2010–2019 թթ․
Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք
Հոկտեմբեր 2014


Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք

Լինենք հարուստ, թե աղքատ, մենք պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են:

Ինչ հրաշալի նորամուծություն է կատարվել մեր գերագույն համաժողովի ձևաչափում: Հրաշալի էր, Էդուարդո:

Իր վաղ ծառայության գուցե հիշարժան պահին Հիսուսը կանգնեց Իր հայրենի քաղաք Նազարեթի ժողովարանում և կարդաց Եսայիայի կողմից մարգարեացած և Ղուկասի ավետարանում գրված այս խոսքերը. «Տիրոջ Հոգին ինձ վրա է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, … և խոցվածներին արձակելու՝ ազատելով»:1

Այսպիսով, Փրկիչը կատարեց Իր մեսայական ծառայության առաջին հանրային հայտարարությունը: Բայց այս հատվածը հստակեցնում է, որ Իր վերջնական քավող զոհաբերության և Հարության ճանապարհին Հիսուսի առաջին և ամենագլխավոր մեսայական պարտականությունն էր՝ օրհնել աղքատներին, ներառյալ՝ հոգով աղքատներին:

Իր ծառայության սկզբից ի վեր Հիսուսը մի արտասովոր ձևով էր սիրում աղքատներին և խեղճերին: Նա ծնվել և մեծացել էր նման միջավայրում: Մենք Նրա կյանքի բոլոր մանրամասներից տեղյակ չենք, բայց մի անգամ Նա ասել է. «Աղվեսները որջեր ունին, և … թռչունները՝ բույներ. բայց մարդի Որդին տեղ չունի որ իր գլուխը դնե»:2 Ըստ երևույթին, Արարիչը երկնքի և երկրի «և բոլոր բաների, որ դրանցում են»,3 Իր չափահաս տարիքում անտուն էր:

Պատմության ընթացքում աղքատությունը համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված խնդիրներից մեկը: Այն հիմնականում արտահայտվում է ֆիզիկական ձևով, բայց դրա հոգևոր և էմոցիոնալ վնասը կարող է անգամ ավելի կեղեքիչ լինել: Ամեն դեպքում, մեծ Քավչի մեզ ուղղված առավել համառ կոչերն են՝ միանալ Իրեն՝ մարդկանց ուսերից բարձրացնելով այդ բեռը: Որպես Եհովա, Նա ասաց, որ խստորեն կդատի Իսրայելի տունը, քանի որ «աղքատից կողոպտուածը ձեր տներումն է:

Ի՞նչ է եղել ձեզ,- բացականչում է Նա,- որ փշրում եք իմ ժողովրդին, և տնանկների երեսը ջարդում»:4

Առակաց հեղինակը հստակ է ներկայացնում. «Աղքատին նեղողը նրա Արարչին է անարգում. [և] … ով որ խցկե աղքատի աղաղակի դեմ իր ականջը, … ինքն էլ կկանչէ և պատասխան չի գտնիլ»:5

Մեր օրերում, Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին դեռևս իր մեկամյակը չէր նշել, երբ Տերը պատվիրեց, որ անդամները «հոգ տանեն աղքատների ու կարիքավորների համար, և ծառայեն՝ ի սփոփանք նրանց, որ նրանք չտառապեն»:6 Ուշադրություն դարձրեք այդ հատվածի ազդեցիկ տոնի վրա.- «նրանք չ տառապեն»: Այդ լեզուն է Աստված օգտագործում, երբ խոսքն Իր գործին է վերաբերվում:

Հաշվի առնելով աշխարհում անհավասարությունը հաղթահարելու հսկայական դժվարությունը, ի՞նչ կարող է տղամարդը կամ կինն անել: Վարդապետն Ինքն է տալիս պատասխանը: Երբ Իրեն դավաճանելուց և խաչելուց առաջ Մարիամը թանկ յուղով օծեց Հիսուսի գլուխը, Հուդա Իսկարիովտացին բողոքեց այդ շռայլության համար և «տրտնջացին նրա դեմ»:7

«Հիսուսն էլ ասեց.

Ինչո՞ւ եք նեղություն տալիս դորան. Դա մի բարի բան գործեց: …

Դա ինչ որ ուներ, արավ»:8

Նա ինչ որ ուներ արավ: Ի՜նչ սեղմ բանաձև: Մի անգամ լրագրողը հարցրեց Մայր Թերեզային Կալկուտայի անտունների համար ձեռնարկված, հույսեր չներշնչող նրա փրկարար ջանքերի մասին, նշելով, որ ըստ վիճակագրական թվերի նա բացարձակապես ոչինչ չէր անում: Այդ զարմանահրաշ փոքրամարմին կինը հակադարձեց, որ իր աշխատանքի իմաստը կայանում էր ոչ թե թվերի, այլ սիրո մեջ: Թեպետ նրա համար հասանելի չէին շատ-շատերը, բայց նա ասաց, որ կարողանում էր պահել Աստծուն և մերձավորին սիրելու պատվիրանը՝ իր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով ծառայելով նրանց, ովքեր հասանելի էին իրեն: «Այն, ինչ անում ենք մենք, մեկ կաթիլ է օվկիանոսում,- ասել է նա մեկ այլ առիթով,- բայց եթե մենք չանենք դա, օվկիանոսից մեկ կաթիլ կպակասի»:9 Լրագրողը խելամտորեն եզրակացրեց, որ Քրիստոնեությունն ակնհայտորեն թվերով արտահայտված վիճակագրություն չէ: Նա հիմնավորեց, որ եթե համեմատենք երկնքում որքան շատ ավելի ցնծություն կլինի ապաշխարող մեկ մեղավորի համար, քան ապաշխարության կարիք չունեցող իննսունինի համար, այդ դեպքում թերևս Աստծուն այդքան էլ չհետաքրքրեն տոկոսները:10

Ուրեմն, ինչ կարող ենք մենք անել:

Մեկ բան, որ կարող ենք անել, ինչպես Բենիամին թագավորն էր ուսուցանում, դադարենք պահել մեր միջոցները՝ համարելով, որ աղքատն իր թշվառությունն ինքն է իր վրա բերել: Գուցե ոմանք իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծել, բայց արդյո՞ք մեզանից մյուսները նույն բանը չեն անում: Այդ պատճառով չէ՞ արդյոք այդ գթառատ կառավարիչը հարցնում. «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»:11 Արդյո՞ք մենք բոլորս չենք աղերսում օգնություն, հույս և աղոթքների պատասխաններ: Արդյո՞ք մենք բոլորս ներում չենք աղերսում մեր գործած սխալների և պատճառած անախորժությունների համար: Արդյո՞ք մենք չենք աղերսում, որ շնորհը փոխհատուցի մեր թուլությունների համար, որ ողորմածությունը հաղթի արդարությանը, առնվազն մեր դեպքում: Այդ դեպքում, զարմանալի չէ, որ Բենիամին թագավորը ասում է, մենք ձեռք ենք բերում մեր մեղքերին թողություն, աղերսելով Աստծուն, ով կարեկցանքով պատասխանում է, բայց մենք պահպանում ենք մեր մեղքերին թողություն, կարեկցանքով մոտենալով աղքատին, ով խնդրում է մեզ:12

Նրանց հանդեպ ողորմած վերաբերմունք ցուցաբերելուց բացի, մենք նաև պետք է աղոթենք կարիքավորների համար: Զորամացիների մի խումբ ժողովարանների մյուս անդամների կողմից համարվելով «կեղտոտ» և «անարժան», դուրս էին գցվել աղոթքի տներից «իրենց խղճուկ [մաշված] հանդերձների պատճառով»: Մորմոնն ասում է, նրանք «աղքատ էին, ինչ վերաբերում էր աշխարհի բաներին, և նաև … աղքատ էին սրտով»13—երկու վիճակներ, որոնք գրեթե միշտ համատեղվում են: Ալմա և Ամուղեկ միսիոներական զույգը հակազդեց այդ դատապարտելի մերժմանը, ցնցոտիներ հագած մարդկանց ասելով, որ ինչ արտոնություններից էլ որ մյուսները զրկեն իրենց, իրենք կարող են միշտ աղոթել՝ իրենց դաշտերում և իրենց տներում, իրենց ընտանիքներում և իրենց սրտերում:14

Այնուհետև, այդ նույն խմբին, որոնցից մյուսները երես էին դարձրել, Ամուղեկն ասում է. «Աղոթելուց հետո … եթե դուք երես դարձնեք կարիքավորից ու մերկից, և չայցելեք հիվանդին ու չարչարվածին, և բաժին չհանեք ձեր ստացվածքից, եթե դուք ունեք, նրանց համար, ովքեր կարիքի մեջ են, ես ասում եմ ձեզ, … ձեր աղոթքը զուր է, և ձեզ ոչնչով օգտակար չէ, և դուք նման եք կեղծավորների, որոնք ուրանում են հավատքը»:15 Ինչպիսի՜ հրաշալի հիշեցում, լինենք հարուստ, թե աղքատ, մենք պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են:

Այժմ, չլինի թե ինձ մեղադրեն արտասովոր, համընդհանուր սոցիալական ծրագրեր առաջարկելու կամ փողոցում ողորմություն խնդրելուն հավանություն տալու մեջ, ես ձեզ հավաստիացնում եմ, որ իմ հարգանքը հանդեպ աշխատասիրությունը, տնտեսումը, ինքնապահովումն ու ձգտումը նույնքան ամուր է, որքան ցանկացած ապրող տղամարդու կամ կնոջ մեջ: Մենք միշտ պետք է օգնենք ինքներս մեզ, նախքան մյուսներից օգնություն խնդրելը: Ավելին, ես չգիտեմ, հատկապես ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որ Նա բազմիցս տվել է մեզ:

Դուք հասկանում եք, որ ես խոսում եմ ծանր սոցիալական կարիքների մասին, որոնք տարածվում են ոչ միայն Եկեղեցու անդամների վրա: Բարեբախտաբար, մեր անդամներին աջակցելու Տիրոջ ուղին դյուրին է. ովքեր ֆիզիկապես ի վիճակի են, պետք է պահեն ծոմի օրենքը: Եսայիան գրել է.

«Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ …

Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, … [որ դու] բաց անես լուծի կոշկոռները. և … ջարդվածներին ազատես»:16

Ես վկայություն եմ բերում հոգևոր և նյութական հրաշքների մասին, որոնք գալիս են նրանց, ովքեր ապրում են ծոմի օրենքով: Ես վկայություն եմ բերում իմ կյանք եկած հրաշքների մասին: Իրոք որ, ինչպես Եսայիան է գրել, ես ավելի քան մեկ անգամ աղաղակել եմ ծոմի մեջ և իսկապես Աստված պատասխանել է. «Ահա ես»:17 Պահեք այդ սուրբ արտոնությունն առնվազն ամիսը մեկ անգամ, և եղեք առատաձեռն, որքան հանգամանքները թույլ են տալիս, ձեր ծոմի և մարդասիրական, կրթական և միսիոներական այլ նվիրատվություններում: Ես խոստանում եմ, որ Աստված կլինի առատաձեռն ձեր հանդեպ, և նրանք, ովքեր սփոփանք են գտնում ձեր շնորհիվ, ձեզ օրհնյալ կհամարեն: Անցյալ տարի Եկեղեցու ավելի քան յոթ հարյուր հազար անդամներ օգնություն են ստացել ծոմի նվիրատվություններից, որոնք սպասվորվել են նվիրված եպիսկոպոսների և Սփոփող Միության նախագահների կողմից: Դա բազմաթիվ երախտապարտ Վերջին Օրերի Սրբեր են:

Եղբայրներ և քույրեր, նման քարոզը պահանջում է, որ ես բացահայտորեն ընդունեմ թե հոգևոր և թե նյութական չվաստակած, չարժանացած, անվերջանալի օրհնություններն իմ կյանքում: Ձեզ նման, երբեմն ես էլ անհանգստացել եմ ֆինանսների համար, բայց երբեք աղքատ չեմ եղել, անգամ չեմ իմացել ինչ է աղքատը զգում: Ավելին, ես չգիտեմ բոլոր պատճառները, թե ինչու են ծննդյան, առողջության, կրթական և տնտեսական հնարավորություններն այդքան շատ տարբեր այստեղ մահկանացու կյանքում, բայց երբ այդքան շատ կարիքավորներ եմ տեսնում, ես գիտեմ, որ «կլինեի նրանց թվում, եթե չլիներ Աստծո շնորհը»:18 Ես նաև գիտեմ, որ գուցե իմ եղբոր պահապանը չեմ, բայց իմ եղբոր եղբայրն եմ, և «քանի որ ինձ շատ է տրված, ես ևս պետք է տամ»:19

Այդ առումով, ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Նախագահ Թոմաս Սպենսեր Մոնսոնին: Ես օրհնվել եմ ճանաչելու այս մարդուն 47 տարի, և մինչև մահ իմ մեջ կփայփայեմ նրա այն կերպարը, երբ նա այն ժամանակ տնտեսապես քայքայված Արևելյան Գերմանիայից տուն էր թռչում իր տնային հողաթափերով, որովհետև նվիրել էր ոչ միայն իր փոխնորդ պիջակն ու տաբատները, այլ իր հագի կոշիկները: «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա [և օդանավակայանի տերմինալներում քստքստալով քայլող] ոտքերը նրա, որ բարիք է ավետում, որ խաղաղություն է քարոզում»:20 Ավելի քան որևէ մեկը, որին ես ճանաչում եմ, Նախագահ Մոնսոնը միշտ «արել է, ինչ կարողացել է», այրիների և որբերի, աղքատների և ընկճվածների համար:

1831թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն ասաց, որ մի օր աղքատները կտեսնեն արքայությունն Աստծո, որը կգա զորությամբ և մեծ փառքով ազատելու իրենց:21 Թող որ մենք օգնենք այդ մարգարեության իրականացմանը, գալով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու մեր անդամության զորությամբ և փառքով, անելով այն, ինչ կարող ենք, որպեսզի ազատենք նրանց, ում կարող ենք, գերության մեջ պահող և բոլոր երազանքները խորտակող աղքատությունից, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի ողորմած անունով, ամեն: