2010–2019 թթ․
Աստծո հույսի լույսը
Ապրիլ 2013


Աստծո լույսի հույսը

Երբ մենք փորձենք մեծացնել մեր սերն առ Աստված և ձգտենք սիրել մեր մերձավորին, ավետարանի լույսը կշողա մեր շուրջը և կբարձրացնի մեզ:

Լուսավորության մուտքը

Իմ գրասենյակում ես ունեմ մի սիրելի նկար, որի անվանումն է Լուսավորության մուտքը: Այն իմ ընկերոջ` դանիացի նկարիչ Ջոն Բենթինի գործն է, ով առաջին ցցի նախագահն է եղել Կոպենհագենում, Դանիա:

Նկարում պատկերված է մի մութ սենյակ, որի դուռը բաց է, որտեղից էլ լույս է շողում: Ինձ համար հետաքրքրական է այն փաստը, որ դռնից եկող լույսը չի լուսավորում ողջ սենյակը, այլ միայն անմիջապես դռան դիմացի հատվածը:

Ինձ համար այս նկարի խավարը և լույսը կյանքի փոխաբերություններն են խորհրդանշում: Որպես մահկանացու էակներ մեր էության մի մասն է կազմում երբեմն զգալը, կարծես, թե մենք շրջապատված ենք խավարով: Միգուցե մենք կորցրել ենք սիրած էակին, երեխան շեղվել է ճիշտ ուղուց, մենք միգուցե ստացել ենք անհանգստացնող բժշկական ախտորոշում, մենք միգուցե ունենք աշխատանքի հետ կապված խնդիրներ և բեռնված ենք կասկածներով կամ վախերով, կամ մենք կարող ենք միայնակ զգալ կամ չսիրված:

Սակայն չնայած, որ մենք կարող ենք մոլորված զգալ մեր ներկայիս պայմաններում, Աստված խոստանում է Իր լույսի հույսը, Նա խոստանում է լուսավորել մեր ճանապարհը և ցույց տալ, թե ինչպես դուրս գալ խավարից:

Խավարով լցված սենյակը

Ես ցանկանում եմ պատմել ձեզ մի կնոջ մասին, ով մեծացել է խավարով լցված սենյակում, ես կկոչեմ նրան Ջեյն:

Երեք տարեկանից սկսած Ջեյնին շարունակաբար ծեծել են, նվաստացրել և բռնացել: Նրան սպառնացել են և ծաղրել: Նա ամեն առավոտ արթնացել է` չիմանալով, թե արդյոք կկարողանա գոյատևել մինչև հաջորդ օրը: Մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նրան, նրանք էին, ովքեր չարչարում էին նրան կամ թույլ էին տալիս, որ բռնությունը շարունակվեր:

Ինքն իրեն պաշտպանելու համար Ջեյնը սովորեց անզգայանալ: Նա չուներ փրկության ոչ մի հույս, ուստի նա կարծրացրեց իրեն իր իրականության սարսափի դեմ: Չկար ոչ մի լույս նրա աշխարհում, ուստի նա դարձավ խավարին ենթարկվող: Անզգայացման հետ մեկտեղ, որը կարող է գալ միայն չարի հետ շարունակական և անգութ շփումից, նա ընդունեց այն փաստը, որ ցանկացած պահը կարող է լինել նրա վերջինը:

Ապա, 18 տարեկանում Ջեյնը գտավ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Վերականգնված ավետարանի ուրախությունը և հույսը թափանցեցին նրա սիրտը և նա ընդունեց մկրտվելու հրավերը: Առաջին անգամ լույս շողաց նրա կյանքում և նա տեսավ լուսավոր ուղի իր առջև: Նա թողեց իր աշխարհի խավարը և որոշեց ուսում ստանալ իր բռնակալից շատ հեռու գտնվող մի վայրում: Ի վերջո, նա զգաց, որ ազատվել է խավարի և չարի միջավայրից, ազատ` վայելելու Փրկչի քաղցր խաղաղությունը և հրաշագործ բժշկումը:

Այնուամենայնիվ, տարիներ անց, նրա բռնակալի մահից հետո, Ջեյնին կրկին անհանգստացնում էին իր պատանեկության ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: Մեծ տխրությունը և զայրույթը սպառնում էին կործանել հրաշալի լույսը, որը նա գտել էր ավետարանում: Նա հասկացավ, որ եթե թույլ տար այդ խավարին սպառել իրեն, նրան չարչարողը կտոներ վերջնական հաղթանակը:

Նա փնտրեց խորհրդատվություն և բժշկական օգնություն և սկսեց հասկանալ, որ իր համար բուժման լավագույն ուղին կայանում էր նրանում, որ հասկանար և ընդուներ խավարի գոյությունը, սակայն չկենտրոնացներ իր ուշադրությունը դրա վրա: Քանզի, ինչպես նա այժմ գիտեր, լույսը նույնպես գոյություն ունի, և դա այն է, ինչի վրա նա որոշեց կենտրոնացնել իր ուշադրությունը:

Իր խավար անցյալի պատճառով Ջեյնը կարող էր հեշտությամբ դառնալ քինոտ, չարակամ կամ նույնիսկ դաժան: Սակայն նա չարեց դա: Նա դիմակայեց բարկությանը, ցավին և ցինիզմին բախվելու միջոցով խավարը տարածելու գայթակղությանը: Դրա փոխարեն նա կենտրոնացավ հույսի վրա, որ Աստծո օգնությամբ նա կարող էր բժշկվել: Նա որոշեց լույս արձակել և նվիրաբերել իր կյանքն ուրիշներին օգնելուն: Այս որոշումը թույլ տվեց նրան հետևում թողնել անցյալը և քայլել դեպի փառահեղ պայծառ ապագան:

Նա դարձավ ուսուցչուհի, և այսօր, տասնամյակներ անց, նրա սերն իր ազդեցությունն է թողել հարյուրավոր երեխաների կյանքի վրա, օգնելով նրանց իմանալ, որ իրենք ունեն արժեք, որ իրենք կարևոր են: Նա դարձել է թույլերի, զոհ դարձածների և հուսալքվածների անխոնջ պաշտպանը: Նա զորացնում, ամրացնում և ոգեշնչում է իր շրջապատի բոլոր մարդկանց:

Ջեյնը հասկացավ, որ ապաքինումը տեղի է ունենում, երբ մենք հեռանում ենք խավարից և քայլում ենք դեպի պայծառ լույսի հույսը: Հավատքի, հույսի և գթասրտության կիրառման միջոցով էր, որ նա փոխեց ոչ միայն իր սեփական կյանքը, այլ հավերժորեն օրհնեց շատերի կյանքը:

Լույսը հարում է լույսին

Ձեր մեջ կարող են լինել ոմանք, ովքեր զգում են, որ խավարն աստիճանաբար իջնում է իրենց վրա: Դուք կարող եք բեռնված զգալ անհանգստությամբ, վախով կամ կասկածով: Ձեզ համար և մեզ բոլորիս համար ես կրկնում եմ հրաշալի և անտարակուսելի ճշմարտությունը` Աստծո լույսն իրական է: Այն հասանելի է բոլորին: Այն լույս է տալիս բոլոր բաներին: 1 Այն զորություն ունի թուլացնելու ամենախորը վիրավորանքի թույնը: Այն կարող է բժշկող սպեղանի լինել մեր հոգիների միայնակության և հիվանդության համար: Հուսահատության ակոսներում այն կարող է պայծառ հույսի սերմեր դնել: Այն կարող է լուսավորել մեր միտքը նույնիսկ ամենախորը վշտի ժամանակ: Այն կարող է լուսավորել մեր ուղին և առաջնորդել մեզ ամենախավար գիշերով դեպի նոր լուսաբացի խոստումը:

«Հիսուս Քրիստոսի Հոգին» է, որ «լույս է տալիս ամեն մարդու, ով աշխարհ է գալիս»:2

Այնուամենայնիվ, հոգևոր լույսը հազվադեպ է տրվում նրանց, ովքեր պարզապես նստում են խավարում` սպասելով, որ ինչ-որ մեկը լույսը կվառի: Այն պահանջում է, որ մենք հավատքով գործենք, որպեսզի մեր աչքերը բացվեն և մենք տեսնենք Քրիստոսի լույսը: Հոգևոր լույսը հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով: Հիսուս Քրիստոսն Ինքն ուսուցանել է. «Ես եմ լույսը, որը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն»:3 Քանի որ «շնչավոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք հիմարություն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ` որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում»:4

Այսպիսով, ինչպե՞ս մենք կարող ենք բացել մեր աչքերը Աստծո լույսի հույսի համար:

Առաջինը, սկսեք այնտեղից, որտեղ գտնվում եք:

Հրաշալի չէ՞ արդյոք իմանալը, որ մեր Երկնային Հոր օրհնությունները և պարգևները ստանալը մեզանից չի պահանջում կատարլյալ լինել: Մենք ստիպված չենք սպասել մինչև վերջնագծին հասնելը, որպեսզի ստանանք Աստծո օրհնությունները: Դեռ ավելին, երկինքները սկսվում են բացվել և երկնքի օրհնությունները սկսում են թափվել մեզ վրա սկսած առաջին իսկ քայլերից, որոնք մենք կատարում ենք դեպի լույսը:

Սկսելու համար լավագույն տեղն այն է, որտեղ դուք այժմ գտնվում եք: Կարևոր չէ, թե, ձեր կարծիքով, դուք որքան անկատար եք կամ որքանով եք դուք ձեզ ուրիշներից ետ մնացած զգում: Այն պահին, երբ դուք սկսում եք փնտրել ձեր Երկնային Հորը, այդ պահին Նրա լույսի հույսը կսկսի արթնացնել, աշխուժացնել և ավելի արժեքավոր դարձնել ձեր հոգին: 5 Խավարը կարող է միանգամից չցրվել, սակայն ինչպես անտարակուսելի է այն փաստը, որ գիշերը միշտ իր տեղը զիջում է լուսաբացին, լույսը կգա:

Երկրորդը, ձեր սրտերը դարձրեք դեպի Տերը:

Աղոթքի միջոցով դուրս թափեք ձեր հոգին և բացատրեք ձեր Երկնային Հորը, թե ինչ եք դուք զգում: Ընդունեք ձեր թերությունները: Դուրս թափեք ձեր սիրտը և արտահայտեք ձեր երախտագիտությունը: Թույլ տվեք Նրան իմանալ դժվարությունների մասին, որոնց դուք հանդիպել եք: Աղերսեք Նրան Քրիստոսի անունով, որ տա ձեզ ուժ և աջակցություն: Խնդրեք, որ ձեր ականջները բացվեն, որ դուք կարողանաք լսեք Նրա ձայնը: Խնդրեք, որ ձեր աչքերը բացվեն, որ դուք կարողանաք տեսնել Նրա լույսը:

Երրորդը, քայլեք լույսի մեջ:

Ձեր Երկնային Հայրը գիտի, որ դուք սխալներ թույլ կտաք: Նա գիտի, որ ձեր ոտքը քարին կդիպչի, և հավանաբար շատ անգամներ: Սա տխրեցնում է Նրան, սակայն Նա սիրում է ձեզ: Նա չի ցանկանում կոտրել ձեր հոգին: Ընդհակառակը, Նա ցանկանում է, որ դուք ոտքի ելնեք և դառնաք այն անձնավորությունը, ով նախատեսված էիք լինել:

Այդ իսկ պատճառով Նա ուղարկեց Իր Որդուն երկիր, որ լուսավորեր ուղին և ցույց տար մեզ, թե ինչպես ապահով կերպով շրջանցել մեր ճանապարհին դրված գայթակղության քարերը: Նա տվել է մեզ ավետարանը, որը սովորեցնում է մեզ աշակերտության ուղին: Այն սովորեցնում է մեզ բաները, որոնք մենք պետք է իմանանք, անենք և լինենք, որ քայլենք Իր լույսով` հետևելով Նրա Սիրելի Որդու՝ մեր Փրկչի ոտնահետքերին:

Լույսը հաղթահարեց խավարը

Այո, մենք սխալներ թույլ կտանք:

Այո, մենք կտատանվենք:

Սակայն, երբ մենք փորձենք մեծացնել մեր սերն առ Աստված և ձգտենք սիրել մեր մերձավորին, ավետարանի լույսը կշողա մեր շուրջը և կբարձրացնի մեզ: Խավարն անշուշտ կցրվի, քանի որ այն չի կարող գոյություն ունենալ լույսի ներկայության մեջ: Երբ մենք մոտենանք Աստծուն, Նա կմոտենա մեզ:6 Եվ օրըստօրե Աստծո լույսի հույսը կմեծանա մեր մեջ, որն «ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»:7

Բոլոր նրանց, ովքեր զգում են, որ իրենք քայլում են խավարում, ես հրավիրում եմ հույսը դնել այն անխախտ խոստումի վրա, որը տվել է մարդկության Փրկիչը. «Ես եմ աշխարհքի լույսը. ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կյանքի լույսը կընդունի»:8

Լույս Աֆրիկայում

Տարիներ առաջ իմ կինը` Հարրիեթը, և ես հիշարժան փորձառություն ունեցանք, տեսնելով այս խոստումի իրականացումը: Մենք գտնվում էինք Արևմտյան Աֆրիկայում՝ աշխարհի մի գեղեցիկ մասում, որտեղ Եկեղեցին աճում է և Վերջին Օրերի Սրբերը հիանալի են: Այնուամենայնիվ, Արևմտյան Աֆրիկան նույնպես շատ դժվարություններ ունի: Ես հատկապես վշտացա, տեսնելով այնտեղի աղքատությունը: Քաղաքներում գործազրկությունը մեծ է, և ընտանիքները հաճախ դժվարանում են ապահովել իրենց առօրյա կարիքները և անվտանգությունը: Սիրտս փշրվեց, երբ իմացա, որ մեր Եկեղեցու թանկագին անդամներից շատերն ապրում են այդպիսի կարիքի մեջ: Սակայն, ես նաև իմացա, որ այս լավ անդամներն օգնում են միմյանց թեթևացնել իրենց բեռները:

Մենք վերջապես ժամանեցինք մեծ քաղաքի մոտ գտնվող մեր ժողովատներից մեկը: Սակայն բեռնավորված և խավարով հափշտակված մարդկանց գտնելու փոխարեն մենք գտանք ուրախ մարդկանց, ովքեր լույս էին արձակում: Ուրախությունը, որը նրանք զգում էին ավետարանի համար, տարածվեց մեզ վրա և բարձրացրեց մեր հոգիները: Սերը, որ նրանք արտահայտեցին մեր հանդեպ, խոնարհեցնող էր: Նրանց ժպիտներն անկեղծ էին և վարակիչ:

Ես հիշում եմ, որ խորհում էի այդ ժամանակ, թե արդյոք հնարավոր էր, որ մոլորակի վրա լինեին ավելի ուրախ մարդիկ: Չնայած այս թանկագին Սրբերը շրջապատված էին դժվարություններով և փորձություններով, նրանք լցված էին լույսով:

Ժողովը սկսվեց, և ես սկսեցի խոսել: Սակայն շուտով շենքի լույսերն անջատվեցին, և մենք մնացինք կատարյալ խավարի մեջ:

Որոշ ժամանակ ես դժվարանում էի որևէ մեկին տեսնել ժողովրդի մեջ, սակայն ես կարողանում էի տեսնել և զգալ մեր Սրբերի պայծառ և գեղեցիկ ժպիտները: Օհ, որքան ես սիրեցի այս հրաշալի ժողովրդի հետ լինելը:

Ժողովատանը շարունակում էր մթություն տիրել, և ուստի ես նստեցի իմ կնոջ կողքին և սպասեցի, որ լույսերը վերականգնեին: Մինչ մենք սպասում էինք, ինչ-որ ուշագրավ բան տեղի ունեցավ:

Մի քանի ձայներ սկսեցին երգել Վերականգնման օրհներգերից մեկը: Եվ հետո ուրիշները միացան նրանց: Եվ հետո ավելի շատերը: Շուտով ժողովատունը լցվեց երգչախմբի քաղցր և հզոր ձայներով:

Եկեղեցու այս անդամները երգարանների կարիք չունեին. նրանք գիտեին իրենց երգած յուրաքանչյուր օրհներգի յուրաքանչյուր բառը: Եվ նրանք իրար հետևից երգում էին երգերն այնպիսի եռանդով և հոգով, որ հոգիս հուզվեց:

Ի վերջո, լույսերը կրկին վառվեցին և սենյակը ողողեցին լույսով: Հարրիեթը և ես նայեցինք իրար, մեր այտերի վրայով արցունքներ էին հոսում:

Մեծ խավարի մեջ այս գեղեցիկ ու հրաշալի Սրբերը այս Եկեղեցու շենքը և մեր հոգիները լույսով լցրեցին:

Սա մեզ համար շատ հուզիչ պահ էր, որը Հարրիեթը և ես երբեք չենք մոռանա:

Եկեք դեպի լույսը

Այո, ժամանակ առ ժամանակ մեր կյանքում կարող է հանդիպենք խավարի, կամ նույնիսկ այն կարող է լցվել խավարով: Երբեմն մեզ շրջապատող գիշերը կարող է ճնշող, հուսալքող և ահաբեկող թվալ:

Իմ սիրտը ցավում է շատ տառապանքների համար, որոնց հանդիպում են ձեզանից ոմանք, ցավալի միայնակության և հոգնեցնող վախերի համար, որոնք դուք միգուցե զգում եք:

Այնուամենայնիվ, ես վկայում եմ, որ մեր ապրող հույսն առ Հիսուս Քրիստոսն է: Նա է աստվածային լուսավորության ճշմարիտ, մաքուր և զորեղ մուտքը:

Ես վկայում եմ, որ Քրիստոսի ներկայության դեպքում խավարը չի կարող հաջողության հասնել: Խավարը չի հաղթի Քրիստոսի լույսին:

Ես վկայում եմ, որ խավարը չի կարող դիմանալ կենդանի Աստծո Որդու պայծառ լույսին:

Ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին բացել ձեր սիրտը Նրա առաջ: Փնտրեք Նրան սովորելու և աղոթքի միջոցով: Եկեք Նրա Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, սովորեք Նրա և Նրա ավետարանի մասին, ակտիվորեն մասնակցեք, օգնեք միմյանց և ուրախությամբ ծառայեք մեր Աստծուն:

Եղբայրներ և քույրեր, նույնիսկ ամենախավար գիշերից հետո աշխարհի Փրկիչը կառաջնորդի ձեզ դեպի աստիաճանաբար բացվող, քաղցր և պայծառ լուսաբացը, որն անկասկած կծագի ձեր մեջ:

Երբ դուք քայլեք դեպի Աստծո լույսի հույսը, դուք կբացահայտեք սիրող Երկնային Հոր կարեկցանքը, սերը և բարությունը, ում մեջ «ոչ մի խավար չկա»:9 Ես վկայում եմ այս ամենի մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: