2010–2019 թթ․
Առաջ նայեք և հավատացեք
Հոկտեմբեր 2013


Առաջ նայեք և հավատացեք

Տիրոջ համար այնքան կարևոր չէ, թե ինչ ենք արել կամ որտեղ ենք եղել, այլ շատ ավելի կարևոր է, թե ուր ենք կամենում գնալ:

Պատանի հասակում, մայրիկիս հետ դաշտում աշխատելիս, նա ինձ ուսուցանեց կյանքի ամենակարևոր դասերից մեկը: Լույսը վաղուց բացվել էր, արևը բարձրացել էր, և մենք թոխրով հողը փխրեցնում և քաղհան էինք անում, որն ինձ շատ երկար ժամեր էր թվում: Ես կանգ առա, որպեսզի հետ նայեմ և տեսնեմ, թե որքան աշխատանք ենք կատարել, և ասացի մայրիկիս. «Նայի՜ր մեր կատարած աշխատանքին»: Մայրիկս չարձագանքեց: Մտածելով, որ նա ինձ չլսեց, ես մի քիչ ավելի բարձր ձայնով կրկնեցի ասածս: Նա կրկին չարձագանքեց: Եվս մի քիչ բարձրացնելով ձայնս՝ ես նորից կրկնեցի: Վերջապես նա իմ կողմ շրջվեց և ասաց. «Էդվարդ, երբեք հետ մի նայիր: Նայիր առաջ այն ամենին, ինչ դեռ պետք է անենք»:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այն ուխտը, որ մենք կապել ենք Տիրոջ հետ մկրտվելիս՝ «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող [ենք] լինել» (Մոսիա 18.9), ողջ կյանքի ընթացքում տևող նվիրվածություն է: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խորհուրդ է տվել. «Նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը և ստացել են Սուրբ Հոգու պարգևը, իրենց ոտքերը դրել են առաքելության ճանապարհի վրա և Փրկչի հետքերին հաստատունորեն և լիովին հետևելու պարտականություն են ստացել» («Սրբերը բոլոր ժամանակներում», Լիահոնա, Սեպտ. 2013, 5): Տերն Իր ծառաների միջոցով կանչում է մեզ ծառայելու տարբեր կոչումներում, որոնք մենք ընդունում ենք բացարձակ նվիրվածությամբ: Երբ ազատվում ենք ծառայությունից և այլ առաջադրանք կատարելու կանչ ենք ստանում, մենք ուրախությամբ ընդունում ենք այն՝ մեր նախնիների նման իմանալով, որ «Տիրոջ ծառայության մեջ կարևոր չէ, թե որտեղ ենք ծառայում, այլ ինչպես ենք ծառայում» (Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսեր, Համաժողովի ելույթ, Ապրիլ 1951, 154):

Այսպիսով, երբ ցցի նախագահը կամ եպիսկոպոսն ազատվում է իր ծառայությունից, նա ուրախությամբ ընդունում է իր հետ կանչը, և երբ կոչում է առաջարկվում նրան ծառայելու այնպես, ինչպես Տերն, Իր ծառաների միջոցով, «հարմար է տեսնում» (Մոսիա 3.19), նրա նախորդ փորձը ստվերում չի մնում, և ոչ էլ նա հետ է նայում և մտածում, որ ծառայել է բավարար: Նա «չի ձանձրանում բարին գործելուց», որովհետև նա գիտի, որ «դնում է հիմքը մի մեծ գործի»՝ հստակ պատկերացմամբ, որ նման ջանքերը հավերժորեն օրհնում են կյանքեր: Այսպիսով, «փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (ՎևՈւ 64.33):

Մենք բոլորս պետք է «ջերմեռանդ ներգրավված [լինենք] բարի գործի մեջ, և շատ բաներ [անենք] [մեր] իսկ ազատ կամքով, և շատ արդարություն [գործենք]» (ՎևՈւ 58.27):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել. «Անցյալից պետք է սովորել, այլ ոչ թե անցյալով ապրել: Մենք հետ ենք նայում, որպեսզի սովորենք անցյլալի լավագույն փորձառություններից, այլ ոչ թե վերապրենք անցյալի փորձությունները: Եվ երբ մենք սովորում ենք այն, ինչ պետք է սովորեինք, և մեզ հետ վերցնում ենք մեր լավագույն փորձառությունները, ապա մենք առաջ ենք նայում և հիշում, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան» («Լավագույնը դեռ առջևում է», Լիահոնա, Հունվ. 2010, 18):

Մինչ մայրիկիս առաջ նայելու մասին դասը վերաբերում էր դաշտի տեսանելի մոլախոտերին, դա քիչ էր այն ամենի համեմատ, ինչի միջով անցան վաղ շրջանի Սրբերը: Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն այնքան լավ է նկարագրել այս փորձառությունը. «1846թ-ին ավելի քան 10000 [մարդ] դուրս եկան [Նավու] ծաղկող քաղաքից, որը կառուցված էր Միսսիսիպի գետի ափին: Մարգարեացող ղեկավարների նկատմամբ հավատքով՝ Եկեղեցու վաղ շրջանի անդամները լքեցին իրենց «Սիթի Բյութիֆուլը» և գնացին Ամերիկայի արևմտյան սահմանին կից անապատը: Նրանք ստույգ չգիտեին, թե ուր են գնում, քանի մղոն ճանապարհ կար դեռ անցնելու, որքան կտևեր ճամփորդությունը կամ ինչ էր սպասվում նրանց ապագայում: Բայց նրանք գիտեին, որ առաջնորդվում են Տիրոջ և Նրա ծառաների կողմից» («Մեր հայրերի հավատքը», Ինսայն, Մայիս, 1996, 33):

Նրանք գիտեին՝ ինչպես առաջ նայել ու հավատալ: Ավելի քան մեկ ու կես տասնամյակ առաջ այս անդամներից մի քանիսը ներկա էին, երբ հայտնություն ստացվեց.

«Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ օրհնված է նա, ով պահում է իմ պատվիրանները՝ կյանքում լինի, թե մահվան մեջ. և ով որ հավատարիմ է նեղության մեջ, նրա վարձքն ավելի մեծ է երկնքի արքայությունում:

Ներկայումս, դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո» (ՎևՈւ 58.2–3):

Մենք նույնպես կարող ենք առաջ նայել և հավատալ: Մենք կարող ենք ընդունել մեր Տիրոջ հրավերքը, ով գրկաբաց հրավիրում է մեզ.

«Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ և բեռնավորուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը և ինձանից սովորեցէք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստութիվն կգտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28–30):

Մեր սիրելի մարգարեն՝ Թոմաս Ս. Մոնսոնը, նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումը մեզ բոլորիս հրավիրում են մասնակցել փրկության աշխատանքին: Նորադարձները, երիտասարդները, երիտասարդ ամուրիները, նրանք, ովքեր թոշակի են անցել, և լիաժամկետ միսիոներները պետք է հավասարապես միասին առաջ տանեն փրկության աշխատանքը:

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մի անգամ այցելեց մի մրցույթի, որի ընթացքում ցուլերի թիմերը մրցում էին միմյանց դեմ՝ ամենածանր բեռը քաշելով, և նա սրանից մի դաս քաղեց: Նա պատմեց այդ փորձառության մասին. «Մի փայտե սահնակ բեռնված էր ցեմենտի բլոկներով՝ տաս հազար ֆունտ [4535 կգ] – հինգ տոննա: … Նպատակը կայանում էր նրանում, որ ցլերը պետք է երեք ֆուտ [91 սմ] տեղաշարժեին սահնակը: … Ես նկատեցի իրար համապատասխանող, շատ մեծ, խառը գույներ ունեցող, կապտամոխրագույն կենդանիների մի զույգ… նախկին ժամանակների մեծ կապույտ ցուլեր»:

Մրցույթի արդյունքների մասին խոսելիս՝ նա ասաց. «Թիմերը մեկ առ մեկ դուրս էին գալիս: … Մեծ կապույտ ցուլը նույնիսկ աստիճան չստացավ: Մի փոքր, ոչնչով աչքի չընկնող կենդանիների զույգ, որ չափսերով այդքան էլ համապատասխան չէին, բոլոր երեք անգամն էլ տեղաշարժեցին սահնակը»:

Այնուհետև նրան տվեցին մի զարմանալի բացատրություն. «Մեծ կապույտների թիմն ավելի մեծ ու ավելի ուժեղ էր և ավելի համապատասխան էր չափսերով, քան մյուս թիմը: Բայց փոքր ցուլերն ավելի լավ թիմային աշխատանք և համաձայնեցում ունեին: Նրանք միասին էին մոտենում լծին: Երկու կենդանին էլ առաջ էին քաշում հենց նույն պահին և այդ ուժն առաջ էր շարժում բեռը» (“Equally Yoked Together,” excerpt from an address delivered at regional representatives’ seminar, Apr. 3, 1975; in Teaching Seminary: Preservice Readings [2004], 30):

Երբ մենք առաջ ենք նայում և հավատում, մենք այս նույն թիմային աշխատանքի կարիքն ունենք փրկության աշխատանքն առաջ տանելիս, ուրիշներին դեպի Քրիստոսը հրավիրելիս: Մեր անհատական կարողությունների հարցում մենք պետք է հետևենք Նախագահ Դիթեր Ֆ. Ուխդորֆի խորհրդին. «Կանգնել կողք կողքի և բարձրացնել՝ որտեղ կանգնած ենք» («Բարձրացրեք՝ որտեղ կանգնած եք», Լիահոնա, Նոյ. 2008, 56): Մենք կարող ենք բացահայտել մեր ողջ ներուժը, հենց այնպես, ինչպես նկատել է Երեց Լ. Թոմ. Փերին Տասներկուսի Քվորումից. «Քանի որ ճամփորդում եմ Եկեղեցով մեկ, ես հիանում եմ այն բոլոր դրական բաներով, որոնք տեղի են ունենում: Քանզի ես ամենևին չեմ կարծում, որ մենք, որպես ժողովուրդ, ապրում ենք մեր ողջ իրական ներուժը գործադրելով: Ես ի նկատի ունեմ, որ մենք միշտ չէ, որ աշխատում ենք միասին, որ մենք դեռ չափազանց շատ ենք հետաքրքրված մեր անձնական պատվի ու հաջողության նպատակներով, և ցույց ենք տալիս չափազանց քիչ հետաքրքրություն Աստծո արքայությունը կառուցելու ընդհանուր նպատակի մեջ» (“United in Building the Kingdom of God,” Ensign, May 1987, 35).

Թող որ մենք բոլորս միավորվենք «մարդու անմահությունն ու հավերժական կյանքը [իրականացնելու]» ընդհանուր նպատակի մեջ (Մովսես 1.39):

Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ով տեսնում է սկզբից մինչև վերջ, շատ լավ գիտեր այն ճանապարհը, որով Նա գնալու էր Գեթսեման և Գողգոթա, երբ Նա հայտարարեց. «Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում և ետևին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (Ղուկաս 9.62): Տիրոջ համար այնքան կարևոր չէ, թե ինչ ենք արել կամ որտեղ ենք եղել, այլ շատ ավելի կարևոր է, թե ուր ենք կամենում գնալ:

Մենք ուսուցանվել ենք առաջնորդող սկզբունքները Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՝ որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 49):

Ես վկայում եմ, որ երբ մենք հետևում ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրինակին, և բարձրացնում ենք մեր ձեռքերն անկյունաձև՝ հաստատելով մեր սիրելի մարգարեին՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, մենք կգտնենք խաղաղություն, սփոփանք և ուրախություն և մենք «[կճաշակենք] Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին» (Վ ևՈւ 64.34): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: