2010–2019 թթ․
Փրկիչն ուզում է ներել
Ապրիլ 2013


Փրկիչն ուզում է ներել

Տերը սիրում է մեզ և ուզում է, որ մենք հասկանանք Նրա ներելու հոժարակամությունը:

Մեր Փրկչի մահկանացու կյանքի ծառայության ժամանակ շատերը հետևեցին Նրան` ներառյալ դպիրներ և Փարիսեցիներ` «Գալիլեայի ամեն գիուղաքաղաքներիցը և Հրեաստանից և Երուսաղէմիցը…»:1 Անկողնուն գամված անդամալույծ մի մարդ, ով փափագում էր բուժվել, բերվեց դեպի մեծ ամբոխը, բայց չկարողանալով մոտենալ Փրկչին` նրա ընկերները վեր հանեցին նրան դեպի այդ տան կտուրը, որտեղ որ Փրկիչն էր, և օճորքից իջեցրեցին նրան: Տեսնելով հավատքի այս ցուցաբերումը` Իրեն լսողների համար դեռ անհայտ միտումով` Փրկիչը հայտարարեց. «Ով մարդ, քո մեղքերը թողուած լինեն քեզ»:2

Սա պետք է որ զարմացրած լինի այդ մարդուն, և, չնայած որ սուրբ գրությունները ոչինչ չեն ասում նրա արձագանքի մասին, նա գուցե մտածել է, արդյոք Փրկիչն իսկապես հասկացել է, թե ինչու է նա եկել:

Փրկիչը գիտեր, որ շատ մարդիկ հետևում էին Նրան Իր զորեղ հրաշքների պատճառով: Նա արդեն ջուրը գինու էր վերածել,3 հեռացրել էր պիղծ ոգիներ4 և բժշկել էր ազնվական մարդու որդուն,5 բորոտին,6 Պետրոսի զոքանչին7 ու շատ-շատերին8:

Բայց այս անդամալույծ մարդու միջոցով Տերն ընտրեց վկայություն տալ և՛ առաքյալին և՛ Նրա` որպես աշխարհի Փրկչի եզակի դերի մասին չարախոսողին: Լսելով Փրկչի խոսքերը` դպիրներն ու Փարիսեցիները սկսել էին իրենք իրենց խորհել` տգիտորեն խոսելով հայհոյանքի մասին` եզրակացնելով, որ միայն Աստված կարող է ներել մեղքը: Իմանալով նրանց խորհուրդները` Փրկիչը դիմեց նրանց` ասելով.

«Ի՞նչ էք խորհում ձեր սրտերումը.

Ո՞րն է ավելի հեշտ. ասել` Մեղքերդ թողուած լինեն քեզ, թէ ասել` Վեր կաց և ման եկ»:9

Չսպասելով նրանց պատասխանին` Փրկիչը շարունակեց. «Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիուն ունի երկրի վերայ մեղքեր թողելու. Անդամալոյծին ասեց. Քեզ եմ ասում, Վեր կաց և մահիճդ առ, և գնա քո տունը»:10 Եվ նա արեց:

Այս հրաշալի բժշկության միջոցով Փրկիչը մեզ բոլորիս հորդորեց այս շատ ավելի հզոր հոգևոր ճշմարտության մասին. Մարդու Որդին ներում է մեղքերը:

Մինչ այս ճշմարտությունը պատրաստակամորեն ընդունվում է բոլոր հավատացյալների կողմից` այդքան էլ հեշտությամբ չի ճանաչվում դրան ուղեկցող հիմնական ճշմարտությունը. Փրկիչը ներում է մեղքերը «երկրի վրա» և ոչ թէ Վերջին Դատաստանի ժամանակ: Նա չի արդարացնի մեզ մեր մեղքերի մեջ:11 Նա չի արգելում մեզ վերադառնալ դեպի մեր նախկին մեղքերը:12 Բայց երբ մենք ապաշխարում և հնազանդվում ենք Նրա ավետարանին, Նա մեզ ներում է:13

Այս ներման մեջ մենք տեսնում ենք Քավության` ներդաշնակորեն և գթասրտորեն կիրառված, հնարավորություն տվող և փրկագնող զորությունը: Եթե գործադրելով հավատք առ մեր Տեր Հիսուս Քրիստոս` Նրա Քավության հնարավորություն տվող զորությունը ամրացնում է մեզ մեր թուլության պահին,14 և Նրա փրկագնող զորությունը սրբագործում է մեզ, երբ մենք «[հանում ենք] բնական մարդուն»:15 Սա հույս է բերում բոլորին, հատկապես նրանց, ովքեր զգում են, որ կրկնվող մարդկային թուլությունը Փրկչի օգնելու ու փրկելու հոժարակամությունից վեր է:

Թույլ տալով, որ Փրկիչը լուսավորի մեր հասկացողությունը`16 մի անգամ Պետրոսը հարցրեց, թե քանի անգամ նա պետք է ների իր եղբորը, և հետո հարցրեց. «Մինչև եօ՞թն անգամ»: Անշուշտ, դա կլիներ ավելի քան բավարար: Բայց Փրկչի պատասխանը մեզ համար ճանապարհ բացեց, որպեսզի ճանաչենք Նրա ողորմած սիրտը. «Չեմ ասում քեզ, մինչև եօթն անգամ, այլ մինչև եօթանասուն անգամ եօթը»:17

Տերը սիրում է մեզ և ուզում է, որ մենք հասկանանք Նրա ներելու հոժարակամությունը: Վարդապետություն և Ուխտերում ավելի քան 20 դեպքում Տերն ասաց նրանց, ում հետ Նա խոսում էր. «Քո մեղքերը ներված են քեզ» կամ նման բառեր:18 Այս դեպքերից կեսում Տիրոջ բառերն ուղղված էին հատկապես Մարգարե Ջոզեֆ Սմիթին` երբեմն դիմելով միայն նրան, երբեմն` մյուսներին ևս:19 Դրանցից առաջինը գրառվել է 1830թ.-ին, վերջինը` 1843թ.-ին: Այսպիսով, շատ տարիների ընթացքում, Տերը բազմիցս ասել է Ջոզեֆ Սմիթին. «Քո մեղքերը ներված են քեզ»:

Մինչ Ջոզեֆը «մեղավոր [չէր] մեծ ու չարամիտ մեղքերում»,20 լավ կլինի մեզ համար հիշել, որ շատ քիչ բացառություններով, Տիրոջ «մինչև եօթանասուն անգամ եօթը» չի սահմանափակում ներումն ըստ մեղքի լրջության:

Կիրթլենդում հավաքված երեցների հետ խոսելիս` Տերն ասաց. «Ես կամենում եմ, որ դուք հաղթեք աշխարհին. ուստի ես գութ կունենամ ձեր վրա»:21 Տերը տեղյակ է մեր թուլությունների մասին և «աշխարհի» հավերժական հետևանքների մասին անկատար տղամարդկանց և կանանց համար:22 Այս հատվածում ուստի բառը Նրա հաստատումն է, որ միայն Նրա կարեկցանքի զորության միջոցով է, որ մենք կարող ենք վերջիվերջո «հաղթել աշխարհին»: Ինչպե՞ս է այդ կարեկցանքը դրսևորվում: Կիրթլենդում այս նույն երեցներին Նա ասաց. «Ես ներել եմ ձեզ` ձեր մեղքերը»:23 Փրկիչն ուզում է ներել:

Ոչ ոք թող չկարծի, որ այս ներումը գալիս է առանց ապաշխարության: Տերը իրոք հայտարարել է. «Ես` Տերս, ներում եմ մեղքերը նրանց, ովքեր խոստովանում են իրենց մեղքերն իմ առաջ և ներում են խնդրում», - հետո Նա զգուշացնում է նրանց մի լրացուցիչ պահանջմունքի մասին. «Ովքեր չեն մեղանչել ի մահ»:24 Մինչ Տերը «[Չի] կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել»25` Նա զանազանում է որոշ մեղքերի հարաբերական լրջությունը: Նա պայման է դնում, որ չի լինի ներում «Սուրբ Հոգու դեմ հայհոյանքի» համար:26 Նա հայտարարում է սպանության27 լրջությունը և շեշտում է սեռական մեղքի` շնության լրջությունը:28 Նա հայտնի է դարձնում Իր ներումը ստանալու աճող դժվարությունը կրկնվող լուրջ սեռական մեղքի դեպքում:29 Եվ Նա ասել է, որ «նա, ով մեղանչում է ավելի մեծ լույսի դեմ, ավելի մեծ դատապարտություն պիտի ստանա»:30 Մինչդեռ, Իր ողորմածությամբ, անհապաղ կատարելագործման փոխարեն Նա թույլ է տալիս բարելավվել ժամանակի ընթացքում: Նույնիսկ մեղքերի շարանով, որոնք մահկանացության թուլության արդյունք են հանդիսանում, այնքան հաճախ, որքան մենք ապաշխարենք և փնտրենք Նրա ներումը, Նա ներում է, կրկին ու կրկին:31

Այս պատճառով մենք բոլորս, ներառյալ նրանք, ովքեր պայքարում են հաղթահարել հակում առաջացնող վարքագծերը, ինչպիսիք են նյութերի չարաշահումը կամ պոռնոգրաֆիան և դրանց հետ առնչվող մարդիկ, կարող ենք իմանալ, որ Տերը կընդունի մեր արդար ջանքերը և գթառատորեն կների «մինչև եօթանասուն անգամ եօթը», երբ ապաշխարությունն ավարտված լինի: Բայց սա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է հոժարակամորեն կրկին մեղանչել` առանց պատասխան տալու հետևանքների մասին:32

Տիրոջը միշտ հետաքրքրել են մեր սրտերը,33 և քողարկված կեղծ հավատքը չի արդարացնում մեղքը:34 Այս տնտեսությունում Տերը զգուշացրել է Իր ծառաներից մեկին նման քողարկման համար` հայտարարելով. «Թող [նա] ամաչի նիկողայոսականների խմբից և բոլոր նրանց գաղտնի պղծություններից»:35 Նիկողայոսականները հին կրոնական խմբակցություն էին, ովքեր պնդում էին, որ ունեն թույլտվություն կատարելու սեռական օրինազանցություն Տիրոջ շնորհի հիման վրա:36 Սա հաճելի չէ Տիրոջը:37 Նրա կարեկցանքն ու շնորհը չեն արդարացնում մեզ, երբ «[մեր] սրտերը բավարարված չեն: Եվ [մենք չենք] հնազանդվում ճշմարտությանը, այլ հաճույք [ենք] ստանում անիրավությունից»:38 Անշուշտ, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել,39 Նրա կարեկցանքն ու շնորհը այն միջոցներն են, որոնց օգնությամբ «որոշ ժամանակ անց»40 մենք հաղթում ենք աշխարհին Քավության հնարավորություն տվող զորությամբ: Խոնարհաբար փնտրելով այս թանկագին նվերը` «[մեր] թույլ կողմերը [կդառնան] ուժեղ»,41 և Նրա զորությամբ մենք կկարողանանք անել այն, ինչը երբեք չէինք կարող անել միայնակ:

Տերը նայում է մեր ստացած լույսին,42 մեր սրտերի ցանկությանը43 և մեր գործերին,44 և եթե մենք ապաշխարում ենք ու փնտրում ենք Նրա ներումը, Նա ներում է: Երբ խորհում ենք մեր սեփական կյանքի ու մեր սիրելիների ու ծանոթների կյանքի մասին, մենք հավասարապես պետք է պատրաստ լինենք ներելու ինքներս մեզ ու մյուսներին:45

Քարոզիր Իմ Ավետարանը խոսում է հակումը հաղթահարելու դժվարության մասին և խրախուսում է քահանայության ղեկավարներին ու անդամներին «չզարմանալ կամ չհուսահատվել», երբ ունկնդիրները կամ նոր անդամները շարունակում են պայքարել նմանատիպ խնդիրների դեմ: Փոխարենը, մեզ խորհուրդ է տրվում «վստահություն ցուցաբերել այդ անձի հանդեպ և դատապարտող դիրք չգրավել … այդ երևույթին վերաբերվելով որպես ժամանակավոր և հասկանալի նահանջ»:46 Կարո՞ղ էինք ավելի քիչ բան անել մեր սեփական երեխաների և ընտանիքի անդամների համար, ովքեր պայքարում են նմանատիպ խնդիրների դեմ` ժամանակավորապես մոլորված լինելով արդարության ճանապարհից: Նրանք, անշուշտ, արժանի են մեր համառությանը, համբերատարությանն ու սիրուն - և, իհարկե, մեր ներմանը:

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսվա Գերագույն Համաժողովում Նախագահ Մոնսոնը խորհուրդ տվեց.

«Մենք պետք է պահենք մեր մտքում, որ մարդիկ կարող են փոխվել: Նրանք կարող են հրաժարվել վատ սովորույթներից: Նրանք կարող են ապաշխարել օրինազանցություններից:…

«… Մենք կարող ենք օգնել նրանց հաղթահարել իրենց թերությունները: Մենք պետք է զարգացնենք ունակություն` տեսնելու մարդկանց ոչ թե ինչպես նրանք ներկայում են, այլ թե ինչպիսին նրանք կարող են դառնալ»:47

Եկեղեցու ավելի վաղ համաժողովներից մեկի ժամանակ Տերն ասել է անդամներին.

«Ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ, …

Քանզի ամեն մարմին ապականվել է իմ առաջ:…

…Քանզի, արդարև, ձեզանից ոմանք մեղավոր են իմ առաջ, բայց ես ողորմած կլինեմ ձեր թուլության համար»:48

Նրա ուղերձն այսօր նույնն է:

Մեր Երկնային Հայրը տեղյակ է մեր խնդիրներից, և որ մենք բոլորս մեղանչում ենք ու «Աստծո փառքից պակասուած [ենք]»49 կրկին ու կրկին: Նա ուղարկեց Իր Որդուն, ով «գիտի թուլությունը մարդու, և թե ինչպես սատարի նրանց, ովքեր փորձվում են»:50 Նրա Որդին մեզ ուսուցանում է «միշտ [աղոթել], որ չընկնենք գայթակղության մեջ»:51 Մեզ ասված է` «կանչեք առ Աստված ողորմության համար. Քանզի նա հզոր է փրկելիս»:52 Փրկիչը մեզ պատվիրում է ապաշխարել53 և ներել:54 Եվ չնայած որ ապաշխարելը հեշտ չէ` եթե մենք մեր ողջ սրտով ձգտենք հնազանդվել Նրա ավետարանին, Նա մեզ տալիս է հետևյալ խոստումը. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ չնայած [ձեր] մեղքերին, որովայնս լի է կարեկցանքով [ձեր] հանդեպ: Ես լիովին դուրս չեմ գցի [ձեզ]. և ցասման օրը ես ողորմություն կհիշեմ»:55 Փրկիչն ուզում է ներել:

Ամեն շաբաթ Մորմոնական Թաբերնաքլի երգչախումբը սկսում է իր հաղորդումը Վիլյամ Վ. Ֆելփսի հայտնի «Մեղմ երգեք սուրբ մեղեդին» օրհներգի ոգեշնչող բառերով: Ավելի քիչ հայտնի են չորրորդ հատվածի մխիթարող խոսքերը.

Տերը Սուրբ է:

Նրա խոսքը թանկագին է.

Ապաշխարեք և ապրեք…,

Նույնիսկ եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն,

Օ՜, ապաշխարեք, և նա կների:56

Կոչ եմ անում ձեզ` հիշեք Տիրոջ խոսքերը, հավատացեք դրանց և հավատք գործադրեք առ Նա` ի ապաշխարություն:57 Նա սիրում է ձեզ: Նա ուզում է ներել: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: