2010–2019 թթ․
Իմ թոռներին
Հոկտեմբեր 2013


Իմ թոռներին

Կա մեկ գերիշխող պատվիրան, որը կօգնի հաղթահարել դժվարությունները և ստեղծել երջանիկ ընտանիք:

Այս տարի մեր առաջին երկու թոռները կամուսնան: Մոտավորապես մի 10 տարի հետո նրանց զարմիկները կհասնեն իրենց կյանքի այն կետին, երբ նրանք կընկնեն ընտանեկան կազմավորման հիանալի աշխարհ:

Այդ երջանիկ հեռանկարը իմ մեջ առաջացրեց խորը դիտարկում, երբ նրանք ինձանից խորհուրդ հարցրեցին: Ըստ էության, նրանք հարցրեցին. «Ինչպիսի՞ որոշումներ ես պետք է անեմ, որոնք կբերեն ինձ երջանկություն»: Եվ մյուս կողմից՝ «Ինչպիսի՞ որոշումներ կհանգեցնեն ոչերջանիկ կյանքի»:

Երկնային Հայրը յուրաքանչյուրիս ստեղծել է անզուգական: Երկու հոգի միաժամանակ չեն կարող ունենալ միևնույն փորձառությունը: Ոչ մի երկու ընտանիք միանման չեն: Այնպես որ, զարմանալի չէ, որ դժվարանում եմ խորհուրդ տալ, թե ինչպես ընտրել երջանկությունը ընտանեկան կյանքում: Սակայն սիրող Երկնային Հայրը Իր զավակների համար առաջարդրել է երջանկության նույն ուղին: Ինչպիսին էլ մեր անձնական բնութագրերը լինեն, կամ ինչպիսին էլ մեր փորձառությունները լինեն, կա միայն երջանկության մեկ ծրագիր: Այդ ծրագիրը Աստծո բոլոր պատվիրաններին հետևելն է:

Բոլորիս համար, ներառյալ իմ թոռնիկների, որոնք խորհում էին ամուսնության մասին, կա մեկ գերիշխող պատվիրան, որը կօգնի հաղթահարել դժվարությունները և ստեղծել երջանիկ ընտանիք: Այն վերաբերում է բոլոր հարաբերություններին, անկախ հանգամանքներից: Այն կրկնվում է սուրբ գրություններում և մեր օրերի մարգարեների ուսմունքներում: Աստվածաշնչյան ձևակերպման Տիրոջ խորհուրդը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հավերժ միասին սիրասուն երջանկության մեջ.

«Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց.

Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը:

Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։

Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։

Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը»:1

Այդ պարզ հայտարարությունից դժվար չէ ամփոփել այն ամենը, ինչ ես իմացել եմ այն մասին, թե որ ընտրությունները կբերեն երջանկություն ընտանեկան կյանքում: Ես սկսեցի մի հարցով. «Ո՞ր որոշումները հանգեցրին Տիրոջ հանդեպ իմ սիրուն՝ իմ ամբողջ սրտով, հոգով և մտքով»: Ինձ համար այդ հարցի պատասխանը այն որոշումներն են, որոնք ինձ թույլ են տվել զգալ այն երջանկությունը, որը գալիս է ներումից Տիրոջ Քավության շնորհիվ:

Տարիներ առաջ Նյու Մեքսիկոյում, Ալբուկերկեյում ես մկրտեցի մի երիտասարդ տղայի, որին իմ միսիայի զուգընկերը և ես ուսուցանել էինք: Ես նրան ընկղմեցի ջրի մեջ և դուրս բերեցի: Նա պետք է որ լիներ իմ հասակին, քանի որ ուղիղ խոսեց իմ ականջին: Ավազանից հոսող ջրի և աչքերից հոսող արցունքների միջից երջանիկ ձայնով նա սաաց. «Ես մաքուր եմ, ես մաքուր եմ»:

Ես այդ նույն երջանկության արցունքները տեսել եմ մեկի աչքերում, ով արտասանեց Աստծո Առաքյալի խոսքերը: Մանրազնին ու նրբանկատ հարցազրույցից հետո նա ասել էր նրան. «Ես ներում եմ քեզ Տիրոջ անունով: Նա կների քեզ Իր ժամանակին և Իր ձևով»: Եվ Նա ներեց:

Ես տեսել եմ, թե ինչու Տերը կարող է ասել, որ երբ մեղքերը ներված են, Նա այլևս դրանք չի հիշում: Քավության զորության շնորհիվ այն մարդիկ, որոնց ես ճանաչում եմ և սիրում եմ, դառնում են նորը, և մեղքի հետևանքները մաքրվում են: Իմ սիրտը լցված է Փրկչի և Նրան ուղարկած սիրող Հոր հանդեպ սիրով:

Այդ մեծ օրհնությունը եկավ նրա շնորհիվ, որ ես հորդորել էի մարդկանց, որոնց համար հոգ էի տանում, ցավը փարատելու համար գնալ դեպի Փրկիչը. միայն Նա կարող էր դա անել: Այդ պատճառով ես կոչ եմ անում նրանց, ում սիրում եմ, ընդունել և մեծարել Եկեղեցում տրված ցանկացած կոչումը: Այդ ընտրությունը ընտանեկան երջանկության գրավականն է:

Կյանքի յուրաքանչյուր փուլի ճնշումները կարող են գայթակղել մեզ մերժել կամ անտեսել Փրկչին ծառայելու կոչերը: Դա կարող է կանգնեցնել մեզ, մեր ամուսնուն և մեր ընտանիքներին հոգևոր վտանգի առաջ: Այդ կոչումներից ոմանք կարող են ոչ կարևոր թվալ, սակայն իմ կյանքը և իմ ընտանիքը փոխվել են դեպի լավը սարկավագների քվորումում դասավանդելու կոչումը ընդունելու արդյունքում: Ես զգացել եմ Փրկչի հանդեպ այդ սարկավագների սերը և Նրա սերը նրանց հանդեպ:

Ես տեսել եմ, ինչպես է դա իրականացել նախկին ցցի նախագահի և միսիայի նախագահի կյանքում, երբ նրանք կոչում էին ստացել ուսուցիչների քվորումում խորհուրդներ տալու: Ես ճանաչում եմ մեկ այլ մարդու, ով եղել է եպիսկոպոս, իսկ հետո Տարածքային Յոթանասունական, ով Տիրոջ կողմից առաջնորդվել է օգնելու մի տղայի ուսուցիչների քվորումում, ով ավտովթարի հետևանքով վնասվածքներ էր ունեցել: Այդ ծառայության հրաշքները ազդել են շատերի, ներառայլ ինձ վրա և մեծացրել Փրկչի հանդեպ նրանց սերը:

Ուրիշներին ծառայելով մենք ամենայն հավանականությամբ հայցում ենք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Տիրոջ ծառայության մեջ հաջողությունը մշտապես առաջացնում է մեր ուժերից վեր հրաշքներ: Ծնողը, ով հանդիպում է երեխայի խռովությանը, գիտի, որ դա ճշմարիտ է, ինչպես նաև այցելող ուսուցիչը, ընդունելով մի կնոջ, ով փնտրում է սփոփոանք այն բանից հետո, երբ նրա ամուսինը հայտնում է նրան, որ նա լքում է իրեն: Երկու ծառաներն էլ շնորհակալ են այն բանի համար, որ այդ առավոտ աղոթել էին Տիրոջը՝ Սուրբ Հոգին ուղարկելու համար՝ որպես իրենց զուգընկեր:

Միայն Սուրբ Հոգու ընկերակցությամբ մենք կարող ենք հուսալ հավասարապես կապել մի ամուսնություն, որը զերծ կլինի անհամաձայնությունից: Ես տեսել եմ, թե ինչու է այդ ընկերակցությունը կարևոր՝ ամուսնության մեջ երջանիկ լինելու համար: Մեկ հոգու նման դառնալու հրաշքը պահանջում է երկնքի օգնությունը և ժամանակ: Մեր նպատակն է՝ ապրել միասին հավերժ Երկնային Հոր և մեր Փրկչի ներկայության մեջ:

Իմ հայրն ու մայրը տարբեր էին իրենց խառնվածքով: Իմ մայրը երգչուհի էր և դերասանուհի: Իմ հայրը քիմիկոս էր: Մի անգամ սիմֆոնիկ համերգի ժամանակ իմ մայրը զարմացել էր, երբ հայրս կանգնել էր և պատրաստվել դուրս գալ նախքան ծափահարությունները: Մայրս հարցրեց, թե ուր էր նա գնում: Նրա պատասխանը հնչեց ամբողջ անմեղությամբ. «Դե այն ավարտվել է, այդպե՞ս չէ»: Միայն Սուրբ Հոգու մեղմ ազդեցությունը ստիպեց նրան վերադառնալ համերգի այդ անգամ և հետո՝ կրկին ու կրկին անգամներ:

Իմ մայրը ապրել է Նյու Ջերսիում շուրջ 16 տարի, որպեսզի իմ հայրը կարողանար ապահովել ընտանիքը քիմիայի հետազոտություններ և ուսուցումներ կատարելով: Նրա համար դա զոհաբերություն էր՝ ապրել առանձին իր այրի մայրիկից և չամուսնացած քրոջից, որը խնամում էր մորը և հոգ տանում ընտանեկան հին ֆերմայի համար: Նրանք երկուսն էլ մահացան, երբ Մայրս գտնվում էր հեռավոր Նյու Ջերսիում: Դա միակ դեպքն էր, երբ տեսա մայրիկիս լաց լինելիս:

Տարիներ անց հայրիկիս առաջարկեցին աշխատանք Յուտայում: Կրկին, ամբողջ անմեղությամբ, նա հարցրեց մորս. «Միլդրեդ, քո կարծիքով, ի՞նչ պետք է ես անեմ»:

Նա ասաց. «Հենրի, արա այն, ինչը, քո կարծիքով, ամենաճիշտն է»:

Նա մերժեց առաջարկը: Հաջորդ առավոտյան մայրս գրեց նրան մի նամակ, որը ես կուզենայի, որ ինձ մոտ դեռ լիներ: Հիշում եմ, մայրս ասաց նրան. «Մի բացի այն այստեղ: Գնա գրասենյակ և այնտեղ բացի այն»: Այն սկսվում էր կշտամբանքով: Տարիներ առաջ հայրս նրան խոստացել էր, որ եթե երբևէ կարողանա, նա կտանի նրան այնտեղ, որ նա ավելի մոտ կլինի իր ընտանիքին: Նա զարմացավ նրա բարկության աստիճանից: Նա չէր հիշում նրա սրտի ցանկությունը: Նա անմիջապես նամակ ուղարկեց, ընդունելով աշխատանքի առաջարկը:

Նա ասաց. «Միլդրեդ, ինչո՞ւ դու ինձ չէիր ասել»:

Նա պատասխանեց. «Դու պետք է հիշեիր»:

Նա մշտապես խոսում էր Յուտա տեղափոխվելու այդ որոշման մասին, կարծես, դա իր միտքն էր և ոչ մի զոհաբերություն չկար մասնագիտական կարիերայի առումով: Նրանք ստացան մեկ անձ դառնալու հրաշքը: Ավելի լավ կլիներ, եթե հայրս Սուրբ Հոգու կողմից հիշեցվեր այն խոստման մասին, որ նա արել էր տարիներ առաջ: Սակայն նա թույլ տվեց Սուրբ Հոգուն փափկեցնել իր սիրտը, որպեսզի մորս ընտրությունը դառնար իրենը:

Երկնային Հայրն ունի կատարյալ կանխատեսում, գիտի յուրաքանչյուրիս և մեր ապագան: Նա գիտի, թե ինչ դժվարությունների միջով մենք պետք է անցնենք: Նա Իր Որդուն ուղարկեց տառապելու, որպեսզի իմանար ինչպես սատարեր մեզ մեր փորձությունների մեջ:

Մենք գիտենք, որ Երկնային Հայրն ունի հոգևոր զավակներ այս երկրում, ովքեր երբեմն ընտրում են մեղքը և մեծ դժբախտություն: Այդ պատճառով էլ Նա ուղարկեց Իր Առաջնեկին, որպեսզի Նա լիներ մեր Քավիչը: Դա սիրո ամենամեծ որոշումն էր ողջ արարման ընթացքում: Այդ պատճառով էլ մենք պետք է ակնկալենք, որ մեզ հղկելու համար կպահանջվի Աստծո օգնությունը և ժամանակ՝ հղկելու մեզ հավերժական կյանքում մեր Հոր հետ ապրելու համար:

Կյանքը ընտանիքում կփորձարկի մեզ: Դա մեզ մահկանացու կյանք պարգևելու Աստծո նպատակներից մեկն է՝ ուժեղացնել մեզ փորձությունների միջով անցնելիս: Դա հատկապես ճշմարիտ կլինի այն ընտանեկան կյանքում, որտեղ մենք կգտնենք մեծ ուրախություն և մեծ ափսոսանք և դժվարություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կթվան դրանց դիմանալու մեր կարողությունից վեր:

Նախագահ Ջորջ Ք. Քենոնը խոսել է այն մասին, թե ինչպես է Աստված ինձ, ձեզ և մեր երեխաներին պատրաստել մեզ հանդիպող փորձություններին. «Մեզանից չկա մեկը, ով չի զգացել Աստծո սերը: Մեզանից չկա մեկը, ում մասին Նա հոգ չի տարել և ում չի փաղաքշել: Մեզանից չկա մեկը, ում Նա չի ցանկացել փրկել և միջոցներ ձեռնարկել փրկելու համար: Մեզանից չկա մեկը, ում օգնելու համար Նա չի հանձնարարել Իր հրեշտակներին: Մենք մեր և ուրիշների աչքերում կարող ենք լինել անկարևոր ու արհամարանքի արժանի, բայց ճշմարտությունը մնում է այն, որ մենք Աստծո զավակներն ենք և որ Նա, իրականում, տվել է Իր հրեշտակներին՝ զորության և կարողության անտեսանելի էակներին, հանձնարարություն պատասխանատու լինել մեզ համար, հոգ տանել մեր մասին և պահպանել մեզ»:2

Այն, ինչ Նախագահ Քենոնն ուսուցանել է, ճշմարիտ է: Դուք այդ հավաստիացման կարիքը կունենաք, ինչպես ես եմ ունեցել և դրանից կախված եղել:

Ես հավատքով աղոթել եմ, որ այն մարդը, ում ես սիրում եմ, կփնտրի և կզգա Քավության զորությունը: Ես հավատքով աղոթել եմ, որ մարդկային հրեշտակները իրենց օգնությամբ կգան, և նրանք եկան:

Աստված միջոցներ է մշակել փրկելու Իր զավակներից յուրաքանչյուրին: Շատերի համար դա իրենց եղբոր կամ քրոջ, տատիկ ու պապիկների հետ ապրելն է, ովքեր սիրում են նրանց անկախ նրանից, թե ինչ են նրանք անում:

Տարիներ առաջ մի ընկեր զրույց ունեցավ իր տատիկի հետ: Նա ապրել էր լիարժեք կյանքով, միշտ հավատարիմ Տիրոջը և Իր Եկեղեցուն: Սակայն նրա թոռներից մեկը ընտրեց հանցագործ կյանքը: Ի վերջո, նա բանտարկվեց: Իմ ընկերը պատմեց, որ իր տատիկը բանտում նստած իր թոռանը տեսակցության ճանապարհին մայրուղով մեքենան վարելիս լցվեց արցուքներով և տառապալից աղոթեց. «Ես փորձել եմ ապրել ճիշտ կյանքով: Ինչո՞ւ է այս դժբախտությունը պատահել իմ թոռան հետ, ով, կարծես, կործանել է իր կյանքը»: Պատասխանը նրա գլխում հայտնվեց այս բառերի տեսքով.

«Ես նրան քեզ եմ տվել, որովհետև ես գիտեմ որ դու կսիրեիր և կսիրես նրան անկախ նրանից, թե ինչ է նա արել»:

Հիանալի դաս է բոլորիս համար: Սիրող ծնողների և տատիկ, պապիկների և Աստծո բոլոր զավակների համար հեշտ չի լինի այս կործանվող աշխարհում: Մենք չենք կարող ստիպել Աստծո զավակներին ընտրել երջանկության ուղին: Աստված չի կարող անել դա Իր կողմից տրված ազատ կամքի պատճառով:

Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին սիրում են Աստծո բոլոր զավակներին անկախ նրանից, թե նրանք ինչ են ընտրում անել կամ ինչ են դառնում: Փրկիչը վճարել է բոլոր մեղքերի համար, որքան էլ որ ցածր լինեն դրանք: Թեև պետք է լինի արդարություն, ողորմության հնարավորությունը տրամադրված է և այն չի կողոպտի արդարությանը:

Ալման այդ հույսը այսպես է արտահայտում իր որդի Կորիանթոնին. «Հետևաբար, ըստ արդարադատության, փրկագնման ծրագիրն այս փորձնական վիճակում չէր կարող իրականացվել միայն մարդկանց ապաշխարության պայմանով, այո, այս նախապատրաստական վիճակում. եթե չլինեին այս պայմանները, ողորմությունը չէր կարող ուժի մեջ մտնել առանց արդարադատության գործը կործանելու։ Այսպիսով, արդարադատության գործը չէր կարող կործանվել. եթե այդպես լիներ, Աստված կդադարեր Աստված լինել»: 3

Իմ ուղերձը, սկզբում ուղված իմ թոռներին, այնուհետև՝ մեզ բոլորիս, ովքեր փորձում են կերտել հավերժական ընտանիքներ, այն է, որ երջանկությունը երաշխավորված է բոլոր հավատարիմների համար: Նախքան աշխարհի ստեղծումը Սիրող Երկնային Հայրը և Նրա սիրելի Որդին սիրեցին և աշխատեցին նրանց հետ, ովքեր պետք է շեղվեին ուղուց, և դրա մաիսն Նրանք գիտեին: Աստված կսիրի նրանց հավերժ:

Դուք առավելություն ունեք իմանալու, որ նրանք իմացան փրկության ծրագրի մասին այն ուսմունքներից, որոնք նրանք ստացան հոգևոր աշխարհում: Նրանք և դուք բավականին հավատարիմ էին, որպեսզի թույլտվություն ստանային գալու աշխարհ, մինչ շատերին թույլ չտրվեց:

Սուրբ Հոգու օգնությամբ մենք կհիշենք ողջ ճշմրտությունը: Մենք դա չենք կարող պարտադրել ուրիշներին, սակայն մենք կարող ենք թույլ տալ նրանց տեսնել դա մեր կյանքում: Մենք միշտ կարող ենք քաջություն քաղել այն հավաստիացումից, որ մի անգամ մենք բոլորս զգացել ենք ուրախությունը լինելու միասին որպես մեր Երկնային Հոր սիրող ընտանիք: Աստծո օգնությամբ մենք բոլորս էլ կրկին անգամ կարող ենք զգալ այդ հույսը և ուրախությունը: Ես աղոթում եմ, որ դա իրականանա բոլորիս համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: