2010–2019 թթ․
Տիրոջ ճանապարհը
Ապրիլ 2013


Տիրոջ ճանապարհը

Տիրոջ ճանապարհն այն է, որ մենք լսենք մեր ղեկավարների ուսմունքները, հասկանանք ճիշտ սկզբունքները, և ղեկավարենք ինքներս մեզ:

Յոթանասունական

Ես ծառայում եմ որպես Յոթանասունական: Յոթանասունականները կանչված են լինելու սուրհանդակներ՝ կիսվելու Տիրոջ խոսքով այնպես, ինչպես մենք ստանում ենք այն առաքյալներից, մարգարեներից ու Հոգուց և լինելու Քրիստոսի անվան հատուկ վկաները՝ քարոզելով ավետարանը ողջ աշխարհին, կառուցելով Եկեղեցին և կարգավորելով նրա գործերը (տես ՎևՈւ 107.25, 34):

Ագարակում մեծացած

Ես մեծացել եմ Այդահո նահանգի, Բրլի քաղաքին մոտ գտնվող ագարակում՝ իսկական Այդահոյացի հողագործ եմ: Որպես հողագործ՝ ես սովորել եմ.

  1. Աշխատել՝ եթե չես ցանում, ապա չես հնձում:

  2. Աշխատել խելացի՝ եթե ոռոգում ես և պարարտացնում, ավելին ես հնձում:

  3. Ժամանակի կարևորությունը՝ եթե ճիշտ ժամանակին չես ցանում, վաղ ցրտահարությունը կարող է փչացնել բերքը:

  4. Անել այն, ինչ անհրաժեշտ է կամ պետք է արվի, անկախ նրանից, թե ինչ է հաճելի, ցանկալի կամ հարմար. կովը կթում ես այն ժամանակ, երբ պետք է կթվի, այլ ոչ թե քո ցանկացած ժամանակ:

  5. Ուղիղ լինել՝ ագարակի կենդանիների և մեքենաների հետ աշխատելիս ժամանակ չունես խոսքեր ընտրելու կամ մտածելու քաղաքավարության մասին: (Այս պարագայում, Եկեղեցում իմ ծառայության ընթացքում, ես հաճախ եմ հարցնում. «Դուք ուզում եք, որ ուղի՞ղ խոսեմ, թե՞ մեղմ»: Որպես կանոն՝ Սրբերը նախընտրում են «ուղիղ» խոսքը: Այսօր ես ուղիղ կխոսեմ ):

  6. Ի վերջո, որպես Այդահոյացի հողագործ՝ ես սովորել եմ կենտրոնանալ հիմնականի վրա:

Ոչինչ այնքան հիմնական չէ մեր և մեր վարդապետության համար, որքան հավատո հանգանակի առաջին կետը. «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն» (Հավատո Հանգանակ 1.1):

Բացի այդ, Նա մեր Երկնային Հայրն է, ով գիտի մեզ, սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք վերադառնանք Նրա մոտ: Հիսուսը մեր Փրկիչն ու Քավիչն է, ով քավության միջոցով հնարավոր դարձրեց, որ մենք հաղթահարենք մահը և նորից ապրենք, և հնարավոր դարձրեց մեր վեհացումն ու հավերժական կյանք ունենալը: Սուրբ Հոգին՝ մեր մխիթարիչը, հայտնողը, ուսուցիչը, վկայողն ու առաջնորդողն է:

Մտածեք այդ մասին եղբայրներ և քույրեր՝ մենք հոգևոր որբեր չենք: Մենք միայնակ չենք:

Ո՞րն է ծնող ունենալու առավելությունը՝ որբ չլինելը: Մենք կարող ենք սովորել նրանցից, օգտվել նրանց փորձից, խուսափել ծուղակներից, որոնց մասին նրանք նախազգուշացնում են և ավելի լավ են հասկանում՝ իրենց փորձից ելնելով: Մենք չպետք է մոլորվենք, շփոթվենք, խաբվենք կամ լինենք անարդյունավետ: Դա հատկապես ճշմարիտ է մեր Երկնային Հոր պարագայում, ով ցույց է տվել և ուսուցանել մեզ ոչ միայն ճանապարհներից մեկը, այլ միակ ճանապարհը:

Աստված ունի ճանապարհը

Իրականում Աստված ունի ճանապարհը՝ ապրելու,1 սիրելու,2 օգնելու,3 աղոթելու,4 զրուցելու,5 միմյանց հետ շփվելու,6 առաջնորդելու,7 ամուսնանալու,8 երեխաներ մեծացնելու,9 սովորելու,10 ճշմարտությունն իմանալու,11 ավետարանով կիսվելու,12 խելամտորեն ընտրելու ինչ ենք ուտում,13 և այլն:

Սուրբ գրությունների հետ միասին կան Տիրոջ ճանապարհը գտնելու ուրիշ լավ աղբյուրներ, որոնց թվում են՝ «Հավատքին հավատարիմ», «Երիտասարդներին զորացնելու համար», գրքույկները և կենդանի առաքյալների ու մարգարեների այլ ուսմունքներ:

  1. Օրինակ, սուրբ գրություններում Տերը մեզ ուսուցանել է. «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը. Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա 55.8–9):

  2. Այս վերջին օրերում չարիքներից մեկն այն է, որ «ամեն մարդ քայլում է իր իսկ ճանապարհով» (ՎևՈւ 1.16): Առակաց գրքում մեզ զգուշացվում է «քո հասկացողութեանը մի վստահիր» և «Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր» (տես Առակաց 3.5–7):

  3. Մենք ուսուցանվում ենք, որ եթե Տիրոջ ուղով ենք վարվում, Նա պարտավորվում է օրհնել մեզ, և մենք Նրա խոստումն ունենք, իսկ եթե ոչ Նրա ուղով, մենք խոստում չունենք (տես ՎևՈւ 82.10):

  4. Տերը հակադրել է Իր ուղին մեր ուղու հետ՝ մարգարե Սամուելին հրահանգելու ժամանակ, ով ուղարկվել էր նոր թագավոր գտնելու. «Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7):

  5. Նույնիսկ աղքատին ու կարիքավորին օգնելու համընդհանուր ընդունված ցանկության հարցում Տերը համաձայնում է մեր նպատակների հետ, բայց զգուշացնում է. «Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով» (ՎևՈւ 104.16): Այլապես, օգնելու մեր ջանքերը իրականում կարող են վնաս պատճառել: Տերը մեզ ուսուցանել է բարձրացնել ինքնաապահովման մակարդակը: Նույնիսկ, երբ մենք կարող ենք օգնել, մենք չպետք է տանք կամ տրամադրենք այն, ինչ նրանք կարող են և պետք է անեն իրենց իսկ համար: Ամենուր փորձված է, որ աշխարհը սովորում է նպաստ ստանալու չարիքին: Իրավ, Աստված գիտի լավագույն ուղին:

Եկեք քննարկենք մի քանի այլ օրինակներ: Տերը ունի միսիոներություն անելու ճանապարհը: Այն կանոնակարգված է սուրբ գրություններում ու Քարոզիր Իմ Ավետարանում և իրագործվում է Սուրբ Հոգու ոգեշնչմամբ:

Տերը ունի սիրելու Իր ճանապարհը կամ միակ ճանապարհը: Աշխարհում ասում են, որ եթե երկու հոգի միմյանց սիրում են, մնացածը կարևոր չէ: Մեր Երկնային Հայրը ուսուցանում է, որ սիրելը կարևոր է, սակայն Նա ուսուցանում է ավելին. որ սերն արտահայտելու համար կա լիազորված ճանապարհ ու ժամանակ:

Ղեկավարել ինքներս մեզ

Իր երիտասարդության տարիներին Ջոզեֆ Սմիթին ուսուցանվել էր Տիրոջ ուղիները: Երբ նրան հարց էին տվել, թե ինչպես է նա ղեկավարում Եկեղեցին, նա պարզաբանել է, որ նա անդամներին ուսուցանել է ճիշտ սկզբունքներ և նրանք իրենք են իրենց ղեկավարել:14 Եղբայրներ և քույրեր, մեր կենդանի առաքյալներն ու մարգարեները դեռևս ուսուցանում են ճիշտ սկզբունքներ: Հարցը կայանում է հետևյալում` «Արդյո՞ք մենք օգտագործում ենք այդ սկզբունքները ինքներս մեզ կառավարելու համար»:

Մի բան, որ հաճախ մեզ ուսուցանում են այն է, որ ծաղկենք այնտեղ, որտեղ մեզ տնկել են: Սակայն, երբեմն, մենք գայթակղվում ենք վերաբնակվելու՝ ինչ-որ նոր տեղում, մտածելով, որ մեր երեխաները կունենան ավելի շատ ընկերներ և, հետևաբար, ավելի լավ երիտասարդական ծրագրեր:

Եղբայրներ և քույրեր, իսկապե՞ս մենք մտածում ենք, որ մեր երեխաների փրկության գործոնը այն շրջապատն է, որտեղ մենք ապրում ենք: Առաքյալներն ու մարգարեները հաճախ ուսուցանել են, որ այն ինչ տեղի է ունենում մեր տան ներսում շատ ավելի կարևոր է, քան այն ինչի հանդիպում են մեր երեխաները դրսում: Ինչպես ենք մենք մեծացնում մեր երեխաներին ավելի կարևոր է, քան այն, թե որտեղ ենք մենք նրանց մեծացնում:

Իհարկե, կան ուրիշ գործոններ, որոնք որոշում են, թե որտեղ ապրել, և, բարեբախտաբար, Տերը կառաջնորդի մեզ, եթե մենք փնտրենք Նրա հաստատումը:

Մյուս հարցն այն է, թե «Որտե՞ղ մեր կարիքն ունեն»: 16 տարի շարունակ ես ծառայել եմ՝ Հյուսթոն, Տեխասի հյուսիսային ցցի նախագահությունում: Այդ ընթացքում շատերն են տեղափոխվել մեր տարածք: Մենք հաճախ էինք հեռախոսազանգեր ստանում, երբ այդ տարածք տեղափոխվողները հարցնում էին, թե որ ծուխն է ամենալավը: 16 տարվա ընթացքում միայն մեկ անգամ ես ստացա հեռախոսազանգ, որտեղ ասվում էր. «Ո՞ր ծուխը ամուր ընտանիքի կարիք ունի: Որտե՞ղ մենք կարող ենք օգնել»:

Եկեղեցու վաղ շրջանում, Նախագահ Բրիգամ Յանգը և ուրիշները կանչում էին անդամներին գնալ որոշակի տեղ, որպեսզի Եկեղեցին հիմնեն այնտեղ: Այսօր էլ մենք ունենք Եկեղեցու հավատարիմ անդամներ, ովքեր կգնան այնտեղ, որտեղ մարգարեն կասի նրանց: Մենք իսկապե՞ս ակնկալում ենք, որ Նախագահ Մոնսոնը անհատապես, մեզանից 14 միլիոնից ավելի մարդկանց կասի, թե որտեղ կա մեր ընտանիքի կարիքը: Տիրոջ ճանապարհն այն է, որ մենք լսենք մեր ղեկավարների ուսմունքները, հասկանանք ճիշտ սկզբունքները, և ղեկավարենք ինքներս մեզ:

Հատկապես կարևոր է

Այն ամենով հանդերձ, ինչ կատարվում է այսօր Եկեղեցում, և քանի որ Տերը ամեն կողմից արագացնում է Իր աշխատանքը, շատ ավելի կենսականորեն կարևոր է, որ այն ամենը ինչ մենք անում ենք, անենք նրա ձևով:

Հատկապես, փրկության աշխատանքի հարցում մենք սովորում ենք, որ «իր Որդու պարգևով Աստված պատրաստել է ավելի գերազանց ուղի» (Եթեր 12.11): Քրիստոսի վարդապետությունն « է ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (2 Նեփի 31.21):

Եզրափակում

Երբ մենք այսօր աշխարհում տեսնում ենք շատերին, որոնք ապրում են շփոթության մեջ կամ ինչն ավելի վատ է՝ թափառում են արգելված ուղիներում և տառապում են սխալ ընտրությունների անտեղի հետևանքներից, ես ցանկանում եմ Ալմայի նման բացականչել.

«Ա՜խ, երանի ես մի հրեշտակ լինեի, և կարողանայի ունենալ իմ սրտի իղձը, որ ես առաջ գնայի և խոսեի Աստծո փողով, երկիրը ցնցելու ձայնով, և ապաշխարություն աղաղակեի ամեն ժողովրդի:

Այո, ես ամեն հոգու կհայտարարեի.... փրկագնման ծրագիրը, որպեսզի նրանք ապաշխարեին և գային դեպի մեր Աստվածը, որպեսզի ողջ երկրի երեսին այլևս վիշտ չլիներ» (Ալմա 29.1–2):

Կրկին, ես վկայում եմ, որ Տերը գիտի ճանապարհը: Մեր Երկնային Հայրը գիտի մեզ, սիրում է մեզ և ցանկանում է օգնել: Նա ամենալավը գիտի, թե ինչպես օգնել: Մենք հոգևոր որբեր չենք:

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6; տես նաև Ալմա 38.9): Նրա ճանապարհը հիմնված է հավերժական ճշմարտության վրա և տալիս է մեզ «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» (ՎևՈւ 59.23): Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: