«Հաւատում եմ, Տէր»

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Տասներկու Առաքյալների քվորումի անդամ


Անկեղծորեն ընդունեք ձեր հարցերն ու մտահոգությունները, բայց նախ՝ թեժացրեք ձեր հավատքի կրակը, քանի որ ամեն բան կարելի է նրանց, որ հավատում են:

Մի առիթով Հիսուսը հանդիպեց միխումբ մարդկանց, որոնք տաքացած վիճում էին իր աշակերտների հետ:Երբ Փրկիչը հետաքրքրվեց, թե ինչն էր պատճառը, մի չարչարված երեխայի հայր առաջ եկավ, ասելով, որ իր երեխային բերել էր, որ Հիսուսի աշակերտներն օրհնություն տան, բայց նրանք չէին կարողացել: Տեսնելով որդուն ատամները կրճտացնելիս, բերանը փրփրելիս և գետինն ընկած թավալվելիս՝ հայրը դիմում է Հիսուսին, հավանաբար, հուսահատության վերջին ճիգի ձայնով.

«Եթէ մի բան կարող ես,- ասաց նա,- օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ։

Յիսուսն էլ նորան ասեց. «Այն՝ եթէ կարող ես հաւատալ, ամեն բան կարելի է հաւատացողին։

Եւ շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց, Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր»։1

Այս մարդու նախնական համոզմունքը, ըստ իր խոստովանության, սահմանափակ է: Բայց նա ունի հրատապ, ազդու ցանկություն իր միակ երեխայի համար: Մեզ ասվել է, որ սկզբի համար դա բավական է. «Եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ,–հայտարարում է Ալման, – թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք»:2 Չունենալով որևէ այլ հույս, այս հայրը հաստատում է իր ունեցած հավատը և աղերսում է աշխարհի Փրկչին. «Եթէ դումի բան կարող ես, օգնիր մեզ՝ գթալով մեզ վերայ»:3 Ես հազիվ եմ կարդում այդ խոսքերն առանց լաց լինելու: Մեզ հոգնակի դերանունն ակնհայտորեն միտումնավոր է օգտագործվում: Այդ տղամարդու ասածն, իրականում, սա է. «Մեր ողջ ընտանիքն է աղերսում: Մեր մաքառումը երբեք չի դադարում: Մենք հյուծվել ենք: Մեր որդին ընկնում է ջուրը: Նա ընկնում է կրակի մեջ: Նա մշտապես վտանգի մեջ է, և մենք միշտ վախեցած ենք: Մենք չգիտենք ուրիշ ում դիմել: Կարո՞ղ եք դուք օգնել մեզ: Մենք երախտապարտ կլինենք ցանկացած օգնության համար՝ մասնակի օրհնություն, հույսի մի շող, այն բեռի մի փոքր բարձրացում, որ տանում է այս տղայի մայրն ամեն օր իր կյանքում»:

«Եթէ դումի բան կարող ես», հոր այս խոսքերին հնչում է. «Եթէ դու կարող ես հաւատալ» պատասխանը Վարդապետի կողմից: 4

«Շուտով» ասում են սուրբ գրությունները՝ ո՛չ դանդաղ, ո՛չ թերահավատորեն, ո՛չ էլ քամահրանքով, այլ «շուտով» հայրը աղաղակում է իր անպաճույճ ծնողական ցավով. «Հաւատում եմ, Տէր, իմ անհաւատութեանն օգնիր»:5

Սուրբ գրային պատմության այս նրբազգաց ֆոնի վրա ես ցանկանում եմ դիմել անմիջապես եկեղեցու երիտասարդներին՝ թե տարիքով երիտասարդ, թե անդամության տարիներով երիտասարդ, թե հավատքի տարիներով երիտասարդ: Այսպես, թե այնպես, այն պետք է որ ներառի գրեթե բոլորիս:

Այս պատմության վերաբերյալ թիվ մեկ դիտարկումն այն է, որ կյանքի մարտահրավերին դիմակայելիս հայրը նախ՝ գործադրում է իր ուժերը, և հետո միայն խոստովանում իր թուլությունը: Նրա առաջին հայտարարությունը դրական է և անվարան. «Հաւատում եմ, Տէր»: Ես կասեի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելացնել հավատքը, հիշե՛ք այս տղամարդուն: Վախի, կասկածի կամ մտահոգիչ ժամանակներում, կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք, նույնիսկ, եթե այդ հիմքը սահմանափակ է: Մահկանացու կյանքի աճի փորձառության ժամանակ՝ այս տղայի չարչարանքի հոգևոր համարժեքը կամ այս ծնողների հուսահատությունը բոլորիս կարող է վրա հասնել: Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես գան, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կգան: Հենց այս միջադեպի առիթով, այս հրաշքի վերաբերյալ էր, որ Հիսուսն ասաց. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք փոխադրվիր այստեղից այնտեղ, ևնակփոխադրվի. ևոչինչանկարելի չի լինի ձեզ համար»:6 Հարցը ձեր հավատքի չափը կամ գիտելիքի աստիճանը չէ,– հարցը նվիրվածությունն է, որ դուք դրսևորում եք ձեր արդեն ունեցած հավատքի և ձեր արդեն իմացած ճշմարտության նկատմամբ:

Երկրորդ դիտարկումն առաջինի մեկ այլ տարբերակն է: Երբ խնդիրներ և հարցեր են առաջանում, հավատքի ձեր որոնումները մի սկսեք, ասելով, թե որքան շատ է այն ձեր մոտ պակասում՝ կարծես «թերահավատություն» դրսևորելով: Դա նման է նրան, որ փորձենք հնդուհավը լցոնել կտուցի միջով: Թույլ տվեք պարզ ասել. ես ձեզ չեմ խնդրում չունեցած հավատք ձևացնել: Իմ խնդրանքը ձեր ունեցած հավատքին հավատարիմ լինելն է: Երբեմն, մենք կարծում ենք, որ կասկածի ազնիվ հայտարարությունը բարոյական քաջության ավելի բարձր դրսևորում է, քան հավատքի ազնիվ հայտարարությունը: Դա այդպես չէ: Այնպես որ եկեք բոլորս հիշենք սուրբ գրության պատմության հստակ ուղերձը. ձեր ունեցած հարցերի վերաբերյալ անկեղծ եղեք, ինչպես հարկն է. կյանքում դրանք շատ են՝ տարբեր թեմաներով: Սակայն, եթե դուք և ձեր ընտանիքը ցանկանում եք բժշկվել, թույլ մի տվեք, որ այդ հարցերը խոչընդոտեն հրաշք գործելու հավատքի ճանապարհը:

Բացի այդ, դուք ավելի շատ հավատք ունեք, քան կարծում եք՝ այն բանի շնորհիվ, ինչ Մորմոնի Գիրքը անվանում է «բազում ապացույցներ»:7 «Իրենց պտուղներից նրանց ճանաչեք», ասել է Հիսուսը,8 և Ավետարանով ապրելու ակնհայտ պտուղները ակնհայտ են Վերջին Օրերի Սրբերի կյանքում ամենուրեք: Ինչպես մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսն ասացին իրենց ունկնդիրներին, ես էլ ասում եմ ձեզ. «Մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխոսել», և այն, ինչ տեսել ու լսել ենք «մի երևելի նշան է եղել» միլիոնավոր Եկեղեցու անդամների կյանքում: Դա հնարավոր չէ ժխտել:9

Եղբայրներ և քույրեր, սա աստվածային աշխատանք է՝ ընթացքի մեջ, որի նշաններն ու օրհնությունները առատորեն դրսևորվում են ամեն ուղղությամբ, ուստի, խնդրում եմ, պետք չէ չափազանց անհանգստանալ, երբ ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրել, հասկանալ և լուծել: Խնդիրներ կան և կլինեն: Այս եկեղեցում, այն, ինչ մենք գիտենք, միշտ ավելի կարևոր է նրանից, ինչ մենք չգիտենք: Եվ հիշեք, այս աշխարհում բոլորս պետք է քայլենք հավատքով:

Ուստի, բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր,այնպես էլ նրանց թուլությունների, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր, մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո ողջ ունեցածը անկատար մարդիկ են, ում հետ պետք է աշխատենք: Դա պետք է որ մեծ հուսախափություն լինի Նրա համար, բայց նա չի ընկճվում: Մենք էլ չպետք է ընկճվենք: Եվ երբ տեսնում եք անկատարություն, հիշեք, որ մարդկային սահմանափակումը այս աստվածային աշխատանքի էությունը չէ: Ինչպես առաջարկել է մի տաղանդավոր գրող, երբ աստվածային լիությունը հորդում է ցած, յուղի կորստի մեղքը յուղինը չէ, եթե պատճառը անոթների սահմանափակ տարողությունն է:10 Այդ սահմանափակ անոթները ներառում են և՛ ինձ, և՛ ձեզ, այնպես որ եղեք համբերատար, բարի ու ներողամիտ:

Վերջին դիտարկումը՝ երբ կասկածը կամ դժվարությունը վրա են հասնում, մի՛ վախեցեք օգնություն խնդրել: Եթե փափագենք նույն խոնարհությամբ ու անկեղծությամբ, ինչպես տղայի հայրն էր փափագում, մենք կարող ենք ստանալ: Այդպիսի ջերմեռանդ ցանկությունը սուրբ գրություններն անվանում են «անկեղծ միտում», որից հետևում է «սրտի ողջ նվիրվածությամբ, չգործել ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ»:11 Ես վկայում եմ, որ ի պատասխան նմանատիպ թախանձանքի՝ Աստված օգնություն կուղարկի վարագույրի երկու կողմերից մեր համոզմունքն ամրապնդելու համար:

Ես ասացի, որ խոսքս հղում եմ երիտասարդներին: Ես էլ եմ դեռ երիտասարդ: 14-ամյա մի տղա վերջերս ինձ ասաց մի քիչ անվստահ. «Եղբայր Հոլանդ, ես դեռ չեմ կարող ասել, թե գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է, բայց հավատում եմ, որ ճշմարիտ է»: Ես տղային ուժեղ գրկեցի, մինչև որ շնչակտուր էր լինում: Ես սրտիս ողջ կորովով ասացի նրան, որ հավատքը արժեքավոր բառ է, նույնիսկ ավելի թանկ գործողություն է, և նա երբեք չպետք է ներողություն խնդրի «միայն հավատալու» համար: Ես նրան ասացի, որ Քրիստոսն Ինքն ասաց. «Մի վախենար, բայց միայն հավատա»,12 մի արտահայտություն, որը երիտասարդ Գորդոն Բ. Հինքլիին օգնեց ծառայել միսիան մինչև վերջ:13 Այդ տղային ասացի, որ հավատքը միշտ համոզմունքին հասնելուառաջին քայլն է, և որ մեր հավաքական հավատքի հանգանակի յուրաքանչյուր կետ զորությամբ կրկնում է` «Մենք հավատում ենք»14 արտահայտությամբ: Եվ ես ասացի նրան, թե որքան հպարտ եմ նրա ազնիվ որոնումների համար:

Այժմ, մոտ 60 տարի առաջադիմելով այն ժամանակից, երբ ես նոր հավատացող 14-ամյա պատանի էի, այժմ ես հայտարարում եմ որոշ բաներ, որոնք այժմ գիտեմ: Ես գիտեմ, որ Աստված մեր սիրող, ներողամիտ Երկնային Հայրն է՝ բոլոր ժամանակներում և բոլոր ձևերով և բոլոր պայմաններում: Ես գիտեմ, որ Հիսուսը Նրա միակ կատարյալ զավակն էր, ում կյանքը զոհաբերվեց սիրով՝ և՛ Հոր և՛ Որդու կամքի համաձայն, մեզանից բոլոր մնացածների փրկագնման համար, ովքեր կատարյալ չենք: Ես գիտեմ, որ Նա մահից հարություն է առել, որ կրկին ապրի, և Նրա շնորհիվ ես և դուք նույնպես կապրենք: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը, ով խոստովանում էր, որ կատարյալ չէ,15 այնուամենայնիվ, ընտրված գործիք էր Աստծո ձեռքում հավիտենական ավետարանը երկրի վրա վերականգնելու համար: Ես նաև գիտեմ, որ այդ գործը կատարելով, մասնավորապես, Մորմոնի Գիրքը թարգմանելով, նա ինձ ավելի շատ բան է սովորեցրել Աստծո սիրո, Քրիստոսի աստվածայնության և քահանայության զորության մասին, քան որևէ այլ մարգարե, ում ես կարդացել եմ, ում ճանաչել եմ, ում լսել եմ ողջ կյանքի փնտրտուքների ընթացքում: Ես գիտեմ, որՆախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, որն անձնվիրաբար և ծածանվելով մոտենում է որպես Առաքյալ կարգման իր 50-ամյակին, մարգարեական այդ թիկնոցի լիիրավ իրավահաջորդն է այսօր: Այս համաժողովին մենք կրկին անգամ տեսանք այդ թիկնոցը նրա վրա: Ես գիտեմ, որ 14 մարդիկ, ում դուք աջակցում եք որպես մարգարեների, տեսանողների և հայտնողների,նրան աջակցում են իրենց ձեռքով, իրենց սրտով և անհատական առաքելական բանալիներով:

Այս բաները ես հայտարարում եմ ձեզ այն համոզմունքով, որը Պետրոսն անվանում էր «մարգարեական ավելի հաստատ խոսք»:16 Այն, ինչ ժամանակին ինձ համար հավատքի փոքրիկ սերմ էր, աճելէ՝ կյանքի ծառ դարձել, այնպես որ, եթե ձեր հավատքը մի քիչ փորձվում է այսպահին կամ երբևէ ապագայում, ես հրավիրում եմ ձեզ հենվել իմ հավատքին: Ես գիտեմ, որայս աշխատանքը Աստծո իրական ճշմարտությունն է, և ես գիտեմ, որ միայն դժվար պահերին մենք թույլ կտանք, որ կասկածը կամ դևերը հեռացնեն ձեզ ճանապարհից: Շարունակե՛ք հուսալ: Շարունակեք առաջ գնալ: Անկեղծորեն ընդունեք ձեր հարցերն ու մտահոգությունները, բայց նախ և մշտապես՝ թեժացրեք ձեր հավատքի կրակը, քանի որ ամեն բան կարելի է նրանց, որ հավատում են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Ցույց տալ հղումները

  1.  

    1. Մարկոս 9.22–24; տես նաև 14–21 հատվածները:

  2.  

    2. Ալմա 32.27; շեշտադրումն ավելացված է:

  3.  

    3. Մարկոս 9.22; շեշտադրումն ավելացված է:

  4.  

    4. Մարկոս 9.22, 23; շեշտադրումն ավելացված է:

  5.  

    5. Տես Մարկոս ​​9.24–27:

  6.  

    6. Մատթեոս 17.20:

  7.  

    7. Հելաման 5.50:

  8.  

    8. Մատթեոս 7.16:

  9.  

    9. Տես Գործք 4.16, 20:

  10.  

    10. Adapted from Alfred Edersheim, The Life and Times of Jesus the Messiah, 2 vols. (1883), 2:108.

  11.  

    11. 2 Նեփի 31.13:

  12.  

    12. Մարկոս 5.36:

  13.  

    13. Տես Gordon B. Hinckley, in Conference Report, Oct. 1969, 114.

  14.  

    14. Տես Հավատո Հանգանակը 1.1–13:

  15.  

    15. Տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 522.

  16.  

    16. Բ Պետրոս 1.19: