2010–2019 թթ․
Հիսուս Քրիստոսի Հարությունը
Ապրիլ 2014


Հիսուս Քրիստոսի Հարությունը

Նկար

Նազովրեցի Հիսուսը հարություն առած Քավիչն է, և ես վկայում եմ այն ամենի մասին, ինչը հետևում է Նրա Հարության իրողությանը:

Պարտության ու հուսահատության ջախջախիչ զգացումը պարուրեց Նրա աշակերտներին, երբ Հիսուսը տառապեց ու մահացավ խաչի վրա, իսկ Նրա անշունչ մարմինը դրվեց գերեզմանում: Անկախ այն ամենից, ինչ Հիսուսը բազմիցս ասել էր Իր մահվան ու հետագայում իր հարության մասին, նրանք չէին հասկացել: Նրա Խաչելության խավար կեսօրին, այնուամենայնիվ, շուտով հետևեց Նրա Հարության ուրախալից առավոտը: Բայց այդ ուրախությունը եկավ միայն այն ժամանակ, երբ աշակերտներն ականատես եղան Հարությանը, քանի որ նույնիսկ Նրա հարության մասին հրեշտակների ավետիքը սկզբում անըմբռնելի էր – դա ամբողջովին անհասկանալի մի բան էր:

Մարիամ Մագդաղենացին և մի քանի հավատարիմ կանայք այդ կիրակի վաղ առավոտյան եկան Փրկչի գերեզմանը՛ բերելով խունկեր ու յուղեր, որպեսզի ավարտեին օծումը, որը սկսել էին այն ժամանակ, երբ Տիրոջ մարմինն արագ, նախքան կիրակի օրվա գալը, դրվել էր գերեզմանը: Այս հատուկ առավոտյան նրանց ողջունեց բաց գերեզմանը, որը ծածկող քարը հեռու էր գլորված, և երկու հրեշտակներ, ովքեր ասացին.

«Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում:

Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.

Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՛ և խաչուի և երրորդ օրը յարութիւն առնէ»:1

«Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր:

«Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասացէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը»:2

Ինչպես որ պատվիրվել էր հրեշտակների կողմից, Մարիամ Մագդաղենացին նայեց գերեզմանից ներս, բայց կարծես նա միայն ընկալեց այն, որ Տիրոջ մարմինը չկար: Նա շտապեց Առաքյալներին տեղեկացնելու այդ մասին, և գտնելով Պետրոսին ու Հովհաննեսին, ասաց նրանց. «Տիրոջը վեր առան գերեզմանիցը, և չգիտենք թէ որտեղ դրին նորան»:3 Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին այդտեղ և հավաստիացան, որ գերեզմանն իսկապես դատարկ էր՛ տեսնելով «կտաւները դրած … և վարշամակը՛ որ նորա գլխի վերայ էր … ջոկ ծալած մի առանձին տեղ»:4 Ըստ երևեւյթին, Հովհաննեսն առաջինն էր, որ հասկացավ հարության հիանալի ուղերձը: Նա գրում է, որ «տեսավ եւ հավատաց», մինչ մյուսները տակավին «չգիտէին գիրքը, թէ՛ Պէտք է [Հիսուսը] մեռելներից հարութիւն առնէ»:5

Պետրոսն ու Հովհաննեսը գնացին, բայց Մարիամը մնաց՛ շարունակելով սգալ: Միևնույն ժամանակ հրեշտակները վերադարձել էին ու քնքշորեն հարցրեցին նրան. «Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չգիտեմ՛թէ ուր դրին նորան»:6 Այդ պահին արդեն Հարություն առած Փրկիչը կանգնած նրա հետևում ասաց. «Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՛ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան»:7

Երեց Ջեյմս Ի. Թալմիջը գրել է. «Դա Հիսուսն էր, ում հետ նա խոսեց, ի՛ր սիրելի Տերը, թեև նա չգիտեր այդ մասին: Նրա կենդանի շուրթերից հնչող մի խոսքն իր տագնապալից վիշտը խանդավառ ուրախության փոխեց: «Հիսուսը նորան ասեց. Մարիամ»: Ձայնը, տոնը, մեղմ արտասանությունը, որ նա լսել ու սիրում էր վաղ օրերին, բարձրացրեցին նրան հուսահատության խորքերից, որի մեջ նա ընկղմվել էր: Նա դարձավ ու տեսավ Տիրոջը: Հեղեղված ուրախությամբ՛ նա մեկնեց իր ձեռքերը, որպեսզի գրկեր Նրան՛ արտաբերելով միայն թանկագին ու ակնածալից բառը՛ «Ռաբբունի», որը նշանակում է իմ սիրելի Վարդապետ»:8

Եվ այսպիսով, այս օրհնյալ կինը դարձավ առաջին մահկանացուն, ով տեսել ու խոսել է հարություն առած Քրիստոսի հետ: Ավելի ուշ, այդ նույն օրվա ընթացքում, Նա հայտնվեց Պետրոսին Երուսաղեմում կամ Երուսաղեմի մոտ9; երկու աշակերտների, որոնք Էմմաուսի ճանապարհին էին;10 իսկ երեկոյան՛ առաքյալներից 10-ին և ուրիշների՛ հայտնվելով նրանց մեջ և ասելով. «Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»:11 Ապա, որպեսզի օգներ նրանց համոզվել, «քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին»,12 Նա նրանց մոտ խորոված ձկան կտոր և մեղրախորիսխ կերավ:13 Ավելի ուշ Նա պատվիրեց նրանց. «Իմ վկաները կլինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը»:14

Երուսաղեմի այս հաստատուն վկաներից բացի, մենք գիտենք հարություն առած Տիրոջ աննախադեպ սպասավորման մասին արևմտյան կիսագնդի հնագույն բնակիչների մեջ: Նա երկնքից վայր իջավ Լիառատ երկրում և հրավիրեց հավաքված բազմությանը, մոտ 2500 հոգու, որպեսզի մեկ առ մեկ առաջ գան, մինչև որ բոլորն առաջ անցնեն և մտցնեն իրենց ձեռքերը Նրա կողը և շոշափեն բևեռների նշաններն Իր ձեռքերի ու ոտքերի վրա:15

«Եվ երբ նրանք բոլորն առաջ եկան և իրենք ականատես եղան, նրանք միաձայն աղաղակեցին՛ ասելով.

Ովսա՜ննա: Օրհնվա՜ծ լինի Բարձրյալ Աստծո անունը: Եվ նրանք ընկան ցած՛ Հիսուսի ոտքերի մոտ և երկրպագեցին նրան»:16

Քրիստոսի Հարությունը ցույց է տալիս, որ Նրա կյանքն անկախ է ու հավիտենական: «Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուավ՛ որ իր անձումն կեանք ունենայ»:17 Հիսուսն ասել է.

«Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան:

Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու»:18

Փրկիչն ապրելու համար կախված չէ սնունդից, ջրից, թթվածնից կամ որևէ այլ տեսակի նյութից, զորությունից կամ անձնավորությունից: Ե՛վ որպես Եհովա, և՛ որպես Մեսիա, Նա Մեծ Ես Եմ-ն է, ինքնուրույն Աստվածը:19 Նա պարզապես կա ու հավերժ կլինի:

Իր Քավության ու Հարության միջոցով Հիսուս Քրիստոսը հաղթեց Անկման բոլոր գործոնները: Ֆիզիկական մահը կլինի ժամանակավոր, և նույնիսկ հոգևոր մահը կունենա ավարտ, քանի որ մենք բոլորս ետ կբերվենք Աստծո ներկայության մեջ, առնվազն ժամանակավորապես, որպեսզի դատվենք: Մենք կարող ենք առավելագույնս ապավինել ու վստահել Նրա զորությանը, որը կհաղթահարի ամեն բան ու մեզ կշնորհի հավերժական կյանք:

«Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը:

Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:20

Երեց Նիլ Ա. Մաքսվելի խոսքերում ասվում է. «Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ ավարտին հասցրեց մարդու անելանելի վիճակը: Այժմ կան միայն անհատական անելանելի վիճակներ և սրանցից նույնպես մենք կարող ենք դուրս գալ՛ հետևելով նրա ուսմունքներին, ով փրկեց մեզ ընդհանուր բնաջնջումից»:21

Բավարարած լինելով արդարադատության պահանջները՛ Քրիստոսն այժմ մտնում է արդարության մեջ, կամ կարող ենք ասել՛ Նա արդարություն է, հենց այնպես, ինչպես որ Նա սէր է:22 Բացի կատարյալ, արդար Աստված լինելուց, Նա նաև կատարյալ, ողորմած Աստված է: 23 Այսպիսով, Փրկիչն ամեն բան արդարությամբ է անում: Մահկանացու կյանքի ոչ մի անարդարություն հարատև չէ, նույնիսկ մահը, քանզի Նա կրկին վերականգնում է կյանքը: Նրա անսահման արդարության ու ողորմածության շնորհիվ վեջիվերջո ոչ մի վիրավորանք, թուլություն, դավաճանություն կամ աղճատում չի մնալու առանց փոխհատուցման:

Նույն ձևով մենք բոլորս հաշվետու ենք Նրան մեր կյանքի, մեր ընտրությունների, մեր արարքների և նույնիսկ մեր մտքերի համար: Քանի որ Նա փրկագնել է մեզ Անկումից՛ մեր կյանքն իրականում Նրանն է: Նա ասել է.

«Ահա, ես տվել եմ ձեզ իմ ավետարանը, և այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՛ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ, որպեսզի ինչպես ես բարձրացվեցի մարդկանց կողմից, ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն Հոր կողմից՛ կանգնելու իմ առջև, դատվելու ըստ իրենց գործերի»:24

Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին՛ Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ որոշման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որպեսզի մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Նա հարություն է առել, Հիսուսը չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբուննի կամ մարգարե լինել: Քանի որ Նա հարություն է առել, Հիսուսը պետք է որ Աստված լիներ, այսինքն՝ Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:25

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:26

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա ուսուցանել է:27

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:28

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, 29 ու «անձամբ կթագավորի երկրի վրա»:30

Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան: 31

Քրիստոսի Հարության իրողության շնորհիվ Հայր Աստծո ամենազոր, ամենագետ և ամենաբարի լինելու մասին կասկածներն անհիմն են, Նա, ով տվեց Իր Միածին Որդուն աշխարհի փրկության համար: Կյանքի իմաստի ու նպատակի մասին կասկածները հիմնավորված չեն: Հիսուս Քրիստոսն է իրականում այն միակ անունը կամ ճանապարհը, որի շնորհիվ փրկությունը կարող է գալ մարդկությանը: Քրիստոսի շնորհն իրական է՛ ապաշխարություն փնտրող մեղավորին տալով և՛ ներում, և՛ մաքրագործում: Հավատքն իսկապես ավելին է, քան երևակայություն կամ մտացածին երևույթ: Կա մի հիմնական ու համընդհանուր ճշմարտություն, և կան իրական ու անփոփոխ բարոյական չափանիշներ, ինչպես որ ուսուցանվել է Նրա կողմից:

Քրիստոսի Հարության իրողության միջոցով Նրա օրենքի ու պատվիրանների ցանկացած խախտման դեպքում ապաշխրության անհրաժեշտությունը հնարավոր է ու հրատապ: Փրկչի հրաշքներն իրական էին, ինչպես որ Իր աշակերտներին տված խոստումներն են իրական, որ նրանք կգործեն նույնը, նույնիսկ ավելի մեծ բաներ:32 Նրա քահանայությունը այն ճշմարիտ իշխանությունն է, որը «սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՛ Աստծո գիտության բանալիները: Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:33 Քրիստոսի Հարության շնորհիվ մահը մեր վերջը չէ, և չնայած մեր մորթն այսպես թափվելուց հետո, այն ժամանակ մեր մարմնից կտեսնենք Աստծուն:34

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պատմում է Ռոբերտ Բլատչֆորդի մասին, ով 100 տարի առաջ «իր Աստվածն ու իմ մերձավորը գրքում եռանդորեն գրոհում է Քրիստոնեական համոզմունքների դեմ, ինչպիսիք են՛ Աստված, Քրիստոսը, աղոթքը և անմահությունը: Նա համարձակորեն պնդում է. «Ես հայտարարում եմ, որ այն ամենը, ինչ մտադրվել եմ ապացուցել, ապացուցել եմ լիովին և վերջնականապես, որ ոչ մի Քրիստոնյա, որքան էլ նշանավոր կամ ընդունակ էլ որ լինի, չի կարող պատասխանել իմ բարձրացրած հարցերին կամ կասկածի տակ դնել իմ փաստարկները»: Նա իրեն շրջապատեց անհավատության պատերով: Ապա մի զարմանալի բան տեղի ունեցավ: Նրա պատը փոշիացավ: … Նա մնաց խոցելի և անպաշտպան: Աստիճանաբար նա սկսեց գտնել դեպի հավատք վերադարձի իր ճանապարհը, որը քարկոծում ու ծաղրում էր: Ի՞նչը պատճառ դարձավ այդ մեծ փոփոխության համար: Նրա կինը մահացավ: Կոտրված սրտով նա մտավ մի սենյակ, որտեղ պառկած էր կնոջ մահացած մարմինը: Նա կրկին նայեց այդ դեմքին, որն այդքան սիրում էր: Դուրս գալով՛ նա ասաց ընկերոջը. «Դա նա է, և միևնույն ժամանակ, նա չէ: Ամեն ինչ փոխվել է: Մի բան, որ կար, այլևս չկա: Նա նույնը չէ: Այն, ինչ հեռացել է, միայն կարող է հոգին լինել»:35

Արդյո՞ք Տերն իրականում մահացել ու հարություն է առել: Այո՛: «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՛ որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. Բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»:36

Մինչ Հիսուսի մարգարեցված ծնունդը մոտենում էր, հնադարյան Նեփիացի ու Լամանացի ժողովրդի մեջ կային մարդիկ, ովքեր հավատում էին, թեև շատերը կասկածում էին: Վերջապես Նրա ծննդյան նշանը հայտնվեց՛ մի օր ու մի գիշեր, մի օր առանց խավարի՛ ու բոլորն իմացան, որ Փրկիչն է ծնվել:37 Այսօր նույնպես ոմանք հավատում են Քրիստոսի Հարությանը, սակայն շատերը կասկածում կամ չեն հավատում դրան: Բայց ոմանք գիտեն: Վերջիվերջո բոլորը կտեսնեն ու կիմանան, իսկապես, «նրա առաջ ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու խոստովանի»:38

Ես հավատում եմ այդ ժամանակից ի վեր Փրկչի Հարության մասին բազմաթիվ վկայողներին, ում փորձառություններն ու վկայությունները գտնվում են Նոր Կտակարանում. ի թիվս այլոց, Պետրոսի ու Տասներկուսի մյուս աշակերտների, թանկագին ու ջինջ Մարիամ Մագդաղենացու վկայություններին: Ես հավատում եմ Մորմոնի Գրքում զետեղված վկայություններին. ի թիվս այլոց, Առաքյալ Նեփիի ու Լիառատ երկրում նրա հետ գտնվող բազմության վկայություններին: Եվ ես հավատում եմ Ջոզեֆ Սմիթի ու Սիդնի Ռիգդոնի վկայություններին, ովքեր շատ ուրիշ վկայություններից հետո հայտարարեցին այս տնտեսության մեծագույն վկայությունը, «որ, նա ապրո՛ւմ է: Քանզի մենք տեսանք նրան»:39 Նրա սրաթափանց աչքի հայացքի ներքո ես կանգնում եմ որպես վկա, որ Նազովրեցի Հիսուսը հարություն առած Քավիչն է, և ես վկայում եմ այն ամենի մասին, ինչը հետևում է Նրա Հարության իրողությանը: Թող որ դուք ստանաք այդ ամուր վկայությունն ու այդ նույն վկայության բերած հանգստությունը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: