Բառերը, որ մենք խոսում ենք

Ռոզմարի Մ. Վիքսոմ

Երեխաների Միության Գերագույն Նախագահ


Թե ինչպես ենք մենք խոսում մեր երեխաների հետ և ինչպիսի բառեր ենք կիրառում խոսելիս, կարող է խրախուսել և ոգևորել նրանց, ամրացնել նրանց հավատքը:

Մի երիտասարդ հայր վերջերս լսեց իր երկրորդ դասարանի արտասովոր ուսուցչուհու մահվան մասին: Ի հիշատակ նրա` նա գրեց. «Իմ հիշած բոլոր զգացումներից ու փորձառություններից, զգացումը, որի մասին ես ամենից հաճախ եմ մտածում, դա «սփոփանքն» է»: Նա ինձ գուցե ուսուցանել է ուղղագրություն, քերականություն և մաթեմատիկա, բայց, շատ ավելի կարևոր, նա ինձ սովորեցրել է սիրել մանկությունը: Նրա դասարանում դա նորմալ էր երբեմն բառը սխալ կազմել: «Մենք կաշխատենք դրա վրա»,- կասեր նա: Նորմալ էր թափթփել, կամ պատռել, կամ կեղտոտել: «Մենք կուղղենք դա և կմաքրենք»,- կպատասխաներ նա: Նորմալ էր փորձել, նորմալ էր ջանալ, նորմալ էր երազել և վայելել աննշան բաներից եկող հաճույքները, որոնք միայն երեխաների համար են ոգևորիչ»:

Ամենամեծ ազդեցություններից մեկը, որ մարդ կարող է ունենալ այս աշխարհում, երեխայի վրա ազդեցություն ունենալն է: Երեխաների համոզմունքները և ինքնագնահատականը ձևավորվում են իրենց կյանքի վաղ շրջանում: Յուրաքանչյուր ոք, ով ինձ լսում է հիմա, իր արտաբերած բառերի միջոցով երեխայի վստահությունը իր անձի նկատմամբ բարձրացնելու և երեխայի հավատքը առ Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս մեծացնելու զորություն ունի:

Հելամանի հինգերորդ գլխում մենք կարդում ենք. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է` Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:1

Սրանք այն բառերն բառերն էին, որ Հելամանն ուսուցանեց իր որդիներին: Եվ մենք շարունակում ենք կարդալ. «Եվ նրանք հիշում էին նրա խոսքերը. և … նրանք առաջ գնացին … ուսուցանելու Աստծո խոսքը … ողջ ժողովրդի մեջ»:2

Թեև Հելամանի որդիներին հալածեցին ու բանտարկեցին, իրենց լսած բառերն երբեք հուսախաբ չարեցին նրանց: Նրանք պաշտպանված էին և օղակված էին մի կրակե սյունով: Հետո մի ձայն եկավ` ասելով իրենց կալանողներին.

«Ապաշխարեք, ապաշխարեք, և այլևս մի ջանացեք կործանել իմ ծառաներին: …

Դա մի որոտի ձայն չէր, ոչ էլ մի բարձր աղմկոտ ժխորի ձայն, այլ ահա, դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն էր, կարծես մի շշուկ, և այն թափանցեց մինչև հոգու խորքը»:3

Մենք կարող ենք սովորել երկնքից եկող այդ ձայնից: Դա բարձր չէր, հանդիմանող չէր, ոչ էլ նվաստացնող. դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն էր, որը հաստատուն հրահանգի հետ մեկտեղ տալիս էր հույս:

Թե ինչպես ենք մենք խոսում մեր երեխաների հետ և ինչպիսի բառեր ենք կիրառում խոսելիս, կարող է խրախուսել և ոգևորել նրանց, ամրացնել նրանց հավատքը, որպեսզի մնան Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին: Նրանք գալիս են այս աշխարհ` պատրաստ լսելու:

Երեխայի լսելու հետ կապված մի օրինակ տեղի ունեցավ կտորեղենի խանութում: Խանութը լեփ-լեցուն էր գնորդներով, երբ բոլորը նկատեցին, որ մի մայր խուճապի է մատնվել, որովհետև կորցրել է իր փոքրիկ որդուն: Սկզբում նա կանչում էր նրա անունը: «Քոնոր»,- ասում էր նա` խանութով մեկ արագ քայլելով: Ժամանակի անցնելու հետ մեկտեղ նրա ձայնը ավելի բարձրացավ և ավելի խելահեղ դարձավ: Շուտով այդ մասին տեղեկացրեցին խանութի անվտանգության աշխատակիցներին, և ամեն ոք խանութում ներգրավված էր երեխայի որոնման մեջ` թե դրսում, թե ներսում: Մի քանի րոպե անցավ առանց նրան գտնելու հաջողության: Ժամանակն անցնելու հետ մեկտեղ` Քոնորի մայրը հասկանալիորեն ավելի խելահեղ էր դառնում, և շտապ գոռում էր նրա անունը կրկին ու կրկին:

Մի գնորդ լուռ աղոթք ասելուց հետո մտածեց, որ Քոնորը գուցե վախեցել է իր մոր բղավոցը լսելիս, որը կանչում էր իր անունը: Նա ասաց այս միտքը մեկ այլ կնոջ, ով ներգրավված էր որոնման մեջ, և նրանք արագ ծրագիր մշակեցին: Նրանք միասին սկսեցին քայլել կտորի սեղանների միջև` հանգիստ կրկնելով հետևյալ բառերը. «Քոնոր, եթե դու լսում ես իմ ձայնը, ասա` ես այստեղ եմ»: Երբ նրանք դանդաղ քայլում էին դեպի խանութի հետնամասը` կրկնելով այդ արտահայտությունը, նրանք իսկապես լսեցին մի երկչոտ, մեղմ ձայն` ասելիս. «Ես այստեղ եմ»: Քոնորը թաքնվել էր կտորի գլանների միջև` սեղանի տակ: Դա կատարյալ մեղմության մի ձայն էր, որ քաջալերեց Քոնորին պատասխանել:

Աղոթեք երեխայի կարիքներն իմանալու համար

Երեխայի սրտի հետ խոսելու համար պետք է իմանանք երեխայի կարիքները: Եթե աղոթենք այդ կարիքներն իմանալու համար, հենց այն բառերը, որ մենք կասենք, իրենց սրտերի վրա ազդելու զորություն կունենան: Մեր ջանքերը մեծանում են, երբ մենք փնտրում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Տերն ասել է.

«Ասեք այն մտքերը, որոնք ես կդնեմ ձեր սրտում…

Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք»:4

Անջատեք սարքավորումները և սիրով լսեք

Դժբախտաբար, այս աշխարհի անհանգստությունները թույլ չեն տալիս, որ շատ երեխաներ լսեն քաջալերող խոսքեր, որոնք կձևավորեին իրենց ինքնարժեքը:

Բժիշկ Նիլ Հալֆոնը, ով ղեկավարում է Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջ երեխաներ, ընտանիքներ և համայնքներ կենտրոնը, վերագրում է սա որպես «ծնողական բարեգութ անտեսում»: Մի օրինակ կապված է 18 ամսեկան երեխայի և նրա ծնողների հետ.

Նրանց որդին երջանիկ է թվում, ակտիվ և զբաղված, ամբողջովին վայելում է ժամանակը և պիցցան իր ծնողների հետ: … Ճաշն ավարտելուց հետո մայրը գնում է ինչ-որ հանձնարարություն կատարելու` թողնելով, որ հայրը հոգ տանի երեխայի մասին:

«Հայրը… սկսում է կարդալ հեռախոսային հաղորդագրություններ` մինչ փոքրիկը պիցցայի չորուկներ նետելու միջոցով պայքարում է ստանալ նրա ուշադրությունը: Հետո հայրը կրկին ուշադրությունը դարձնում է դեպի իր որդին` նայելով նրան և խաղալով նրա հետ: Թեև շուտով նա երեխայի հետ խաղալու փոխարեն, սկսում է նրա հետ նայել իր հեռախոսի տեսահոլովակը, մինչև կինը վերադառնում է:

[Բժիշկ] Հալֆոն նկատել է երեխայի ներքին լույսի պակասում, ծնողի և երեխայի միջև հաղորդակցման նվազում»:5

Մեր աղոթքի պատասխանը, թե ինչպես բավարարենք երեխաների կարիքները, կարող է լինել էլեկտրական սարքավորումների ավելի քիչ օգտագործումը: Մեր երեխաների հետ շփվելու և զրուցելու հնարավորության թանկագին րոպեները կորում են, երբ մենք զբաղված ենք լինում կողմնակի գործողություններով: Ինչու՞ ամեն օր չընտրել տեխնիկայից անջատվելու և միմյանց հետ միանալու ժամանակ: Պարզապես անջատեք ձեր բոլոր էլեկտրական սարքավորումները: Երբ սա անեք, ձեր տունը սկզբում կարող է հանգիստ թվալ, նույնիսկ հնարավոր է չիմանաք ինչ անել կամ ինչ ասել: Հետո, երբ ողջ ուշադրությունը հատկացնեք ձեր երեխաներին, զրույցը կսկսվի, և կարող եք հաճույք ստանալ միմյանց լսելուց:

Գրենք մեր երեխաներին համոզելու համար

Մենք նաև կարող ենք ներգործել մեր երեխաների վրա այն բառերի միջոցով, որ գրում ենք նրանց: Նեփին գրում է. «Մենք աշխատում ենք ջանասիրաբար` գրելու և համոզելու մեր զավակներին … հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ»:6

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվեց Ջեյ Հեսի` մի ռազմական օդաչուի փորձառության մասին, ում ինքնաթիռը խփվեց Հյուսիսային Վիետնամի տարածքում 1960-ական թթ-ին. «Նրա ընտանիքը երկու տարի շարունակ տեղյակ չէր նա կենդանի է, թե մահացած: Հանոյում նրան գերության մեջ պահողներն ի վերջո թույլ տվեցին նրան գրել տուն, սակայն քսանհինգ բառով սահմանափակեցին նրա նամակը»: Նախագահ Մոնսոնը հարցնում է. «Ի՞նչ կասեինք դուք և ես մեր ընտանիքներին, եթե նման իրավիճակում հայտնվեինք, երբ արդեն երկու տարի է, ինչ չենք տեսել նրանց և չգիտենք երբևէ կրկին կտեսնեք նրանց, թե ոչ: Ցանկանալով այնպես գրել, որ իր ընտանիքն իմանա, որ դա իր կողմից է, և նաև ցանկանալով նրանց արժեքավոր խորհուրդ տալ, եղբայր Հեսը գրեց [հետևյալ բառերը]. «Հետևյալ բաները կարևոր են` տաճարային ամուսնություն, միսիա, քոլեջ: Առաջ գնացեք, նպատակներ դրեք, պատմություն գրեք, տարին երկու անգամ լուսանկարվեք»:7

Ի՞նչ բառեր կգրեիք ձեր երեխաներին, եթե կարողանայիք գրել 25 բառ կամ ավելի քիչ:

Երիտասարդ հայրը, ում մասին ես խոսեցի ավելի շուտ, ով գրել էր իր երկրորդ դասարանի ուսուցչուհու հետ կապված հիշողությունների մասին, հիմա մեծացնում է մի գեղեցիկ փոքրիկ դուստ: Նա զգում է երկնային վստահությունը, որը տրվել է նրան: Երբ նա մեծանա, ինչպիսի՞ն կլինի նրա ապագան: Ի՞նչ պետք է նա ասի, որ խորապես տպավորվի նրա մեջ: Ո՞ր բառերը կխրախուսեն նրան, կբարձրացնեն նրան և կօգնեն նրան մնալ ճանապարհին: Ինչ-որ բան կփոխվի՞, եթե նա կանգ առնի ու շշնջա. «Աստծո զավակն ես դու»: Մի օր նա կհիշի՞, որ իր հայրը հաճախ ասում էր հետևյալ բառերը. «Ես սիրում եմ այն ամենը, ինչ կապված է քեզ հետ»:

Մի՞թե դա այն չէ, ինչ մեր Երկնային Հայրն ասում էր Իր Որդուն և մեզ բոլորիս, երբ Նա ասաց. «Դա է իմ սիրելի որդին» և հետո ավելացրեց, «որին ես հավանեցի»:8

Հուսով եմ, այն բառերը, որ մենք ասում և գրում ենք մեր երեխաներին, արտացոլում են այն սերը, որ մեր Երկնային Հայրն ունի Իր Որդու` Հիսուս Քրիստոսի ու մեր նկատմամբ: Եվ հետո, թող որ մենք կանգ առնենք լսելու համար, քանզի երեխան, ի պատասխան, շատ ունակ է խոսելու մեծ ու զարմանալի բաներ: Ես սա ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Mostrar las referencias

  1.  

    1. Հելաման 5.12:

  2.  

    2. Հելաման 5.14; շեշտադրումն ավելացված է:

  3.  

    3. Հելաման 5.29–30:

  4.  

    4. Վարդապետություն և Ուխտեր 100.5–6:

  5.  

    5. Lois M. Collins, “Baby’s Development Potentially Harmed by Parents Texting,” Deseret News, June 4, 2012, deseretnews.com/article/print/865556895/Babys-development-potentially-harmed-by-parents-texting.html.

  6.  

    6. 2 Նեփի 25:23:

  7.  

    7. Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախություն գտնել ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 86:

  8.  

    8. Մատթէոս 3.17: