյգի մայրն ամուսնացել էր Ֆրեդի հետ, ով չէր կիսում Եկեղեցու հանդեպ կնոջ սերը և, անշուշտ, անդամ չէր:

Քրեյգը վստահեցրեց ինձ, որ խորը և մշտական սեր է տածում իր ծնողների հանդեպ, և հույս հայտնեց, որ ինչ-որ կերպ իր հորը կդիպչի Հոգին և կբացի նրա սիրտը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Ես աղոթեցի, որպեսզի ոգեշնչում ստանայի, թե ինչպես նման ցանկությունը կարող էր իրականանալ: Ոգեշնչումը եկավ և ես Քրեյգին ասացի. «Ծառայիր Տիրոջը քո ողջ սրտով: Եղիր հնազանդ քո սուրբ կոչմանը: Ամեն շաբաթ նամակ գրիր քո ծնողներին, և երբեմն անձնապես գրիր հայրիկիդ, և ասա նրան, թե որքան ես նրան սիրում, և թե ինչու ես երախտապարտ նրա որդին լինելու համար»: Նա շնորհակալություն հայտնեց ինձ, և մայրիկի հետ նրանք դուրս եկան իմ գրասենյակից:

Մոտ 18 ամիս էր, չէի տեսել Քրեյգի մայրիկին, երբ նա եկավ իմ գրասենյակ և արցունքն աչքերին ասաց. «Երկու տարի է արդեն, որ Քրեյգը միսիայում է: Նա ամեն շաբաթ մեզ նամակ է գրել: Վերջերս ամուսինս` Ֆրեդը, առաջին անգամ կանգնեց վկայության ժողովին և զարմացրեց ինձ և ներկաներին, հայտարարելով, որ որոշել է Եկեղեցու անդամ դառնալ: Նա նշեց, որ ինձ հետ կգնա Ավստրալիա Քրեյգի մոտ, նրա միսիայի ավարտին, որպեսզի Ֆրեդը լիներ վերջին մկրտությունը, որ կկատարեր Քրեյգը` որպես լիաժամկետ միսիոներ»:

Ոչ մի միսիոներ այնքան հպարտ չէր կանգնել, որքան Քրեյգ Սադբերին, երբ հեռավոր Ավստրալիայում օգնեց իր հայրիկին մտնել ջուրը, և բարձրացնելով իր աջ ձեռքը կրկնեց այս սուրբ խոսքերը. «Ֆրեդերիկ Չարլզ Սադբերի, լիազորված Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»:

Սերը հաղթեց: Սիրով ծառայեք Տիրոջը:

Եղբայրներ, թող որ մեզանից յուրաքանչյուրը ջանասիրաբար քննի սուրբ գրությունները, նպատակային ծրագրի իր կյանքը, վկայությամբ ուսուցանի ճշմարտությունը և սիրով ծառայի Տիրոջը:

Հոգիների կատարյալ Հովիվը, մարդկությանը փրկագնած միսիոները, տվել է մեզ Իր աստվածային հավաստիացումը.

«Եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա~ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքա՛ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»:7

Նրա մասին, ով ասել է այդ խոսքերը, ես բերում եմ իմ վկայությունը` Նա է Աստծո Որդին, մեր Քավիչը և մեր Փրկիչը:

Ես աղոթում եմ, որ մենք միշտ արձագանքենք Նրա մեղմ կանչին` «Դու իմ ետևիցը եկ»:8 Նրա, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: