Քրիստոսի հետևորդները

Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից


Քրիստոսին հետևելը պատահական կամ հազվադեպ գործընթաց չէ, այլ շարունակական նվիրվածություն և ապրելակերպ է, որը վերաբերում է բոլոր ժամանակներին և բոլոր վայրերին:

Մեր ամենասիրելի հիմներից մեկը սկսվում է այս բառերով.

«Եկ հետևիր ինձ»,- Փրկիչն ասաց:
Հետո եկեք Նրա հետքերով քայլենք,
Քանզի միայն այսպիսով կարող ենք լինել մեկ
Աստծո սիրելի, միածին Որդու հետ:1

Այս բառերը գրվել են շոտլանդացի նորադարձ Ջոն Նիկոլսոնի կողմից, ով ոգեշնչված է եղել Իր առաքյալներին ուղղված Փրկչի առաջին հրավերով (տես Մատթէոս 4.19): Մեր վաղ ղեկավարներից շատերի նման` նա ուներ թերի կրթություն, բայց խորը սեր մեր Փրկչի և փրկության ծրագրի նկատմամբ:2

Այս համաժողովի բոլոր ուղերձներն օգնել են մեզ քայլել Փրկչի հետքերով, ում օրինակը և ուսմունքները սահմանում են Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի ճանապարհը:

Բոլոր Քրիստոնյաների նման` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն ուսումնասիրում են մեր Փրկչի կյանքը` ինչպես որ պատմվում է Նոր Կտակարանի Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի և Յովհաննէսի գրքերում: Ես կվերանայեմ Սուրբ Աստվածաշնչի այս չորս գրքի օրինակներն ու ուսմունքները և կհրավիրեմ մեզանից յուրաքանչյուրին խորհել, թե ինչպես են Նրա վերականգնված Եկեղեցին և մեզանից յուրաքանչյուրը որակավորվում որպես Քրիստոսի հետևորդներ:

Հիսուսն ուսուցանել է, որ Աստծո արքայությունը մտնելու համար մկրտությունն անհրաժեշտ է (տես Յովհաննէս 3.5): Նա սկսեց Իր ծառայությունը մկրտվելով (տես Մարկոս 1.9), և Նա ու Նրա հետևորդները մկրտեցին մյուսներին (տես Յովհաննէս 3.22–26): Մենք անում ենք նույկերպ:

Հիսուսը սկսեց Իր քարոզը` հրավիրելով Իր լսողներին ապաշխարել (տես Մատթէոս 4.17): Մինչև հիմա դա Նրա ծառաների ուղերձն է աշխարհին:

Իր ծառայության ընթացքում Հիսուսը տվեց պատվիրաններ: Եվ Նա ուսուցանեց. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք» ((Յովհաննէս 14.15; տես նաև 21, 23) հատվածները): Նա հաստատեց, որ Իր պատվիրանները պահելը կպահանջեր Իր հետևորդներից թողնել այն, ինչը Նա կոչում էր «մարդկանց առաջին բարձրը» (Ղուկաս 16.15) և «մարդկանց ավանդությունը» (Մարկոս 7.8; տես նաև 13 հատվածը): Նա նաև զգուշացրեց. «Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրեր. բայց որովհետև աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքից, նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Յովհաննէս 15.19): Ինչպես Պետրոս Առաքյալն ավելի ուշ հայտարարեց` Հիսուսի հետևորդները պետք է լինեն «ընտիր ազգ» (Ա Պետրոս 2.9):

Վերջին Օրերի Սրբերը հասկանում են, որ մենք չպետք է լինենք «աշխարհքից» կամ կապված «մարդկանց ավանդությանը», բայց, Քրիստոսի մյուս հետևորդների նման, մենք երբեմն դժվար ենք համարում սրանով հետևել Փրկչին: Որոշ մարդիկ ապրում են իրենց կյանքը երկրային ձևով, որովհետև, ինչպես Հիսուսն ասաց ոմանց մասին, ում ուսուցանում էր, «մարդկանց փառքն ավելի սիրեցին քան թէ Աստծուծոյ փառքը» (Յովհաննէս 12.43): Քրիստոսին հետևելու այս ձախողումներն այնքան բազմազան ու այնքան տարբեր են այստեղ թվարկելու համար: Դրանք ներառում են ամեն ինչ` սկսած աշխարհիկ սովորություններից` ինչպես քաղքենիությունը և հագուստի ու պահվածքի ծայրահեղությունները, մինչև հիմնական արժեքներից շեղումը` ինչպես ընտանիքի հավերժական բնույթն ու դերը:

Հիսուսի ուսմունքները չեն գրվել, որպեսզի մնան տեսական: Նրանք միշտ եղել են, որպեսզի ներգործվեն: Հիսուսն ուսուցանել է. «Արդ` ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է և նորանց կատարում, կ’նմանեցնեմ նորան մի իմաստուն մարդի» (Մատթէոս 7.24; տես նաև Ղուկաս 11.28), և «Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ» (Մատթէոս 24.46): Մեկ այլ սիրելի հիմնում մենք երգում ենք.

Փրկիչ, կարո՛ղ եմ սովորել սիրել Քեզ,
Քայլել այն ճանապարհով, որ դու ես ցույց տվել, …
Փրկիչ, կարո՛ղ եմ սովորել սիրել Քեզ-
Տեր, ես կհետևեմ Քեզ:3

Ինչպես Հիսուսն ուսուցանել է, նրանք, ովքեր սիրում են Նրան, կպահեն Նրա պատվիրանները: Նրանք կլինեն հնազնդ, ինչպես Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանեց այս առավոտ: Քրիստոսին հետևելը պատահական կամ հազվադեպ գործընթաց չէ, այլ շարունակական նվիրվածություն և ապրելակերպ է, որը վերաբերում է բոլոր ժամանակներին և բոլոր վայրերին: Երբ Փրկիչը սահմանեց հաղորդության (ինչպես մյուսներն են կոչում ուխտի) արարողությունը, Նա ուսուցանեց այս սկզբունքը և այն, թե ինչպես մեզ պետք է հիշեցնեն ու ամրացնեն, որպեսզի հետևենք դրան: Ժամանակակից հայտնությունից գիտենք, որ Նա Իր հետևորդներին պատվիրել է ճաշակել այդ խորհրդանիշերից` ի հիշատակ Նրա (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթէոս 26.22 [Մատթէոսի 26.26-ում ծանոթագրություն գ], 24, [Աստվածաշնչի հավելվածում]; Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 14.21–24 [Աստվածաշնչի հավելվածում]): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հետևում են այդ պատվիրանին ամեն շաբաթ` հաճախելով երկրպագության ծառայության, որտեղ մենք ճաշակում ենք հացից ու ջրից և ուխտ ենք կապում, որ մենք միշտ կհիշենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները:

Հիսուսն ուսուցանել է, որ «մարդիկ ամէն ժամ պետք է աղօթեն» (Ղուկաս 18.1): Նա նաև սահմանեց այդ օրինակը, երբ «բոլոր գիշերն անցրեց աղօթք անելով դէպի Աստծուած» (Ղուկաս 6.12)` նախքան Իր Տասներկու Առաքյալներին կանչելը: Մյուս Քրիստոնյաների նման, մենք աղոթում ենք մեր բոլոր երկրպագության ծառայությունների ժամանակ: Մենք նաև աղոթում ենք առաջնորդության համար, և մենք ուսուցանում ենք, որ պետք է հաճախակի աղոթենք անհատապես և մեր ընտանիքի հետ ծնկի իջած: Հիսուսի նման, մենք աղոթում ենք մեր Երկնային Հորը, և դա անում ենք Հիսուս Քրիստոսի սուրբ անունով:

Փրկիչը կանչեց Տասներկու Առաքյալներին, որպեսզի նրանք աջակցություն ցուցաբերեն Իր Եկեղեցում, և տվեց նրանց բանալիներն ու իշխանություն, որպեսզի Իր մահից հետո շարունակեն Իր աշխատանքը (տես Մատթէոսի 16.18–19; Մարկոսի 3.14–15; 6.7; Ղուկաս 6.13): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին` որպես Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցի, հետևում է այս օրինակին իր կառուցվածքով և Առաքյալներին բանալիների ու իշխանության շնորհումով:

Ոմանք, ում Հիսուսը կանչեց, որպեսզի հետևեն Իրեն, չպատասխանեցին անմիջապես, այլ հապաղեցին, որպեսզի հոգան սեփական ընտանեկան պարտականությունները: Հիսուսը պատասխանեց, «Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում և ետևին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (Ղուկաս 9.62): Շատ Վերջին Օրերի Սրբեր կիրառում են Հիսուսի ուսուցանած առաջնահերթությունը: Սա ներառում է հազարավոր տարեց միսիոներների և այլոց հիանալի օրինակները, ովքեր թույլ են տվել իրենց երեխաներին ու թոռնիկներին կատարել միսիոներական պարտականություններ, որի համար կանչվել են:

Հիսուսն ուսուցանել է, որ Աստված արու և էգ ստեղծեց նրանց, և որ մարդ իր հորը և մորը կթողնե, և իր կնոջը կհարե (տես Մարկոս 10.6–8): Մեր նվիրվածությունն այս ուսմունքին հայտնի է:

Կորուսյալ ոչխարի ծանոթ առակում Հիսուսն ուսուցանեց, որ մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի ետ բերենք նրան, ով մոլորվել է հոտից (տես Մատթէոս 18.11–14; Ղուկաս 15.3–7): Ինչպես գիտենք, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեծ շեշտադրում է կատարել այս ուղղությամբ իր անմոռանալի օրինակով և մեզ ծանոթ կանանց ու տղամարդկանց փրկելու մասին ուսմունքներով:4

Փրկելու և ծառայելու մեր ջանքերում մենք հետևում ենք մեր Փրկչի եզակի օրինակին և սիրո մասին գորովալից ուսմունքներին. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 22.39): Նա նույնիսկ պատվիրել է մեզ սիրել մեր թշնամիներին (տես Ղուկաս 6.27–28): Եվ Իր մահկանացու ծառայության վերջում Իր հիանալի ուսմունքներում Նա ասել է.

«Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք:

Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Յովհաննէս 13.34–35):

Որպես միմյանց սիրելու մաս` Հիսուսն ուսուցանել է, որ երբ մարդիկ անարդար լինեն մեր նկատմամբ, մենք պետք է ներենք նրանց (տես Մատթէոս 18.21–35; Մարկոս 11.25–26; Ղուկաս 6.37): Մինչ շատերն աշխատում են այս դժվար պատվիրանի վրա` մենք բոլորս գիտենք Վերջին Օրերի Սրբերի ոգեշնչող օրինակների մասին, ովքեր ցուցաբերել են սիրալիր ներողամտություն` նույնիսկ ամենալուրջ սխալների նկատմամբ: Օրինակ` Քրիս Վիլյամսը ապավինեց առ Հիսուս Քրիստոս իր հավատքին, որպեսզի ներեր հարբած վարորդին, ով դարձել էր իր կնոջ և իրենց երկու երեխաների մահվան պատճառը: Ողբերգությունից միայն երկու օր անց և դեռ խորապես հուսահատ, այս ներողամիտ մարդը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես եպիսկոպոս, ասաց, «Որպես Քրիստոսի հետևորդ` ես ոչ մի այլընտրանք չունեի»:}5

Ինչպես Հիսուսն ուսուցանել է, շատ Քրիստոնյաներ օգնում են աղքատներին և կարիքավորներին (տես Մատթէոս 25.31–46; Մարկոս 14.7): Մեր Փրկչի այս ուսմունքին հետևելու մեջ` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և նրա անդամները գերազանցում են: Մեր անդամները կատարում են առատաձեռն նվիրատվություններ բարեգործական կազմակերպություններին և մատուցում են անձնական ծառայություններ և այլ նվերներ աղքատների ու կարիքավորների համար: Ավելին, մեր անդամներն ամեն ամիս երկու ճաշի չափով ծոմ են պահում և նվիրաբերում են առանվազն այս ճաշերի արժեքը` որպես ծոմի նվիրատվություն, որը մեր եպիսկոպոսները և ճյուղի նախագահները կիրառում են մեր կարիքավոր անդամներին օգնելու համար: Սովածներին օգնելու համար մեր ծոմապահությունը գթության արարք է, այն մեզ հոգեպես ամրացնում է, երբ կատարվում է մաքուր մտադրությամբ:

Ավելի քիչ հայտնի է մեր Եկեղեցու գլոբալ մարդասիրական ծառայությունը: Օգտագործելով առատաձեռն անդամների կողմից նվիրաբերված միջոցները` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուղարկում է սնունդ, հագուստ և այլ կարևոր պարագաներ, որպեսզի մեղմացնի ամբողջ աշխարհի չափահասների և երեխաների տանջանքները: Այս մարդասիրական նվիրատվությունները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում կազմում են հարյուրավոր միլիոններ, կատարվում են անկախ կրոնից, ռասսայից կամ ազգությունից:

2011թ.-ի Ճապոնիայի երկրաշարժին ու ցունամիին հետևող մեր զանգվածային օգնության ջանքերն ապահովեցին կանխիկ 13 միլիոն դոլար և օգնության պարագաներ: Ի լրումն, ավելի քան 31,000 Եկեղեցու կողմից հովանավորվող կամավորներ կատարեցին ավելի քան 600,000 ժամի ծառայություն: Արևելյան Միացյալ Նահանգներում Սենդի մրրիկի պատճառով տուժածներին մեր մարդասիրական օգնությունն ապահովեց զանազան միջոցների մեծ նվիրատվություններով` գումարած մաքրման ծառայության գրեթե 300,000 ժամ Եկեղեցու մոտ 28,000 անդամի կողմից: Նախորդ տարում, շատ այլ օրինակների կողքին, Աֆրիկյան Չադ երկրի փախստականների համար մենք ապահովեցինք 300,000 ֆունտ (136,000 կգ) հագուստ և կոշկեղեն: Վերջին 25 տարիների ընթացքում մենք օգնել ենք մոտ 30 միլիոն մարդկանց 179 երկրներում:6 Իսկապես որ, «Մորմոն» կոչվող մարդիկ գիտեն ինչպես օգնել աղքատին ու կարիքավորին:

Իր վերջին աստվածշնչյան ուսմունքում մեր Փրկիչը պատվիրեց Իր հետևորդներին հասցնել Իր ուսմունքներն ամեն ազգի ու ամեն էակի: Սկսած վերականգնումից` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին փորձել է հետևել այդ ուսմունքին: Նույնիսկ երբ մենք աղքատ և պայքարող նոր եկեղեցի էինք` միայն մի քանի հազար անդամներով, մեր վաղ ղեկավարները միսիոներներ էին ուղարկում օվկիանոսներից այն կողմ, արևելք ու արևմուտք: Որպես ժողովուրդ` մենք շարունակում ենք ուսուցանել Քրիստոնեական ուղերձը մինչև այսօր, երբ մեր անզուգական միսիոներական ծրագիրն ունի ավելի քան 60,000 լիաժամկետ միսիոներներ, ինչպես նաև հազարավոր կարճաժամկետ միսիոներներ: Մենք ունենք միսիոներներ ավելի քան 150 երկրներում և տարածքներում` ամբողջ աշխարհում տարածված:

Իր մեծ Լեռան Քարոզի վերջում Հիսուսն ուսուցանեց. «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթէոս 5.48): Այս ուսմունքի նպատակը և մեր Փրկչին հետևելու նպատակը Հորը մոտենալն է, ում մասին մեր Փրկիչը ասում էր` «իմ Հայրը և ձեր Հայրը; և … իմ Աստուածը և ձեր Աստուածը» (Յովհաննէս 20.17):

Վերականգնված ավետարանին յուրահատուկ հայտնությունից գիտենք, որ այս ուսմունքները Հայր Աստծո` Իր զավակների փրկության ծրագրի մի մասն են: Այդ ծրագրի ներքո` մենք բոլորս մեր երկնային ծնողների ժառանգներն ենք: «Աստուծոյ որդիք ենք»,- ուսուցանել է Պողոս Առաքյալը,- «և եթէ որդիք` ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս 8.16–17): Սա նշանակում է, ինչպես մեզ ասվել է Նոր Կտակարանում, որ մենք «ժառանգ [ենք]… հավիտենական կյանքի» (Տիտոս 3.7) և եթե մենք մոտենանք Հորը, մենք պետք է «ժառանգենք ամէնը» (Հայտնություն 21.7) – այն ամենը, ինչ Նա ունի – մի հասկացողություն, որ մեր մահկանացու մտքերը հազիվ են կարողանում ըմբռնել: Բայց, համենայն դեպս, մենք կարող ենք հասկանալ, որ նվաճել այս առավելագույն ճակատագիրը հավերժությունում հնարավոր է միայն, եթե մենք հետևենք մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, ով ուսուցանել է, որ «Ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Յովհաննէս 14.6): Մենք փորձում ենք հետևել Նրան և ավելի շատ նմանվել Նրան, այստեղ և հետագայում: Այսպիսով, դա այն է, ինչ «Եկ հետևիր ինձ» մեր հիմնի վերջին հատվածներում մենք երգում ենք.

Բավակա՞ն է միայն գիտենալ,
Որ մենք պետք է հետևենք նրան այստեղ,
Մինչ ճամփորդում ենք արցունքների այս հովտով:
Ոչ, սա տարածվում է դեպի ավելի սրբազան տեղեր:…
Քանզի գահերը, իշխանությունները, թագավորությունները, զորությունները,
Եվ մեծ փառքն ու երանությունը մերն են,
Եթե մենք հավերժության ընթացքում
Հնազանդվենք Նրա խոսքերին` «Եկ հետևիր ինձ»:7

Ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ում ուսմունքներին և օրինակին մենք ձգում ենք հետևել: Նա հրավիրում է բոլորին, ովքեր հուսահատ են, գալ դեպի Նա, սովորել Նրանից, հետևել Նրան և այսպիսով գտնել հանգստություն մեր հոգիների համար (տես Մատթէոս 4.19; 11.28): Ես վկայում եմ Նրա ուղերձի ճշմարտացիության և Նրա վերականգնված Եկեղեցու աստվածային առաքելության և իշխանության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. “Come, Follow Me,” Hymns, no. 116.

  2.  

    2. Տես Karen Lynn Davidson, Our Latter-day Hymns: The Stories and the Messages (1988), 142–43, 419.

  3.  

    3. “Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220.

  4.  

    4. Տես, օրինակ, Heidi S. Swinton, To the Rescue: The Biography of Thomas S. Monson (2010), 149–61; Thomas S. Monson, “To the Rescue,” Ensign, May 2001, 48–50; Liahona, July 2001, 57–60.

  5.  

    5. Chris Williams, in Jessica Henrie, “Father Relies on Faith to Forgive Intoxicated Teen Driver,” Deseret News, Aug. 1, 2012, deseretnews.com/article/865559847/Let-It-Go-Chris-Williams-shares-his-story-of-tragedy-and-forgiveness.html; see also Chris Williams, Let It Go: A True Story of Tragedy and Forgiveness (2012).

  6.  

    6. Տես “Emergency Response: Church Assists Worldwide,” Church News, Mar. 9, 2013, 9; Welfare Services Emergency Response, “2012 Year in Review,” 8.

  7.  

    7. Hymns, no. 116.