Մենք մեր Երկնային Հոր դուստրներն ենք

Էլեյն Ս. Դալտոն

Երիտասարդ Կանանց վերջերս ազատված գերագույն նախագահ


Որպես Աստծո դուստրեր յուրաքանչյուրս յուրահատուկ և տարբեր ենք մեր հանգամանքներով և փորձով:

Ամեն շաբաթ ողջ աշխարհում երիտասարդ կանայք կրկնում են Երիտասարդ Կանանց թեման. Որ լեզվով էլ դա լինի, ես ամեն անգամ լսում եմ այս խոսքերը. «Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք, ով սիրում է մեզ, և մենք սիրում ենք Նրան»: 1 Հոգին հաստատում է իմ հոգուն, որ դրանք ճշմարիտ են: Դա ոչ միայն մեր ինքնության հաստատումն է՝ թե ով ենք մենք, այլ նաև գիտելիք այն մասին, թե ումն ենք մենք: Մենք վեհացած էակի դուստրեր ենք:

Ամեն երկրում և ամեն մայրցամաքում ես հանդիպում եմ ինքնավստահ տպավորիչ երիտասարդ կանանց, լցված լույսով, կատարելագործված դժվար աշխատանքով և փորձություններով, ովքեր կրում են մաքուր և պարզ հավատք: Նրանք առաքինի են: Նրանք ուխտեր պահողներ են, ովքեր «կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»: 2 Նրանք գիտեն, թե ով են, և որ նշանակալի դեր ունեն Աստծո արքայությունը կառուցելու գործում:

Երբ ես քոլեջում էի, ես ԲՅՀ միջազգային ժողովրդական պարողների անդամ էի: Մի ամառ մեր խմբին հատուկ պատիվ էր հասել շրջագայության մեկնել Եվրոպայի միսիաներով: Դա ինձ համար դժվար ամառ էր, որովհետև մի քանի ամիս առաջ հայրս հանկարծամահ էր եղել: Երբ մենք Շոտլանդիայում էինք, ես հատկապես միայնակ էի զգում և հուսահատված էի: Այդ երեկո մենք պարեցինք ժողովատանը, իսկ ելույթից հետո գնացինք հարևանությամբ գտնվող միսիայի տուն: Քայլելով դեպի տուն ես տեսա մի քար, որը դրված էր լավ խնամված այգում՝ ցանկապատի մուտքի մոտ: Քարի վրա գրված էր. «Ինչ էլ որ լինես, քո մասը լավ կատարիր»: Այդ պահին այդ բառերը խորապես թափանցեցին սրտիս մեջ և ես զգացի, որ երկինքը ինձ ուղերձ հղեց: Ես հասկացա, որ սիրող Երկնային Հայրը ճանաչում է ինձ: Ես զգացի, որ միայնակ չէի: Ես կանգնած էի այդ այգում՝ արցունքները աչքերիս: «Ինչ էլ որ լինես, քո մասը լավ կատարիր»: Այս պարզ նախադասությունը թարմացրեց իմ մտահայացքն այն մասին, որ Երկնային Հայրը ճանաչում էր ինձ և ծրագիր ուներ իմ կյանքի համար, և հոգին, որ ես զգացի, օգնեց ինձ հասկանալ, որ իմ մասը կարևոր էր:

Ավելի ուշ ես իմացա, որ այդ ասացվածքը ներշնչել է մարգարե Դեյվիդ Օ. Մակքեյին, երբ նա ծառայում էր որպես երիտասարդ միսիոներ Շոտլանդիայում: Նա տեսել էր այն մի շենքի քարի վրա՝ իր կյանքի և միսիայի հուսահատ ժամանակ, և այդ խոսքերը քաջալերել էին նրան: Տարիներ անց, երբ շենքը քանդեցին, նա կարողացավ պայմանավորվել և վերցնել քարը, տեղադրելով այն միսիայի տան այգում: 3

Որպես Աստծո դուստրեր յուրաքանչյուրս յուրահատուկ և տարբեր ենք մեր հանգամանքներով և փորձով: Ինչևէ, մեր մասը կարևոր է, որովհետև մենք կարևոր ենք: Մյուսներին սնուցելու, ուսուցանելու և նրանց համար հոգալու մեր առօրյա ներդրումը կարող է թվալ ձանձրալի, աննշան, դժվար, անգամ՝ նվաստացնող, սակայն, եթե մենք հիշենք Երիտասարդ Կանանց թեմայի առաջին տողը - Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք, ով սիրում է մեզ - դա ամբողջովին կփոխի մեր վերաբերմունքը և մեր հարաբերությունները:

Վերջերս իմ հրաշալի 92-ամյա մայրս մահացավ: Նա հեռացավ մահկանացու այս կյանքից այնպես, ինչպես ապրեց՝ հանգիստ: Նրա կյանքը չանցավ այնպես, ինչպես նա ծրագրել էր: Նրա ամուսինը, իմ հայրը, մահացավ 45 տարեկանում, թողնելով նրան երեք երեխաների՝ իմ և իմ երկու եղբայրների հետ: Նա 47 տարի ապրեց որպես այրի: Նա պահում էր մեր ընտանիքը, ցերեկը ուսուցանելով դպրոցում, իսկ երեկոյան դաշնամուրի դասեր տալով: Նա խնամում էր իր տարեց հորը՝ իմ պապիկին, ով ապրում էր մեր հարևանությամբ: Նա ապահովեց յուրաքանչյուրիս քոլեջի կրթությամբ: Նա պնդում էր, որ մենք դառնայինք «ներդրողներ»: Եվ նա երբեք չէր բողոքում: Նա պահում էր իր ուխտերը և դրա արդյունքում երկնքի զորությունները օրհնում էին մեր տունը և հրաշքներ ուղարկում: Նա ապավինում էր աղոթքին, քահանայությանը և ուխտերի խոստումներին: Նա հավատարիմ էր Տիրոջն իր ծառայության մեջ: Նրա հաստատուն նվիրումը կայունացնում էր մեզ՝ նրա զավակներին: Նա հաճախ կրկնում էր մեզ այս սուրբ գրությունը. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»: 4 Դա նրա կարգախոսն էր, և նա գիտեր, որ դա ճիշտ էր: Նա հասկանում էր, թե ինչ էր նշանակում լինել ուխտ պահող: Նա երբեք ճանաչում չի ստացել աշխարհի կողմից: Նա չէր ձգտում դրան: Նա հասկանում էր, թե ով էր և ումն էր՝ Աստծո դուստրը: Իսկապես, մեր մոր մասին կարելի է ասել, որ նա լավ կատարեց իր մասը:

Կանանց և մայրերի մասին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի առիթով ասել է.

«Մենք երբեք չպետք է մոռանանք կանանց ուժի մասին: … Մայրերն են, որ առավել ուղղակիորեն ազդում են իրենց երեխաների կյանքի վրա: … Մայրերն են, որ մեծացնում են նրանց և դաստիարակում Տիրոջ ուղիներով: Նրանց ազդեցությունը գերիշխող է: …

Նրանք են կյանքի արարիչները: Նրանք են երեխաներին սնուցողները: Նրանք են երիտասարդ կանանց ուսուցիչները: Նրանք են մեր անբաժանելի ընկերակիցները: Նրանք են մեր գործընկերները Աստծո արքայության կառուցման գործում: Որքան մեծ է նրանց դերը, որքան հրաշալի է նրանց ներդրումը»: 5

Ինչպե՞ս կարող է մայրը կամ հայրը սերմանել իր դստեր մեջ այն ազնվազարմ և հավերժական ճշմարտությունը, որ նա Աստծո դուստրն է: Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել նրանց քայլ անել աշխարհից դուրս և ավելի լիարժեք մուտք գործել Աստծո արքայություն:

Բարոյապես անզգայացած աշխարհում երիտասարդ կանայք կարիք ունեն կանանց և տղամարդկանց, ովքեր կանգնում են «որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»: Երբեք նախկինում սա չի եղել այնքան կարևոր, որքան այսօր: Երիտասարդ կանայք կարիք ունեն մայրերի, կարիք ունեն ուսուցիչների, ովքեր կմարմնավորեն առաքինի կանացիությունը: Մայրեր, ձեր դստեր հետ ձեր հարաբերությունները մեծագույն կարևորություն ունի, ինչպեսև ձեր օրինակը: Այն, թե ինչպես եք դուք սիրում և պատվում նրա հորը, նրա քահանայությունը և նրա աստվածային դերը, կարտացոլվի և, մի գուցե, կուժեղացվի ձեր դստեր վերաբերմունքի և պահվածքի մեջ:

Ո՞րն է այդ մասը, որը մենք պետք է «լավ կատարենք»: Ընտանիքի մասին հայտարարության մեջ հստակ գրված է.

«Ըստ աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ:…

Մենք զգուշացնում ենք, որ այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը, բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, կամ թերանում են ընտանեկան պարտականությունները կատարելիս, մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»: 6

Մորմոնի ժամանակ՝ քայքայվող հասարակության մեջ, նա տրտնջում էր, որ կանայք կողոպտվում էին. Նրանցից խլում էին ամենաթանկ արժեքը՝ իրենք առաքինությունը և մաքրաբարոյությունը: 7

Կրկին, ես կոչ եմ անում վերադառնալ առաքինությանը: Առաքինությունը Աստծո դուստրերի ուժն ու զորությունն է: Ինչի՞ն նման կլիներ աշխարհը, եթե առաքինությունը՝ բարոյականության բարձր չափանիշներին համաձայն մտքի և գործի սովորույթները, ներառյալ մաքրաբարոյությունը,8 կրկին կարևորվեին մեր հասարակության մեջ որպես բարձրագույն արժեք ունեցող: Եթե անբարոյականությունը, պոռնոգրաֆիան և բռնությունը նվազեն, կլինե՞ն արդյոք ավելի քիչ թվով քանդված ամուսնություններ, կոտրված կյանքեր և փշրված սրտեր: Կարո՞ղ են լրատվամիջոցները ազնվացնել և զորացնել, ոչ թե քննադատել և նսեմացնել Աստծո թանկարժեք դուստրերին: Եթե ողջ մարդկությունը հասկանա այս հայտարարության կարևորությունը՝ «Մենք մեր Երկնային Հոր դուստրերն են», ինչպե՞ս կվերաբերվեն կանանց:

Մի քանի տարի առաջ, երբ Համաժողովների այս Կենտրոնի կառուցումը մոտենում էր ավարտին, ես մտա այս սուրբ շինությունը՝ պատշգամբի հարկում, կարծր գլխարկով և անվտանգության ակնոցներով, պատրաստվելով փոշեկուլով մաքրել գորգը, որի տեղադրմանը օգնել էր ամուսինս: Բեմահարթակի տեղում կար մի բեռնատար, որը տեղափոխում էր աղբը, և փոշու շերտը այս շենքում շատ հաստ էր: Ժամանակի ընթացքում այն նստեց նոր գորգի վրա: Իմ մասը փոշեկուլով մաքրելն էր: Եվ ես մաքրում, մաքրում և մաքրում էի: Երեք օր անց, իմ փոքր փոշեկուլը վառվեց:

Ցերեկը՝ այս սքանչելի շենքում առաջին գերագույն համաժողովից առաջ ամուսինս կանչեց ինձ: Նա տեղադրում էր գորգի վերջին կտորը այս պատմական ամբիոնի տակ:

Նա ասաց. «Ի՞նչ սուրբ գրություն գրեմ այս գորգի ետևում»:

Եվ ես ասացի. «Մոսիա 18.9. «Կանգնեք որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»»:

Ծայրահեղ դժվար աշխարհում այդպես են վարվում այս Եկեղեցու երիտասարդ կանայք և բոլոր կանայք: Նրանք փոխում են դեպի լավը: Նրանք առաքինի և օրինակելի են, խելացի և արդյունավետ: Նրանք տարբերություն են մտցնում, որովհետև տարբեր են : Նրանք լավ են կատարում իրենց մասը:

Տարիներ առաջ, երբ ես փոշեկուլով մաքրում էի այդ գորգը, ձգտելով լավ կատարել իմ փոքր մասը, չէի մտածում, որ մի օր իմ ոտքերով կկանգնեմ այս ամբիոնի գորգին:

Այսօր, որպես Աստծո դուստր, ես կանգնած եմ որպես վկա, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նա մեր Քավիչն է: Նրա անսահման, քավող զոհաբերության միջոցով է, որ ես մի օր կվերադառնամ և կապրեմ Նրա հետ՝ կայացած, մաքուր և կնքված հավերժական ընտանիքով: Ես մշտապես պետք է փառավորեմ Նրան` կին և մայր լինելու պատվի համար: Ես վկայում եմ, որ մենք առաջնորդվում ենք Աստծո մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից, և ես ես շնորհակալ եմ արդարակյաց տղամարդկանց համար, որոնց քահանայության զորությունը օրհնում է իմ կյանքը: Եվ ես մշտապես շնորհակալ պետք է լինեմ այն ամրության համար, որ ստանում եմ Փրկչի անսահման Քավության ամենակարող զորության միջոցով, մինչ շարունակում եմ ձգտել «լավ կատարել իմ մասը»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Mostrar las referencias

  1.  

    1.  Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում (գրքույկ, 2009), 3:

  2.  

    2. Մոսիա 18.9:

  3.  

    3. Sես Matthew O. Richardson, “‘What E‘er Thou Art, Act Well Thy Part’: John Allan’s Albany Crescent Stone,” Journal of Mormon History, vol. 33 (Fall 2007), 31–61; Francis M. Gibbons, David O. McKay: Apostle to the World, Prophet of God (1986), 45:

  4.  

    4. Վարդապետություն և Ուխտեր 82.10:

  5.  

    5. Gordon B. Hinckley, “Standing Strong and Immovable,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 21.

  6.  

    6. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129:

  7.  

    7. Sես Մորոնի 9.9:

  8.  

    8. Sես Երիտասարդ Կանանց Անձնական Զարգացում, 70: