2010–2019 թթ․
Փրկելով մի աղջիկ` սերունդներ եք փրկում
Ապրիլ 2013


Փրկելով մի աղջիկ` սերունդներ եք փրկում

Ձեր առաքինի կյանքը կօրհնի ձեր նախնիներին, ձեր ներկայիս ընտանիքը և գալիք ընտանիքի անդամներին:

Ինձ համար մեծ պատիվ է խոսքս հղել Եկեղեցու քաջարի երիտասարդ աղջիկներին: Մենք տեսնում ենք, որ դուք առաջ եք ընթանում ուխտերը պահելու ճանապարհով, և գիտենք, որ ձեր առաքինի կյանքը կօրհնի ձեր նախնիներին, ձեր ներկայիս ընտանիքը և գալիք ընտանիքի անդամներին, և ինչպես Գորդոն Բ. Հինքլին է ասել. «Փրկելով մի աղջիկ, սերունդներ եք փրկում»:1

Ձեր ուխտի ճանապարհը սկսվեց այն ժամանակ, երբ մկրտվեցիք և ստացաք Սուրբ Հոգու պարգևը: Այն շարունակվում է ամեն շաբաթ հաղորդության ժողովին՝ սուրբ վայրում, որտեղ նորոգում եք ձեր մկրտության ուխտը: Այժմ է տաճարային ուխտերին պատրաստվելու ժամանակը: «Սուրբ տաճարներում կատարվող սրբազան արարողություններ ու ուխտերը հնարավոր են դարձնում [մեզ] համար` վերադարձը դեպի Աստծո ներկայությունը, իսկ [մեր] ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»:2

Կանգնեք սուրբ վայրերում հանուն ձեր նախնիների: «Յուրաքանչյուր մարդկային էակ այս երկիր է գալիս որպես իր ծնողների սերունդ: Մենք ունենք մեր նախնիների հետ միանալու բնական ձգտում»:3 Մասնակցելով ընտանիքի պատմության և տաճարի աշխատանքին, դուք միահյուսում եք ձեր կյանքը ձեր նախնիների կյանքին` փրկող ծեսեր պարգևելով նրանց:

Կանգնեք սուրբ վայրերում ձեր և ձեր հարազատ ընտանիքի համար: Ձեր արդար օրինակը մեծ ուրախության աղբյուր կլինի` անկախ ձեր ընտանեկան պայմաններից: Ձեր արդար ընտրությունները ձեզ արժանի կդարձնեն, որ սուրբ ուխտեր կապեք և պահեք, որն էլ ձեր ընտանիքը հավերժ միասին կկապի:

Կանգնեք սուրբ վայրերում հանուն ձեր ապագա ընտանիքի: Պարտավորվեք սուրբ քահանայությամբ կնքվել ձեր ամուսնու հետ տաճարում, երբ հավերժական ընտանիք հիմնեք: Ձեր երեխաները կօրհնվեն ճշմարտությամբ, երբ ձեր առաքինի օրինակը և անխախտ վկայությունը միահյուսեք նրանց կյանքին և ցույց տաք նրանց ուխտի ճանապարհը:

Ես այդ հավերժական սկզբունքների արտացոլումը տեսա վերջերս կայացած Երիտասարդների Համաշխարհային Արվեստի Մրցույթում: Մեգան Վորներ Թեյլորը թվային լուսանկարների իր աշխատանքով նորովի մոտեցում էր ցուցաբերել Քրիստոսի տաս կույսերի առակին: 4 Ես հանդիպեցի Մեգանին, և նա բացատրեց տաս կույսերի խորհրդանիշը, որոնք առաքինի և հավատքով երիտասարդ աղջիկներ են, պատրաստ կապելու և պահելու տաճարային սուրբ ուխտերը: Բոլոր իմաստուն կույսերի պես, նա, իր հետևողական արդարակյաց ապրելակերպով, անհատապես պատրաստվել է՝ ամեն անգամ մի կաթիլ յուղ ավելացնելով լամպին: Ես նկատեցի նրա մազերի հետաքրքիր հյուսքը, և Մեգանը բացատրեց, որ հյուսքը ներկայացնում է երիտասարդ կնոջ արդարակյաց կյանքը` միահյուսված անթիվ սերունդներին: Մազերի հյուսքի մի փունջը ներկայացնում էր իր սերն ու հարգանքը իր նախնիների հանդեպ, երկրորդ փունջը` իր արդարակյաց ազդեցությունը ներկայիս ընտանիքի վրա, իսկ երրորդ փունջը` իր պատրաստված կյանքը միահյուսելը ապագա սերունդների կյանքերին:

Ես հանդիպել եմ մեկ այլ երիտասարդ կնոջ, ով հոգևոր վաղ պատրաստվածությամբ իր արդարակյաց կյանքը միահյուսել է շատ սերունդների:

Մի գեղեցիկ սեպտեմբերյան օր ես և ամուսինս տաճարում սպասում էինք տաճարային արարողություններ կատարելու մեր հերթին: Մեր ընկեր Քրիսը ներս մտավ: Ուրախ էինք տեսնել այդ երիտասարդին, որը նոր էր վերադարձել Ռուսաստանում կատարած իր միսիայից:

Երբ նիստը սկսվում էր, մի հաճելի երիտասարդ աղջիկ նստեց իմ կողքին: Նա փայլում էր, ժպտում և լի էր լույսով: Փորձելով ծանոթանալ, ցածրաձայն ներկայացա: Նա շշնջաց իր անունը` Քեյթ, և նրա ազգանունից ես ճանաչեցի նրա ընտանիքին, որը բնակվել էր Միչիգանում, որտեղ մի ժամանակ մեր ընտանիքն էր ապրել: Քեյթը նրանց չափահաս դուստրն էր, և հինգ շաբաթ առաջ էր վերադարձել Գերմանիայի իր միսիայից:

Նիստի ընթացքում մի միտք էր անընդհատ գալիս` «Քեյթին ծանոթացրու Քրիսի հետ»: Այդ հուշումն անտեսեցի մտածելով` ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս: Երբ պատրաստվում էինք դուրս գալ, Քրիսը մոտեցավ ցտեսություն ասելու, և ես, օգտվելով առիթից, Քեյթին մոտեցնելով շշնջացի. «Դուք երկու առաքինի երիտասարդներ եք, արժե որ միմյանց ճանաչեք»: Ես տաճարից հեռացա բավարարված, որ հետևեցի այդ հուշումին:

Տան ճանապարհին ամուսնուս հետ քննարկում էինք, թե որքան շատ դժվարությունների միջով է անցել Քեյթի ընտանիքը: Դրանից հետո ես ավելի լավ ճանաչեցի Քեյթին և հասկացա, թե ինչու էր նա այդքան ուրախ այն օրը տաճարում:

Քեյթը միշտ փորձել էր մնալ իր ուխտի ուղու վրա` փնտրելով սուրբ վայրեր: Նա մեծացել էր այնպիսի ընտանիքում, որտեղ ընտանեկան երեկո անցկացնելը, միասին աղոթելը և սուրբ գրություններն ուսումնասիրելը իրենց տունը դարձրել էր սուրբ վայր: Մանուկ հասակում սովորել էր տաճարի մասին, իսկ ընտանեկան երեկոյի սիրված երգն էր` «Ուզում եմ տեսնել տաճարը»:5 Փոքր հասակում տեսնում էր, ինչպես են իր ծնողներն օրինակ ծառայում, սուրբ վայր փնտրելով, երբ հանգստյան օրերին երեկոյան կինոնկար դիտելու կամ հյուր գնալու փոխարեն գնում էին տաճար:

Նա շատ էր սիրում իր հորը, որն իր քահանայության իշխանությունն օգտագործելով օգնել էր դստերը մկրտության ուխտ կապել: Այնուհետև նա, ձեռքերը դնելով դստեր գլխին, շնորհել էր Սուրբ Հոգին: Քեյթն ասաց. «Ես այնքան ոգևորված էի Սուրբ Հոգին ստանալու համար, գիտեի, որ այն կօգնի ինձ մնալ հավերժական կյանքի ուղու վրա»:

Կյանքը շարունակվում էր, և Քեյթն իրեն շատ օրհնված և երջանիկ էր զգում: Երբ 14 տարեկան էր, նա գնաց ավագ դպրոց և սիրեց սեմինարիան, որն ավետարանը սովորելու մեկ այլ սուրբ վայր է: Մի օր նրա ուսուցիչը սկսեց խոսեց փորձությունների մասին և հավաստիացրեց, որ բոլորս էլ դիմակայելու ենք դժվարությունների: Նա մտածեց. «Ես փորձություններ չեմ ուզում ունենալ, ես չեմ ուզում լսել այդ մասին»:

Մի քանի շաբաթ անց, Զատկի կիրակի առավոտյան նրա հայրը շատ թույլ զգաց իրեն: Քեյթն ասաց. «Հայրս շատ առողջ մարդ էր, նա մարաթոնի վազորդ էր: Մայրս, անհանգստանալով հորս առողջությամբ, նրան տարավ հիվանդանոց: 36 ժամվա ընթացքում նա ուժեղ կաթված տարավ և մարմնի մեծ մասն անզգայացավ: Նա կարողանում էր թարթել աչքերը, սակայն մարմինը չէր աշխատում: Հիշում եմ, տեսնելով նրան այդ վիճակում, մտածեցի` «Օ, ոչ, այդպես էլ կա, սեմինարիայիս ուսուցիչը ճիշտ էր, ես փորձության միջով եմ անցնում»: Մի քանի օրից Քեյթի հայրը մահացավ:

Քեյթը շարունակեց իր պատմությունը. «Այնքան դժվար էր, երբեք չես ուզում կորցնել քո կյանքի հերոսին: Գիտեմ, կարող էի դա դարձնել աճի համար խթան կամ թույլ տալ, որ այն խաթարի իմ աճը: Ես չէի ուզում, որ դա կործաներ իմ կյանքը, որովհետև դեռ 14 տարեկան էի: Փորձում էի, հնարավորինս, մոտ լինել Տիրոջը: Շատ էի կարդում սուրբ գրություններս: Ալմայի գլուխ 40-ը հավաստիացնում էր ինձ, որ հարությունն իրական է, և Քրիստոսի Քավությամբ ես կարող եմ կրկին լինել հայրիկիս հետ: Շատ էի աղոթում: Հաճախ էի օրագրումս գրառումներ կատարում: Եվ այդպես վկայությունս վառ էի պահում: Ամեն շաբաթ Եկեղեցի և երիտասարդ կանանց դասերին էի հաճախում: Ինձ շրջապատել էի լավ ընկերներով: Մոտ էի մնում հոգ տանող հարազատներին, հատկապես մայրիկիս, որը մեր ընտանիքի խարիսխն էր: Ես քահանայական օրհնություններ էի խնդրում իմ պապիկից և քահանայության այլ կրողներից»:

Այդ հետևողական ընտրությունները, ինչպես իմաստուն կույսերի օրինակում, յուղ էին ավելացնում Քեյթի լամպին: Նրան օգնում էր կրկին իր հայրիկի հետ լինելու ցանկությունը: Քեյթը գիտեր, որ իր հայրը տեղյակ էր իր ընտրություններից, և չէր ուզում հուսախաբ անել նրան: Նա ցանկանում էր հավերժական կապ ունենալ նրա հետ և հասկանում էր, որ ուխտերի ուղու վրա մնալով իր կյանքը ամուր կմիահյուսվի նրա կյանքին:

Ինչևէ, փորձությունները չվերջացան: Երբ Քեյթը 21 տարեկան էր և ստացավ իր միսիայի փաստաթղթերը, մոր մոտ հայտնաբերվեց քաղցկեղ: Քեյթը պետք է կարևոր որոշում կայացներ իր կյանքում: Պետք է տանը մնար և աջակցեր մայրիկին, կամ միսիա գնար: Մայրիկին քահանայական օրհնություն տրվեց, որը խոստում էր պարունակում, որ նա կապաքինվեր: Այդ օրհնությամբ փարատված, Քեյթը հավատքով առաջ գնաց և պատրաստվեց միսիայում ծառայելուն

Քեյթն ասաց. «Դա դեպի խավար քայլ կատարելու նման մի բան էր, բայց միսիայում ծառայելիս, ի վերջո, լույս ծագեց և լուր ստացա, որ մայրիկիս տրված օրհնությունը իրականություն է դարձել: Այնքան ուրախ էի, որ չհրաժարվեցի Տիրոջը ծառայելուց: Կարծում եմ, դժվար պահերին հեշտ է անգործության մատնվել, կասեցնելով առաջընթացը, բայց, եթե Տիրոջը դնում ես առաջին տեղում, ձախորդությունները կարող են հանգեցնել հրաշալի օրհնությունների: Տեսնում ես Նրա ձեռքը և հրաշքների ականատեսն ես լինում»: Քեյթի կյանքում իրականություն դարձան Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը. «Մեր առավել նշանակալից հնարավորությունները կարող են բացվել ամենադժվար պահերին»:6

Քեյթը նման հավատք ուներ, որովհետև հասկանում էր փրկության ծրագիրը: Նա գիտեր, որ մենք ապրել ենք նախկինում, երկրի վրա կյանքը փորձության ժամանակ է, և մենք կրկին ապրելու ենք: Նա հավատում էր, որ իր մայրը կօրհնվի, սակայն հոր հետ տեղի ունեցածից հետո, գիտեր, որ եթե մայրը մահանար, ամեն ինչ լավ էր լինելու: Նա ասաց. «Հայրիկիս մահից հետո ես ոչ միայն կարողացա վերագտնել ինձ, այլ այն դարձավ իմ էության լավ մասը, և եթե մայրս էլ հեռանար այս կյանքից, նույն կերպ կլիներ: Դա կհյուսեր իմ կյանքի մեծագույն վկայությունը»:7

Երբ տաճարում հանդիպեցի Քեյթին, նա սուրբ վայր էր փնտրում: Փափագելով ամուր հյուսել հավերժական կապերը, որոնք հնարավոր է անել միայն տաճարային ծառայության շնորհիվ, նա հետևում էր մշտապես տաճար այցելելու իր ծնողների օրինակին:

Շատ բան տեղի չունեցավ այդ երեկո, երբ ես Քեյթին ծանոթացրեցի Քրիսի հետ, բայց հաջորդ կիրակի մեկ այլ սուրբ վայր փնտրելիս, Քեյթը տեսավ Քրիսին ինստիտուտի հավաքի ժամանակ հարյուրավոր երիտասարդ ամուրիների մեջ: Այնտեղ նրանք ավելին իմացան միմյանց մասին: Մի քանի շաբաթ անց Քրիսը հրավիրեց նրան միասին դիտել գերագույն ժամաժողովը: Իրենց ժամադրությունների ընթացքում նրանք ամեն անգամ փնտրում էին վայրեր, որտեղ ներկա էր Հոգին, և, ի վերջո կնքվեցին տաճարում, սուրբ վայրում, որտեղ ծանոթացել էին: Այժմ նրանք միասին կատարում են ծնողի իրենց սուրբ պարտականությունը, հյուսելով փրկության ծրագրի մասին իրենց վկայությունները երեք փոքր տղաների կյանքում, ցույց տալով նրանց ուխտի ուղին:

«Փրկելով մի աղջիկ, սերունդներ եք փրկում»: Ճիշտ ուղու վրա մնալու 14-ամյա Քեյթի որոշումը մշտապես յուղ է ավելացրել նրա լամպի մեջ, և սուրբ վայրերում կանգնելը փրկել և փրկելու է սերունդներ: Իր նախնիներին փնտրելը և տաճարում ծառայելը նրա սիրտը միահյուսել է նրանց սրտերին: Ընտանիքի պատմության և տաճարի աշխատանքին մասնակցելը նմանապես կհյուսի ձեր սրտերը միմյանց և ձեր նախնիներին հավերժական կյանքի հնարավորություն կպարգևի:

Տանն ավետարանով ապրելը ևս յուղ կավելացնի ձեր լամպին և ձեր տանը կհյուսի հոգևոր ուժ այժմ և կօրհնի ձեր ապագա ընտանիքն անհամար եղանակներով: Ավելին, ինչպես Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն է ասել. «Եթե մեր ծնողների օրինակը լավը չէ, մենք պարտավոր ենք խզել այդ շղթան ... և ճիշտ ավանդույթներ ուսուցանել գալիք սերունդներին»:8

Այժմ որոշեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր ամուր վկայությունը և օրինակը միահյուսվի նախկին, ներկայիս և ապագա շատ սերունդների կյանքին: Ես վկայում եմ, որ ձեր առաքինի կյանքը ոչ միայն կփրկի սերունդներ, այլ կփրկի նաև ձեր հավերժական կյանքը, քանզի դա մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և իսկական ուրախություն գտնելու միակ ուղին է` այժմ և հավերժության մեջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Gordon B. Hinckley, “Standing Strong and Immovable,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 20; see also Gordon B. Hinckley, “Our Responsibility to Our Young Women,” Ensign, Sept. 1988, 10.

  2. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա,նոյ. 2010, 129:

  3. Russell M. Nelson, “Generations Linked in Love,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 92:

  4. Տես Մատթեոս 25.1–13:

  5. Sես “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95:

  6. Thomas S. Monson, “Meeting Your Goliath,” New Era, June 2008, 7.

  7. Անձնական զրույց հեղինակի հետ, 2013:

  8. Robert D. Hales, “How Will Our Children Remember Us?” Ensign, Nov. 1993, 10.