2010–2019 թթ․
Եկեք չբռնենք սխալ ճանապարհը
Ապրիլ 2014


Եկեք չբռնենք սխալ ճանապարհը

Նկար

Ես աղոթում եմ, որ մենք չկորցնենք մեր տեսադաշտից ճանապարհը, որպեսզի միշտ կարողանանք կապված լինել երկնքի հետ, որպեսզի աշխարհի հոսանքը չքշի-տանի մեզ:

Մի փոքր տղա պարապում էր դաշնամուր, երբ վաճառքի գործակալը տեսավ նրան պատուհանից և հարցրեց. «Մայրդ տա՞նն է»:

Երեխան պատասխանեց. «Իսկ … ի՞նչ եք կարծում»:

Մեր հինգ թանկարժեք երեխաները դաշնամուր են նվագում ի շնորհիվ իմ կնոջ ոգևորվածության: Երբ ուսուցիչը գալիս էր մեր տուն մեր տղան՝ Ադրիանը փախչում և թաքնվում էր, որպեսզի բաց թողներ դասը: Բայց մի օր մի հրաշալի բան տեղի ունեցավ: Նա սկսեց այնքան սիրել երաժշտությունը, որ շարունակեց պարապել ինքնուրույն:

Եթե մենք կարողանանք մեր դարձի ընթացքում հասնել այդ կետի, դա հրաշալի կլինի: Հիանալի կլինի, եթե մենք մեր սրտի խորքում ցանկություն ունենանք պահելու պատվիրանները առանց որևէ մեկի անդադար հիշեցման և ունենանք հաստատուն համոզվածություն, որ եթե հետևենք ճիշտ ուղուն, կունենանք սուրբ գրություններում խոստացված օրհնությունները:

Մի քանի տարի առաջ ես գնացել էի Արչիս Ազգային Այգի կնոջս, մեր դստեր՝ Էվելինի և մեր ընտանիքի ընկերներից մեկի հետ: Այնտեղի ամենահայտնի կամարներից մեկը կոչվում է Փխրուն Կամար: Մենք որոշեցինք քայլել մոտ 2 կմ, բարձրանալով սարը՝ Փխրուն Կամարին հասնելու համար:

Մենք մեծ խանդավառությամբ սկսեցինք մեր ճանապարհը, սակայն կարճ տարածություն անցնելուց հետո նրանք հանգստանալու կարիք զգացին: Այնտեղ հասնելու իմ ցանկության պատճառով ես որոշեցի շարունակել մենակ: Առանց ուշադրություն դարձնելու այն ուղուն, որով պետք է գնայի, ես հետևեցի իմ առջևում գնացող մարդուն, ով, կարծես, ամենայն վստահությամբ առաջ էր շարժվում: Ճանապարհը դառնում էր ավելի ու ավելի դժվար և ես ստիպված էի ցատկել քարերի վրայով: Տեսնելով դժվարությունները, ես համոզված էի, որ իմ խմբի կանայք երբեք չէին կարող անցնել այն: Հանկարծ ես տեսա Փխրուն Կամարը, սակայն, ի մեծ զարմանս ինձ, տեսա նաև, որ այն մի վայրում էր, որն անհասանելի էր ինձ համար:

Մեծ հիասթափությամբ ես որոշեցի ետ դառնալ: Ես անհամբերությամբ սպասում էի, թե երբ էինք մենք հանդիպելու: Անհամբեր հարցրեցի. «Դուք հասա՞ք Փխրուն Կամարին»: Նրանք ուրախ պատասխանեցին, որ հասան: Նրանք բացատրեցին, որ հետևում էին ճանապարհը ցույց տվող նշաններին և ուշադիր ու ջանասեր լինելով, հասան իրենց նպատակակետին:

Դժբախտաբար ես գնացել էի սխալ ճանապարհով: Ինչպիսի մեծ դաս ես սովորեցի այդ օրը:

Որքա՞ն հաճախ ենք մենք սխալ ուղով ընթանում, երբ թույլ ենք տալիս մեզ տարվել աշխարհի ուղղություններով: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ, թե արդյոք մենք Հիսուս Քրիստոսի խոսքը կատարողներն ենք:

Զարմանահրաշ ուսմունք է տրվում Հովհաննեսի գրքում.

«Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։

Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել» (Հովհաննես 15.4–5):

Այս նմանեցումն օգտագործելով, մենք կարող ենք տեսնել շատ սերտ և կատարյալ կապ, որը գոյությունի ունի Հիսուս Քրիստոսի հետ, և այն կարևորությունը, որը Նա տալիս է մեզանից յուրաքանչյուրին: Նա է արմատը և ցողունը, որով կենդանի ջուրը հասնում է մեզ, հյութը, որը սնուցում կտա մեզ, որպեսզի մենք շատ պտուղ տանք: Հիսուս Քրիստոսն ուսուցանել է մեզ այնպիսի ձևով, որ որպես ճյուղեր, կամ Իրենից կախված էակներ մենք երբեք չթերագնահատենք Նրա ուսմունքների արժեքը:

Կան սխալներ, որոնք լուրջ են, և եթե մենք չուղղենք դրանք ժամանակին, դրանք անընդհատ կշեղեն մեզ ճիշտ ուղուց: Եթե մենք ապաշխարենք և ընդունենք տրվող ուղղումը, ապա այդ փորձառությունները թույլ կտան խոնարհեցնել ինքներս մեզ, փոխել մեր արարքները և կրկին մոտենալ մեր Երկնային Հորը:

Ես ուզում եմ այս սկզբունքի վերաբերյալ մի օրինակ բերել, հղում կատարելով առավել ողբերգական պահերից մեկին, որն ապրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը: Այդ փորձառության միջոցով Փրկիչը մեզ անգնահատելի ուսմունքներ է տվել այն սկզբունքների վերաբերյալ, որոնք մենք պետք է պահենք մեր մտքում մեր ողջ կյանքի ընթացքում: Դա տեղի ունեցավ, երբ Մարտին Հարիսը կորցրեց Մորմոնի Գրքի առաջին մասի 116 թարգմանված էջերը:

Աստծո խորհրդին չհետևելու համար ապաշխարելուց հետո Մարգարեն ստացավ հայտնություն, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի բաժին 3-ում (տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 69–71): 1-ից 10 հատվածներից ես կցանկանայի առանձնացնել երեք սկզբունք, որոնք մենք միշտ պետք է հիշենք.

  1. Աստծո գործերը և նպատակները չեն կարող կանգնեցվել:

  2. Մենք չպետք է վախենանք մարդուց ավելի, քան Աստծուց:

  3. Գոյություն ունի անընդհատ ապաշխարության կարիք:

Հատված 13-ում Տերը մեզ ուսուցանում է, թե ինչ չորս գործողություններ մենք երբեք չպետք է կատարենք.

  1. Արհամարհենք Աստծո խորհուրդները:

  2. Խախտենք Աստծո առաջ տված առավել սրբազան խոստումները:

  3. Հիմնվենք մեր սեփական դատողության վրա:

  4. Ապավինենք մեր սեփական իմաստությանը:

Ես աղոթում եմ, որ մենք չկորցնենք մեր տեսադաշտից ճանապարհը, որպեսզի միշտ կարողանանք կապված լինել երկնքի հետ, որպեսզի աշխարհի հոսանքը չքշի-տանի մեզ:

Եթե ձեզանից որևէ մեկը հասնում է այն կետին, երբ լքում է Տիրոջ ուղին, այդ ճանապարհի ցանկացած կետում, ապա մեծ զղջանքով նա կզգա դառնությունը, որը գալիս է Աստծո խորհուրդներն արհամարհելուց, Աստծո առաջ կատարած առավել սրբազան խոստումները խախտելուց, սեփական դատողությանը վստահելուց կամ սեփական իմաստությանը ապավինելուց:

Այս դեպքում ես հորդորում եմ ձեզ ապաշխարել և վերադառնալ ճիշտ ուղու վրա:

Մի անգամ թոռնիկը զանգահարեց իր պապիկին՝ ծնունդը շնորհավորելու համար: Նա նրան հարցրեց, թե քանի տարեկան է: Պապիկն ասաց, որ դարձել է 70 տարեկան: Թոռնիկը մի պահ մտածեց, ապա հարցրեց. «Պապիկ, դու սկսել ես վերադարձի ճանապարհը մեկ տարեկանո՞ւմ»:

Մանկության և պատանեկության տարիներին մարդիկ մտածում են, թե երբեք չեն ծերանա, մահվան միտքը երբեք իրական չի թվում՝ դա շատ ծեր մարդկանց համար է, և այդ կետին հասնելը դեռ հավերժություն է թվում: Ժամանակի հետ, երբ անցնում են ամիսներ և տարիներ, սկսում են հայտնվել կնճիռներ, եռանդը նվազում է, բժշկին այցելությունները դառնում են ավելի ու ավելի հաճախ, և այլն:

Կգա օրը, երբ մենք կրկին կհանդիպենք մեր Քավիչ և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ես աղերսում եմ, որ այդ սուրբ և հրաշալի օրը մենք ճանաչենք Նրան այն գիտելիքի շնորհիվ, որն ունենք Նրա մասին, և որովհետև հետևել ենք Նրա ուսմունքներին: Նա ցույց կտա մեզ Իր ձեռքերի և ոտքերի վերքերի տեղերը և մենք կմիանանք իրար, երկար գրկախառնվելով, լաց լինելով՝ Նրա ուղով հետևելու ուրախությունից:

Ես վկայում եմ աշխարհի չորս ծայրերին, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա մեզ հորդորում է. «Ականջ դրեք, ով դուք, երկրի ազգեր, և լսեք խոսքերն այն Աստծո, որն արարել է ձեզ» (ՎևՈւ 43.23): Թող որ մենք ունենանք «այն Աստծո, որն արարել է» մեզ ուղերձը ըմբռնելու, լսելու, հասկանալու և ճիշտ մեկնաբանելու կարողությունը, որպեսզի չշեղվենք Նրա ճանապարհից, ես աղերսում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: