«Սա է իմ գործը և իմ փառքը»

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Տասներկու Առաքյալների Քվորումից


Աստված ազատորեն տվել է Իր զորությունը նրանց, ովքեր կընդունեն և կպատվեն Նրա քահանայությունը, որը տանում է դեպի անմահության և հավերժական կյանքի խոստացված օրհնությունները:

Նախագահ Փաքեր, մենք անհամբերությամբ սպասում ենք այդ հիանալի բանաստեղծության 98-րդ թողարկմանը: Ինչպիսի հրաշալի ուսուցում էր մեզ համար:

Մի քանի շաբաթ առաջ, ձմեռային ցուրտ մութ մի երեկո ես և կինս՝ Բարբարան, հիացմունքով նայեցինք երկնքին: Միլիոնավոր աստղեր, կարծես, բացառապես պայծառ և գեղեցիկ լինեին: Այնուհետև ես բացեցի Թանկագին Մարգարիտը և կրկին զարմանքով կարդացի Մովսեսին ասված Տիրոջ խոսքերը. «Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել. և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է» (Մովսես 1.33):

Մեր օրերում Հաբլի տիեզերական աստղադիտակը հաստատում է այն բազմությունը, որ տեսավ Մովսեսը: Հաբլի գիտնականների տվյալներով, Հարդագողի ճանապարհ գալակտիկան, որից առաջացել են մեր երկիրը և արևը, միայն մի փոքր մասն են՝ միայն մեկը ավելի քան 200 միլիարդ նման գալակտիկաներից: Ինձ համար դժվար է ըմբռնել, անհնար է պատկերացնել, թե որքան շատ և անծայրածիր են Աստծո արարումները:

Եղբայրներ և քույրեր, զորությունը, որով ստեղծվել են երկինքը և երկիրը, քահանայությունն է: Մենք՝ Եկեղեցու անդամները, գիտենք, որ այդ քահանայության աղբյուրը Ամենազոր Աստվածն է և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Քահանայությունը ոչ միայն այն զորությունն է, որով ստեղծվել են երկինքը և երկիրը, այլ նաև այն զորությունը, որով Փրկիչը Իր մահկանացու ծառայության ժամանակ հրաշքներ է գործել, օրհնել և բժշկել է հիվանդներին և, որպես Հոր Միածին Որդի, դիմացել է անտանելի ցավին Գեթսեմանի պարտեզում և Գագաթում, այպիսով ողորմածությամբ իրականացնելով արդարադատության օրենքները և պարգևելով անսահման Քավություն, հաղթահարելով ֆիզիկական մահը Հարության միջոցով:

Այդ քահանայության իշխանությունը և զորությունը Նա տվեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և Իր մյուս Առաքյալներին՝ օրհնելու համար մյուսներին և կապելու երկնքում այն, ինչ կկապվի երկրի վրա:

Քահանայության զորությունը Աստծո սրբազան և կարևորագույն պարգևներից է: Այն տարբերվում է քահանայության իշխանությունից, որը լիազորություն է գործելու Աստծո անունից: Այդ լիազորությունը կամ կարգումը տրվում է ձեռնադրությամբ: Քահանայության զորությունը գործում է միայն այն ժամանակ, երբ այն օգտագործում են արժանի և Աստծո կամքին համաձայն գործողները: Ինչպես հայտարարել է Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը. «Տերը մեզ` բոլոր քահանայություն կրողներիս, տվել է իր իշխանությունից, սակայն մենք կարող ենք օգտվել երկնքի զորություններից միայն մեր անձնական արդարակեցության պայմանով» (“Boys Need Heroes Close By,” Ensign, May 1976, 45):

Վերականգնման փառավոր օրերին և այսօր աշխարհում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերահաստատման ժամանակ Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը և Հովհաննեսը, Մովսեսը, Եղիասը և Եղիան եկան երկիր և վերականգնեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով քահանայության բոլոր բանալիները և իշխանությունը՝ այս վերջին օրերում Աստծո աշխատանքի համար:

Այդ բանալիներով, այդ իշխանությամբ և այդ զորությամբ է կազմակերպված այսօր Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, որի գլխավերևում Քրիստոսն է, որը ղեկավարում է այն Իր կենդանի մարգարե՝ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով, որին օգնում են պատշաճ կանչված և կարգված Առաքյալները:

Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա բերել առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը՝ առանց կնոջ հավերժական ընտանիք կազմելու համար: Այլ խոսքերով, հավերժական հեռանկարը, և բազմանալու ստեղծարար ուժերը, և քահանայության զորությունը ամուսինը և կինը կիսում են: Եվ որպես ամուսիններ, տղամարդը և կինը՝ երկուսն էլ պետք է ձգտեն հետևել մեր Երկնային Հոր ծրագրին: Սիրո, խոնարհության և համբերատարության քրիստոնեական արժեքները պետք է լինեն նրանց ուշադրության կենտրոնում, մինչ նրանք փնտրում են քահանայության օրհնությունները իրենց անձնական և իրենց ընտանիքների կյանքում:

Մեզ համար վճռորոշ է հասկանալը, որ Երկնային Հայրը ուղի է տվել Իր բոլոր որդիների և դուստրերի համար, որ նրանց մատչելի լինեն քահանայության օրհնությունները և որ նրանք ուժեղացվեն քահանայության զորությամբ: Իր հոգևոր զավակների համար Աստծո ծրագրի առանցքում է Նրա իսկ հայտարարությունը. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Վարդապետություն և Ուխտերի 81-րդ բաժնում Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը բացատրում է, որ քահանայության զորությունը պետք է օգտագործվի, որ «սատարի թույլերին, բարձրացնի ընկած ձեռքերը և ամրացնի տկար ծնկները» (հատված 5):

«Եվ անելով այս բաները՝ դու ամենամեծ բարիքը կգործես քո մերձավորների համար և կավելացնես փառքը նրա, ով քո Տերն է» (ՎևՈւ 81.4):

Մտածելով թույլերին սատարելու, ընկած ձեռքերը բարձրացնելու և տկար ծնկները ամրացնելու մասին, ես հիշեցի յոթամյա մի անուշիկ աղջնակի մասին, որը ցույց էր տալիս իր պապիկին լոլիկի փոքր բույսը, որը նա ստացել էր սերմից, երբ կատարում էր երկրորդ դասարանի իր առաջադրանքը:

Նա բացատրում էր, որ մեկ փոքրիկ սերմից բույս է աճում: Իսկ երբ բույսը խնամվի, այն կտա բազմաթիվ լոլիկներ, որոնք յուրաքանչյուրը կունենան շատ սերմեր:

Նա ասաց. «Եվ եթե այդ բոլոր սերմերը ցանվեն, ավելի շատ լոլիկ կաճի, իսկ այդ սերմերից մի քանի բերք հետո կարելի է ունենալ միլիոնավոր լոլիկներ»:

«Այդ ամենը՝ միայն մեկ փոքր սերմից», - ասաց նա հիացած:

Սակայն հետո ասաց. «Ես գրեթե սպանել էի իմ բույսին: Ես թողել էի նրան մութ սենյակում և մոռացել էի ջրել: Երբ հիշեցի բույսի մասին, այն թոշնել էր և թառամած տեսք ուներ: Ես լաց եղա, մտածելով այն միլիոնավոր լոլիկների մասին, որ այլևս երբեք չէին աճի»:

Այնուհետև նա ոգևորությամբ պատմեց իր պապիկին կատարված «հրաշքի» մասին:

Նա բացատրեց. «Մայրիկն ասաց, որ, մի գուցե, բույսը չի մահացել: Մի գուցե նա մի քիչ ջրի և լույսի կարիք ունի, և կրկին կապրի:

«Եվ նա իրավացի էր: Ես բույսին մի քիչ ջուր տվեցի և դրեցի այն պատուհանին՝ լույսի տակ: Եվ գիտե՞ս, թե ինչ եղավ: Այն վերակենդանացավ և այժմ կտա միլիոնավոր լոլիկներ»:

Լոլիկի նրա փոքր բույսը, որն այդքան մեծ ներուժ ուներ, սակայն թուլացել և թոշնել էր ոչ դիտավորյալ անտեսվելու հետևանքով, փոքրիկ աղջկա սիրող և հոգատար ձեռքերում ամրացավ և վերակենդանացավ ջրի և լույսի հասարակ սնուցման շնորհիվ:

Եղբայրներ և քույրեր, որպես մեր սիրող Երկնային Հոր բառացի զավակներ, մենք ունենք անսահման և աստվածային ներուժ: Բայց եթե մենք զգույշ չլինենք, մենք կարող ենք նմանվել թառամած լոլիկի բույսին: Մենք կարող ենք հեռանալ Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունից և ավետարանից, և դառնալ հոգեպես թերսնված և թառամած, դուրս մնալով աստվածային լույսից և Փրկչի հավերժական սիրո և քահանայության զորության կենդանի ջրերից:

Նրանք, ովքեր քահանայություն են կրում և չեն կարողանում մշտապես պատվել այն, ծառայելով մեր ընտանիքներին և մյուսներին, կնմանվեն նրանց, ովքեր չեն ստանում օրհնությունները, որ պարունակվում են քահանայության զորության մեջ, և հոգեպես, անշուշտ, կթոշնեն, զրկելով իրենց հոգևոր սնունդից, լույսից և Աստծո զորությունից, ինչպես լոլիկի բույսը, որը լի էր ներուժով, սակայն անտեսվել և թոշնել էր:

Քահանայության այդ նույն զորությունը, որը ստեղծել է աշխարհները, գալակտիկաները և տիեզերքը, կարող է և պետք է լինի մեր կյանքի մասը, որպեսզի սատարի, ամրացնի և օրհնի մեր ընտանիքներին, մեր ընկերներին և մեր հարևաններին: Այլ խոսքերով, անի այն, ինչ Փրկիչը կաներ, եթե ծառայեր այսօր մեր մեջ:

Եվ այս քահանայության զորության հիմնական նպատակն է օրհնել, սրբացնել և մաքրել մեզ, որպեսզի կարողանանք ապրել մեր ընտանիքների հետ միասին՝ մեր երկնային ծնողների ներկայությամբ, կապված քահանայության կնքումներով, մասնակցելով Աստծո և Հիսուս Քրիստոսի հրաշալի աշխատանքին, ընդմիշտ տարածելով Նրանց լույսը և փառքը:

Այդ նպատակով մի քանի ամիս առաջ ես հնարավորություն ունեցա մասնակցելու ղեկավարների համաշխարհային ուսուցման տեսանյութի պատրաստմանը, որը կոչվեց Ամրացնել ընտանիքը և Եկեղեցին Քահանայության միջոցով:

Այս նորարար և ուսուցանող տեսասկավառակը թարգմանվել է 66 լեզվով: Այն ուսուցանում է, թե ինչպես կարող է քահանայության զորությունն օրհնել, կենդանացնել և վերակենդանացնել մեր կյանքը, մեր ընտանիքների և Եկեղեցու բոլոր անդամների կյանքը:

Այն ցույց է տալիս մեզ բոլորիս՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ամուսնացածներին, այրիներին կամ միայնակներին, անկախ իրենց հանգամանքներից, թե ինչպես մենք կարող ենք լինել քահանայության օրհնությունների ճաշակողները: 12–18 րոպե տևողությամբ մի քանի հատվածներ բացատրում են քահանայության բանալիները, իշխանությունը և զորությունը, և թե ինչպես է այն ամրացնում անհատներին, ընտանիքներին և Եկեղեցին:

Մի հատուկ տեսարան նկարահանվել է իմ մոր նախատատիկի՝ Մերի Ֆիլդինգ Սմիթի, պիոների մի շատ փոքր տանը: Նա Նախագահ Ջոզեֆի ավագ եղբոր` Հայրումի այրին էր: Լինելով միայնակ ծնող, քահանայության հանդեպ իր ամուր հավատքի շնորհիվ, նա դիմում և ապավինում էր այդ զորությանը՝ իր երեխաներին սիրո և ավետարանի լույսի մեջ մեծացնելու և օրհնելու համար: Այսօր նրա սերունդը՝ Եկեղեցու հազարավոր հավատարիմ ղեկավարներ և անդամներ, շնորհակալ են նրա հավատքի, քաջության և օրինակի համար:

Ղեկավարների այս նոր ուսուցումն այսօր մատչելի է համացանցում՝ LDS.org կայքում բոլորին՝ տեսնելու և կիրառելու: Դուք կարող եք դիտել այն կենդանի եթերում LDS.org-ում, կամ կարող եք ներբեռնել այն ձեր համակարգչի, շարժական հեռախոսի կամ պլանշետի մեջ:

Առաջին Նախագահությունը խնդրել է ցցերի նախագահություններին և եպիսկոպոսություններին ցցի կամ ծխի խորհրդի ժողովներից մեկը կամ մի քանիսը նվիրել [ամբողջ] տեսասկավառակը դիտելուն: Ցցերի և ծխերի խորհուրդները պետք է քննարկեն, թե ինչպես կարող են կիրառել ներկայացված ուսմունքները (տես Առաջին Նախագահության նամակ, 1 փետ., 2013):

Այդ նյութը կոգեշնչի և կխրախուսի անդամներին քահանայության քվորումներում, Սփոփող Միությունում, Կիրակնօրյա Դպրոցում, Երիտասարդ Կանանց և Երիտասարդ Տղամարդկանց միություններում (հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են միսիայի), և Երեխաների խմբում կամ հինգերորդ կիրակի օրվա միացյալ ժողովներին: Խորհուրդների անդամները այնուհետև կկարողանան խրախուսել անհատներին և ծնողներին օգտագործել այդ նախապատրաստությունը իրենց ընտանիքներում: Եղբայրներ և քույրեր, ղեկավարման այս ուսուցումը Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար է: Ծնողներ, դիտեք այն, կիսվեք դրանով և քննարկեք այն, ինչ սովորել եք և զգացել եք, ձեր երեխաների հետ, և թույլ տվեք նրանց դիտել և անել նույնը ձեզ հետ, որպեսզի ձեր ընտանիքները կարողանան ամրանալ քահանայության միջոցով:

Հիսուսն ասել է.

«Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ» ( Հովհաննես 7.37):

«Ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։ Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ» (Հովհաննես 4.14):

«Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, … կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12):

Եթե ձեզանից որևէ մեկը զգում է, թե ձեր հավատքը կամ Երկնային Հոր ծրագրի մասին ձեր վկայությունը ավելի թույլ է, քան, ձեր կարծիքով, պետք է լիներ, ապա ավելի լիարժեք շրջվեք դեպի Փրկիչը: Թույլ տվեք, որ լույսը և Նրա կենդանի ջուրը անեն ձեր և ձեր ընտանիքի համար այն, ինչ արեցին թոշնած լոլիկի թուփը կյանքի բերելու համար:

Ես սկսեցի, հիանալով և զարմանալով քահանայության զորության միջոցով Աստծո ստեղծագործություններով: Կարծում եմ, ձեզանից շատերը նույնպես մտածում են այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք լիովին ըմբռնել մեզ ուսուցանելու և օրհնելու Աստծո զորությունը: Այն այնքան մեծ է, այնքան վեհ, այնքան զորեղ:

Ջոզեֆ Սմիթն ասել է. «Քահանայությունը հավիտենական սկզբունք է և եղել է Աստծո հետ հավիտյան, և կլինի հավիտյան՝ առանց օրերի սկզբի կամ տարիների ավարտի» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 104):

Աստված ազատորեն տվել է Իր զորությունը նրանց, ովքեր կընդունեն և կպատվեն Նրա քահանայությունը, որը տանում է դեպի անմահության և հավերժական կյանքի խոստացված օրհնությունները:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի աշխատանքը իրականացվում է քահանայության միջոցով: Դա այն զորությունն է, որի միջոցով մեր Երկնային Հայրը և Նրա Սիրեցյալ Որդին ստեղծեցին այս երկիրը և գործի մեջ դրեցին մեզ համար երջանկության մեծ ծրագիրը: Եկեք լինենք իմաստուն և ձգտենք ամրացնել մեր կյանքը, մեր ընտանիքների կյանքը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո քահանայության զորության միջոցով, դա է իմ խոնարհ աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: