2010–2019 թթ․
Այլևս օտար չեք
Հոկտեմբեր 2013


Այլևս օտար չեք

Այս Եկեղեցում չկան օտարներ և վտարվածներ։ Կան միայն եղբայրներ և քույրեր։

Մեզանից շատերը որոշակի պահերի հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք նորություն են մեզ համար, որտեղ մենք օտար ու անպաշտպան էինք զգում: Այդպիսի իրավիճակի հանդիպեց մեր ընտանիքը շուրջ հինգ տարի առաջ, երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կանչեց ինձ ծառայելու որպես Եկեղեցու Գերագույն Իշխանավոր: Այդ կանչը պարտադրեց մեր ընտանիքին տեղափոխվել մի գեղեցիկ վայրից, որը մենք վայելում էինք ավելի քան երկու տասնամյակ: Կինս և ես դեռ հիշում ենք մեր երեխաների այն կտրուկ վերաբերմունքը, երբ նրանք իմացան փոփոխության մասին: Մեր 16 տարեկան որդին բացականչեց «Դա ընդհանրապես խնդիր չէ, դուք կարող եք գնալ, ես կմնամ»:

Ապա նա շատ արագ համակարերպվեց և ոևոշեց գալ մեզ հետ և հավատարմորեն ընդունեց իր կյանքի այդ նոր հնարավորությունը: Նոր միջավայրում ապրելու վերջին մի քանի տարիները իմ ընտանիքի համար դարձան սովորելու և հաճելի զգացողությունների տարիներ, հատկապես Վերջին Օրերի Սրբերի ջերմ ընդունելության ու սիրալիության շնորհիվ: Ապրելով տարբեր երկրներում, մենք գնահատեցինք երկրով մեկ սփռված Աստծո ժողովրդի միասնությունը, որն իրական ու շոշափելի է:

Իմ կոչումը հանգեցրեց բազմաթիվ երկրներով մեկ ճամփորդության և տվեց ինձ հատուկ արտոնություն՝ նախագահելու տարբեր ժողովների: Երբ նայում էի տարբեր լսարաններին, ես հաճախ էի տեսնում անդամների, ովքեր ներկայացնում էին տարբեր երկրներ, լեզուներ և մշակույթներ: Ավետարանի մեր ժամանակաշրջանի հրաշալի կետերից մեկն այն է, որ այն սահմանափակված չէ աշխարհագրական տարածքով և ազգային խմբով: Այն գլոբալ է և համընդհանուր: Այն նախապատրաստում է Աստծո Որդու փառահեղ վերադարձը, հավաքելով «իր զավակներին աշխարհի չորս կողմերից»:1

Չնայած Եկեղեցու անդամությունը ավելանում է իր բազմազանությամբ, մեր սրբազան ժառանգությունը վերացնում է մեր տարբերությունները: Որպես Եկեղեցու անդամներ, մենք ընդունված են Իսրայելի տանը: Մենք դառնում ենք եղբայրներ և քույրեր, հավասար ժառանգակիցներ միևնույն հոգևոր ընտանիքի: Աստված Աբրահամին խոստացել է, որ « քանի որ, բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն [նրա] անունով, և կհամարվեն [նրա] սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն [նրան], որպես իրենց հայր»:2

Խոստում է տրվել բոլորին ովքեր դառնում են Եկեղեցու անդամ. «Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստուծոյ ընտանիքներ»:3

Օտար բառը բխում է լատիներեն extraneus բառից, որը նշանակում է «արտաքին» կամ «դրսից»: Ընդհանրապես այն բնութագրում է մեկին, ով «դրսից է» տարբեր պատճառներով, լինեն դրանք նրա ծագումը, մշակույթը, կարծիքները կամ կրոնը: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ովքեր ձգտում էին լինել աշխարհում բայց ոչ աշխարհից, մենք հաճախ զգում ենք մեզ որպես օտարականներ: Մենք շատերից ավելի լավ գիտենք, որ որոշ դռներ կարող են փակվել նրանց առաջ, ովքեր համարվում են տարբեր:

Ամբողջ ժամանակ Աստծո ժողովրդին պատվիրված է եղել հոգ տանել այն բոլոր անհատների համար, ովքեր օտարական են կամ ովքեր տարբեր են: Հին ժամանակներում օտարականը օգտվում էր այն նույն հյուրասիրության առավելություններից, որոնք ունեին այրին կամ որբը: Նրանց նման օտարականը գտնվում էր խոցելի իրավիճակում և նրա գոյությունը կախված էր տեղի բնակչության պաշտպանությունից: Իսրայելի ժողովուրդը հստակ հրահանգներ էր ստացել այդ կապակցությամբ. «Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք»:4

Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսը մարմնավորեց մեկին, ով շատ ավելին էր անում, քան հյուրասիրության և հանդուրժողականության հասարակ պարտականությունն էր պահանջում: Նրանք, ովքեր դուրս էին մնացել հասարակությունից, նրանք, ովքեր մերժված էին և համարվում էին անմաքուր ինքնահավաններ, զգացել էին Նրա կարեկցանքն ու հարգանքը: Նրանք հավասարապես օգտվեցին Նրա ուսմունքներից և ծառայությունից:

Օրինակ, Փրկիչը դեմ գնաց Իր ժամանակների հաստատված օրենքներին՝ Սամարացի կնոջից խնդրելով ջուր: Նա ճաշեց մաքսավորների և հարկահավաքների հետ: Նա չվարանեց մոտենալ բորոտին, դիպչել նրան և բուժել նրան: Զարմանալով հռոմեացի հարյուրապետի հավատքով, Նա ասաց ամբոխին. « Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ»:5

Հիսուսը խնդրել է մեզ պահպանել կատարյալ սիրո օրենքը, որը համընդհանուր և անվերապահ ընծա է:

«Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք: Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում»:

Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում:

Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է»:6

Այս Եկեղեցում չկան օտարականներ և վտարվածներ: Կան միայն եղբայրներ և քույրեր: Այն գիտելիքը, որը մենք ունենք Հավերժական Հոր մասին, օգնում է մեզ ավելի զգայուն լինել եղբայրության և քույրության հանդեպ, որը պետք է գոյություն ունենա երկրի երեսին ապրող բոլոր տղամարդկանց և կանանց միջև:

Թշվառները վեպից մի հատված ցույց է տալիս, թե ինչպես քահանայության կրողները կարող են վերաբերվել այն անձանց, ովքեր համարվում են օտարականներ: Ժան Վալժենը նոր էր ազատվել բանտից: Երկար ճանապարհորդությունից և քաղցից ու ծարավից տանջված, նա ժամանեց մի փոքրիկ քաղաք, փնտրելով մի վայր, որտեղ կգտներ ուտելիք և գիշերվա կացարան: Երբ նրա ժամանման մասին լուրը տարածվեց, մեկ առ մեկ բոլոր բնակիչները փակեցին դռները նրա առաջ: Ոչ հյուրանոցը, ոչ պանդոկը, ոչ էլ բանտը նրան ներս չթողեցին: Նա մերժվեց, հեռու քշվեց և վտարվեց: Ի վերջո, ուժասպառ նա տապալվեց քաղաքի եպիսկոպոսի դռան առջև:

Բարի հոգևորականը քաջատեղյակ էր Վալժենի անցյալից, բայց նա հրավիրեց շրջմոլիկին իր տուն այս սրտացավ խոսքերով.

«Սա իմ տունը չէ: Սա Հիսուս Քրիստոսի տունն է: Այս դուռը մտնողից չի պահանջում անուն, այլ պահանջում է վիշտ: Դու տառապել ես, դու քաղցած ու ծարավ ես, դու ընդունված ես: … Ինչո՞ւ ես պետք է իմանամ քո անունը: Բացի այդ, մինչ դու կասեիր ինձ [քո անունը], ես գիտեի այն մեկը, որն ունեիր»:

[Վալժեն] զարմացած բացեծ իր աչքերը:

«Իրո՞ք: Դուք գիտեի՞ք իմ անունը»:

«Այո, - պատասխանեց եպիսկոպոսը, - քո անունն է՝ իմ եղբայր»:7

Այս Եկեղեցում մեր ծխերն ու քվորումները մեզ չեն պատկանում: Նրանք պատկանում են Հիսուս Քրիստոսին: Ով որ մտնի մեր հավաքատները, պետք է զգա իրեն ինչպես տանը: Յուրաքանչյուրին ողջունելու պարտականությունը ավելի ու ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում: Աշխարհը, որում մենք ապրում ենք, վերապրում է մեծ վերելք: Տրանսպորտային հնարավորությունների լայնացման, կապի արագության աճի և տնտեությունների գլոբալիզացիայի շնորհիվ աշխարհը վերածվում է մի մեծ քաղաքի, որտեղ մարդիկ և ազգերը հանդիպում են, միանում ու խառնվում ինչպես երբևէ նախկինում:

Աշխարհով մեկ այս հսկայական փոփոխությունները ծառայում են Ամենակարող Աստծո նպատակներին: Աշխարհի չորս ծայրերից Իր ընտրյալների հավաքումը ոչ միայն պայմանավորված է միսիոներներ ուղարկելով հեռավոր երկրներ, այլ նաև այլ տեղերից մեր քաղաքներ և համայնքներ մարդկանց ժամանումով: Շատերը, առանց դա գիտակցելու, առաջնորդվում են Տիրոջ կողմից դեպի այն վայրերը, որտեղ նրանք կարող են լսել ավետարանը և գալ դեպի Նրա հոտը:

Շատ հավանական է, որ ձեր ծխում մկրտված հաջորդ մարդը կլինի մեկը, ով ձեր ընկերների կամ ծանոթների շրջապատից չէ: Դուք դա կարող եք նկատել նրա տեսքից, լեզվից, հագուստի ձևց կամ մաշկի գույնից: Այդ անձը, հնարավոր է, մեծացել է այլ կրոնով, անցյալով կամ կենսակերպով:

Ընկերակցությունը քահանայության կարևոր պարտականություններից է: Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայության քվորումները եպիսկոպոսի ղեկավարության ներքո համագործակցում են քույրերի հետ, որպեսզի հավաստիանան, որ յուրաքանչյուր ոք ընդունված է սիրով և բարությամբ: Տնային ուսուցիչներն ու այցելող քույրերը պետք է զգոն լինեն հավաստիանալու համար, որ ոչ ոք մոռացված ու անտեսված չէ:

Մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի կառուցենք հոգևոր միություն մեր ծխերի ու ճյուղերի միջև: Կատարյալ միության օրինակ է եղել Աստծո ժողովրդի մեջ այն բանից հետո, երբ Քրիստոսն այցելել է Ամերիկաներ: Գրառումը նշում է. «Չկային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները»:8

Միասնության չեն հասնում, անտեսելով կամ մեկուսացնելով անդամներին, ովքեր, կարծես թե, տարբեր են կամ թույլ են, և շփվելով միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր նման են մեզ: Հակառակը, միասնության հասնում են ողջունելով և ծառայելով նրանց, ովքեր նոր են կամ ովքեր հատուկ կարիքներ ունեն: Այդ անդամները օրհնություն են Եկեղեցու համար և հնարավորություն են տալիս մեզ ծառայելու մեր հարևաններին և, այդպիսով, մաքրելու մեր սրտերը:

Այնպես որ, իմ եղբայրներ, մեր պարտականությունն է՝ հասնել նրանց, ովքեր հայտնվում են ձեր Եկեղեցու շենքերի շեմին: Ողջունեք նրանց երախտագիտությամբ և առանց նախապաշարմունքի: Եթե ձեզ անծանոթ մարդիկ ներս են մտնում ձեր ժողովներին, ջերմագին ողջունեք նրանց և հրավիրեք նրանց նստել ձեզ հետ: Խնդրում ենք առաջին քայլը արեք, որպեսզի օգնեք նրանց զգալ ընդունված և սիրված, այլ ոչ թե սպասեք, որ նրանք մոտենան ձեզ:

Ձեր նախնական ողջույնից հետո մտածեք, թե ինչպես կարող եք անընդհատ ծառայել նրանց: Մի անգամ լսեցի մի ծխի մասին, որտեղ երկու խուլ քույրերի մկրտությունից հետո Սփոփող Միության երկու քույրեր որոշեցին սովորել նշանների լեզուն, որպեսզի ավելի լավ կարողանային շփվել այդ նորադարձների հետ: Ինչպիսի հիանալի սիրո օրինակ է ավետարանով եղբայրների ու քույրերի համար:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ ոչ մեկ օտարական չէ մեր Երկնային Հոր համար: Չկա այնպիսի հոգի, որ թանկ չլինի Նրա համար: Պետրոս Առաքյալի հետ ես վկայում եմ, որ « Աստուած աչառ չէ.ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան»:9

Ես աղոթում եմ, որ երբ Տերը հավաքի Իր ոչխարներին վերջին օրը, Նա մեզանից յուրաքանչյուրին կարող է ասել. «Օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք»:

Ապա մենք կհարցնենք Նրան. «Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք»:

Եվ Նա կպատասխանի մեզ. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:10

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: