2010–2019 թթ․
Ձեր սքանչելի ճանապարհորդությունը դեպի տուն
Ապրիլ 2013


Ձեր սքանչելի ճանապարհորդությունը դեպի տուն

Երբ ուրախությամբ օգտագործում եք քարտեզը, որը ձեր Երկնային Հայրը պատրաստել է ձեր ճանապարհորդության համար, այն կտանի ձեզ սուրբ տեղեր և դուք կհասնեք ձեր գերագույն ներուժին:

Մեզ համար պատիվ է այս երեկո գտնվել Նախագահ Թոմաս Ս.Մոնսոնի՝ մեր սիրելի մարգարեի ներկայությամբ: Նախագահ, մենք միշտ աղոթում ենք ձեզ համար:

Իմ սիրելի քույրեր, շնորհակալություն երաժշտության և հոգևոր խոսքի համար: Ամեն ինչ այնքան ոգեշնչող եր և մեծապես համապատասխան Զատիկին՝ սրբազան ժամանակին, որը մենք տոնում ենք այս շաբաթ:

Թանկագին երիտասարդ քույրեր, ուրախ եմ լինել ձեզ հետ՝ ձեր մայրերի և ձեր հիանալի ղեկավարների հետ: Դուք ունեք շողացող հոգիներ և վարակիչ ժպիտներ: Անկասկած, Տերը հոգատար է ձեր հանդեպ և սիրով է նայում ձեզ երկնքից:

Ես մեծացել եմ նախկին Արևելյան Գերմանիայում Զվիկաու քաղաքում: Երբ 11 տարեկան էի, հայրս ենթարկվեց մանրազննին քննության որպես քաղաքական ընդդիմադիր, և ծնողներս զգացին, որ միակ ապահով ընտրությունը մեր ընտանիքի համար Արևմտյան Գերմանիա փախչելն էր: Որոշվեց, որ ամենաապահով ծրագիրը՝ տարբեր ժամանակ և տարբեր ուղիներով արևմուտք մեկնելն էր, թողնելով մեր բոլոր ունեցվածքը:

Քանի որ ամենամեծ վտանգի տակ հայրս էր, նա ընտրեց ամենաարագ ճամփորդությունը Բեռլինով: Իմ մեծ եղբայրը մեկնեց դեպի հյուսիս և յուրաքանչյուրը գտավ իր ուրույն ճանապարհը դեպի արևմուտք: Քույրս, որն այսօր այստեղ գտնվողներից շատերի տարիքում կարող էր լինել, Հելգա Ֆասսմանի՝ իր Երիտասարդ Կանանց ուսուցչի հետ և մի քանի ուրիշների հետ գնացք նստեցին, որն արագ անցավ Արևմտյան Գերմանիայով: Նրանք վճարեցին ուղեկցորդին, դռներից մեկը իրենց համար բացելու համար, և գնացքն Արևմտյան Գերմանիայի սահմանն անցնելուց հետո, դուրս ցատկեցին շարժվող գնացքից՝ դեպի ազատություն: Ինչպես էի հիանում իմ քրոջով իր քաջության համար:

Ես ամենափոքրն էի երեխաներից, և իմ մայրը որոշեց, որ նա և ես կքայլենք՝ անցնելով լեռնաշղթան, որը բաժանում էր երկու երկրները: Ես հիշում եմ, որ նա փաթաթեց նախաճաշը, իբրև թե գնում էինք զբոսնելու կամ զբոսախնջույք անելու լեռներում:

Մենք գնացք նստեցինք, որքան հեռու որ կարող էինք գնալ և ապա քայլեցինք երկար ժամեր, ավելի մոտենալով Արևմտյան Գերմանիայի սահմանին: Սահմանները խստորեն հսկվում էին, բայց մենք քարտեզ ունեինք և գիտեինք ժամը և տեղը, թե որտեղից ապահով կլիներ անցնել: Ես զգում էի մորս նեղսրտվածությունը: Նա լարված զննում էր տարածքը՝ տեսնելու, թե արդյոք մեզ հետևում էին: Ամեն քայլի հետ, թվում էր, նրա ոտքերն ու ծնկներն ավելի էին թուլանում: Ես օգնում էի տանել նրա ուտելիքով լիքը ծանր պայուսակը, կարևոր փաստաթղթերը և ընտանեկան լուսանկարները, երբ մենք մագլցում էինք վերջին երկար բլուրը: Նա անկասկած մտածում էր, որ մենք արդեն անցել ենք սահմանը: Երբ նա վերջապես իրեն ապահով զգաց, մենք նստեցինք և սկսեցինք ուտել մեր զբոսախնջույքի նախաճաշը: Այդ օրն առաջին անգամ նա ավելի հեշտությամբ շունչ քաշեց:

Միայն այդ ժամանակ մենք նկատեցինք սահմանի նշանը: Այն բավականին հեռու էր մեզանից: Մենք զբասախնջույք էինք անում սահմանի սխալ կողմում: Մենք դեռ Արևելյան Գերմանիայում էինք:

Սահմանապահները կարող էին հայտնվել ամեն րոպե:

Մայրս անմիջապես փաթաթեց մեր նախաճաշը և մենք շտապեցինք բլուրն ի վեր՝ այնքան արագ, որքան կարող էինք: Այս անգամ մենք չհամարձակվեցինք կանգ առնել, մինչև մենք չհամոզվեցինք, որ հասել էինք սահմանի մյուս կողմին:

Չնայած մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ բռնել էր լիովին տարբեր ճանապարհ և տարել շատ առանձնահատուկ դժվարություններ ճանապարհին, ի վերջո, մենք բոլորս անվտանգ տեղ հասանք: Մենք վերջապես վերամիավորվեցինք որպես ընտանիք: Ինչպիսի փառահեղ օր էր դա:

Ճանապարհորդական պատմություններ

Այն, ինչ ես հենց նոր պատմեցի ձեզ, կյանքի փորձառություն է, որն ինձ համար շատ թանկարժեք ճանապարհորդություն էր: Այժմ ես կարող եմ ետ նայել իմ կյանքին և ճանաչել մի քանի այդպիսի «ճանապարհորդություններ», որոնք ես կատարել եմ ժամանակի ընթացքում: Դրանցից ոչ բոլորն են ներառում լեռնաշղթաներ կամ քաղաքական սահմաններ անցնելը, մի քանիսը կապված են ավելի շատ փորձություններ հաղթահարելու կամ հոգեպես աճելու հետ: Բայց, դրանք բոլորը ճանապարհորդություններ էին: Ես հավատում եմ, որ ամեն կյանք անձնական «ճանապարհորդական պատմությունների» մի հավաքածու է:

Համոզված եմ, դուք տեղյակ եք, որ յուրաքանչյուր մշակութային ավանդույթ հարուստ է ճանապարհորդական պատմություններով: Օրինակ, դուք կարող է ծանոթ լինեք Դորոթիի և նրա շան՝ Տոտոյի ճանապարհորդության հետ Օզ կախարդական աշխարհում հեքիաթից: Դորոթին և Տոտոն քշվում են պտտահողմից և փոխադրվում Օզ երկիրը: Այնտեղ Դորոթին գտնում է այդ որոշակի դեղին աղյուսապատ ճանապարհը, որը նշում է ճամփորդության ուղին, որն էլ, ի վերջո, նրան առաջնորդում է տուն:

Այնուհետև արժե հիշատակել Չարլզ Դիկենսի Էբենեզեր Սքրուջին, որի ճանապարհորդությունը տանում է նրան ոչ թե տեղից տեղ, այլ մի ժամանակից դեպի մեկ ուրիշ ժամանակ: Դա ճանապարհորդություն է հենց իր սեփական սրտի ներսում և դա օգնեց նրան հասկանալ, թե ինչու նա դարձավ այնպիսին, ինչպիսին կար, և ինչ կպատահեր նրան, եթե նա շարունակեր եսասիրության և երախտամոռության իր թշվառ ուղին: 1

Չինական գրականության դասական մեծ վեպերից մեկը կոչվում է Ճանապարհորդություն դեպի արևմուտք: Գրված լինելով 16-րդ դարում, այն մի վանականի մասին հիանալի արկածային մի պատմություն է, որը չորս ընկերասեր անձանց հետ ճանապարհորդում է դեպի հոգևոր լուսավորում:

Եվ իհարկե նաև՝ Բիլբո Բագինսը՝ փոքրիկ, համեստ և անսպասելի հոբիթ, որը շատ ավելի կգերադասեր մնալ տանը և ուտել իր ապուրը: Բայց դռան թակոցից հետո նա գնում է դեպի մեծ անորոշություն և դուրս գալիս աշխարհ, մի կախարդի և թզուկների խմբի հետ միասին՝ կատարելու վտանգավոր, բայց կենսականորեն կարևոր առաքելություն: 2

Համաշխարհային պատմություն

Մի՞թե չենք սիրում այս ճամփորդական պատմությունները, որովհետև մենք կարող ենք ճանապարհորդների մեջ տեսնել ինքներս մեզ: Նրանց հաջողություններն ու ձախողումները կարող են օգնել մեզ գտնել մեր իսկ ուղին կյանքում: Տեսաֆիլմը, որը մենք տեսանք մի քանի րոպե առաջ, նույնպես պատմում է մի գեղեցիկ ճանապարհորդական պատմություն: Մի գուցե այս պատմությունները հիշեցնում են մեզ մի ճամփորդություն, որին մենք բոլորս ծանոթ ենք, որում մեզանից յուրաքանչյուրս կարևոր դեր ենք խաղում:

Այս պատմությունը սկսվել է շատ երկար ժամանակ առաջ՝ երկիրն իր ուղեծրի շուրջը պտտվելուց շատ ժամանակ առաջ, արևը՝ իր կրակոտ բազուկները տիեզերքի սառնությանը հասցնելուց շատ առաջ, մեր մոլորակը մեծ ու փոքր արարածներով բնակեցնելուց շատ առաջ: Այս պատմության սկզբում դուք ապրում էիք մի շատ հեռավոր գեղեցիկ վայրում:

Մենք շատ մանրամասներ չգիտենք կյանքի մասին այդ նախամահկանացու ոլորտում, բայց մենք գիտենք որոշ բաներ: Մեր Երկնային Հայրը բացահայտել է մեզ, թե ով է Նա, ով ենք մենք և ով կարող ենք դառնալ:

Անդրադառնալով առաջին վիճակին, դուք գիտեիք բացարձակ վստահությամբ, որ Աստված գոյություն ուներ, որովհետև դուք տեսնում և լսում էիք Նրան: Դուք գիտեիք Հիսուս Քրիստոսին, որը պիտի դառնար Աստծո Գառը: Դուք այն ժամանակ հավատք ունեիք առ Նա: Եվ դուք գիտեիք, որ ձեր ճակատագիրը ձեր նախամահկանացու տան ապահովության մեջ մնալու մեջ չէր: Որքան էլ որ դուք սիրում էիք այդ հավերժական ոլորտը, դուք գիտեիք, դուք ցանկանում էիք և դուք պետք է ճանապարհորդության մեկնեիք: Դուք հեռանալու էիք ձեր Հոր գրկից, անցնելու էիք մոռացության վարագույրի միջով, ստանալու էիք մահկանացու մարմին, և սովորելու և տանելու էիք բաներ, որոնք պետք է օգնեին ձեզ աճել՝ ավելի նման դառնալու Երկնային Հորը և վերադառնալու Նրա ներկայություն:

Այդ սրբազան վայրում՝ շրջապատված նրանց կողմից, ում գիտեիք և սիրում էիք, պետք է որ լիներ մեծ հարց ձեր շուրթերին և ձեր սրտում. «Արդյոք կվերադառնա՞մ ապահով իմ երկնային տուն»:

Ձեր վերահսկողությունից դուրս այնքան շատ բաներ կլինեին: Մահկանացու կյանքը դժվար էր լինելու՝ ճանապարհի անսպասելի ոլորաններով՝ հիվանդությունով, սրտաբեկությամբ, վթարներով, կոնֆլիկտներով լի:

Առանց ձեր նախկին գոյության հիշողության, առանց հիշելու, որ դուք մի ժամանակ քայլել եք ձեր Երկնային Հոր հետ, արդյոք դուք դեռ կճանաչեի՞ք Նրա ձայնը ողջ աղմուկի և մահկանացու կյանքի խոտորումների մեջ:

Առաջիկա ճանապարհորդությունը թվում էր այնքան երկար և անորոշ, այնքան վտանգներով լի:

Այն հեշտ չէր լինի, բայց դուք գիտեիք՝ այն արժեր ամեն ջանք::

Այսպիսով, ահա դուք կանգնել էիք հավերժության եզրին, առաջ նայելով անասելի հուզմունքով և հույսով, և ես պատկերցնում եմ, նաև՝ ինչ որ չափով անհանգստացած և վախով:

Անշուշտ, դուք գիտեիք, որ Աստված արդար էր լինելու, որ Նրա բարությունը հաղթելու էր: Դուք մասնակցել էիք մեծ երկնային խորհուրդների և գիտեիք, որ ձեր Փրկիչըև Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը կապահովեր մի ուղի ձեզ համար՝ մեղքից մաքրվելու և ֆիզիկական մահից ազատվելու համար: Դուք ունեիք հավատք, որ վերջում կուրախանայիք և կմիացնեիք ձեր ձայնը երկնային երգչախմբին՝ գովք երգելով Նրա սուրբ անվանը:

Եվ այսպիսով, դուք խորը շունչ քաշեցիք …

Եվ մի մեծ քայլ արեցիք առաջ…

Եվ, ահա, դուք այստեղ եք:

Դուք՝ ձեզանից ամեն մեկը, սկսեցիք ձեր իսկ սքանչելի ճանապարհորդությունը ետ՝ դեպի ձեր երկնային տուն:

Ձեր քարտեզը

Այժմ, երբ դուք այստեղ եք՝ երկրի վրա, իմաստուն կլիներ հարցնեիք ինքներդ ձեզ՝ ինչպե՞ս է ձեր ճանապարհորդությունն ընթանում: Արդյո՞ք դուք ճիշտ ուղղությամբ եք շարժվում: Արդյո՞ք դուք դառնում եք այն անձնավորությունը, որը պետք է դառնայիք ըստ ծրագրի, և կամենում եք դառնալ: Արդյո՞ք կատարում եք ընտրություններ, որոնք կօգնեն ձեզ վերադառնալ ձեր Երկնային Հոր մոտ:

Նա չի ուղարկել ձեզ այս ճանապարհորդությանը ինքնուրույն աննպատակ թափառելու համար: Նա կամենում է, որ դուք վերադառնաք Իր մոտ: Նա տվել է ձեզ Սիրող ծնողներ և Եկեղեցու հավատարիմ առաջնորդներ, մի քարտեզի հետ, որը նկարագրում է տեղանքը և մատնանշում է վտանգները; քարտեզը ցույց է տալիս ձեզ, թե որտեղ կարելի է գտնել խաղաղություն և երջանկություն, որը կօգնի ձեզ ծրագրել ձեր ուղին ետ՝ դեպի տուն:

Իսկ որտեղի՞ց գտնեք այս քարտեզը:

  • Սուրբ գրություններում:

  • Մարգարեների և առաքյալների խոսքերում:

  • Եվ Սուրբ Հոգուց՝ անձնական հայտնությունների միջոցով:

Այս քարտեզը Հիսուս Քրիստոսի ավետարանն է, բարի լուրը և Քրիստոսի աշակերտը լինելու ուրախալի ուղին : Դա մեր Բարեխոսի և Միջնորդի կողմից տրված պատվիրաններն ու օրինակն է, ով գիտի ճանապարհը, որովհետև Նա է ճանապարհը:3

Իհարկե, ուղղակի քարտեզ ունենալը ոչ մի օգուտ չի տա, մինչև դուք չուսումնասիրեք այն, մինչև չօգտագործեք այն կյանքում նավարկելիս: Ես հրավիրում եմ ձեզ դարձնել այն բարձր առաջնահերթություն Աստծո խոսքն ուսումնասիրելու և կիրառելու համար: Բացեք ձեր սիրտը Սուրբ Հոգու առջև, որ Նա կարողանա ուղղորդել ձեզ՝ կյանքի ձեր ճանապարհորդության ընթացքում:

Ձեր քարտեզը լի է ձեր Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի կողմից քաջալերող և հրահանգավորող ուղերձներով: Այսօր ես կկամենայի կիսվել ձեզ հետ այդ ուղերձներից երեքով, որոնք կօգնեն ձեզ կատարել հաջող ճանապարհորդություն դեպի ձեր երկնային տուն:

Առաջին ուղերձն է. «Մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ»:4

Դուք մենակ չեք այս ճանապարհորդության մեջ: Ձեր Երկնային Հայրը գիտի ձեզ: Երբ նույնիսկ ոչ ոք չի լսում ձեզ, Նա լսում է ձեզ: Երբ դուք ուրախանում եք արդարակեցությամբ, Նա ուրախանում է ձեզ հետ: Երբ դուք տրտմում եք փորձությունից, Նա տխրում է ձեզ հետ:

Երկնային Հոր հետաքրքրությունը ձեր հանդեպ կախված չէ նրանից, թե որքան հարուստ կամ գեղեցիկ եք, առողջ կամ խելացի: Նա տեսնում է ձեզ ոչ թե ինչպես աշխարհն է տեսնում ձեզ, Նա տեսնում է, թե դուք ով եք իրականում: Նա նայում է ձեր սրտին: 5 Եվ Նա սիրում է ձեզ, 6 որովհետև դուք Նրա զավակն եք:

Սիրելի քույրեր, լրջորեն որոնեք Նրան և դուք կգտնեք Նրան: 7

Ես խոստանում եմ ձեզ՝ դուք միայնակ չեք:

Այժմ մի պահ կենտրոնացեք հենց հիմա և նայեք ձեր շրջապատի մարդկանց: Ոմանք գուցե ձեր առաջնորդներն են, ընկերները կամ ընտանիքի անդամները: Մյուսներին դուք երևի երբեք չեք հանդիպել: Այնուամենայնիվ, ամենքը, ում դուք տեսնում եք ձեր շրջապատում, այս ժողովում կամ որևէ այլ վայրում, քաջարի է եղել նախամահկանացու աշխարհում: Ձեր կողքին նստած այն ոչ մեծամիտ և սովորական տեսքով անձնավորությունը կարող է եղած լինել այն մեծ անհատներից մեկը, ում դուք սիրել եք և որով հիացել եք ոգիների ոլորտում: Գուցե դուք լինեք այդպիսի օրինակելի անձնավորություն՝ ինքներդ:

Մի բանում կարող եք համոզված լինել՝ յուրաքանչյուր անձի, ում դուք տեսնում եք, անկախ ռասայից, կրոնից, քաղաքական հայացքներից, մարմնի ձևից կամ արտաքինից, նույն ընտանիքից է: Երիտասարդ կինը, որին դուք նայում եք, ունի նույն Երկնային Հայրը, ինչ որ դուք, և նա հեռացել է Նրա սիրառատ ներկայությունից ճիշտ ինչպես դուք եք արել, ձգտելով գալ այս երկիր և ապրել այնպես, որպեսզի մի օր կարողանա վերադառնալ Նրա մոտ:

Այնուամենայնիվ, նա կարող է միայնակ զգալ, ճիշտ ինչպես երբեմն դուք եք զգում: Նա կարող է նաև երբեմն մոռանալ իր ճանապարհորդության նպատակը: Խնդրում եմ հիշեցրեք նրան, ձեր խոսքերով և գործերով, որ նա մենակ չէ: Մենք այստեղ ենք՝ օգնելու միմյանց:

Կյանքը կարող է դժվար լինել և այն կարող է կարծրացնել սրտերն այն աստիճան, որ որոշ մարդիկ թվում են անհասանելի: Ոմանք գուցե լցված լինեն բարկությամբ: Մյուսները, կարող է, ծաղրեն և ծիծաղեն նրանց վրա, ովքեր հավատում են սիրառատ Աստծուն: Բայց խորհեք այս մասին՝ չնայած նրանք չեն հիշում, նրանք նույնպես մի ժամանակ փափագել են վերադառնալ իրենց Երկնային Հոր մոտ:

Ձեր պարտականությունը չէ դարձի բերել որևէ մեկին: Դա Սուրբ Հոգու գործն է: Ձեր խնդիրն է կիսվել ձեր հավատքով և չվախենալ: Եղեք ընկեր բոլորին, բայց երբեք փոխզիջման մի գնացեք ձեր չափանիշների առումով: Հավատարիմ մնացեք ձեր համոզմունքներին և հավատքին: Կանգնեք գլուխներդ բարձր, որովհետև դուք Աստծո դուստրերն եք, և Նա կանգնած է ձեր կողքին:

Երկրորդ ուղերձն է. «Իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի»:8

Երբևիցե մտորե՞լ եք, թե ինչ լեզվով էինք մենք բոլորս խոսում, երբ ապրում էինք Աստծո ներկայության մեջ: Ես ուժեղ կասկածներ ունեմ, որ դա գերմաներենը էր, չնայած, կարծում եմ, ոչ ոք հաստատ չգիտի: Բայց ես իսկապես գիտեմ, որ մեր նախամահկանացու կյանքում մենք անմիջականորեն մեր հոգիների Հորից սովորեցինք մի տիեզերական լեզու՝ մի լեզու, որն ունի զորություն հաղթահարելու զգացմունքային, ֆիզիկական և հոգևոր սահմանները:

Այդ լեզուն Հիսուս Քրիստոսի մաքուր սերն է:

Դա աշխարհում ամենահզոր լեզուն է:

Քրիստոսի սերը ձևական սեր չէ: Այն շնորհավորական քարտի վրա գրվող սեր չէ: Դա այնպիսի սեր չէ, ինչպիսին գովերգվում է ժողովրդական երաժշտության մեջ կամ կինոնկարներում:

Այս սերը բնավորության իսկական փոփոխություն է առաջացնում: Այն կարող է խոցել ատելությունը և քայքայել նախանձը: Այն կարող է ապաքինել վրդովմունքը և հանգցնել դառնության կրակները: Այն կարող է հրաշքներ գործել:

Մենք ստացանք մեր «առաջին դասերը»9 սիրո այս լեզվով, որպես ոգիներ Աստծո ներկայության մեջ, և այստեղ երկրի վրա մենք ունենք հնարավորություններ կիրառելու և դարձնելու այն ավելի սահուն: Դուք կարող եք իմանալ, արդյոք դուք սովորո՞ւմ եք սիրո այս լեզուն՝ գնահատելով այն, թե ինչն է դրդում ձեր մտքերը և գործողությունները:

Երբ ձեր հիմնական մտքերը կենտրոնացած են նրա վրա, թե ինչպես ինչ որ բաներ կարող են օգուտ տալ ձեզ, ձեր դրդապատճառները կարող են եսասիրական լինել և մակերեսային: Դա այն լեզուն չէ, որըչ դուք ուզում եք սովորել:

Բայց երբ ձեր հիմնական մտքերը և վարքագիծը կենտրոնացած են Աստծուն և ուրիշներին ծառայելու վրա, երբ դուք իսկապես ցանկանում եք օրհնել և բարձրացնել նրանց, ովքեր ձեր շրջապատում են, այդ ժամանակ Քրիստոսի մաքուր սիրո ուժը կարող է գործել ձեր սրտում և կյանքում: Դա է լեզուն, որ դուք կամենում եք սովորել:

Երբ դուք սահուն դառնաք այս լեզվում և օգտագործեք այն՝ ուրիշների հետ ձեր փոխազդեցություններում, նրանք կճանաչեն ձեր մեջ մի բան, որը կարթնացնի նրանց մեջ երկար ժամանակ թաքնված զգացումը՝ իրենց երկնային տուն ետ վերադառնալու համար որոնել ճիշտ ուղի ճանապարհորդության ընթացքում: Ի վերջո նրանց մայրենի լեզուն, նույնպես, սիրո ճշմարիտ լեզուն է:

Սա խորը և մնայուն ազդեցությամբ մի լեզու է, որը հասնում է մինչև հոգու խորքը: Դա հասկացողության լեզուն է, ծառայության լեզուն, բարձրացնելու և ուրախանալու ու մխիթարելու լեզուն:

Սովորեք օգտագործել Քրիստոսի սիրո տիեզերական լեզուն:

Եվ երրորդ ուղերձն է. «Ուրախ եղեք»:10

Երբեմն մենք անհամբեր ենք դառնում այն պատճառոով, թե որտեղ ենք գտնվում մեր ճանապարհորդության ընթացքում, այնպես չէ՞: Եթե դուք 12 տարեկան եք, դուք գուցե ցանկանաք լինել 14: 14 տարեկանում դուք գուցե ցանկանաք լինել 18: Եվ եթե դուք 18 տարեկան եք, գուցե երբեմն նույնիսկ ցանկանաք կրկին լինել 12 տարեկան և սկսեք ամեն ինչ սկզբից:

Միշտ էլ կլինեն բողոքելու առիթներ՝ բաներ, որոնք, թվում է, ձեր ուզածով չեն գնում: Դուք կարող եք անցկացնել ձեր օրերը տխուր, միայնակ, սխալ հասկացված կամ անօգտակար զգալով: Բայց դա այն ճանապարհորդությունը չէ, որի հույսն եք ունեցել և դա այն ճանապարհորդությունը չէ, որ Երկնային Հայրն է ձեզ ուղարկել կատարելու: Հիշեք, որ դուք իսկապես Աստծո դուստրն եք:

Իմանալով այս, հրավիրում եմ ձեզ քայլել վստահորեն և ուրախությամբ: Այո, ճանապարհն ունի բախումներ, շեղումներ և նույնիսկ որոշ խոչընդոտներ: Բայց մի կենտրոնացեք դրանց վրա: Որոնեք երջանկությունը, որը ձեր Հայրը Երկնքում պատրաստել է ձեզ համար ձեր ճանապարհորդության յուրաքանչյուր քայլում: Երջանկությունը նպատակակետն է, բայց այն նաև ուղին է. «Խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում» այն է, ինչ Նա խոստանում է: 11 Այդ պատճառով Նա պատվիրում է «ուրախ եղեք»:

Երբ ուրախությամբ օգտագործում եք քարտեզը, որը ձեր Երկնային Հայրը պատրաստել է ձեր ճանապարհորդության համար, այն կտանի ձեզ սուրբ տեղեր և դուք կհասնեք ձեր գերագույն ներուժին: Դուք կաճեք՝ դառնալով Աստծո դուստրը, որը հույս ունեիք դառնալ:

Սիրելի քույրեր, Եկեղեցու սիրելի երիտասարդ կանայք, սիրելի երիտասարդ ընկերներ, որպես Տիրոջ Առաքյալ ես թողնում եմ ձեզ մի օրհնություն, որ դուք գտնեք ձեր ճանապարհը՝ տուն տանող այս ճանապարհորդության ընթացքում և որ դուք ոգեշնչում լինեք ձեր ընկեր ճանապարհորդներին: Իմ խոստումն է նաև և աղոթքը, որ երբ դուք պատվեք ուխտերը, սկզբունքները և Հիսուս Քրիստոսի ավետարանի արժեքները և ապրեք դրանց հավատարիմ, ձեր ճանապարհորդության վերջում Երկնային Հայրը կլինի այնտեղ: Նա կգրկի ձեզ և դուք կիմանաք մեկընդմիշտ, որ դուք անվտանգ տուն եք հասել: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: