2010–2019 թթ․
Պատվիրանները պահելը պաշտպանում է մեզ, պատրաստում է մեզ և հզորացնում է մեզ
Ապրիլ 2014


Պատվիրանները պահելը պաշտպանում է մեզ, պատրաստում է մեզ և հզորացնում է մեզ

Նկար

Մենք ուխտ-կապող կանայք ենք՝ բոլոր տարիքի, ովքեր քայլում են մահկանացու կյանքի ճանապարհով դեպի հետ՝ Նրա ներկայությունը:

Օ, քույրեր, մենք սիրում ենք ձեզ: Վերջերս Մեքսիկա այցելելիս ես զգացի քույրության այն ոգին, որն ունենք բոլորս այս երեկո: Պատկերացրեք այս տեսարանը: Կիրակի առավոտյան մենք նոր վերջացրել էինք Երեխաների խմբի դասը և երեխաները, ուսուցիչները և ես խառնվել էինք մարդաշատ նախասրահում: Հենց այդ պահին բացվեցին Երիտասարդ Կանանց դասարանի դռները և ես տեսա երիտասարդ կանանց և նրանց ղեկավարներին: Բոլորս շտապեցինք գրկախառնվելու: Կիսաշրջազգեստիցս բռնած երեխաներով և երիտասարդ կանանցով շրջապատված՝ ես ցանկացա արտահայտել այն զգացմունքները, որ ունեի այդ պահին:

Ես չեմ խոսում իսպաներեն, այնպես որ միտքս միայն անգլերեն բառեր եկան: Ես նայեցի նրանց բոլորի դեմքերին և ասացի. «Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք, ով սիրում է մեզ և ում սիրում ենք մենք»: Բոլորը անմիջապես միացան իսպաներենով: Այդտեղ՝ այդ մարդաշատ նախասրահում, միասին արտասանելով Երիտասարդ Կանանց թեման, մենք ասացինք. «Մենք կլինենք Աստծո վկաները բոլոր ժամանակներում և բոլոր բաներում և բոլոր տեղերում»:

Այսօր մենք հավաքվել ենք միասին ամբողջ աշխարհում որպես Նրա աշակերտներ, ցանկություն ունենալով պաշտպանելու և սատարելու Աստծո արքայությունը: Մենք մեր Երկնային Հոր դուստրերն ենք: Մենք ուխտ-կապող կանայք ենք՝ բոլոր տարիքի, ովքեր քայլում են մահկանացու կյանքի ճանապարհով դեպի հետ՝ Նրա ներկայությունը: Պատվիրանները պահելը պաշտպանում է մեզ, նախապատրաստում և հզորացնում:

Մեր մեջ այսօր կան աղջիկներ, ովքեր Երեխաների խմբի տարիքի են: Ձեզանից ոմանք վերջերս կատարել եք առաջին քայլը դեպի հավերժական կյանք տանող ճանապարհին՝ մկրտության արարողության միջոցով:

Նայեք ձեր շուրջը: Ապագան պայծառ է, քանի դեռ տեսնում եք կանանց, ովքեր նույնպես կապել են ուխտեր և պատրաստ են ցույց տալ ձեզ ձեր առաջ ընկած ուղին:

Եթե դուք 8, 9, 10 կամ 11 տարեկան եք, անկախ նրանից, թե որտեղ եք՝ Համաժողովների Կենտրոնում, աշխարհով մեկ որևէ հավաքատանը, կարո՞ղ եք կանգնել: Բարի գալուստ կանանց ընդհանուր ժողովին: Խնդրում եմ, մնացեք կանգնած, որովհետև մենք ուզում ենք, որ դուք մասնակցեք այսօր: Ես այժմ կերգեմ Երեխաների խմբի մի երգի մեղեդին: Եվ հենց որ ճանաչեք այն, սկսեք երգել ինձ հետ: Բայց պետք է այնպես երգեք, որ բոլորը լսեն:

Ցույց տուր, ինչպես Աստծո լույսով քայլեմ,

Ցույց տուր, թե ինչպես Նրան աղոթեմ,

Ցույց տուր, որ ճշմարիտը ճանաչեմ,

Ցույց տուր, ցույց տուր, որ լույսով քայլեմ:

Աղջիկներ, մնացեք կանգնած, իսկ 12 և բարձր տարիքի աղջիկները թող այժմ երգեն երկրորդ տունը:

Եկ, փոքրիկս, միասին սովորենք,

Պատվիրանները մեր Հոր կատարենք,

Որ դարձյալ Նրա ներկայությամբ ապրենք,

Հավերժ, հավերժ, Նրա լույսով քայլենք:1

Հիանալի էր: Կարող եք նստել: Շնորհակալություն:

Տարբեր տարիքի կանայք՝ մենք քայլում ենք Նրա լույսով: Մեր ճանապարհորդությունը այդ ուղով անձնական է և պայծատ լուսավորված Փրկչի սիրով:

Մենք մտնում ենք հավերժական կյանքի ճանապարհի դարբասներով մկրտության արարողության և ուխտի միջոցով, ապա ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հարցնում է մեզ. «Արդյո՞ք [մենք] հասկանում ենք և արդյո՞ք [մեր] երեխաները հասկանում են, որ երբ [մենք] մկրտվում ենք, [մենք] հավերժ փոխվում ենք»:

Նա նաև բացատրել է, որ «երբ մենք հասկանում ենք մեր մկրտության ուխտը և Սուրբ Հոգու պարգևը, մեր կյանքը փոխվում է և մենք լիակատար հավատարմության մեջ ենք մտնում Աստծո արքայություն: Երբ գայթակղությունները հանդիպում են մեր ճանապարհին, եթե մենք լսում ենք, Սուրբ Հոգին հիշեցնում է մեզ, որ մենք խոստացել ենք հիշել մեր Փրկչին և հնազանդվել Աստծո պատվիրաններին»:2

Ամեն շաբաթ, երբ մենք ընդունում ենք հաղորդության խորհրդանիշերը, մենք թարմացնում ենք մեր մկրտության ուխտը: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Երբ մենք կանգնում ենք մկրտության ջրերի մեջ, մենք նայում ենք տաճարին: Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք նայում ենք տաճարին: Մենք պարտավորվում ենք միշտ հիշել Փրկչին և պահել Նրա պատվիրանները՝ որպես պատրաստություն տաճարի սուրբ արարողություններին մասնակցելուն»:3

Տաճարային օրհնությունները տանում են դեպի մեծագույն օրհնությունները, որոնք հասանելի են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Դրանք այն արարողություններն են, որոնք անհրաժեշտ են մեր վեհացման համար սելեստիալ արքայությունում: Երբ մենք ձգտում ենք պահել մեր ուխտերը, անհամապատասխանության և անկատարության մեր զգացմունքները սկսում են մարել, իսկ տաճարի արարողությունները և ուխտերը կենդանանում են: Յուրաքանչյուրը ողջունվում է քայլելու հավերժական կյանքի այդ ուղով:

Ես հիանում եմ աղջիկների, երիտասարդ կանանց և կանանց ուժով, որոնց հանդիպում եմ աշխարհով մեկ, որոնց ոտքերը հաստատուն դրված են այդ ուղու վրա: Թույլ տվեք կիսվել իմ հանդիպած ուխտյալ աղջիկների և կանանց մի քանի օրինակներով:

Լուանան 11 տարեկան էր, երբ ես այցելեցի նրանց ընտանիքը Բուենոս Այրեսում, Արգենտինա: Մանկության տարիներին ստացված վնասվածքի պատճառով Լուանան չէր կարողանում խոսել: Նա չէր խոսել տարիներ շարունակ: Նա լուռ նստում էր մեր զրույցների ժամանակ: Ես չէի կորցնում նրանից գոնե մի շշուկ լսելու հույսը: Նա ուշադիր նայում էր ինձ, կարծես, արտասանվող խոսքերը անհրաժեշտ չէին ինձ նրա սիրտն իմանալու համար: Աղոթքից հետո, երբ մենք կանգնեցինք, որ գնայինք, Լուանան տվեց ինձ մի նկար: Նա նկարել էր Հիսուս Քրիստոսին Գեթսեմանիի Այգում: Ես հասկացա նրա վկայությունը՝ բարձր և հստակ: Լուանան ուխտ կապեց մկրտության ժամանակ՝ լինելու Աստծո վկան «բոլոր ժամանակներում և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»:4 Նա հասկացել էր Հիսուս Քրիստոսի Քավությունը, որի մասին վկայել էր իր նկարի միջոցով: Արդյո՞ք նա հասկացել է, որ Քավության ամրացնող և կատարելագործող զորության միջոցով նա կարող է բուժվել և նորից խոսել: Այդ օրից, երեք տարի առաջ, Լուանան առաջադիմել է խոսելու իր ջանքերում: Այժմ իր ընկերուհիների հետ նա մասնակցում է Երիտասարդ Կանանց կազմակերպությանը: Հավատարիմ մնալով մկրտության ժամանակ իր կապած ուխտերին, նա շարունակում է կիսվել Փրկչի մասին իր վկայությամբ:

Ամբողջ աշխարհում երիտասարդները ձգվում են դեպի տաճարները: Լիմայում, Պերու, տաճարի մուտքի մոտ ես հանդիպեցի մի հոր՝ իր երեք դուստրերով: Ես տեսա նրանց դեմքերի լույսը: Դուստրերից երկուսը լուրջ հաշմանդամություն ունեին և նստած էին անվասայլակների մեջ: Երրորդ դուստրը, մինչ հոգում էր իր քրոջ կարիքները, ասաց, որ տանը ևս երկու քույր ունեին: Նրանք նույնպես անվասայլակների մեջ էին: Նրանք չէին կարող 14 ժամ ճանապարհորդել տաճար: Տաճարն այնքան կարևոր էր այդ հոր և նրա դուստրերի համար, որ նրանք չորսով այդ օրը եկել էին տաճար, որտեղ երկուսը պարզապես պետք է նայեին, թե ինչպես էր մեկը մկրտվում մահացածի համար և կատարում այդ սրբազան արարողությունը: Նեփիի նման նրանք հրճվում էին «Տիրոջ ուխտերով»:5

Միայնակ մի կին, որին ես ճանաչում եմ, բարձր է գնահատում հաղորդության ժողովի շաբաթական արարողությունը և դրա սրբազան խոստումը, «որ միշտ ունենանք Նրա Հոգին մեզ հետ»:6 Այդ մշտական ընկերակցությունը խոստում է, որը մեղմացնում է նրա միայնակության ալիքները: Այն նրան տալիս է ուժ՝ զբաղվելու իր տաղանդների զարգացմամբ, և ցանկություն՝ ծառայելու Տիրոջը: Նա մեծ ուրախություն է գտել իր երեխաների մեջ, հիանալով նրանցով ողջ կյանքում, իսկ երբ նա լուռ խաղաղություն է փնտրում, դուք կարող եք գտնել նրան տաճարում:

Վերջապես, տարեց մի կին, 90-ից բարձր, տեսել է, ինչպես են մեծանում իր երեխաները և թոռները, և ինչպես աշխարհ եկան իր ծոռները: Ինչպես մեզանից շատերը, նա ունեցել է վշտերով, դժվարություններով և աննկարագրելի ուրախությամբ լի կյանք: Նա խոստովանում է, որ եթե նորից գրեր իր կյանքի պատմությունը, չէր ընդգրկի որոշ գլուխներ, որոնք գրվել են: Սակայն, ժպիտով նա ասում է. «Ես պետք է մի քիչ էլ ապրեմ, որ տեսնեմ, թե ինչ է կատարվելու այս ամենի հետ»: Նա շարունակում է ամուր պահել իր ուխտերը, լինելով ուղու վրա:

Նեփին ուսուցանել է.

«Եվ այժմ, իմ սիրելի եղբայրներ, հետո, երբ դուք ներս եք մտել այս նեղ և անձուկ արահետը, ես կհարցնեի, թե արդյո՞ք ամեն ինչ արված է: Ահա, ես ասում եմ ձեզ՝ ոչ …

Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք:7

Մեզանից յուրաքանչյուրն այդ ուղու վրա է: Այս երեկո մենք երգեցինք լույսով քայլելու մասին: Որպես անհատներ մենք ամուր ենք: Երբ Աստծո հետ միասին ենք, մեզ հնարավոր չէ կանգնեցնել:

Տերն ասել է Էմմա Սմիթին. «Ուստի, բարձրացրու սիրտդ և ցնծա, և հավատարիմ մնա այն ուխտերին, որոնք դու արել ես»:8

Մենք հրճվում ենք, որ պահելով մեր ուխտերը, մենք կարող ենք զգալ մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը: Ես վկայում եմ, որ Նրանք ապրում են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: