2010–2019 թթ․
Ապահով առաջնորդվենք տուն
Հոկտեմբեր 2014


Ապահով առաջնորդվենք տուն

Մենք նայում ենք երկինք՝ վստահելի ուղղորդում ստանալու համար, որ կարողանանք գծել և հետևել իմաստուն և ճիշտ ընթացքին:

Եղբայրներ, մենք հավաքվել ենք որպես քահանայության մի հզոր մարմին, այստեղ Համաժողովների Կենտրոնում և աշխարհի տարբեր վայրերում: Ինձ համար մեծ պատիվ և նաև խոնարհեցնող է՝ խոսքս ձեզ ուղղելու իմ պատասխանատվությունը: Ես աղոթում եմ, որ այս ընթացքում Տիրոջ Հոգին լինի ինձ հետ:

Յոթանասունհինգ տարի առաջ, 1939թ. փետրվարի 14-ին Համբուրգում, Գերմանիա, ուրախ տոնական օր էր: Ջերմեռանդ ելույթներ, ցնծացող մարդկաանց բազմություններ, հայրենասիրական օրհներգեր. այդ մթնոլորտում նոր Բիսմարկ ռազմանավը ծով հանվեց Էլբա [գետով]: Այդ ամենահզոր նավը ռազմական զրահատեխնիկայի և մեքենաշինության մի հրապուրիչ տեսարան էր: Նավի կառուցման համար պահանջվել էր ավելի քան 57 000 գծագիր՝ 380 միլիմետրանոց ռադարային վերահսկվող երկփողանի հրանոթներով զրահաշտարակների համար: Նավի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն ուներ 28 000 մղոն (45000 կմ) երկայնքով էլէկտրական շղթաներ: Այն կշռում էր ավելի քան 35 000 տոննա և զրահաթիթեղը ապահովում էր առավելագույն անվտանգություն: Շքեղ տեսքով, հսկայական չափերով, ապշեցուցիչ հրազենով այդ հզոր հսկան անխորտակելի էր թվում:

Բիսմարկի հանդիպումը ճակատագրի հետ եղավ ավելի քան երկու տարի անց, երբ 1941թ. մայիսի 24-ին Բրիտանական Նավատորմի երկու հզոր Ուելսի արքայազն և Հուդ ռազմանավերը ճակատամարտ տվեցին Բիսմարկի և գերմանական Արքայազն Յուջին հածանավի հետ: Հինգ րոպեում Բիսմարկը Ատլանտյան օվկիանոսում խորտակեց Հուդ ռազմանավը, որի ավելի քան 1,400 հոգանոց անձնակազմից փրկվեցին միայն երեքը: Բրիտանական մյուս Ուելսի արքայազն ռազմանավը ծանր վնասներ կրելով հեռացավ:

Հաջորդող երեք օրերի ընթացքում Բիսմարկը կրկին ու կրկին ճակատամարտ տվեց Բրիտանական ռազմանավերի և օդուժի հետ: Ընդհանուր առմամբ, բրիտանացիները կենտրոնացրել էին իրենց ողջ ուժը՝ հինգ ռազմանավեր, երկու ավիակիրներ, 11 հածանավեր և 21 կործանիչներ, որպեսզի գտնեին և խորտակեին հզոր Բիսմարկը:

Այդ ճակատամարտերի ընթացքում արկերի տեղատարափի տակ Բիսմարկը միայն մակերեսային վնասներ կրեց: Արդյո՞ք անխորտակելի էր այն: Այնուհետև ականակիրը մի ճշգրիտ հարված հասցրեց, որի արդյունքում խափանվեց Բիսմարկի ղեկը: Վերականգնողական ջանքերն ապարդյուն էին: Թեպետ հրանոթները պատրաստ էին կրակելու, ողջ անձնակազմը պատրաստ էր մարտի, բայց Բիսմարկը կարողանում էր միայն դանդաղ պտտվել: Ուղղակի այդ պահին անհասանելի էր գերմանական հզոր օդուժը: Բիսմարկը չէր կարող հասնել ապահով հայրենի նավահանգիստ: Ոչ մեկը չէին կարող ապահովել նրա անվտանգությունը, քանի որ Բիսմարկը կորցրել էր իր նշված ուղով շարժվելու կարողությունը: Չէր աշխատում ղեկը, չէր գալիս օգնություն, չէր կարող հասնել նավահանգիստ: Վախճանը մոտ էր: Բրիտանական անդադար կրակահերթերի ներքո գերմանական անձնակազմը խուճապի մեջ էր և ջրի տակ սուզվեց մի ժամանակ անխորտակելի թվացող նավը: Ատլանտյան օվկիանոսի պապակ ալիքները նախ լափեցին կողքերից և ապա կուլ տվեցին Գերմանական նավատորմի հպարտությունը: Բիսմարկն այլևս չկար:1

Բիսմարկի պես մեզանից յուրաքանչյուրը հրաշք տեխնիկա է: Ինչևէ, մեր ստեղծումը չի սահմանափակվել մարդկային հանճարով: Մարդը կարող է նախագծել ամենաբարդ մեքենաները, բայց չի կարող դրանց կյանք տալ կամ շնորհել գիտակցության և դատողության զորությունները: Դրանք աստվածային պարգևներ են, որ շնորհվում են միայն Աստծո կողմից:

Եղբայրներ, նավի համար կենսական կարևորություն ունեցող ղեկի պես, մեզ միջոց է տրվել որոշելու՝ որ ուղղությամբ պետք է ճամփորդենք: Տիրոջ փարոսը լուսավորում է մեզ բոլորիս, որ նավարկում ենք կյանքի ծովերով: Մեր նպատակն է՝ անշեղորեն ընթանալ դեպի մեր ցանկալի նպատակը, այսինքն՝ Աստծո սելեստիալ թագավորությունը: Աննպատակ մարդը նման է առանց ղեկ նավի, ով գուցե երբեք չհասնի իր հարազատ նավահանգիստ: Մենք ազդանշան ենք ստանում՝ գծել ձեր ուղին, բարձրացնել առագաստները, ուղղել ղեկը և ընթանալ առաջ:

Մարդն էլ է հզոր Բիսմարկի պես: Տուրբինների հրումը և պտուտակների ուժը ապարդյուն է՝ առանց այդ ղեկավարման զգացմունքի, այդ էներգիայի օգտագործման, այդ ուժն ուղղորդող ղեկի, որն իր համեմատաբար փոքր չափերով աչքի չի ընկնում, սակայն անչափ կարևոր նշանակություն ունի:

Մեր Հայրը ստեղծել է արևը, լուսինը և աստղերը, երկնային գալակտիկաները, որպեսզի ուղղորդի ծովերում նավարկող ծովագնացներին: Մեզ համար, երբ քայլում ենք կյանքի ճանապարհով, Նա տալիս է մաքուր քարտեզ և գծանշում դեպի մեր ցանկալի ճակատագիրը տանող ուղին: Նա զգուշացնում է՝ զգուշացեք շեղող ուղիներից, որոգայթներից և թակարդներից: Մենք չենք կարող խաբվել նրանց կողմից, ովքեր մեզ կփորձեն մոլորեցնել, այդ խելացի մեղքի գայթակղիչները, որոնք ամենուր են: Փոխարենը, մենք դադար ենք առնում, որպեսզի աղոթենք, մենք լսում ենք այն մեղմ, հանգիստ ձայնը, որը մեր հոգու խորքից հնչեցնում է Վարդապետի մեղմ հրավերը. «Եկ հետևիր ինձ»:2

Դեռևս կան մարդիկ, ովքեր չեն լսում, չեն հնազանդվում, նախընտրում են քայլել իրենց իսկ ստեղծած ուղով: Շատ հաճախ են նրանք անձնատուր լինում մեզ բոլորիս շրջապատող գայթակղություններին, որոնք կարող են շատ հրապուրիչ տեսք ունենալ:

Որպես քահանայության կրողներ մենք երկիր ենք ուղարկվել անհանգիստ ժամանակներում: Մենք ապրում ենք բարդ աշխարհում, որտեղ ամենուր հակամարտություններ են: Քաղաքական սխեմաները խաթարում են պետությունների կայունությունը, բռնակալները զավթում են իշխանությունը և հասարակության որոշ հատվածներ թվում է ընդմիշտ հարստահարված են, հնարավորությունից զրկված և ձախողման զգացումով պարուրված: Մարդկանց ստերը զրնգում են մեր ականջներում, և մեղքը շրջապատում է մեզ:

Մենք պարտավոր ենք արժանի լինել մեր Երկնային Հոր բոլոր փառահեղ օրհնություններին, որ Նա պահել է մեզ համար: Ուր էլ գնանք, մեր քահանայությունը մեզ հետ է լինելու: Արդյո՞ք մենք կանգնում ենք սուրբ վայրերում: Խնդրում եմ, նախքան ձեզ և ձեր քահանայությունը կվտանգեք գնալով այնպիսի վայրեր կամ մասնակցելով այնպիսի միջոցառումների, որոնք արժանի չեն ձեզ կամ այդ քահանայությանը, մի պահ կանգ առեք և մտածեք հետևանքների մասին:

Մենք, որ կարգվել ենք Աստծո քահանայությանը, կարող ենք շատ բան փոխել: Երբ պահում ենք մեր անձնական մաքրությունը և պատվում մեր քահանայությունը, մենք դառնում ենք արդար օրինակներ մյուսների համար: Պողոս Առաքյալը հորդորել է. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով»:3 Նա նաև գրեց, որ Քրիստոսի հետևորդները պետք է «լույս լինեն աշխարհքի համար»:4 Արդարակեցության օրինակ ծառայելով կարող ենք լույս սփռել մթագնող աշխարհում:

Ձեզանից շատերը կհիշեն Նախագահ Ն. Էլդոն Թաններին, ով ծառայել է որպես խորհրդական Եկեղեցու չորս Նախագահների համար: Նա եղել է արդարակեցության անխոտոր օրինակ՝ արդյունաբերության մեջ ծավալած իր ողջ կարիերայի ընթացքում, Կանադայի կառավարությունում իր ծառայության մեջ և լինելով Հիսուս Քրիստոսի Առաքյալ: Նա մեզ տվել է այս ոգեշնչված խորհուրդը. «Ոչինչ այնքան մեծ ուրախություն և հաջողություն չի բերում, որքան ավետարանի ուսմունքների համաձայն ապրելը: Եղեք օրինակ, բարերար ազդեցություն թողեք»:

Նա շարունակել է. «Մեզանից յուրաքանչյուրը մի գործի համար է նախատեսվել որպես [Աստծո] ծառա, ում նա հարմար է գտել շնորհելու քահանայությունը և Իր անունով գործելու զորությունը: Միշտ հիշեք, որ մարդիկ նայում են ձեզ՝ առաջնորդության ակնկալիքով, և դուք լավ կամ վատ ձևով ազդում եք անհատների կյանքի վրա, որն իր ազդեցությունը կթողնի գալիք սերունդների վրա»:5

Մենք ամրանում ենք այն ճշմարտությամբ, որ այսօր աշխարհում մեծագույն ուժը մարդու միջոցով գործող Աստծո զորությունն է: Մահկանացու կյանքի ծովով նավարկելու համար մեզ անհրաժեշտ է Հավերժական Ծովայինի, այսինքն՝ մեծ Եհովայի առաջնորդությունը: Մենք նայում ենք երկնքին և խնդրում՝ երկնային օգնություն:

Ադամի և Եվայի որդի Կայենը հայտնի օրինակ է, ով չձգտեց դեպի վեր: Էությամբ զորեղ, բայց թուլակամ Կայենը թույլ տվեց, որ ագահությունը, նախանձը, անհնազանդությունը և անգամ մարդասպանությունը, խափանեին այն անձնական ղեկը, որը կառաջնորդեր իրեն դեպի ապահովություն և վեհացում: Նրա հայացքը ուղղված էր ոչ թե դեպի վերև, այլ դեպի ներքև, և Կայենն ընկավ:

Մեկ այլ ժամանակաշրջանում, ամբարիշտ թագավորի կողմից Աստծո մի ծառա փորձվեց: Երկնային ոգեշնչման օգնությամբ Դանիելը թագավորի համար մեկնաբանեց պատի վրայի գրվածքները: Որպես վարձք առաջարկվեց թագավորական թիկնոց, ոսկե վզնոց և քաղաքական իշխանություն, սակայն Դանիելն ասաց. «Պարգևներդ քեզ լինեն, և ընծաներդ ուրիշին տուր»:6 Մեծ հարստություն և իշխանություն առաջարկվեց Դանիելին՝ ոչ թե Աստծո, այլ աշխարհիկ ունեցվածքի տեսքով: Դանիելն ընդդիմացավ և հավատարիմ մնաց:

Հետագայում, երբ Դանիելը երկրպագում էր Աստծուն, որը չէր թույլատրվում ըստ հռչակված հրամանագրի, նրան գցեցին առյուծների գուբը: Աստվածաշնչյան պատմությունն ասում է, որ հաջորդ առավոտյան «Դանիելը դուրս բերվեցավ գուբիցը և նորա վրա ոչ մի վնաս չգտնուեցավ, որովհետև հավատացել էր … Աստուծուն»:7 Ծայրահեղ կարիքի պահին հավատարիմ մնալու Դանիելի վճռականությունը պարգևեց աստվածային պաշտպանություն և ապահով ապաստան: Մենք ևս պաշտպանված և ապահով կլինենք, եթե այդ նույն հաստատուն ուղով շարժվենք դեպի մեր հավերժական տուն:

Պատմության ժամացույցը, ավազի ժամացույցի ավազի պես ցույց է տալիս ժամանակի ընթացքը: Նոր խաղացողներ են գալիս զբաղեցնելու կյանքի բեմահարթակը: Մեր օրերի խնդիրները չարագուշակ հառնում են մեր առջև: Աշխարհի պատմության ընթացքում սատանան անխոնջ աշխատել է Փրկչի հետևորդներին կործանելու համար: Եթե տեղի տանք նրա գայթակղություններին, մենք հզոր Բիսմարկի պես կկորցնենք ղեկը, որը կարող է մեզ դեպի անվտանգություն առաջնորդել: Փոխարենը, շրջապատված լինելով ժամանակակից կյանքի գերզարգացած հնարավորություններով, մենք նայում ենք երկինք՝ վստահելի ուղղորդում ստանալու համար, որ կարողանանք գծել և հետևել իմաստուն և ճիշտ ընթացքին: Մեր Երկնային Հայրն անպատասխան չի թողնի մեր անկեղծ խնդրանքը: Երբ երկնային օգնություն փնտրենք, մեր ղեկը, ի տարբերություն Բիսմարկի, չի խափանվի:

Մենք մեր անհատական ճանապարհն անցնելիս, թող որ ապահով նավարկենք կյանքի ծովերում: Թող որ մենք ունենանք Դանիելի քաջությունը, որ մնանք ճշմարիտ ու հավատարիմ, չնայած մեզ շրջապատող մեղքին ու գայթակղությանը: Թող որ մեր վկայությունները լինեն այնքան խորը և ամուր, ինչպես Նեփիի եղբայր Հակոբինը, ով ընդիմանալով նրան, ով ամեն կերպ ձգտում էր կործանել իր հավատը, հայտարարեց. «Ես չէի կարող սասանվել»:8

Եղբայրներ, մեր ընթացքն ուղղորդող հավատքի ղեկով մենք ևս կգտնենք մեր ուղին, որն ապահով տանում է դեպի տուն, տուն՝ Աստծո մոտ, հավերժ Նրա հետ բնակվելու: Որ այդպես լինի մեզանից յուրաքանչյուրի համար, ես աղոթում եմ մեր Փրկիչ և Քավիչ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: