2010–2019 թթ․
Սա հրաշք է
Ապրիլ 2013


Սա հրաշք է

Մենք ականատես ենք լինում Տիրոջ հրաշքներին, մինչ Նրա ավետարանը տարածվում է աշխարհով մեկ:

Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը լի էր հրաշքներով` կույս մայր, նոր աստղ, հովիվներին հայտնվող հրեշտակներ, տեսնող կույրեր, քայլող կաղեր, հրեշտակներ Գեթսեմանիում և գերեզմանում, և բոլոր հրաշքներից ամենամեծը` Նրա փառահեղ Հարությունը:

Կարո՞ղ եք պատկերացնել Գալիլիայի մոտ գտնվող սարի վրա տասնմեկ Առաքյալների տեսարանը, երբ հարություն առած Տերը եկավ նրանց մոտ և ասաց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը»:1 «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի»:2

«Բոլոր ազգե՞րը»: «Բոլոր աշխա՞րհք»: «Ամեն արարածի՞»: Դա հնարավո՞ր էր: Չնայած, որ Հիսուսը հորդորեց նրանց, նրանք զարմանում էին, թե ինչպես հրաշքներն իսկապես կառաջնորդեին իրենց ավետարանը տարածելիս: 3

Հավատքը հաղթահարեց կասկածը, և Պետրոսը բարձրացրեց իր ձայնը` ասելով.

«Ամենքդ` որ բնակուած էք Երուսաղէմումը, … իմ խօսքերին ականջ դրէք. …

Յիսուս Նազովրեցին, … [ում] առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած,, սպանեցիք. …

Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս»:4

Այդ օրը անհերքելի հոգևոր զեղում տեղի ունեցավ և 3000 հոգի մկրտվեցին: Ինչպես խոստացել էր Հիսուսը, նշանները և հրաշքները հետևում էին հավատացյալների հավատքին:

Երբ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվեց 183 տարի առաջ, Տերը պատվիրեց Իր հետևորդների փոքրիկ խմբին դարեր առաջ արձագանքած Իր խոսքերը. «Եվ նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին»:5 «Քանզի, ճշմարիտ, ձայնն առաջ պիտի գնա … դեպի ողջ աշխարհը, և դեպի երկրի ծայրամասերը»:6

«Բոլոր ժողովուրդների՞ն»: «Ողջ աշխա՞րհք»: «Երկրի ծայրամասե՞րը»: Դա հնարավո՞ր էր:

Տերը հորդորեց Իր Վերջին Օրերի Սրբերին,7 սակայն կարո՞ղ էին նրանք կանխատեսել այս զարմանալի գործի հաջողությունը և ճակատագիրը: Նրանք, երևի թե, մտածել են այն մասին, թե արդյոք հրաշքները կառաջնորդեն իրենց ավետարանը տարածելիս:

Կրկին, հավատքը հաղթահարեց կասկածը, և հազարավոր մարդիկ մկրտվեցին: Անգլիայում Երեց Վիլֆորդ Վուդրուֆը գտավ մի ամբողջ համայնք, որ սպասում էր իր գալուստին: Տիրոջ Հոգին իջավ նրանց վրա, և նա մկրտեց 45 քարոզիչների և մի քանի հարյուր անդամների Բենբո ագարակում անցկացրած իր առաջին ամսվա ընթացքում: 8

Մեր օրերը չեն տարբերվում այդ օրերից: Երբ Երեց Դեյվիդ  Ա. Բեդնարը և ես միսիոներներ էինք մոտավորապես 40 տարի առաջ (և ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք ամենատարեցները չենք վերադարձած միսիոներների մեջ, ովքեր նստած են կարմիր աթոռներին). այդ ժամանակ կային 16000 միսիոներներ: Ինչպես երեկ զեկուցեց Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնը, այժմ մենք ունենք 65000` ավելին, քան երբևէ նախկինում: Այն ժամանակ կային 562 ցցեր: Այսօր դրանք 3000-ից ավելի են: Այն ժամանակ, մենք ծխեր և ճյուղեր ունեինք 59 երկրներում: Այսօր մենք համայնքներ ունենք աշխարհի 224 երկրներից և տարածքներից 189-ում: Մենք թվով քիչ ենք, ճիշտ ինչպես մարգարեացել է Նեփին:9 Սակայն միևնույն ժամանակ, դուք և ես կենդանի վկաներն ենք Դանիելի մարգարեական խոսքերի. «քար կտրուեցաւ` առանց ձեռքի … [և լցնում է] բոլոր երկիրը»:10

Մեր օրերը հրաշքների ուշագրավ ժամանակաշրջան է: Վեց ամիս առաջ, երբ Նախագահ Մոնսոնը հայտարարեց տարիքային փոփոխությունը երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց համար, ովքեր ցանկանում են միսիա ծառայել, անհերքելի հոգու զեղում տեղի ունեցավ: Հավատքը հաղթահարեց կասկածը, և երիտասարդ տղամարդիկ ու երիտասարդ կանայք առաջ շարժվեցին: Համաժողովին հաջորդող հինգշաբթի օրն ինձ հանձնարարված էր Առաջին Նախագահությանը ներկայացնել միսիոներական կանչերը: Ես զարմացած էի տեսնելով 18-ամյա տղաների և 19-ամյա աղջիկների դիմումները, ովքեր արդեն իսկ կարգավորել էին իրենց ծրագրերը, այցելել էին իրենց բժիշկներին, հարցազրույց էին ունեցել իրենց եպիսկոպոսների և ցցի նախագահների հետ և ներկայացրել էին իրենց միսիոներական դիմումները, և այդ ամենն ընդամենը հինգ օրում: Այժմ նրանց միացել են հազարավորներ ուրիշները: Սա հրաշք է:

Մենք շնորհակալ ենք մեր քույրերի եռանդուն հավատքի համար, միսիոներների թվի աճի համար աշխարհով մեկ, և ծառայելու պատրաստ զույգերի քանակի աճի համար: Հիսունութ նոր միսիաներ են հայտարարվել և, ի լրումն մեր Պրովոյի միսիոներական կենտրոնի, նոր միսիոներական կենտրոն է բացվում Մեխիկո Սիթիում:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մենք առանձնահատուկ լրջությամբ ենք ընդունում Փրկչի կոչը. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը»»:11 «Այս գործը կշարունակի առաջ գնալ, փոխելով և օրհնելով կյանքեր: Ամբողջ աշխարհում չկա ոչ մի ուժ, ոչ մի պատճառ, որը կարող է կանգնեցնել Աստծո աշխատանքը»:12

Մենք ականատես ենք լինում Տիրոջ հրաշքներին, մինչ Նրա ավետարանը տարածվում է աշխարհով մեկ:

Եղբայրներ և քույրեր, ճիշտ ինչպես Տերը ոգեշնչել է ավելի շատ միսիոներների, որպեսզի ծառայեն, Նա նաև ավելի շատ լավ և ազնիվ մարդկանց մտքերն է արթնացնում և սրտեր է բացում, որ ընդունեն Իր միսիոներներին: Դուք արդեն իսկ ճանաչում եք նրանց կամ կճանաչեք նրանց: Նրանք ձեր ընտանիքում են և ապրում են ձեր հարևանությամբ: Փողոցում նրանք անցնում են ձեր կողքով, դպրոցում նստում են ձեր կողքին և կապվում են ձեզ հետ համացանցում: Դուք նույնպես կարևոր մասն եք այդ զարգացող հրաշքի:

Եթե դուք լիաժամկետ միսիոներ չեք, ով իր բաճկոնին ամրացված կրծքանշան ունի, այժմ ժամանակն է, որ մի նշան գրեք ձեր սրտի վրա, ինչպես Պողոսն է ասում. «գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը»:13 Իսկ դո՛ւք, վերադարձա՛ծ միսիոներներ, գտեք ձեր հին միսիոներական կրծքանշանը: Մի կրեք այն, սակայն դրեք այն մի տեղ, որ կարող եք տեսնել: Տերն այժմ ավելի շատ, քան երբևէ, ունի ձեր կարիքը, որ լինեք գործիք Նրա ձեռքում: Բոլորս պետք է ներդրում կատարենք այս հրաշքի իրականացման գործում:

Եկեղեցու յուրաքանչյուր արդար անդամ մտածել է, թե ինչպես կիսվի ավետարանով: Ոմանք հեշտությամբ են կիսվում ավետարանով, և մենք շատ բան կարող ենք սովորել նրանցից:14 Ոմանք դժվարանում են և խորհում, թե ինչպես ավելի լավ դա անել, հուսալով, որ մեղավոր լինելու զգացողությունը, որ, երբեմն, ունենում ենք, կհեռանա մեզանից:

Ավետարանով կիսվելու մեր ցանկությունը բոլորիս էլ բերում է մեր ծնկների վրա, և դա այդպես էլ պետք է լինի, քանի որ մենք ունենք Տիրոջ օգնության կարիքը:

Նախագահ Մոնսոնը խնդրել է, որ մենք աղոթենք «այն տարածքների համար, որտեղ մեր ազդեցությունը սահմանափակ է և որտեղ մեզ թույլ չի տրվում այսօր ազատ քարոզել ավետարանը»:15 Երբ մենք անկեղծորեն և միասնաբար աղոթենք մեր Երկնային Հորը, Տերը կշարունակի կարևոր դռներ բացել մեզ համար:

Մենք նաև աղոթում ենք ավետարանը կիսելու մեր անձնական հնարավորությունների համար: Պետրոս Առաքյալն ասել է. «Միշտ պատրաստ եղեք .... պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե»:16

Աշխարհի այսօրվա մոլորված17 ու խառնաշփոթ18 վիճակում զարմանալի չէ, որ քիչ մարդիկ են այցելում իրենց երկրպագության վայրերը: Չնայած շատերն են ուզում մոտ լինել Աստծուն և ավելի լավ հասկանալ կյանքի նպատակը, նրանք ունեն անպատասխան հարցեր: Շատերն ունեն ճշմարտության համար բաց սրտեր, բայց ինչպես նկարագրում է Ամովս մարգարեն. «նրանք [ման են գալիս] Տիրոջ խոսքը որոնելու համար և [չեն գտնում]»:19 Դուք կարող եք օգնել նրանց գտնել իրենց հարցերի պատասխանները: Ձեր ամենօրյա զրույցներում դուք կարող եք ավելացնել նրանց հավատքն առ Քրիստոս:20

Փրկիչն ասել է. «Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»:21

Ես խոստանում եմ ձեզ, երբ դուք աղոթեք իմանալու համար, թե ում հետ խոսեք, անուններն ու դեմքերը կգան ձեր մտքին: Հենց նույն պահին ձեզ կտրվեն այն խոսքերը, որոնք պետք է ասվեն:22 Հնարավորություններ կբացվեն ձեզ համար: Հավատքը կհաղթահարի կասկածը, և Տերը կօրհնի ձեզ ձեր իսկ հրաշքներով:

Տերն ուսուցանել է մեզ, թե ինչպես կիսվել ավետարանով: Ես սիրում եմ Անդրեասի պատմությունը, ով հարցրեց. «Ռաբբի, ո՞րտեղ ես կենում»:23 Հիսուսը կարող էր ի պատասխան ասել Իր ապրելու վայրը: Սակայն, դրա փոխարեն նա ասաց. «Եկեք և տեսեք»:24 Ինձ հաճելի է մտածել, որ Փրկչի ասածը սա էր. «Եկեք և տեսեք ոչ միայն թե որտեղ եմ ապրում, այլ թե ինչպես եմ ապրում: Եկեք և տեսեք, թե ով եմ ես: Եկեք և զգացեք Հոգին»: Մենք ամեն ինչ չէ, որ գիտենք այդ օրվա մասին, սակայն գիտենք, որ երբ Անդրեասը գտավ իր եղբայր Սիմոնին, նա հայտարարեց. «Քրիստոսը գտել ենք»:25

Մենք կարող ենք հետևել Փրկչի օրինակին և մեր զրույցների ժամանակ հետաքրքրություն ցուցաբերած մարդկանց հրավիրենք` «եկեք և տեսեք»: Ոմանք կընդունեն մեր հրավերը, և ոմանք էլ չեն ընդունի: Մենք բոլորս էլ գիտենք մեկին, ում հրավիրել են մի քանի անգամ, մինչև որ ընդունել է «եկեք և տեսեք» հրավերը: Եկեք նաև մտածենք նրանց մասին, ովքեր մի ժամանակ մեզ հետ էին, սակայն այժմ մենք հազվադեպ ենք նրանց տեսնում, հրավիրելով նրանց վերադառնալ և տեսնել ևս մեկ անգամ:

Մենք հարգում ենք յուրաքանչյուր անձնավորության ընտրությունը և ժամանակը: Տերն ասել է. «Թող ամեն մարդ իր համար ընտրի»:26 Մարդու հետաքրքրության պակասը չպետք է վնասի մեր ընկերությանը և սիրուն: Անկախ այն բանից, թե հրավերն ընդունվում է, թե ոչ, երբ դուք հրավիրում եք ուրիշներին «գալ և տեսնել», դուք կզգաք Տիրոջ հավանությունը և այդ հավանության հետ մեկտեղ ձեր հավատքը կմեծանա, որ կիսվեք ձեր համոզմունքներով կրկին և կրկին:

Նրանց համար, ովքեր օգտվում են Ինտերնետից կամ բջջային հեռախոսներից, նոր եղանակներ կան, որոնցով կարող են հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել»: Եկեք համացանցով մեր հավատքը կիսելը դարձնենք մեր առօրյա կյանքի մասը: LDS.org-ը, Mormon.org-ը, Facebook-ը, Twitter-ը, – սրանք բոլորն էլ հնարավորություններ են ընձեռում:

Ավետարանով կիսվելու համար Բոստոնի երիտասարդ անդամները բացել են մի քանի բլոգեր:27 Նրանք, ովքեր միացել էին Եկեղեցուն, սկսել էին իրենց ուսումնասիրությունները համացանցում, որին հետևել էին միսիոներների հետ ունեցած հարցազրույցները: Այդ փորձառությունը ևս օգնեց երիտասարդներին, որ ավելի մեծ հավատք կիրառեն անձամբ ավետարանի մասին խոսելիս: Նրանցից մեկն ասել է. «Սա միսիոներական աշխատանք չէ: Սա միսիոներական հաճելի ժամանց է»:28

Մենք բոլորս էլ ներգրավված ենք այս աշխատանքում: Ծխի մեր անդամների և միսիոներների հետ միասին մենք ծրագրում և աղոթում և օգնում ենք միմյանց: Խնդրում ենք լիաժամկետ միսիոներներին պահեք ձեր մտքում և աղոթեք նրանց համար: Վստահեք նրանց ձեր ընտանիքներին և ընկերներին: Տերը վստահում է նրանց և կանչել է նրանց ուսուցանել և օրհնել նրանց, ովքեր փնտրում են Իրեն:

Նախագահ Պաուլո Քրեթլին Մոզամբիկի Մապուտո Միսիայից կիսվել է այս փորձառությամբ. «Մոզամբիկում ընդունված երևույթ է, երբ զույգերը միասին են ապրում առանց ամուսնանալու, քանի որ աֆրիկյան ավանդույթը պահանջում է թանկարժեք օժիտ ամուսնանալու համար, օժիտ, որը զույգերի մեծամասնությունը չեն կարող ապահովել»:29

Անդամները և միսիոներները մտածեցին և աղոթեցին այն մասին, թե ինչպես օգնել:

Նրանց աղոթքների պատասխանն այն էր, որ պետք է շեշտեին մաքրաբարոյության օրենքը և ամուսնության կարևորությունը և հավերժական ընտանիքները: Եվ մինչդեռ օգնում էին զույգերին ապաշխարել և օրենքով ամուսնանալ, նրանք սովորեցնում էին այն երջանկության մասին, որը գալիս է միայն Հիսուս Քրիստոսին հետևելու միջոցով:

Սա Մոզամբիկի երկու տարբեր քաղաքների զույգերի նկարներն են: Ամուսնանալով ուրբաթ օրը, նրանք իրենց ավագ երեխաների հետ մկրտվեցին կիրակի օրը:30 Ընկերները և ընտանիքները հրավիրված էին` «գալու և տեսնելու», և հարյուրավոր մարդիկ «եկան և տեսան»:

Մկրտությունից հետո քույրերից մեկն ասաց. «Մենք պետք է ընտրեինք հետևել մեր հայրերի ավանդույթներին կամ հետևել Հիսուս Քրիստոսին: Մենք ընտրեցինք հետևել Քրիստոսին»:31

Դուք գուցե չեք ապրում Մոզամբիկում, սակայն ձեր իսկ ձևով, ձեր իսկ մշակույթում դուք կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով:

Աղոթեք ձեր Երկնային Հորը: Սա Նրա սուրբ գործն է: Նա ձեզ ուղղություն կտա, թե ինչ անեք: Նա կբացի դռները, կհեռացնի խոչընդոտները և կօգնի ձեզ հաղթահարել դժվարությունները: Տերը հայտարարել է. «Նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով.... և ոչ ոք ետ չի պահի նրանց»:32

Ես վկայում եմ, որ «Տիրոջ ձայնը [կգնա] աշխարհի ծայրերը, որպեսզի բոլորը, ովքեր կամենում են լսել, կարողանան լսել»:33 Դա հրաշք է: Դա, իսկապես, հրաշք է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մատթեոս 28.19:

  2. Մարկոս 16.15:

  3. Տես Մատթեոս 28.20Մարկոս 16.17–18:

  4. Գործք 2.14, 22–23, 32:

  5. Վարդապետություն և Ուխտեր 1.4:

  6. Վարդապետություն և Ուխտեր 58.64:

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.5:

  8. Տես Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 89–92:

  9. Տես 1 Նեփի 14.12:

  10. Դանիել 2:34–35:

  11. Թոմաս Ս. Մոնսոն, «Բարի գալուստ համաժողովին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 5:

  12. Թոմաս Ս. Մոնսոն, «Կրկին հավաքվելով» Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 4:

  13. Բ Կորնթացիս 3.3:

  14. Տես Clayton M. Christensen, The Power of Everyday Missionaries: The What and How of Sharing the Gospel (2013).

  15. Թոմաս Ս. Մոնսոն, «Բարի գալուստ համաժողովին» Ensign or Լիահոնա, Nov. 2009, 6:

  16. Ա Պետրոս 3.15:

  17. Ժամանակով ստուգված ճշմարտությունները վերասահմանվում և անտեսվում են. տես Վարդապետություն և Ուխտեր 1.16, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 132.8:

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 45.26, 88:91:

  19. Ամովս 8.12:

  20. Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Երիցականներն ունե՞ն որևէ ճշմարտություն: Այո: Մկրտականները, մեթոդականները և այլոք ունե՞ն որևէ ճշմարտություն: Այո: … Մենք պետք է հավաքենք աշխարհի բոլոր լավ և ճշմարիտ սկզբունքները և փայփայենք դրանք» (History of the Church, 5:517): «Մենք չենք խնդրում որևէ մարդու մի կողմ դնել իրենց ունեցած լավը.... մենք միայն խնդրում ենք նրանց գալ և ավելին ունենալ: Ի՞նչ կպատահի, եթե ողջ աշխարհն ընդունի այս Ավետարանը: Այդ ժամանակ նրանք դեմ հանդիման կտեսնեն, և Աստծո օրհնությունները կթափվեն ժողովրդի վրա, որն իմ ողջ հոգու ցանկությունն է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ  [2007], 155): Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Թույլ տվեք ասել, որ մենք գնահատում ենք բոլոր եկեղեցիներում եղած ճշմարտությունը և լավ բաները, որ նրանք անում են: Մենք պարզապես մարդկանց ասում ենք` դուք ձեզ հետ բերեք այն ամբողջ լավը, որ դուք ունեք, և հետո թույլ տվեք տեսնել, թե կարող ենք մենք ավելացնել դրա վրա: Դա է այս աշխատանքի ոգին: Դա է մեր միսիոներական ծառայության էությունը» (“Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Aug. 1998, 72,“Words of the Living Prophet,” Liahona, Apr. 1999, 19): «Մենք պետք է լինենք ընկերասեր ժողովուրդ: Մենք պետք է լավը նկատենք բոլոր մարդկանց մեջ: Մեր նպատակը չէ քննադատել մյուս եկեղեցիներին: Մենք քարոզում և ուսուցանում ենք լավատեսությամբ և հաստատակամությամբ: Մենք ասում ենք այլ հավատքի մարդկանց. «դուք ձեզ հետ բերեք այն ամբողջ լավը, որ դուք ունեք և թույլ տվեք տեսնել, եթե մենք կարող ենք ավելացնել դրա վրա»: Դա է հիմնականում մեր հրաշալի միսիոներական ծրագրի էությունը և այն արդյունքներ է տալիս» (“Messages of Inspiration from President Hinckley,” Church News, Nov. 7, 1998, 2. տես ldschurchnews.com):

  21. 3 Նեփի 18.24:

  22. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.85, , 100.6:

  23. Հովհաննես Ա.38:

  24. Հովհաննես Ա.39:

  25. Հովհաննես Ա.41:

  26. Վարդապետություն և Ուխտեր 37.4:

  27. Տես, օրինակ, youngandmormon.com:

  28. Հեռախոսային խոսակցություն Ջաքսոն Հեյթի հետ մարտի 22-ին, 2013թ.:

  29. Անձնական հաղորդագրություն Նախագահ Պաուլո Վ. Քրեթլիի կողմից, մարտի 6-ին, 2013թ:

  30. Նախագահ Պաուլո Վ. Քրեթլիի կողմից տրամադրված նկարներ: Առաջին խումբը Մապուտոյից էր. նրանք ամուսնացել էին նոյեմբերի 30-ին, 2012թ., և մկրտվել էին դեկտեմբերի 1-ին, 2012թ.: Երկրորդ խումբը Բեյրայից էր. Նրանք ամուսնացել էին մարտի 1-ին, 2013թ., և մկրտվել էին մարտի 2-ին, 2013թ.:

  31. Անձնական հաղորդագրություն Նախագահ Պաուլո Վ. Քրեթլիի կողմից, մարտի 6-ին, 2013թ.:

  32. Վարդապետություն և Ուխտեր 1.4–5:

  33. Վարդապետություն և Ուխտեր 1.11: