«Եկեք ինձ մոտ»

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական


Իր խոսքերի միջոցով և Իր օրինակով` Քրիստոսը ցույց է տվել մեզ, թե ինչպես ավելի մոտենանք Իրեն:

Ես երախտապարտ եմ լինել ձեզ հետ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս համաժողովում: Սա Նրա Եկեղեցին է: Մենք վերցնում ենք Նրա անունը մեզ վրա, երբ մտնում ենք Նրա արքայություն: Նա Աստված է՝ Արարիչը, և կատարյալ է: Մենք մահկանացուներ ենք՝ մահվան և մեղքի ենթակա: Սակայն Իր սիրով մեր և մեր ընտանիքների հանդեպ, Նա հրավիրում է մեզ մոտ լինել Իրեն: Ահա Նրա խոսքերը. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. Փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. Խնդրեք, և կստանաք. Թակեք, և ձեզ կբացվի»:1

Այս Զատկին մենք հիշում ենք, թե ինչու ենք սիրում Նրան, և այն խոստումը, որ Նա տալիս է Իր հավատարիմ աշակերտներին՝ դառնալու Իր սիրելի ընկերները: Փրկիչը տվել է այդ խոստումը և մեզ բացատրել, թե ինչպես ենք Նրան ծառայելով մոտենում Նրան: Օրինակներից մեկը Օլիվեր Քաուդերիին տրված հայտնության մեջ է, երբ նա ծառայում էր Տիրոջը Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ Մորմոնի Գրքի թարգմանության վրա, «Ահա, դու Օլիվերն ես, և ես խոսեցի քեզ հետ քո ցանկությունների պատճառով, ուստի գանձիր այս խոսքերը քո սրտում: Հավատարիմ և ջանասեր եղիր Աստծո պատվիրանները պահելիս, և ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներում»:2

Ես զգացել եմ Փրկչին մոտենալու ուրախությունը և Նրա ինձ մոտենալը՝ հիմնականում պատվիրաններին հնազանդվելու հասարակ գործողությունների միջոցով:

Դուք ունեցել եք այդպիսի փորձառություններ: Դա գուցե պատահել է, երբ դուք ընտրել եք հաճախել հաղորդության ժողովի: Այդպես պատահեց ինձ հետ մի կիրակի օր, երբ ես շատ երիտասարդ էի: Այդ օրերին մենք հաղորդությունը ստանում էինք երեկոյան ժողովի ժամանակ: Ավելի քան 65 տարի առաջ այդ օրվա հիշողությունը, երբ ես պահեցի պատվիրանը՝ հավաքվելու ընտանիքիս և Սրբերի հետ, դեռ ինձ մոտեցնում է Փրկչին:

Դրսում մութ էր և ցուրտ: Ես հիշում եմ լույսի և ջերմության զգացումը ժողովարանում այդ երեկո ծնողներիս հետ: Մենք ճաշակեցինք հաղորդությունը, որը սպասավորվում էր Ահարոնյան Քահանայություն կրողների կողմից, ուխտելով մեր Երկնային Հոր հետ միշտ հիշել Նրա Որդուն և պահել Նրա պատվիրանները:

Ժողովի վերջում մենք երգեցինք «Մնա ինձ հետ այս երեկո» օրհներգը, որի մեջ կային հետևյալ խոսքերը. «Ով Փրկիչ, մնա ինձ հետ այս գիշեր»:3

Ես զգացի Փրկչի սերն ու մոտիկությունը այդ երեկո: Եվ ես զգացի Սուրբ Հոգու սփոփանքը:

Ես կամենում էի ևս մեկ անգամ բոցավառել Փրկչի սիրո և Նրա մտերմության զգացումը, որը ես զգացել էի հաղորդության այդ ժողովի ընթացքում իմ պատանեկան հասակում: Այսպիսով, վերջերս ես պահեցի մեկ այլ պատվիրան: Ես քննեցի սուրբ գրությունները: Դրանցում ես գիտեի, որ կկարողանայի ետ գնալ կրկին, որպեսզի Սուրբ Հոգին թույլ տար ինձ զգալ, այն ինչ հարություն առած Տիրոջ աշակերտները զգացին, երբ Նա պատասխանեց նրանց հրավերին գալ իրենց տուն և մնալ իրենց հետ:

Ես կարդացի Նրա Խաչելությունից և թաղումից հետո երրորդ օրվա մասին: Հավատարիմ կանայք և ուրիշները գտան քարը գերեզմանից հեռու գլորած և տեսան, որ Նրա մարմինն այնտեղ չէր:Նրանք եկել էին Նրա սիրուց դրդված՝ օծելու Նրա մարմինը:

Երկու հրեշտակ կանգնած էին կողքին և հարցնում էին, թե ինչու էին նրանք վախենում, ասելով.

«Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում:

Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. Յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.

Որ ասում էր, թէ պետք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ»:4

Մարկոսի Ավետարանն ավելացրել է հրահանգ հրեշտակներից մեկի կողմից. «Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թե Նա ձեզանից առաջ կգնայ Գալիլեա. Այնտեղ կտեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց»:5

Առաքյալներն ու աշակերտները հավաքվել էին Երուսաղեմում: Ինչպես մենք կարող է լինեինք, նրանք վախեցած էին և զարմանում էին, երբ խոսում էին միմյանց հետ, թե մահը և լուրերը Նրա հարության մասին, ինչ էր նշանակում իրենց համար:

Երկու աշակերտներ քայլում էին Երուսաղեմից Էմմաուս տանող ճանապարհով: Հարություն առած Քրիստոսը հայտնվեց ճանապարհին կեսօրին և քայլեց նրանց հետ: Հարություն առած Տերը եկավ նրանց մոտ:

Ղուկասի գիրքը թույլ է տալիս մեզ քայլել նրանց հետ.

«Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ:

Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան:

Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում եք գնալիս, եւ տրտմած էք:

Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չիմացար այն բաները, որ այն օրերը եղան նորանում»:6

Նրանք պատմեցին Նրան իրենց տխրության մասին, որ Հիսուսը մահացել էր, մինչդեռ նրանք վստահ էին, որ Նա էր լինելու Իսրայելի Քավիչը:

Պետք է որ սեր զգացվեր հարություն առած Տիրոջ ձայնում, երբ Նա խոսեց այդ երկու վշտահար և սգացող աշակերտների հետ.

«Եվ Նա ասեց նրանց. Ո՛վ անմիտներ եւ թուլասիրտներ՝ հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին.

Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր:

Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին»:7

Ապա՝ եկավ այն պահը, որը ջերմացրեց սիրտս փոքր տղա լինելուց սկսած.

«Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցույց տալիս, թէ ավելի հեռու տեղ է գնում:

Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ»:8

Փրկիչն ընդունեց այդ գիշեր Էմմաուս գյուղի մոտ Իր աշակերտների տունը մտնելու հրավերը:

Նա նրանց հետ սեղան նստեց, հաց առաւ, օրհնեց, կտրեց և տվեց այն նրանց: Նրանց աչքերը բացվեցին, այնպես որ նրանք ճանաչեցին Նրան: Հետո նա աներևույթ եղավ նրանց տեսողությունից: Ղուկասը գրի առավ մեզ համար այդ օրհնված աշակերտների զգացումները. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խոսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար»:9

Այդ նույն ժամին երկու աշակերտները ետ սլացան Երուսաղեմ՝ պատմելու տասնմեկ Առաքյալներին, թե ինչ էր պատահել իրենց: Այդ պահին Փրկիչը կրկին հայտնվեց:

Նա կրկնեց բոլոր Իր Հոր զավակների մեղքերի համար քավություն անելու և մահվան կապանքներն արձակելու՝ Իր առաքելության վերաբերյալ մարգարեությունները:

«Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել.

Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած:

Եւ դուք այս բաների համար վկաներ էք»:10

Փրկչի խոսքերը ճշմարիտ են նաև մեզ համար, ինչպես դրանք ճշմարիտ էին Իր աշակերտների համար այն ժամանակ: Մենք ականատեսներ ենք այս բաների: Եվ փառահեղ հանձնարարությունը, որ մենք ընդունեցինք, երբ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, մեզ համար պարզ է դարձվել Ալմա մարգարեի կողմից դարեր առաջ Մորմոնի ջրերի մոտ:

«Եվ եղավ այնպես, որ նա ասաց նրանց. Նայեք, ահա Մորմոնի ջրերը, (քանզի այդպես էին դրանք կոչվում) և արդ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,

Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. Այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ,

Արդ, ես ասում եմ ձեզ, եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առաջ, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա:

Եվ այժմ, երբ ժողովուրդը լսեց այս խոսքերը, նրանք ուրախությունից ծափ տվեցին, և բացականչեցին. Այս է մեր սրտի իղձը»:11

Մենք ուխտի մեջ ենք՝ ինչպես կարիքի մեջ գտնվողներին բարձրացնելու, այնպես էլ Փրկչի վկաները լինելու ուխտի մեջ, քանի դեռ ապրում ենք:

Մենք միայն այն ժամանակ կկարողանանք անել այդ առանց ձախողման, երբ մենք սեր զգանք Փրկչի հանդեպ և Նրա սերը մեր հանդեպ: Երբ մենք հավատարիմ լինենք այն խոստումներին, որ արել ենք, մեր սերը Նրա հանդեպ կզգանք, որ աճում է, որովհետև մենք կզգանք Նրա զորությունը և Նրա մոտենալը մեզ՝ Իրեն ծառայելու ընթացքում:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հաճախ է մեզ հիշեցրել Իր հավատարիմ աշակերտներին Տիրոջ խոստման մասին. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:12

Կա մեկ այլ ուղի, երբ դուք և ես զգացել ենք Նրա ավելի շատ մոտենալը մեզ: Երբ մենք Նրան նվիրված ծառայություն ենք մատուցում, Նա ավելի է մոտենում նրանց, ում մենք սիրում ենք մեր ընտանիքներում: Ամեն անգամ, երբ ես կանչվել եմ Տիրոջ ծառայությանը տեղափոխվելու կամ թողնելու ընտանիքս, ես սկսել եմ տեսնել, որ Տերն օրհնել է կնոջս և երեխաներիս: Նա պատրաստել է սիրով լի ծառաներ և հնարավորություններ՝ նրանց Իրեն ավելի մոտեցնելու համար:

Դուք զգացել եք նույն օրհնությունը ձեր կյանքում: Ձեզանից շատերն ունեն հարազատներ, ովքեր հավերժական կյանքի ուղուց հեռու են թափառում: Դուք ուզում եք իմանալ, թե էլ ինչ կարող եք անել՝ նրանց ետ բերելու համար: Դուք կարող եք վստահել Տիրոջը նրանց ավելի մոտենալու համար, մինչ ծառայում եք Նրան հավատքով:

Դուք հիշում եք Տիրոջ խոստումը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, երբ նրանք հեռու էին իրենց ընտանիքներից Նրա հանձնարարություններով. «Իմ բարեկամներ Սիդնի և Ջոզեֆ. Ձեր ընտանիքները բարվոք են. նրանք իմ ձեռքում են, և ես կվարվեմ նրանց հետ, ինչպես ինձ բարի է երևում. քանզի ինձանում է ողջ զորությունը»:13

Ալմայի և Թագավոր Մոսիայի նման, ձեզանից ոմանք՝ որպես հավատարիմ ծնողներ, երկար և լավ ծառայել են Տիրոջը, այնուամենայնիվ, ունեցել են երեխաներ, ովքեր հեռացել են, չնայած Տիրոջ համար իրենց ծնողների զոհաբերությանը: Ձեզ նման` նրանք արել էին այն ամենը, ինչ կարող էին, առանց ակնհայտ արդյունքի, նույնիսկ սիրող և հավատարիմ ընկերներիօգնությամբ:

Ալման և իր օրերի Սրբերը աղոթեցին իր որդու և Մոսիա թագավորի որդիների համար և հրեշտակ հայտնվեց: Ձեր աղոթքները և նրանց աղոթքները, ովքեր գործադրում են իրենց հավատքը, կբերի Տիրոջ ծառաներին՝ օգնելու ձեր ընտանիքի անդամներին: Նրանք կօգնեն նրանց ընտրել ուղին դեպի տուն՝ Աստծո մոտ, նույնիսկ, երբ նրանք հարձակման ենթարկվեն սատանայի և նրա հետևորդների կողմից, որի նպատակը ընտանիքները կործանելն է այս կյանքում և հավերժությունում:

Դուք հիշում եք խոսքերը, որոնք խոսվեցին հրեշտակի կողմից երիտասարդ Ալմային և Մոսիայի որդիներին իրենց ապստամբության ժամանակ. «Եվ բացի այդ, հրեշտակն ասաց. Ահա Տերը լսել է իր ժողովրդի աղոթքները և նաև իր ծառա Ալմայի աղոթքները, որը քո հայրն է. քանզի նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար, որ դու կարողանաս բերվել ճշմարտության իմացությանը. Հետևաբար, այս նպատակով եմ ես եկել համոզելու քեզ Աստծո զորության և իշխանության վերաբերյալ, որպեսզի նրա ծառաների աղոթքները կարողանան պատասխանվել համաձայն իրենց հավատքի»:14

Իմ խոստումը ձեզ, ովքեր աղոթում եք և ծառայում Տիրոջը. այն չէ, որ դուք կունենաք ամեն օրհնություն, որ դուք կկամենաք ձեզ համար և ձեր ընտանիքի համար: Բայց ես կարող եմ խոստանալ ձեզ, որ Փրկիչը մոտ կգա ձեզ և կօրհնի ձեզ և ձեր ընտանիքը նրանով, ինչը լավագույնն է: Դուք կունենաք Նրա սիրո մխիթարությունը և կզգաք Նրա ավելի մոտենալը՝ ի պատասխան ձեր աղոթքների, երբ դուք օգնության հասնեք՝ ծառայություն մատուցելով ուրիշներին: Երբ դուք կապեք վիրավորի վերքերը և առաջարկեք Նրա Քավությամբ մաքրագործում նրանց, ովքեր տանջվում են մեղքի մեջ, Տիրոջ զորությունն աջակից կլինի ձեզ: Նրա աջը կտարածվի ձեր ձեռքի հետ՝ սատարելու և օրհնելու մեր Երկնային Հոր զավակներին:

Դեպի տուն փառահեղ մի դարձ է պատրաստված մեզ համար: Այդ ժամանակ մենք կտեսնենք մեր սիրելի Տիրոջ իրականացած խոստումը: Նա է, ով ողջունելու է մեզ հավերժական կյանքում՝ Իր և մեր Երկնային Հոր հետ: Հիսուս Քրիստոսը նկարագրել է դա այս ձևով.

«Փնտրիր առաջ բերել և հաստատել իմ Սիոնը: Պահիր իմ պատվիրանները բոլոր բաներում:

Եվ, եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:15

«Քանզի նրանք, ովքեր ապրում են, պիտի ժառանգեն երկիրը, իսկ նրանք, ովքեր մահանում են, պիտի հանգստանան իրենց բոլոր աշխատանքներից, և նրանց գործերը պիտի գնան իրենց հետևից. Եւ նրանք պսակ պիտի ստանան իմ հոր ապարանքներում, որոնք ես պատրաստել եմ նրանց համար»:16

Ես վկայում եմ, որ մենք կարող ենք Հոգու միջոցով հետևել Երկնային Հոր հրավերին. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»:17

Իր խոսքերի միջոցով և Իր օրինակով` Քրիստոսը ցույց է տվել մեզ, թե ինչպես ավելի մոտենանք Իրեն: Երկնային Հոր ամեն զավակ, ով ընտրել է մտնել մկրտության դարպասի միջով Նրա Եկեղեցին, այս կյանքում կունենա հնարավորություն ուսուցանելու Նրա ավետարանը և լսելու Նրա կողմից կանչված ծառաներից՝ Նրա հրավերը. «Եկեք ինձ մոտ»:18

Ամեն Նրա ուխտյալ ծառա Իր թագավորությունում երկրի վրա և հոգևոր աշխարհում, կստանա Նրա ուղղորդումը, երբ նրանք օրհնեն և ծառայեն ուրիշների հանուն Նրա: Եվ նրանք կզգան Նրա սերը և կգտնեն ուրախություն` ավելի շատ մոտենալով Նրան:

Ես Տիրոջ Հարության վկան եմ, այնպես անկասկած, ինչպես որ ես եղած լինեի երկու աշակերտների հետ այդ երեկո Էմմաուսի ճանապարհի տանը: Ես գիտեմ, որ Նա ապրում է, այնպես անկասկած, ինչպես Ջոզեֆ Սմիթն էր հավատում, երբ Նա տեսավ Հորը և Որդուն պայծառ առավոտվա լույսի մեջ՝ Պալմիրայի ծառերի պուրակում:

Սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Միայն Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից կրվող քահանայության բանալիներում ունենք ընտանիքներով կնքվելու զորությունը, որպեսզի հավերժ ապրենք մեր Երկնային Հոր և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Մենք Դատաստանի օրը կկանգնենք Փրկչի առջև դեմ հանդիման: Դա կլինի ուրախության ժամանակ նրանց համար, ովքեր մոտեցել են Նրան այս կյանքում Նրա ծառայության մեջ: Մեծ ուրախություն կլինի` «Լավ, բարի եւ հաւատարիմ ծառայ»19 խոսքերը լսելը: Այսպես եմ ես վկայում՝ որպես հարություն առած Փրկչի և մեր Քավչի ականատես, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: