Տուն` կյանքի դպրոց

Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլա

Յոթանասունից


Դասերը սովորում են տանը՝ այն վայրում, որը կարող է դառնալ երկնքի մի մասնիկ այստեղ՝ երկրի վրա:

Որոշ ծնողներ արդարացնում են իրենց տանը գործած սխալները նրանով, որ չկա այնպիսի մի դպրոց, որտեղ իրենց կսովորեցնեն, թե ինչպես լինել ծնող:

Իրականում, նման դպրոց գոյություն ունի և այն կարող է լինել լավագույն դպրոցը: Այդ դպրոցը կոչվում է տուն:

Երբ ես ետադարձ հայացք եմ գցում իմ կյանքին, ես վերհիշում եմ փայփայած պահերը, որոնք ապրել եմ իմ կնոջ հետ: Երբ ես ձեզ հետ կիսվեմ այս հիշողություններով, դուք, մի գուցե, հիշեք ձեր սեփական փորձառությունները` և ուրախ, և տքուր. մենք սովորում ենք այդ բոլորից:

1. Տաճարն է վայրը

Երբ ես վերադարձա իմ միսիայից, հանդիպեցի մինչև գոտկատեղը հասնող երկար սև մազերով մի գեղեցիկ երիտասարդ կնոջ: Նա ուներ մեծ մեղրագույն աչքեր և վարակիչ ժպիտ: Նա ինձ գերեց առաջին իսկ պահից:

Իմ կինը նպատակ էր դրել ամուսնանալ տաճարում, չնայած, որ այն ժամանակ ամենամոտ տաճարը պահանջում էր 4000 մղոն (6400 կմ) ճամփորդություն:

Մեր քաղաքացիական ամուսնության արարողությունը և ուրախ էր, և տխուր, քանի որ մենք ամուսնացանք միայն այս կյանքի համար: Պաշտոնատար անձը արտասանեց «Եվ այժմ ես հայտարարում եմ ձեզ ամուսին և կին» բառերը, սակայն անմիջապես դրանից հետո նա ասաց. «Մինչև մահը կբաժանի ձեզ»:

Ուստի, զոհաբերության միջոցով մենք խնայեցինք բավականաչափ գումար, որ գնեինք մեկ ուղղությամբ տոմս դեպի Մեսա Արիզոնա Տաճար:

Տաճարում մենք ծնկի եկանք զոհասեղանի մոտ և իշխանություն կրող ծառայողն արտասանեց այն բառերը, որոնք ես ցանկանում էի լսել, որոնք մեզ հայտարարեցին ամուսին և կին ժամանակի և հավերժության համար:

Մեր ընկերներից մեկը տարավ մեզ Կիրակնօրյա Դպրոց: Ժողովի ընթացքում նա կանգնեց և մեզ ներկայացրեց դասարանին: Երբ դասն ավարտվեց, մի եղբայր մոտեցավ ինձ և սեղմեց իմ ձեռքը, թողնելով այնտեղ 20 դոլարի մի թղթադրամ: Կարճ ժամանակ անց մեկ այլ եղբայր ևս մոտեցավ ինձ, և, ի զարմանս ինձ, նա նույպես մի թղթադրամ թողեց իմ ձեռքում: Ես արագ հայացքով փնտրեցի իմ կնոջը, ով գտնվում էր սենյակի մյուս ծայրում, և բղավեցի. «Բլանկի, սեղմիր բոլորի ձեռքերը»:

Շուտով մենք բավականաչափ գումար հավաքեցինք Գվատեմալա վերադառնալու համար:

«Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան.

Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ»:1

2. Վիճաբանության համար անհրաժեշտ է երկու մարդ

Իմ կնոջ նշանաբաններից մեկը եղել է հետևյալը. «Վիճաբանության համար քեզ անհրաժեշտ է երկու մարդ, և ես երբեք չեմ լինի նրանցից մեկը»:

Տերը պարզ կերպով նկարագրել է հատկանիշները, որոնք պետք է առաջնորդեն մեզ այլ մարդկանց հետ շփվելիս: Դրանք են՝ համոզումը, երկայնամտությունը, մեղմությունը, հեզությունը և անկեղծ սերը: 2

Ֆիզիկական բռնությունն ավելի հազվադեպ է սկսել հանդիպել, և մենք ուրախ ենք դրա համար: Այնուամենայնիվ, մենք դեռևս հեռու ենք էմոցիոնալ բռնությունը բացառելուց: Այս տեսակի բռնության արդյունքում առաջացած վնասը մնում է մեր հիշողության մեջ երկար ժամանակ, այն խոցում է մեր անհատականությունը, այն ատելություն է սերմանում մեր սրտերում, այն ցածրացնում է մեր ինքնահարգանքը և լցնում մեզ վախով:

Սելեստիալ ամուսնության արարողությանը մասնակցելը բավական չէ: Մենք նաև պետք է ապրենք սելեստիալ կյանքով:

3. Երեխան, որն երգում է, երջանիկ երեխա է

Սա մեկ այլ նշանաբան է, որն իմ կինը հաճախ է մեջբերում:

Փրկիչը հասկանում էր սուրբ երաժշտության կարևորությունը: Սուրբ գրություններում ասվում է. «Եւ օրհներգելուց հետո դուրս ելան Ձիթենեաց սարը»:3

Եվ խոսելով Մարգարե Ջոզեֆի միջոցով, Նա ասել է. «Քանզի իմ հոգին հրճվում է սրտաբուխ երգով. այո, արդարների երգն աղոթք է ինձ համար, և այն կպատասխանվի օրհնությամբ նրանց գլխին»:4

Որքան հաճելի է լսել փոքրիկի երգը, ում իր ծնողները սովորեցրել են երգել «Զավակն եմ ես Աստծո» օրհներգը:5

4. Ես կարիք ունեմ, որ դու գրկես ինձ

«Ես սիրում եմ քեզ», «Շատ շնորհակալություն» և «Ներիր ինձ» բառերը հոգու համար նման են բալասանի: Դրանք արցունքները վերափոխում են երջանկության: Դրանք մխիթարություն են բերում անհանգիստ հոգուն, և հաստատում են մեր հոգու քնքուշ զգացմունքները: Ինչպես բույսերն են թոշնում առանց թանկարժեք ջրի, մեր սերը մարում և մահանում է, երբ մենք չենք գործածում սիրո խոսքեր և գործեր:

Ես հիշում եմ այն օրերը, երբ մենք սիրային նամակներ էինք ուղարկում սովորական փոստի միջոցով, կամ հավաքում մի քանի կոպեկ, որ զանգեինք մեր սիրելիներին հեռախոսի խցիկից, կամ ինչպես էինք մենք նկարում և գրում սիրային բանաստեղծություններ դատարկ թղթի վրա:

Այսօր այս ամենը հնչում է որպես թանգարանային նյութ:

Մեր օրերի և դարի տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս հրաշքներ գործել: Որքան հեշտ է ուղարկել սիրո և երախտագիտության հաղորդագրություններ: Երիտասարդությունը դա անում է ամբողջ ժամանակ: Ես խորհում եմ այն մասին, թե արդյոք այս և այլ գեղեցիկ սովորույթներ շարունակվում են, երբ մենք հաստատում ենք մեր տունը: Իմ կնոջից վերջերս ստացած հաղորդագրություններից մեկում կարդում եմ հետևյալը. «Գիրկ՝ երկինքի պես, համբույր՝ արևի պես և երեկո՝ լուսնի պես: Ուրախ օր, ես սիրում եմ քեզ»:

Ես չեմ կարողնում դիմակայել, կարծես, երկնքում լինելու զգացողությանը, երբ այսպիսի հաղորդագրություն եմ ստանում:

Մեր Երկնային Հայրը սեր արտահայտելու կատարյալ օրինակ է: Երբ Նա ներկայացրեց Իր Որդուն, Նա օգտագործեց հետևյալ բառերը. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի»:6

5. Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը և Իմ Փրկչին` Հիսուս Քրիստոսին:

Իմ սիրտը լցվում է, երբ ես տեսնում եմ իմ կնոջը Մորմոնի Գիրքը կարդալիս ամեն օր: Երբ նա անում է դա, ես կարող եմ զգալ նրա վկայությունը, լոկ նրա դեմքի ուրախությունը տեսնելով, երբ նա կարդում է հատվածները, որոնք վկայում են Փրկչի առաքելության մասին:

Որքան իմաստուն են մեր Փրկչի խոսքերը. «Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են»:7

Այս խոսքերով ոգեշնչված` ես ասացի իմ թոռնուհուն` Ռաքելին, ով վերջերս էր կարդալ սովորել, «Ի՞նչ կասես Մորմոնի Գիրքը կարդալու համար նպատակ դնելու մասին»:

Նա տվեց հետևյալ պատասխանը. «Բայց, պապիկ, դա շատ դժվար է: Դա մեծ գիրք է»:

Ապա ես նրան խնդրեցի ինձ համար կարդալ մի էջ: Ես հանեցի վայրկենաչափը և չափեցի նրա կարդալու ժամանակը: Ես ասացի. «Դա քեզանից ընդամենը երեք րոպե պահանջեց, իսկ Մորմոնի Գրքի իսպաներեն տարբերակն ունի 642 էջ, այսինքն քեզ պետք կլինի 1926 րոպե»:

Սա, միգուցե, ավելի շատ վախեցրեց նրան, ուստի ես բաժանեցի այդ թիվը 60 րոպեի և ասացի նրան, որ այն կարդալու համար նրան պետք կլիներ ընդամենը 32 ժամ` մեկ ու կես օրից էլ պակաս:

Ապա նա ասաց ինձ. «Դա շատ հեշտ է, պապիկ»:

Ի վերջո, Ռաքելը, նրա եղբայր Էստեբանը և մեր մյուս թոռնիկները ավելի շատ ժամանակ տրամադրեցին, քանի որ սա մի գիրք է, որը պետք է կարդացվի աղոթքի հոգով և խորհրդածելով:

Ժամանակի ընթացքում, երբ մենք սովորում ենք հրճվել սուրբ գրություններով, մենք պետք է բացականչենք, ինչպես Սաղմոսողը. «Որքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. մեղրիցն էլ աւելի է իմ բերանին»:8

6. Սուրբ գրություններն իմանալը բավական չէ. մենք պետք է ապրենք դրանց համաձայն

Ես հիշում եմ, որ երբ նոր էի վերադարձել միսիայից և ջանասիրաբար ուսումնասիրել էի սուրբ գրությունները, ես կարծում էի, որ ես ամեն բան գիտեի: Մեր ժամադրությունների ժամանակ Բլանկին և ես միասին ուսումնասիրում էինք սուրբ գրությունները: Ես օգտագործում էի իմ նշումներից և հղումներից շատերը, որպեսզի նրա հետ կիսվեի ավետարանի իմ իմացությամբ: Մեր ամուսնությունից հետո ես լրջորեն գիտակցեցի, երբ մեծ դաս սովորեցի նրանից. Ես միգուցե փորձում էի սովորեցնել նրան ավետարանը, բայց նա սովորեցրեց ինձ, թե ինչպես ապրել դրա համաձայն:

Երբ Փրկիչն ավարտեց Լեռան Քարոզը, Նա տվեց այս իմաստուն խորհուրդը. «Արդ` ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի ով իր տունը շինեց ժայռի վերայ»:9

Նրանք, ովքեր ապրում են համաձայն սուրբ գրություններում գտնվող սելեստիալ սկզբունքների, մխիթարում են նրանց, ովքեր տառապում են: Նրանք ուրախություն են բերում նրանց, ովքեր վհատված են, ուղղություն՝ նրանց, ովքեր մոլորվել են, խաղաղություն՝ նրանց, ովքեր վշտացած են, և ճիշտ առաջնորդություն՝ նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը:

Կարճ ասած.

  1. 1.

    Տաճարն է վայրը:

  2. 2.

    Վիճաբանության համար անհրաժեշտ է երկու մարդ, իսկ ես երբեք չեմ լինի դրանցից մեկը:

  3. 3.

    Երեխան, որն երգում է, երջանիկ երեխա է:

  4. 4.

    Ես կարիք ունեմ, որ դու գրկես ինձ:

  5. 5.

    Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը և Իմ Փրկչին` Հիսուս Քրիստոսին:

  6. 6.

    Սուրբ գրություններն իմանալը բավական չէ. մենք պետք է ապրենք դրանց համաձայն:

Այս և ուրիշ շատ դասեր ենք սովորում տանը՝ այն վայրում, որը կարող է դառնալ երկնքի մի մասնիկ այստեղ՝ երկրի վրա:10 Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը և մեր Երկնային Հոր ծրագիրը տալիս են ճիշտ ուղղություն այս կյանքում և հավերժական կյանքի խոստումը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Mostrar referencias

  1.  

    1. Վարդապետություն և Ուխտեր 131.1- 2:

  2.  

    2. Տես Վարդապետություն և Ուխտեր 121.41:

  3.  

    3. Մարկոս 14.26:

  4.  

    4. Վարդապետություն և Ուխտեր 25.12:

  5.  

    5. «Զավակն եմ ես Աստծո», Հիմներ և Մանկական երգեր, համար 58:

  6.  

    6. Մատթեոս Գ.17, տես նաև Մարկոս Ա.11, 3 Նեփի 11.7:

  7.  

    7. Հովհաննես Ե.39:

  8.  

    8. Սաղմոս ՃԺԹ.103:

  9.  

    9. Մատթեոս Է.24:

  10.  

    10. Տես Teachings of Presidents of the Church: David O. McKay (2003), 43, 150: