2010–2019 թթ․
Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը
Ապրիլ 2013


Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը

Դուք ստացել եք ծառայելու զորություն, իշխանություն և սրբազան պարտք այն պահին, երբ կարգվել եք քահանայության:

Ծառայելու ուրախությունը

Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդիկ, դուք Աստծո սիրելի որդիներն եք, և Նա մեծ աշխատանք ունի ձեզ համար: Այդ աշխատանքն իրականացնելու համար, դուք պետք է կատարեք մյուսներին ծառայելու ձեր սրբազան պարտքը: 1

Դուք գիտե՞ք, ինչ է նշանակում ծառայել: Մտածեք այս հարցի մասին, մինչ ես կպատմեմ ձեզ Չայ Ջոնսոն անունով աղջկա մասին:

Երբ Չայը սկսեց հաճախել ավագ դպրոց, նա դարձավ դաժան վերաբերմունքի և անմիտ հալածանքի զոհ: Երբ նա դասարան էր մտնում, նրան վիրավորում էին, հրում և ծաղրում, որոշ ուսանողներ անգամ աղբ էին նետում նրա վրա: Դուք, մի գուցե, հանդիպել եք նման վերաբերմունքի արժանացած մարդկանց ձեր դպրոցում:

Շատերի համար դեռահաս տարիները միայնակության և վախի տարիներ են: Բայց, պարտադիր չէ, որ այդպես լինի: Չայի բախտից, նրա դպրոցում կային երիտասարդ տղամարդիկ, ովքեր հասկանում էին, թե ինչ է նշանակում ծառայելը:

Չայի մայրը խնդրեց նրա դպրոցի ուսուցիչներին օգնել կանգնեցնել հալածանքը, սակայն այն շարունակվում էր: Այնուհետև նա զանգահարեց Քարսոն Ջոնսին՝ Ահարոնյան Քահանայություն կրող ֆուտբոլի թիմի սկսնակ անկյունային խաղացողին: Նա խնդրեց նրան օգնել գտնել հալածողներին:

Քարսոնը համաձայնեց օգնել, սակայն սրտի խորքում զգում էր, որ կարող էր անել շատ ավելի, քան պարզապես գտնելը հալածողներին: Հոգին հուշեց նրան, որ Նա պետք է օգներ Չային սիրված զգալ:

Քարսոնը խնդրեց իր թիմակիցներին միանալ իրեն Չային ծառայելիս: Նրանք հրավիրեցին նրան իրենց հետ նստել ցերեկվա նախաճաշին: Նրանք ուղեկցում էին նրան դասասենյակ, հետևելով, որ նա ապահով լիներ: Զարմանալի չէ, որ ֆոտբոլիստ մոտ ընկերներ ունեցող Չային ոչ ոք այլևս չէր հալածում:

Ֆուտբոլի թիմի համար դա հետաքրքիր ժամանակ էր: Սակայն հաղթական ոգևորությամբ լի այդ ժամանակաշրջանում երիտասարդները չէին մոռանում Չայի մասին: Նրանք հրավիրում էին նրան միանալ թիմին դաշտում խաղերից հետո: Չայն իրեն սիրված և գնահատված էր զգում: Նա իրեն ապահով էր զգում: Նա երջանիկ էր:

Ֆուտբոլի թիմը նվաճեց նահանգի գավաթը: Սակայն այդ դպրոցում տեղի ունեցավ շատ ավելի, քան ֆուտբոլի առաջնությունը: Այդ երիտասարդ տղաների օրինակը ոգեշնչեց մյուս ուսանողներին լինել ավելի ընդունող, ավելի ընկերական: Այժմ նրանք վերաբերվում են միմյանց ավելի մեծ բարությամբ և հարգանքով:

Ազգային լրատվամիջոցները իմացան, թե ինչ են արել այդ երիտասարդ տղաները, և տարածեցին այդ պատմությունը ողջ երկրով մեկ: Այն, ինչ սկիզբ առավ որպես մեկին ծառայելու ջանք, ոգեշնչեց հազարավորներին անել նույնը:

Չայի մայրը այդ երիտասարդ տղաներին կոչում է «թաքնված հրեշտակներ»: Քարսոնը և նրա ընկերները միշտ ասում են, որ Չայն օրհնեց իրենց կյանքը շատ ավելին, քան իրենք օրհնեցին նրանը: Ահա, թե ինչ է պատահում, երբ դուք ինքնամոռաց ծառայում եք ուրիշներին՝ դուք գտնում եք ինքներդ ձեզ: 2 Դուք փոխվում և աճում եք այնպես, ինչպես այլ ճանապարհով հնարավոր չէր: Այս երիտասարդ տղաները զգացին ծառայելու ուրախությունը և շարունակում են ուրիշներին օրհնելու հնարավորություններ փնտրել: Նրանք անհամբեր սպասում են գալիք ամիսներին ծառայություն մատուցելուն, երբ կծառայեն որպես լիաժամկետ միսիոներներ: 3

Կարիք և պարտք

Աշխարհում կան հազարավոր Չայ Ջոնսոններ՝ մարդիկ, ովքեր կարիք ունեն զգալու Երկնային Հոր սերը: Նրանք ձեր դպրոցներում են, ձեր քվորումներում, անգամ, ձեր ընտանիքում: Ոմանք արագ են գալիս մեր միտքը: Մյուսները ունեն ավելի քիչ տեսանելի կարիքներ: Գրեթե յուրաքանչյուրը, ում դուք ճանաչում եք, կարող է որևէ ձևով օրհնվել ձեր ծառայության միջոցով: Տերն ապավինում է ձեզ՝ նրանց օգնելու հարցում:

Պետք չէ, որ դուք հայտնի սպորտսմեն լինեք՝ մյուսներին ծառայելու համար: Դուք ստացել եք ծառայելու զորություն, իշխանություն և սրբազան պարտք այն պահին, երբ կարգվել եք քահանայության: Նախագահ Ջեյմս Ֆ. Ֆաուստն ուսուցանել է. «Քահանայությունը իշխանություն է, փոխանցված մարդուն՝ Աստծո անունով գործելու համար»: 4 Ահարոնյան Քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորման բանալիները: 5

Եթե դուք սիրեք Նրա զավակներին, Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ և հրեշտակները կօգնեն ձեզ:6 Ձեզ կտրվի կյանքեր օրհնելու և հոգիներ փրկելու զորություն:

Հիսուս Քրիստոսը ձեր օրինակն է: Նա «չեկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ»: 7 Ծառայել նշանակում է սիրել և հոգալ մյուսների մասին: Դա նշանակում է բավարարել նրանց ֆիզիկական և հոգևոր կարիքները: Պարզ ասած, դա նշանակում է անել այն, ինչ Փրկիչը կաներ, եթե այստեղ լիներ:

Ձեր ընտանիքը

Սկսեք ձեր սեփական ընտանիքից: Այստեղ է, որ դուք կարող եք կատարել ձեր առավել կարևոր ծառայությունը: 8

Ցանկանո՞ւմ եք մի հետաքրքիր փորձ կատարել: Հաջորդ անգամ, երբ ձեր մայրը խնդրի ձեզ օգնել տան գործերով, ասացեք. «Շնորհակալություն խնդրելու համար, մայրիկ: Ես սիրով կօգնեմ»: Ապա հետևեք նրա արձագանքին: Ձեզանից ոմանք, հնարավոր է, դա փորձելուց առաջ կարիք ունենան վերհիշելու առաջին օգնության հմտությունները: Դուք կարող եք շոկի մեջ նրան գցել: Նրան ուշքի բերելուց հետո, դուք կնկատեք նրա հետ ձեր հարաբերությունների նկատելի բարելավում և Հոգու ազդեցության աճ ձեր տանը:

Դա միայն մի ձև է ձեր ընտանիքին ծառայելու համար, կան շատ այլ ձևեր: Դուք ծառայում եք, երբ բարի խոսքեր եք ասում ձեր ընտանիքի անդամներին: Դուք ծառայում եք, երբ վերաբերվում եք ձեր քույրերին և եղբայրներին ձեր լավագույն ընկերների պես:

Հավանաբար, ամենակարևորն է, երբ դուք ծառայում եք, օգնելով ձեր հորը ձեր տան հոգևոր առաջնորդի նրա պարտականությունները կատարելիս: Լիարժեք աջակցություն և խրախուսանք տվեք ընտանեկան երեկոյի կազմակերպմանը, ընտանեկան աղոթքին և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը: Արեք ձեր մասը, որպեսզի Հոգին ներկա լինի ձեր տանը: Դա ամրացնի ձեր հորը նրա դերի մեջ և կպատրաստի ձեզ մի օր հայր լինելուն: Եթե հայր չունեք, ձեր ընտանիքին ծառայելու ձեր պարտականությունն էլ ավելի անհրաժեշտ է:

Ձեր քվորումը

Դուք պարտականություն ունեք ծառայելու ձեր քվորումում:

Քահանայությունը տարածվում է ողջ աշխարհով: Ձեզանից շատերը հետևել են Նախագահ Մոնսոնի փրկելու կոչին: Այսօր Ահարոնյան Քահանայության ակտիվ կրողների թիվը գերազանցում է Եկեղեցու պատմության մեջ երբևէ եղած թվին: Ինչևէ, դեռ կան այնպիսինները, ովքեր ակտիվ չեն և ունեն ձեր կարիքը:

Անցած հունիս, երբ ստեղծվեց նոր ճյուղ Բանգալորում, Հնդկաստան, քահանայության ժողովին ներկա միակ երիտասարդ տղամարդը Գլեդվին անունով վերջերս կարգված սարկավագն էր:

Գլեդվինը՝ Երիտասարդ Տղամարդկանց նախագահի և ճյուղի նախագահի հետ, սկսեց զանգահարել քիչ ակտիվ երիտասարդ տղաներին և այցելել նրանց տներում: Շուտով երկրորդ երիտասարդը՝ Սեմույելը, սկսեց նորից հաճախել Եկեղեցի:

Ամեն շաբաթ Գլադվինը և Սեմյուելը զանգահարում էին նրանց, ովքեր չէին հաճախում քվորումի ժողովին, և կիսվում էին նրանց հետ իրենց սովորածով: Նրանք նաև զանգահարում կամ այցելում էին նրանց ծննդյան օրերին: Մեկ առ մեկ քիչ ակտիվ երիտասարդ տղաները դարձան նրանց ընկերները և սկսեցին ընդունել հրավերները՝ գալու քվորումի միջոցառումներին, հաճախելու քվորումի ժողովներին և, ի վերջո, կատարելու իրենց ծառայությունը: Այսօր ճյուղի բոլոր երիտասարդ տղաները ակտիվ են Եկեղեցում:

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Ահարոնյան Քահանայության քվորումները պետք է նստեն և շենացնեն՝ կամ կառուցեն և ամրացնեն միմյանց: 9 Դուք շենացնում եք, երբ ուսուցանում եք ավետարանի ճշմարտությունները, կիսվում եք հոգևոր փորձառություններով և բերում եք ձեր վկայությունը: Երիտասարդների ուսումնական ծրագիրը խրախուսում է այս տեսակի շփումները քվորումների ժողովներին, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ քվորումի յուրաքանչյուր անդամ իրեն սիրված և հարգված է զգում: Ծաղրելը և նվաստացնելը տեղ չունեն քվորումի ժողովում, հատկապես, երբ ազատ զգացմունքներ են արտահայտվում: Քվորումների նախագահությունները պետք է վերահսկեն, որպեսզի քվորումների ժողովները ապահով վայր լինեն բոլորի մասնակցության համար:

Պողոս Առաքյալը հորդորել է. «Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին»: 10

Քահանայություն կրողները երբեք չեն օգտագործում գռեհիկ կամ կեղտոտ լեզու: Նրանք երբեք չեն նվաստացնում կամ վիրավորում մյուսներին: Նրանք միշտ բարձրանում և ամրացնում են մյուսներին: Սա ծառայելու պարզ, սակայն զորեղ եղանակ է:

Բոլոր ժամանակներում

Ծառայելու աշխատանքը չի սահմանափակվում արարողություններով կամ տնային ուսուցանման այցերով, կամ պատահական ծառայության ծրագրերով: Մենք միշտ ենք քահանայության այրեր, ոչ միայն կիրակի օրը և ոչ միայն այն ժամանակ, երբ կրում ենք սպիտակ վերնաշապիկ և փողկապ: Մենք ունենք ծառայելու պարտականություն, որտեղ էլ որ լինենք: Ծառայությունը դա այն չէ, ինչ մենք անում ենք, այն սահմանում է մեր ով լինելը:

Ծառայեք ամեն օր: Հնարավորությունները ձեր շուրջն են: Փնտրեք դրանք: Խնդրեք Տիրոջն օգնել հասկանալ դրանք: Դուք կտեսնեք, որ մեծամասամբ, դրանք փոքր անկեղծ գործեր են, որոնք օգնում են մյուսներին դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդները: 11

Ձգտելով արժանի լինել Հոգուն, դուք կհասականաք մտքերը և զգացումները, որոնք հուշում են ձեզ ծառայել: Գործելով ըստ այդ հուշումների, դուք ավելի շատ հուշումներ կստանաք, և ծառայելու ձեր հնարավորությունները և ունակությունը կմեծանան և կընդլայնվեն:

Իմ երիտասարդ եղբայրներ, ես վկայում եմ, որ ձեզ տրվել է հրաշագործ Ահարոնյան Քահանայության իշխանությունը և զորությունը՝ Աստծո անունով գործելու համար:

Ես վկայում եմ, որ դա անելով, դուք գործիք կլինեք Աստծո ձեռքերում՝ ուրիշներին օգնելու համար: Ձեր կյանքը կլինի ավելի հարուստ և ավելի իմաստալի: Դուք կգտնեք ավելի մեծ ուժ՝ չարին դիմակայելու համար: Դուք կգտնեք իրական երջանկություն, որը կարող են իմանալ միայն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները:

Թող որ դուք զգաք ծառայելու ձեր սրբազան պարտքը կատարելու ուրախությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: