2010–2019 թթ․
Տոկալու ուժը
Հոկտեմբեր 2013


Տոկալու ուժը

Արդար կյանքով մինչև վերջ համբերելու մեր ունակությունը ուղիղ համեմատական է մեր վկայության ուժին և մեր դարձի խորությանը:

Ամեն առավոտ արթնանալով սկսում ենք կյանքի մարտահրավերներով լի մի նոր օր: Այդ մարտահրավերները տարբեր կերպ են արտահայտվում՝ ֆիզիկական դժվարություններ, ֆինանսական անհաջողություններ, հարաբերությունների խզում, զգացմունքային փորձություններ և անգամ սեփական հավատքի հետ մաքառումներ:

Մեր կյանքի շատ դժվարություններ կարող ենք լուծել և հաղթահարել, իսկ որոշները գուցե դժվարությամբ հասկանանք և հնարավոր չլինի լուծել, որոնք կմնան մեզ հետ մինչև հաջորդ կյանք անցնելը: Երբ տոկում ենք, լուծելով որոշ դժվարություններ, իսկ որոշներն էլ չլուծելով, կարևոր է հիշել, որ հոգևոր ուժը, որ զարգացնում ենք, կօգնի մեզ հաջողությամբ կրել մեր կյանքի բոլոր մարտահրավերները:

Եղբայրներ և քույրեր, մենք ունենք սիրող Երկնային Հայր, ով ծրագրել է մեր երկրային գոյությունը, որպեսզի մենք անհատապես սովորենք մեզ անհրաժեշտ դասերը՝ Նրա ներկայության մեջ հավերժական կյանքին արժանանալու համար:

Նախագահ Ջոզեֆ Սմիթի կյանքից մի դրվագ լուսաբանում է այդ սկզբունքը: Մարգարեն իր մի քանի ընկերների հետ միասին ամիսներ շարունակ գտնվում էր Լիբերթի բանտում: Իր չարչարանքների մեջ Մարգարե Ջոզեֆը խոնարհ աղոթքով աղերսեց Տիրոջը, որ փարատվեն Սրբերի տառապանքները: Տերը պատասխանեց Մարգարե Ջոզեֆին և մեզ բոլորիս ուսուցանելով, որ եթե հաջողությամբ համբերենք, մեր դեմ ծառացած դժվարությունները կլինեն մեր բարիքի համար: Ջոզեֆի խնդրանքին ի պատասխան Տերն ասաց.

«Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի»:1

Երկնային Հայրը կազմակերպել է մեր ճամփորդությունն այս կյանքում՝ փորձելով մեր բնավորությունը: Մենք ենթարկվում ենք բարու և չարի ազդեցություններին, և ապա մեզ տրված բարոյական ազատ կամքի շնորհիվ ընտրում ենք մեր ուղին: Ինչպես Մորմոնի Գրքի հին օրերի Սամուել մարգարեն է ուսուցանել. «Դուք ազատ եք. ձեզ թույլատրված է գործելու ինքներդ ձեզ համար. քանզի ահա, Աստված տվել է ձեզ գիտելիք, և նա դարձրել է ձեզ ազատ»:2

Երկնային Հայրը նաև հասկանում էր, որ մահկանացու կյանքում մենք միշտ չէ որ ճիշտ կամ արդար ընտրություններ կկատարենք: Քանի որ մենք կատարյալ չենք և երբեմն սխալվում ենք, Նրա ներկայություն վերադառնալու համար մենք օգնության կարիք ունենք: Անհրաժեշտ օգնությունը տրվում է ուսմունքների, օրինակի և Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով: Փրկչի քավող զոհաբերությունը հնարավոր է դարձնում մեր ապագա փրկությունը և վեհացումը ապաշխարության սկզբունքի շնորհիվ: Եթե մենք ազնվորեն և անկեղծորեն ապաշխարենք, Քավությունը կօգնի մեզ դառնալ մաքուր, փոխել մեր էությունը և հաջողությամբ կրել մեր դժվարությունները:

Համբերությունը կարևոր սկզբունք է Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ, քանի որ մեր հավերժական ապագայի որակը համեմատական է արդար կյանքով տոկալու մեր ունակությանը:

2 Նեփի 31-ում Նեփի մարգարեն ուսուցանում է մեզ, որ Հիսուս Քրիստոսի պես ստանալով մկրտության նույն փրկող արարողությունը, և Սուրբ Հոգու պարգևը, մենք պետք է «առաջ մղվենք՝ սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերենք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենա՛ք հավերժական կյանք»:3

Ուստի, մեր Երկնային Հոր բոլոր օրհնություններից մեծագույնը՝ հավերժական կյանքը ստանալու համար, մենք պետք է ավարտենք համապատասխան ծեսերի աշխատանքը և ապա շարունակենք պահել դրանց հետ կապված ուխտերը: Այսինքն, մենք պետք է անսասան համբերենք:

Արդար կյանքով մինչև վերջ համբերելու մեր կարողությունը ուղիղ համեմատական է մեր վկայության ուժին և մեր դարձի խորությանը: Երբ մեր վկայություններն ամուր են, և մենք իրոք դարձի ենք եկել առ Հիսուս Քրիստոսի ավետարանը, մեր ընտրությունները կոգեշնչվեն Սուրբ Հոգով, դրանք կլինեն Քրիստոսակենտրոն և կամրապնդեն արդար կյանքով համբերելու մեր ցանկությունը: Եթե մեր վկայությունները թույլ են, իսկ մեր դարձը՝ մակերեսային, վտանգը մեծ է, որ մենք կգայթակղվենք աշխարհի կեղծ ավանդույթներով՝ կատարելով սխալ ընտրություններ:

Ուզում եմ կիսվել մի դեպքով, որը լուսաբանում է ֆիզիկապես տոկալու համար անհրաժեշտ ջանքը, իսկ ապա համեմատել այն հոգեպես տոկալու համար անհրաժեշտ ջանքի հետ: Միսիայից վերադառնալուց հետո Կալիֆոռնիայի իմ քոլեջում ես բասկետբոլ խաղալու հնարավորություն ունեի մի հարգված մարզչի մոտ: Նախքան խաղաշրջանի սկսվելը, այդ մարզիչը շատ լրջորեն էր զբաղվում իր մարզիկների մարզավիճակով: Նրա պարապմունքների նախադրյալներից էր՝ մի որոշակի և շատ կարճ ժամանակահատվածում վազել բլուրների վրայով մի մեծ շառավղով երթուղի: Հիշում եմ այդ երթուղով վազելու իմ առաջին փորձը միսիայից վերադառնալուց անմիջապես հետո: Ինձ թվաց, ես կմեռնեյի:

Շաբաթներ տևած լուրջ մարզումներից հետո միայն վերջապես կարողացա վազել մարզչիս նշանակած ժամանակահատվածում: Հրաշալի զգացողություն էր, որ կարողացա ոչ միայն վազել, այլ վերջնագծին մոտ արագացնել ընթացքը:

Բասկետբոլ խաղալու համար պետք է լավ մարզավիճակ ունենալ: Ֆիզիկապես ամուր լինելու համար պետք է գին վճարել, իսկ այդ գինը՝ նվիրվածությունն է, հաստատակամությունը և ինքնակարգավարժումը: Հոգևոր տոկունության համար ևս պետք է գին վճարել: Դա նույն գինն է՝ նվիրվածություն, հաստատակամություն և ինքնակարգավարժում:

Ձեր մարմնի պես, վկայությունը ևս պետք է լավ մարզավիճակում լինի, եթե ցանկանում եք, որ այն ամրանա: Ուրեմն, ինչպե՞ս ենք լավ վիճակում պահում մեր վկայությունները: Լավ մարզավիճակում լինելու համար մենք պարզապես հեռուստացույցով բասկետբոլ չենք դիտում: Նմանապես, մենք մեր վկայությունները լավ վիճակում չենք կարող պահել հեռուստացույցով գերագույն համաժողովը դիտելով: Մենք պետք է ուսումնասիրենք և սովորենք Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, որից հետո պետք է ապրենք ըստ դրանց: Այդպես միայն կարող ենք դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները և այդպես կարող ենք կառուցել ամուր վկայություն:

Երբ կյանքում ձախորդությունների ենք հանդիպում, իսկ մեր ցանկությունն է՝ ընդօրինակել Հիսուս Քրիստոսի հատկանիշները, կարևոր է հոգևոր առումով պատրաստված լինելը: Իսկ դա նշանակում է, որ զարգացնելով հոգևոր տոկունություն և ուժ, կգտնվենք հոգևոր լավ վիճակում: Լինելով հոգևոր լավ վիճակում, մենք մշտապես կընտրենք ճիշտը: Մենք կլինենք անսասան՝ ավետարանով ապրելու մեր ցանկության և ունակության մեջ: Ինչպես մի անանուն հեղինակ է մի անգամ ասել. «Դուք պետք է դառնաք քար, որը գետը չի կարող քշել-տանել»:

Քանի որ ամեն օր մեր դեմ մարտահրավերներ են ծառանում, կարևոր է, որ ամեն օր աշխատենք մեր հոգևոր տոկունության վրա: Երբ հոգևոր տոկունություն ենք զարգացնում, աշխարհի կեղծ ավանդույթները, ինչպես նաև մեր առօրյա անձնական խնդիրները շատ քիչ բացասական ազդեցություն կթողնեն արդարությամբ տոկալու մեր կարողության վրա:

Հոգևոր տոկունություն դրսևորելու հրաշալի օրինակներ կան մեր ընտանեկան պատմության մեջ: Մեր նախնիների բազում պատմությունների թվում մենք կկարողանանք գտնել օրինակներ, որոնք ցույց են տալիս տոկալու դրական կողմերը:

Այդ սկզբունքը լուսաբանվում է իմ ընտանիքի մի պատմության մեջ: Իմ նախապապիկը՝ Ջոզեֆ Վաթսոն Մեյնզը ծնվել է 1856թ. Հուլում, Յորքշիր, Անգլիա: Նրա ընտանիքը միացել է Եկեղեցուն Անգլիայում և ապա տեղափոխվել Սոլթ Լեյք Սիթի: Նա ամուսնացել է Էմիլի Քիփի հետ 1883թ., և նրանք դարձել են ութ երեխաների ծնողներ: Ջոզեֆը կանչվել էր լիաժամկետ միսիա ծառայելու 1910թ. հունիսին, երբ 53 տարեկան էր: Իր կնոջ և ութ երեխաների աջակցությամբ նա վերադարձավ իր հայրենի Անգլիա՝ միսիա ծառայելու նպատակով:

Նա արդեն մոտ երկու տարի հավատարմորեն ծառայել էր, երբ մի օր իր զուգընկերոջ հետ հեծանվով Կիրակնօրյա Դպրոցի ծառայություններին գնալու ճանապարհին նրա հեծանվի ակը պայթում է: Նա իջնում է հեծանվից, որ գնահատի վնասի չափը: Տեսնելով, որ լուրջ խնդիր է և հեծանիվը վերանորոգելու համար ժամանակ է հարկավոր, նա ասում է զուգընկերոջը, որ չսպասի իրեն և գնա Կիրակնօրյա ծառայությանը և սկսի այն, մինչև ինքը ևս կմիանա իրեն: Դա ասելուն պես նա ընկնում է գետնին և մահանում սրտի կաթվածից:

Ջոզեֆ Վաթսոն Մեյնզն այս կյանքում այլևս երբեք չտեսավ իր կնոջն ու ութ երեխաներին: Նրանք նրա մարմինը տեղափոխեցին Սոլթ Լեյք Սիթի և նրա հոգեհանգիստը կազմակերպեցին հին Վաթերլո Ժողովարանում: Թաղման ծառայության ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Էնթոնի Վ. Իվինսի խոսքերը կյանքի, մահվան և տոկալու մասին կարևոր դաս են ուսուցանում մեզ. «Ավետարանը մեզ պարգևում է մահվան հանդեպ ոչ թե անխոցելիություն, այլ հաղթանակ՝ փառահեղ հարության հանդեպ հույսի միջոցով: … Դա վերաբերում է [Ջոզեֆ Մեյնզին] … Հաճույք, բավարարվածություն և ուրախություն ես զգում, երբ գիտես, որ մարդիկ դնում են իրենց կյանքը արդարակեցությամբ և հավատքով՝ մնալով հավատքին հավատարիմ»:4

Այս ընտանեկան պատմությունը ոգեշնչում է ինձ, որ փորձեմ լավագույնս հետևել իմ նախապապիկի համբերություն և հոգևոր տոկունություն դրսևորելու օրինակին: Ինձ ոգեշնչում է նաև նրա կնոջ՝ Էմիլիի հավատքը, որի կյանքը Ջոզեֆի մահից հետո անշուշտ ծանր բեռ էր դարձել: Նրա վկայությունն ամուր էր և նրա դարձը լիարժեք, երբ նա իր ողջ կյանքում մնաց հավատքին հավատարիմ՝ միայնակ պահելով իր ութ երեխաներին:

Պողոս Առաքյալն այսպես է ասել. «Եկեք դեն գցենք ամեն ծանրություն, և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը»:5 Մրցավազքը, որին մենք մասնակցում ենք այս երկրի վրա տոկունության մրցավազք է: Այս մրցավազքի խոչընդոտները այն մարտահրավերներն են, որոնք մեր դեմ են ծառանում ամեն առավոտ: Մենք այստեղ ենք՝ երկրի վրա, որպեսզի անցնենք այդ մրցավազքը, գործադրենք մեր բարոյական ազատ կամքը, և տարբերենք ճիշտը սխալից: Որպեսզի պատվով և հաջողությամբ ավարտենք այդ մրցավազքը և վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ, մենք պետք է վճարենք նվիրվածության, հաստատակամության և ինքնակարգավարժման գինը: Մենք պետք է լինենք հոգևոր լավ մարզավիճակում, զարգացնենք հոգևոր տոկունություն: Մեզ անհրաժեշտ է ամուր վկայություն, որը կհանգեցնի ճշմարիտ դարձի, իսկ արդյունքում մեր մեջ կգտնենք ներքին խաղաղություն և ուժ, որն անհրաժեշտ է մեր առջև ծառացած ամեն դժվարություն կրելու համար:

Ինչպիսի մարտահրավերներով էլ որ դուք արթնանաք ամեն առավոտ, հիշեք՝ ձեր զարգացրած հոգևոր ուժով և Տիրոջ օգնությամբ մրցավազքի ավարտին կունենաք այն վստահությունը, որը բնութագրել է Պողոս Առաքյալն՝ ասելով.

«Որովհետև ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանակը հասած է:

Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի.

Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրումը՝ արդար դատավորը»:6

Ես բերում եմ իմ վկայությունը Երկնային Հոր իրականության և երջանկության Նրա հրաշալի ու հավերժական ծրագրի մասին, ըստ որի մենք այժմ գտնվում ենք այս երկրի վրա: Թող որ Տիրոջ Հոգին ոգեշնչի բոլորիս մեր մեջ զարգացնել տոկալու ուժ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: