2010–2019 թթ․
Ապրենք Մարգարեների խոսքերին համաձայն
Հոկտեմբեր 2014


Ապրենք Մարգարեների խոսքերին համաձայն

Երկնքի աստվածային նպատակների հետ ներդաշնակ լինելու համար մենք հաստատում ենք մարգարեին և ընտրում ապրել նրա խոսքերի համաձայն:

Մեր Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ նրանք իմանան և հասկանան Իր երջանկության ծրագիրը: Ուստի, նա կանչում է մարգարեներ, ովքեր կարգվում են զորությամբ և իշխանությամբ՝ գործելու Աստծո անունով՝ Իր զավակների փրկության համար: Նրանք արդարակեցության սուրհանդակներ են, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության անսահման զորության վկաները: Նրանք կրում են Աստվածային արքայության բանալիները երկրի վրա և լիազորում փրկող ծեսերի կատարումը:

Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում «միշտ երկրի վրա տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության բանալիները»:1 Մենք հաստատում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին որպես մեր մարգարե, տեսանող և հայտնող: Նա հայտնում է Տիրոջ խոսքերը՝ առաջնորդելով և ղեկավարելով մեր ամբողջ Եկեղեցին: Ինչպես Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերն է բացատրել. «Եկեղեցու Նախագահը … միայն իրավունք ունի հայտնություններ ստանալ Եկեղեցու համար»:2

Կենդանի մարգարեի վերաբերյալ Տերը պատվիրում է Իր Եկեղեցու մարդկանց.

«Դու պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.

Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:

Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ»:3

Երկնքի աստվածային նպատակների հետ ներդաշնակ լինելու համար մենք հաստատում ենք մարգարեին և ընտրում ապրել նրա խոսքերի համաձայն:

Մենք նաև հաստատում ենք Նախագահ Մոնսոնի խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Նրանք ունեն իրավունք, զորություն և իշխանություն՝ հայտարարելու Տիրոջ միտքն ու կամքը, որ հասու է Եկեղեցու Նախագահին:4 Նրանք խոսում են Քրիստոսի անունով: Նրանք մարգարեանում են Քրիստոսի անունով: Նրանք բոլոր բաներն անում են Հիսուս Քրիստոսի անունով: Նրանց խոսքում մենք լսում ենք Տիրոջ ձայնը և զգում ենք Փրկչի սերը: «Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, … և Աստծո զորությունը ի փրկություն»:5 Տերն Ինքն է ասել. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»:6

Մենք երախտապարտ ենք եկեղեցու համար, «Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է»:7 Տիրոջ տունը կարգուկանոնի տուն է, և մենք միշտ պետք է իմանանք, թե որտեղ պետք է փնտրենք մեր հարցերի պատասխանները և վստահ լինենք, թե ինչ ձայնի պետք է հետևենք: Մենք չպետք է լինենք «երերուած ու տատանուած վարդապետության ամեն քամուցը»:8 Աստված հայտնում է Իր խոսքը Իր կարգված ծառաների միջոցով, «սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար. Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդին ճանաչելու միությանը»:9 Երբ մենք ընտրում ենք ապրել մարգարեների խոսքերի համաձայն, մենք քայլում ենք դեպի հավերժական կատարելություն տանող ուխտյալ ճանապարհով:

Սովի շրջանում գոյատևելու համար մաքառող միայնակ մոր օրինակով մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում հաստատել մարգարեին: Տերը պատվիրեց Եղիա մարգարեին գնալ Սարեփթա, որտեղ կգտներ մի այրի կին, որին Աստված հրամայել էր օգնել իրեն: Երբ Եղիան մոտեցավ քաղաքին, նա տեսավ ցախ հավաքող կնոջը: Նա կանչեց նրան. «Խնդրեմ ինձ համար մի քիչ ջուր բեր մի ամանում, որ խմեմ»:10

«Եվ երբոր նա գնաց բերելու, նրան կանչեց [կրկին] և ասեց. Խնդրեմ ինձ համար մի պատառ էլ հաց բեր ձեռքիդ:

Եվ նա ասեց. Կենդանի է քո Տեր Աստուածը, որ ես մի նկանակ չունեմ, բացի մի բուռ ալյուր սափորումը և մի քիչ յուղ կուժումը, և ահա մի երկու փայտ եմ ժողովում, որ գնամ և պատրաստեմ այն ինձ համար և իմ որդիի համար, որ ուտենք և մեռնենք»:

Եղիան պատասխանեց. «Մի վախենար, գնա արա քո խոսքի պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքր շոթ շինիր նրանից և բեր ինձ համար, և հետո քեզ և քո որդիի համար կշինես»:11

Մի պահ պատկերացրեք, թե ինչ դժվար բան էր խնդրում մարգարեն սովահար կնոջից: Անշուշտ, Աստված Ինքը կարող էր սնունդ ապահովել Իր հավատարիմ ծառայի համար: Սակայն գործելով Տիրոջ անունով, Եղիան վարվեց ըստ ցուցումի, այսինքն՝ խնդրեց Աստծո սիրելի դստերից զոհաբերել այն, ինչ ուներ, մարգարեին նեցուկ լինելու համար:

Բայց Եղիան նաև հնազանդության դիմաց օրհնություն խոստացավ. «Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. Սափորումը ալյուրը պիտի չվերջանա և կուժիցը յուղը չպակասե»:12 Տերն այրուն հնարավորություն տվեց ընտրել՝ հավատալ և հնազանդվել մարգարեի խոսքերին:

Աշխարհում, որը արդարակեցության սովի և հոգևոր քաղցի վտանգի տակ է, մեզ պատվիրվել է աջակցել մարգարեին: Երբ հնազանդվում, պաշտպանում և հաստատում ենք մարգարեկան խոսքը, մենք տեսնում ենք, որ ունենք բավականաչափ հավատք՝ խոնարհ ընդունելու Տիրոջ կամքը, իմաստությունն ու ժամանակացույցը:

Մենք ականջ ենք դնում մարգարեական խոսքին, անգամ երբ այն թվում է ոչ այնքան ողջամիտ և հարմար: Ըստ աշխարհի չափանիշների՝ մարգարեին հետևելը կարող է համարվել համբավ չվայելող, քաղաքականապես սխալ և սոցիալապես անընդունելի: Սակայն մարգարեին հետևելը միշտ ճիշտ է: «Որովհետև ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը, և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը»:13 «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր»:14

Տերը պատվում է և բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր ականջ են դնում մարգարեական ուղղորդող խոսքին: Սարեփթացի այրին հնազանդվելով Եղիային փրկեց իր կյանքը և, ի վերջո, իր որդու կյանքը: Ինչպես մարգարեն էր խոստացել, «նա և կինը և իր տունը կերան բավական ժամանակ … Տիրոջ այն խոսքի պես, որ ասեց Եղիայի ձեռովը»:15

Տերը «կկերակրի նրանց, ովքեր վստահում են Իրեն»:16 Մարգարեների խոսքերը մանանայի պես են մեր հոգու համար: Երբ ճաշակում ենք դրանից, մենք օրհնվում, պաշտպանվում և պահպանվում ենք՝ թե նյութական և թե հոգևոր առումով: Երբ սնուցվում ենք նրանց խոսքերով, մենք սովորում ենք ինչպես գալ Քրիստոսի մոտ և ապրել:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին գրել է, որ մարգարեների միջոցով «Տերը հայտնում է փրկության մասին ճշմարտությունները, … փրկություն, որը Քրիստոսի մեջ է, և նա գծում է … դեպի հավերժական կյանք տանող ուղին: … Ամեն ժամանակաշրջանում՝ Տերն իր ժողովրդին տալիս է ուղղություն, որն իրենց հարկավոր է վտանգի պահին: Եվ իհարկե, գալիք օրերում կլինեն պահեր, երբ միայն Աստծո իմաստությունը իջնելով երկնքից և դուրս գալով մարգարեի շուրթերից, կկարողանա փրկել իր ժողովրդին»:17

Ինձ համար, իմ Դափնու ուսուցչի կողմից ուսուցանված մարգարեների խոսքերի շնորհիվ ես պատկերացում կազմեցի ուխտյալ ամուսնական կապի մասին: Մարգարեների խոսքերը ինձ հավատք և հույս ներշնչեցին, որ ես կարողանայի պատրաստվել և ձեռք բերել երջանիկ տուն: Թե հին և թե մեր օրերի մարգարեների ուսմունքները պարբերաբար ուսումնասիրելն օգնեց ինձ յոթ երեխա ունենալ, ուսուցանել և դաստիարակել լարված և հաճախ հյուծող տարիներին: Սուրբ գրություններում տրված և այս ամբիոնից ուսուցանված մարգարեների խոսքերը սփոփանք, սեր, ուժ և ուրախ տրամադրություն պարգևող խոսքեր են, որոնք կիրառելի են բոլորիս համար:

Երբ ականջ ենք դնում մարգարեների խոսքերին, մենք կառուցում ենք մեր տները և կյանքը հավերժական ամուր հիմքի՝ «մեր Քավիչի վեմի վրա, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, … որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն չի ունենա զորություն ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը»:18

Մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք ընտրել անտեսել, կատակաբանել կամ ըմբոստանալ Քրիստոսի խոսքերի դեմ, որոնք կհնչեն Իր կարգված ծառաների կողմից: Բայց Փրկիչն ուսուցանել է, որ ովքեր այդպես կվարվեն, կկտրվեն Իր ուխտյալ ժողովրդից:19

Երբ առ Քրիստոս հավատքով, անկեղծ միտումով և աղոթքով կարդանք և ուսումնասիրենք սուրբ մարգարեական խոսքերը, Սուրբ Հոգին ճշմարտությունը կխոսի մեր մտքում և սրտում: Թող որ մենք բացենք մեր ականջները լսելու համար, մեր սրտերը հասկանալու համար, և մեր մտքերը, որպեսզի Աստծո խորհուրդները բացվեն մեզ համար:20

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո կողմից կանչված մարգարե է եղել և կա՝ երկրի վրա Հիսուս Քրիստոսի ավետարանը և Նրա քահանայությունը վերականգնելու համար: Եվ ես վկայում եմ, որ Նախագահ Մոնսոնը, ով առաջնորդում է մեզ այսօր, Աստծո ճշմարիտ մարգարե է: Թող մենք ընտրենք կանգնել մարգարեների հետ և ապրել նրանց խոսքերի համաձայն, մինչև որ կմիավորվենք հավատքով, կմաքրագործվենք Քրիստոսում և կլցվենք Աստծո Որդու գիտելիքով: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: