Այս բաները ես գիտեմ
Այն ամենից, ինչ կարդացել, ուսուցանել և սովորել եմ, ամենաթանկ և սուրբ ճշմարտությունը, որ կարող եմ առաջարկել, իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին:
1992 թվին ես 68 տարեկան էի, արդեն ինը տարի ծառայել էի որպես Տասներկուսի Օգնական և 22 տարի` որպես Տասներկուսի անդամ: Զգացի, որ պետք է սկսեմ գրել իմ «Անավարտ երգը»: Առաջին մասն այսպես է`
Մի միտք եկավ անցյալ գիշեր,
Խորիմաստ ու կարևոր:
Հոգնած էի այնքան, որ ես
Չկարողացա քուն մտնել:
Զբաղված ու ծանր օր էր,
Ճակատագրիս մասին էի խորհում
Ու այսպես մտածում.
Երբ ջահել էի, 68 տարեկան չէի,
Առանց կաղալու էի քայլում,
Ուսերս չէին ցավում:
Երկու անգամ էի մի տողը կարդում,
Եվ ապա անգիր կրկնում:
Կարողանում էի անվերջ աշխատել,
Առանց շունչ քաշելու:
Այն, ինչ հմտորեն էի անում,
Դժվարությամբ է այժմ տրվում:
Եթե տարիները ետ բերեի,
Եթե ընտրությունն իմը լիներ,
Տարիքը երիտասարդության հետ չէի փոխի,
Շատ բան կկորցնեի:
Գոհությամբ առաջ եմ գնում,
Թողնելով երիտասարդությունը ետևում:
Քանզի, ետ գնալով, կկորցնեմ մի բան՝
Հասկացողությունը իմ ձեռք բերած:
Տաս տարի անց, որոշեցի մի քանի տող էլ ավելացնել այդ տողերին.
Տասը տարին սրընթաց անցավ,
Դրանց հետ անցավ շատ ցավ:
Մետաղե ազդրը ջնջեց կաղությունս,
Քայլում եմ բավականին ուղիղ:
Մեկ այլ մետաղե թիթեղ մեջքս պահում է ձիգ,
Մի սարք է դա հրաշալի,
Օգնեց քողարկել հետևանքները պոլիոյի,
Միացել եմ կարծրավիզ սերնդին:
Ծերության նշաններն են երևում:
Այլևս դրանք չեն ջնջվում:
Ժամանակի հետ սաստկանում է
Իմ մոռացկոտությունը միայն:
Կհարցնեք` հիշո՞ւմ եմ ձեզ արդյոք:
Իհարկե, չեք փոխվել այնքան:
Մի տխրեք դուք երբեք,
Եթե ձեր անունը չհիշեմ:
Համաձայն եմ, որոշ բաներ եմ իմացել,
Որ չէի ուզի երբևէ իմանալ:
Տարիքն իր հետ անգին ճշմարտություններ է բերել,
Որի շնորհիվ հոգին է աճել:
Իսկ բոլոր օրհնություններից առավել,
Լավագույնն իմ կյանքում,
Ընկերակցությունն ու սփոփանքն է,
Որ իմ կնոջից եմ ստանում:
Մեր բոլոր երեխաներն ամուսնացել են հաջող,
Իրենց ընտանիքներով,
Զավակներով, թոռներով,
Որքան արագ նրանք մեծացան:
Չեմ փոխել միտքս մեկ մազաչափ անգամ,
Երիտասարդությունս վերագտնելու համար:
Տարիքի հետ համընթաց,
Գալիս է գիտելիքը ճշմարտության:
Կհարցնեք` «Ի՞նչ է լինելու ապագայում:
Ինչպիսի՞ն կլինի ճակատագիրն իմ»:
Անտրտունջ առաջ կգնամ:
Հարցրեք, երբ 88 տարեկան դառնամ:
Անցյալ տարի ավելացրեցի այս տողերը.
Ահա արդեն 88 տարեկան եմ:
Տարիներն արագ սլացան:
Քայլեցի, կաղացի, ձեռնափայտ բռնեցի,
Այժմ վարում եմ անվասայլակ:
Լինում է, որ հաճախ եմ նիրհում,
Բայց ինձ հետ է միշտ Քահանայությունը,
Թեպետ ֆիզիկական ուժից եմ զրկվել,
Հոգևոր մեծ ուժ եմ ձեռք բերել:
Ճամփորդել եմ ողջ աշխարհով,
Մղոններ միլիոնավոր,
Արբանյակի օգնությամբ
Ձայնս հասնում է ամենուր:
Ամենայն վստահությամբ եմ ասում`
Ճանաչում եմ Տիրոջը ու սիրում:
Կարող եմ հին մարգարեների հետ վկայել,
Նրա սուրբ խոսքը քարոզել:
Գիտեմ, Գեթսեմանիում ինչ է Նա զգացել,
Անհնար է անգամ պատկերացնել:
Գիտեմ, այդ ամենն արեց մեզ համար,
Լավագույն Ընկերը մեր:
Գիտեմ, Նա կրկին կգա`
Զորությամբ ու փառքով մեծ:
Գիտեմ, կտեսնեմ Նրան կրկին`
Իմ կյանքի արշալույսին:
Նրա վիրավոր ոտքերի առաջ ծնկի կգամ,
Լուսաշող Հոգին Նրա կտեսնեմ:
Դողդոջուն ձայնով կշշնջամ`
«Իմ Տեր, իմ Աստված, ես գիտեմ»:1
Ես իրոք գիտեմ:
Մեր տան ետնամասի պատուհանները նայում են ծաղիկների փոքր պարտեզին և անտառին, որի կողքով փոքր առվակ է հոսում: Տան պատերից մեկը նայում է պարտեզին, որը խիտ պատված է անգլիական բաղեղով: Տարիների ընթացքում բաղեղի մեջ բույն էին դրել փոքր թռչունները` սերինոսները: Ճյուղերի մեջ հյուսված բույնն ապահով տեղ էր, որ պաշտպանում էր որսի դուրս եկած աղվեսներից, ջրամկներից և կատուներից:
Մի օր բաղեղի թփերում իրարանցում էր: Հուսակտուր ճիչերը լսելով, 8–10 սերինոսներ էին օգնության եկել մոտակա անտառից, որոնք միացել էին այդ ահազանգող ճիչերին: Շուտով տեսա, ինչն էր իրարանցման պատճառը: Օձը սողացել էր բաղեղից դուրս և կախվել էր պատուհանի դիմաց, և այնքան մոտ էր, որ ես դուրս քաշեցի նրան: Օձի մարմնի մեջտեղում երկու ուռած մաս կար, որն ապացույցն էր նրա, որ այդ գիշատիչը բնից երկու ծիտիկների էր հափշտակել: Նման բան մենք չէինք տեսել այդ տանն ապրելու 50 տարիների ընթացքում: Դա եզակի դեպք էր մեր կյանքում:
Մի քանի օր անց, կրկին իրարանցում էր, այս անգամ շան վազելու տեղը ծածկող թփերի մոտից: Մենք լսեցինք նույն ճիչերը և տեսանք հավաքված նույն հարևան սերինոսներին: Մենք ճանաչեցինք գիշատչին: Թոռնիկս մագլցեց վերև և դուրս քաշեց ևս մեկ օձ, որն ամուր բռնել էր արդեն սպանված մայր թռչունին:
Ինքս ինձ ասացի. «Ի՞նչ է կատարվում: Եդեմի պարտեզը կրկին հարձակման է ենթարկվում»:
Միտքս եկան մարգարեների կողմից տրվող զգուշացումները: Մենք միշտ չէ, որ պաշտպանված ենք հակառակորդի ազդեցությունից, անգամ մեր տան պատերի ներսում: Մենք պետք է պաշտպանենք մեր ձագուկներին:
Մենք ապրում ենք շատ վտանգավոր աշխարհում, որը սպառնում է այն ամենին, ինչը հոգևոր է: Ժամանակի և հավերժության մեջ հիմնական միավորը` ընտանիքը գտնվում է տեսանելի և անտեսանելի ուժերի հարձակման ներքո: Հակառակորդն ակտիվ է: Նրա նպատակն է` վնաս պատճառել: Նա հաջողության կհասնի, եթե կարողանա թուլացնել և կործանել ընտանիքը:
Մենք` Վերջին Օրերի Սրբերս, հասկանում ենք ընտանիքի մեծ կարևորությունը և ձգտում ապրել այնպես, որ հակառակորդը չսողոսկի մեր տուն: Մենք մեր երեխաների հետ միասին ապահով և անվտանգ ենք, երբ պատվում ենք մեր կապած ուխտերը, և ապրում ենք հնազանդության պարզ արարքներով, որ պահանջվում են Քրիստոսի հետևորդներից:
Եսայիան ասել է. «Արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն հավիտյան»:2
Այդ խաղաղությունը նաև խոստացվել է հայտնություններում, որտեղ Տերը հայտարարում է. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»:3
Քահանայության լիակատար զորությունը տրվել է` տունը և տան բնակիչներին պաշտպանելու նպատակով: Հայրը իշխանություն և պատասխանատվություն է կրում ուսուցանելու իր զավակներին, օրհնելու և ապահովելու նրանց ավետարանի արարողություններով և քահանայության անհրաժեշտ այլ պաշտպանությամբ: Նա պետք է սեր, հավատարմություն և հարգանք տածի մոր հանդեպ, որպեսզի իրենց երեխաները տեսնեն այդ սերը:
Ես հասկացել եմ, որ հավատքը ոչ թե արտահայտություն կամ համոզմունք է, այլ իրական ուժ է: Արդարակյաց մոր հավատքով լի աղոթքներից առավել զորավոր բան չկա:
Սովորեք և ձեր ընտանիքներին ուսուցանեք Սուրբ Հոգու պարգևի և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Ձեր տան պատերի ներսում եք կատարում մեծագույն հավերժական աշխատանքը: Մեծագույն հավերժական աշխատանքը, որ երբևէ կկատարեք, կլինի ձեր տան պատերի ներսում:
Մենք գիտենք, որ երկնային ծնողների հոգևոր զավակներն ենք, և այստեղ՝ երկրի վրա ենք, որպեսզի մեր մահկանացու մարմինը ստանանք և փորձվենք: Մենք՝ մահկանացու մարմին ունեցողներս, իշխանություն ունենք մարմին չունեցող էակների վրա: 4 Մենք ազատ ենք ընտրելու այն, ինչ ուզում ենք, սակայն ընտրելով մեր արարքները, մենք ազատ չենք ընտրելու հետևանքները: Դրանք չենք կարող փոխել:
Սուրբ գրություններում ազատ կամքը բնորոշվում է որպես «բարոյական ազատ կամք», ինչը նշանակում է, որ կարող ենք ընտրել բարու և չարի միջև: Հակառակորդը փորձում է գայթակղել մեզ, որպեսզի չարաշահենք մեր բարոյական ազատ կամքը:
Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ. «Որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով, ինչ վերաբերում է ապագային, համաձայն բարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, որպեսզի դատաստանի օրն ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար»:5
Ալման ուսուցանել է, որ «Տերը չի կարող նայել մեղքի վրա նվազագույն»:6 Սա հականալու համար մենք պետք է մեղքը բաժանենք մեղավորից:
Օրինակ, երբ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին Փրկչի առաջ, Նա բաց թողեց նրան, ասելով հինգ բառ. «Գնա և այսուհետև մեղք մի գործիր»:7 Դա է Նրա ծառայության ոգին:
Հանդուրժողականությունն արժանիք է, սակայն բոլոր արժանիքների նման, չափն անցնելու դեպքում, այն վերածվում է չարիքի: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի չընկնենք «հանդուրժողականության թակարդը»: Երկրի օրենքների թուլացման հետևանքով անբարոյական արարքները հանդուրժող ամենաթողությունը չի նվազեցնում հոգևոր լուրջ հետևանքները, որոնք ողջախոհության Աստծո օրենքի խախտման արդյունք են:
Բոլորը ծնվում են Քրիստոսի Լույսով, որն առաջնորդող ուժ է և օգնում է յուրաքանչյուր անհատի տարբերել ճիշտը սխալից: Մահկանացու կյանքի փորձության մի մասն է այն, թե ինչպես ենք վարվում այդ լույսի հետ և ինչպես ենք արձագանքում այդ հուշումներին` արդարակյաց կյանքով ապրելու համար:
«Քանզի ահա, Քրիստոսի Հոգին տրվում է ամեն մարդու, որպեսզի նա կարողանա բարին տարբերել չարից. ուստի, ես ցույց եմ տալիս ձեզ դատելու ուղին. քանզի ամեն բան, որ հրավիրում է անել բարիք, և համոզում է հավատալ Քրիստոսին, առաջանում է Քրիստոսի զորությամբ ու պարգևով. ուստի, դուք կարող եք կատարյալ իմացությամբ տարբերել՝ դա Աստծուց է»:8
Յուրաքանչյուրս պետք է լինի այնպիսի վիճակում, որ արձագանքի ոգեշնչմանը և Սուրբ Հոգու հուշումներին: Տերը մաքուր բանականություն է լցնում մեր միտք` հուշելով, առաջնորդելով, ուսուցանելով և զգուշացնելով մեզ: Աստծո յուրաքանչյուր որդի կամ դուստր կարող է իմանալ տվյալ պահին իրեն անհրաժեշտ բաները: Սովորեք ստանալ և գործել ոգեշնչմամբ ու հայտնությամբ:
Այն ամենից, ինչ կարդացել, ուսուցանել և սովորել եմ, ամենաթանկ և սուրբ ճշմարտությունը, որ կարող եմ առաջարկել, իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին: Նա ապրում է: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Ես Նրա վկան եմ: Եվ Նրա մասին ես կարող եմ վկայել: Նա մեր Փրկիչն է, մեր Քավիչը: Սրանում ես համոզված եմ: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: