2010–2019 թթ․
Դեռևս հրաշալի՞ է դա ձեր համար։
Ապրիլ 2015


Դեռևս հրաշալի՞ է դա ձեր համար։

Ավետարանի հրաշքներով հիանալը՝ հավատքի նշան է։ Այն դրդում է մեզ ճանաչել Տիրոջ ձեռքը մեր կյանքում ու ամեն ինչում մեր շուրջ։

Ես ու կինս մեծ ուրախությամբ մեծացնում էին հինգ երեխա շքեղ Փարիզ քաղաքում։ Այդ տարիների ընթացքում, մենք ուզում էինք առաջարկել նրանց հարուստ հնարավորություններ՝ բացահայտելու այս աշխարհի հրաշալի բաները։ Ամեն ամառ, ընտանիքս երկար ուղևորություններով այցելում էր Եվրոպայի ամենանշանավոր, պատմական վայրեր և բնական հրաշքներ։ Վերջապես, Փարիզի տարածքում 22 տարի ապրելուց հետո, մենք պատրաստ էինք տեղափոխվել։ Ես մինչ այժմ հիշում եմ, երբ երեխաներս մոտեցան ինձ ու ասացին. «Հայրիկ, դա բոլորովին ամոթալի՛ է։ Մենք ապրեցինք այստեղ ամբողջ կյանքը և երբեք չենք եղել Էյֆելյան աշտարակում»։

Աշխարհում այնքան շատ հրաշքներ կան։ Սակայն, երբ դրանք միշտ մեր աչքերի առաջ են, մենք ակամա անտեսում ենք դրանք։ Մենք նայում ենք, բայց իսկապես չենք տեսնում, մենք լսում ենք, բայց իսկապես չենք ընկալում։

Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսը ասաց իր աշակերտներին.

«Երանի այն աչքերին՝ որ տեսնում են այն որ դուք էք տեսնում։

Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ շատ մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն որ դուք էք տեսնում, եւ չ’տեսան. Եւ լսել այն որ դուք էք լսում, եւ չ’լսեցին»1։

Ես հաճախ եմ խորհում, թե ինչպես կլիներ կյանքը, եթե ապրեինք Փրկչի ժամանակներում։ Կարո՞ղ եք պատկերացնել ձեզ Նրա ոտքերի մոտ նստած, Նրա գրկախառնումը զգալիս ու նրա ծառայությանն ականատես լինելիս։ Սակայն չափից շատ մարդիկ, ովքեր հանդել են Նրան, չեն ընդունել՝ չեն «տեսել», որ Աստծո Որդին ապրում էր նրանց մեջ։

Մենք նույնպես արտոնված ենք ապրել բացառիկ ժամանակներում։ Հին մարգարեները տեսել են Վերականգնումը որպես «զարմանալի գործ …, այո՛, զարմանալիք և զարմանք»։2 Ոչ մի նախկին ժամանակաշրջանում այնքան շատ միսիոներներ կանչված չեն եղել, այնքան շատ ազգեր ավետարանի ուղերձի համար չեն բացվել, և այնքան շատ տաճարներ աշխարհով մեկ չեն կառուցվել։

Մեզ՝ վերջին օրերի սրբերիս համար, հրաշքներ պատահում են նաև մեր անհատական կյանքում։ Դրանք ներառում են մեր անձի դարձի գալը, մեր աղոթքների պատասխանները և օրհնությունները, որոնք Աստվածը պարգևում է մեզ ամեն օր։

Ավետարանի հրաշքներով հիանալը՝ հավատքի նշան է: Այն դրդում է մեզ ճանաչել Տիրոջ ձեռքը մեր կյանքում ու ամեն ինչում մեր շուրջ։ Մեր զարմանքը նաև առաջացնում է հոգևոր ուժ։ Դա տալիս է մեզ եռանդ, որպեսզի հաստատուն մնանք մեր հավատքում և ընդգրկվենք փրկության աշխատանքի մեջ։

Բայց, եկեք զգուշանանք։ Հիանալու մեր ունակությունը նուրբ է։ Երկար ժամանակի ընթացքում, այնպիսի բաներ, ինչպիսիք պատվիրանները պատահական պահելը, անտարբերությունը, և նույնիսկ հոգնածությունը կարող են առաջանալ մեր մեջ և դարձնել մեզ անզգա ավետարանի ամենա ուշագրավ նշանների ու հրաշքների հանդեպ:

Մորմոնի գիրքը նկարագրում է մեր ժամանակներին շատ նման մի ժամանակաշրջան, որը նախորդեց Մեսիայի գալուստը Ամերիկյան մայրցամաք։ Նրա ծնունդի նշանները հանկարծ երևացին երկնքում։ Մարդիկ այնքան սրտահույզ ապշած էին, որ խոնարհվեցին և գրեթե բոլորը դարձի եկան։ Սակայն, ընդամենը 4 կարճ տարուց հետո՝ «մարդիկ սկսեցին մոռանալ այն նշաններն ու հրաշքները, որոնք նրանք լսել էին, և սկսեցին ավելի ու ավելի քիչ ապշել երկնքից նշանի կամ հրաշքի վրա, … և սկսեցին չհավատալ այն ամենին, ինչ լսել էին ու տեսել»։3

Իմ եղբայրներ և քույրեր, ավետարանը դեռևս հրաշալի՞ է ձեր համար։ Դեռևս կարո՞ղ եք տեսնել, լսել, զգալ և հիանալ։ Թե՞ ձեր հոգևոր զգայակները սպասման ռեժիմում են։ Ինչպիսի անձնական իրավիճակի մեջ էլ որ լինեք, ես հրավիրում եմ ձեզ անել երեք բան։

Առաջինը՝ երբեք մի հոգնեք հայտնագործել կամ վերահայտնագործել ավետարանի ճշմարտությունները։ Գրող Մարսել Փրուստն ասել է. «Հայտնագործության իսկական ճանապարհը այն է, որ պետք չէ նոր բնատեսարաններ փնտրել, այլ պետք է նոր աչքեր ունենալ»։4 Հիշու՞մ եք երբ առաջին անգամ սուրբ գրությունների հատվածը կարդալիս զգացել եք իբրև Տերը խոսում էր ձեր անձի հետ։ Կարո՞ղ եք հիշել երբ առաջին անգամ դուք զգացել եք Սուրբ Հոգու անուշ ազդեցությունը ձեր վրա, միգուցե նույնիսկ առանց այդ պահին գիտակցելու, որ դա Սուրբ Հոգին էր։ Յուրահատուկ չէի՞ն այդ պահերը ձեր համար։

Մենք պետք է ամեն օր հոգևոր գիտելիքի քաղց ու փափագ զգանք։ Այս անձնական սովորությունը հիմնված է ուսումնասիրության, խորհրդածության և աղոթքի վրա։ Երբեմն, մենք կարող ենք գայթակղվել մտածելով. «ես այսօր կարիք չունեմ ուսումնասիրել սուրբ գրությունները, ես արդեն կարդացել եմ դրանք սկզբից մինչև վերջ» կամ «ես կարիք չունեմ այսօր գնալ եկեղեցի, այնտեղ որևե նոր բան չկա»։

Սակայն, ավետարանը անսպառ գիտելիքի աղբյուրն է։ Միշտ որևէ նոր բան կա սովորելու և զգալու ամեն կիրակի, ամեն ժողովին և սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածում։ Հավատքով մենք կատարում ենք խոստումը, որ եթե «փնտրենք… . [մենք] կգտնենք»։5

Երկրորդը՝ կապեք ձեր հավատքը ավետարանի պարզ ու հասարակ ճշմարտությունների հետ։ Մեր զարմանքը պետք է արմատավորվի մեր հավատքի հիմնական սկզբունքներում, մեր ուխտերի և արարողությունների մաքրության և պաշտամունքի գործերի մեջ։

Մի քույր միսիոներ պատմել է երեք մարդու մասին, որոնց հետ նա ծանոթացել է շրջանի համաժողովի ժամանակ Աֆրիկայում։ Նրանք եկան մի հեռավոր ու մեկուսացված գյուղից, որտեղ Եկեղեցին դեռևս չէր հիմնվել, սակայն այնտեղ արդեն կային 15 հավատարիմ անդամ և գրեթե 20 հետաքրքրվող։ Ավելի քան 2 շաբաթվա ընթացքում, այս եղբայրները քայլել էին ավելի քան 480 կիլոմետր՝ անձրևոտեղանակին՝ ցեխոտ ճանապարհներով, որ կարողանային հաճախել համաժողովն ու բերել իրենց խմբի անդամների տասանորդները։ Նրանք պլանավորում էին մնալ ամբողջ շաբաթվա ընթացքում, որպեսզի կարողանային վայելել հաջորդ կիրակի օրվա հաղորդության ընդունելու արտոնությունը, հուսալով դրանից հետո՝ կրելով Մորմոնի Գրքով լցված արկղեր իրենց գլխների վրա, վերադառնալ գյուղ և բաժանել դրանք համագյուղացիներին։

Միսիոները վկայել էր, թե որքան նա զգացված էր այդ եղբայրների դրսևորած պատկառանքով և նրանց անկեղծ զոհաբերություններով՝ ձեռք բերել այն բաները, որոնք իր համար միշտ մատչելի էին եղել։

Նա մտածում էր. «Եթե մի կիրակի օր Արիզոնայում ես վեր կենայի ու բացահայտեի, որ մեքենաս չէր աշխատում, արդյո՞ք ես ոտքով կգնայի իմ տնից մի քանի թաղամաս հեռու գտնվող եկեղեցի։ Թե՞ կմնայի տանը մեծ հեռավորության կամ անձրևի պատրվակով»։6 Այս հարցերը լավն են և արժե, որ մենք բոլորս խորհենք դրանց մասին։

Ի վերջո, ես հրավիրում եմ ձեզ փնտրել ու փայփայել Սուրբ Հոգու ընկերակցությունը: Ավետարանի բոլոր հրաշքները չեն կարող ընկալվել մեր բնական զգայարաններով։ Դրանքեն այն բաները «Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»։7

Երբ մենք Հոգին ունենում մեզ հետ, մեր հոգևոր զգայարանները սրված են և մեր հիշողությունը հրահրած է այնպես, որ մենք չենք կարող մոռանալ հրաշքներն ու նշանները, որոնց մասին մենք վկայություն են ստացել։ Հենց այդ պատճառով, Նրա Նեփիացի աշակերտները՝ իմանալով որ Նա շուտով լքելու էր նրանց, ջերմեռանդորեն աղոթում էին. «նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում. և նրանք փափագում էին, որ Սուրբ Հոգին շնորհվեր իրենց»։8

Թեև նրանք տեսել էին Փրկչին իրենց սեփական աչքերով և դիպչել էին Նրա վերքերին սեփական ձեռքերով, նրանք գիտեին, որ իրենց վկայությունները կարող էին նվազել, եթե մշտապես չնորացվեն Սուրբ Հոգու զորությամբ։ Իմ եղբայրներ ու քույրեր, երբեք մի արեք որևէ բան, ինչը վտանգի է ենթարկում կորցնելու թանկարժեք և հրաշալի պարգևը՝ Սուրբ Հոգու ընկերակցությունը։ Փնտրեք դա ջերմեռանդ աղոթքով ու արդարակյաց կյանքով։

Ես վկայում եմ, որ աշխատանքը որի մեջ մենք ընդգրկված ենք՝ «զարմանալիք և զարմանք» է։ Քանի որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին, Աստված վկայում է մեզ «նշաններով եւ հրաշքներով, եւ կերպ կերպ զօրութիւններով, եւ Սուրբ Հոգու պարգեւներովն ինչպէս ինքը կամեցաւ»։9 Այս յուրահատուկ օրը, ես վկայում եմ, որ ավետարանի զարմանքներն ու հրաշքները հիմնված են Աստծո ամենամեծ պարգևի՝ Փրկչի Քավության վրա։ Դա սիրո ամենակատարյալ պարգևն է, որը միևնույն նպատակը ունեցող Հայրն ու Որդին շնորհել են բոլորիս համար։ Ձեզ հետ միասին՝ «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած … հրաշալի է, հոյակա՛պ է, հոյակա՛պ»։10

Իմ աղոթքն, որ մենք միշտ ունենանք տեսնող աչքեր, լսող ականջներ, և այս հիանալի ավետարանի հրաշքները ընկալող սրտեր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։