2010–2019 թթ․
Քահանայությունը և անձնական աղոթքը
Ապրիլ 2015


Քահանայությունը և անձնական աղոթքը

Աստված մեզ կարող է քահանայության ուժ պարգևել ինչպիսի հանգամանքներում էլ որ լինենք: Մեզանից պահանջվում է պարզապես, որ մենք խոնարհությամբ խնդրենք:

Երախտապարտ եմ վստահության համար՝ խոսելու ողջ երկրագնդի Աստծո քահանայություն կրողների հետ: Ես զգում եմ այդ հնարավորության պատասխանատվությունը, քանի որ մի քիչ գիտեմ այն վստահության մասին, որ Տերը հանձնել է ձեզ: Ընդունելով քահանայությունը՝ դուք ընդունել եք Աստծո անունով խոսելու և գործելու իրավունքը:

Իրավունքը իրապես կգործի միայն, երբ դուք ոգեշնչում ստանաք Աստծուց: Միայն այդ ժամանակ դուք կկարողանաք խոսել Նրա անունով: Եվ միայն այդ ժամանակ դուք կկարողանաք գործել Նրա անունով: Դուք, հնարավոր է, սխալվեք, մտածելով «Օ՜, դա ամենևին դժվար չէ: Ես կարող եմ ոգեշնչում ստանալ, երբ էլ որ ինձ խնդրեն ելույթ ունենալ կամ երբ խնդրեն քահանայության օրհնություն տալ»: Կամ երիտասարդ սարկավագը կամ ուսուցիչը կարող է իրեն մխիթարել նման մտքով. «Երբ մեծանամ կամ երբ կանչվեմ որպես միսիոներ, այն ժամանակ կիմանամ, թե Աստված ինչ կասի կամ Աստված ինչ կանի»:

Բայց մտածեք այն օրվա մասին, երբ պիտի իմանաք, թե Աստված ինչ է ասում և ինչ է անում: Մեր բոլորիս համար այդ օրը եկել է՝ քահանայության ինչ կոչում էլ որ ունենանք: Ես մեծացել եմ, երբ հայրս միսիայում էր՝ Միացյալ Նահանգների արևելքում՝ Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ: Եկեղեցու անդամները շատ ցրված էին ապրում, իսկ մեքենայի վառելիքը խիստ նորմավորված էր: Ես ճյուղի միակ սարկավագն էի: Անդամներն իրենց ծոմի նվիրատվությունները տալիս էին ճյուղի նախագահին, երբ գալիս էին մեր տուն՝ ծոմի ու վկայության ժողովի հավաքի:

Երբ 13 տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Յուտա, որ ապրեինք մեծ ծխում: Ես հիշում եմ իմ առաջին հանձնարարությունը՝ քայլել տներով և հավաքել ծոմի նվիրատվությունները: Ես նայեցի ծրարներից մեկին, որ ինձ տվել էին, ու նկատեցի, որ ազգանունը նույնն էր, ինչ Մորմոնի Գրքի Երեք Վկաներից մեկինը: Այնպես որ ես վստահությամբ թակեցի դուռը: Մի տղամարդ բացեց դուռը, նայեց ինձ, մռայլվեց և ապա բղավեց ինձ վրա, ասելով, որ հեռանամ: Ես գլուխս կախ հեռացա:

Դա եղել է մոտ 70 տարի առաջ, բայց ես դեռ հիշում եմ այդ օրը դռան շեմին ունեցած զգացումը, որ ես ինչ-որ բան պետք է ասեի կամ անեի: Եթե միայն ես աղոթեի, երբ հեռացա այդ օրը, ես հնարավոր է ոգեշնչվեի կանգնելու մի պահ ավելի երկար այդ շեմին, ժպտալու և ասելու նման մի բան. «Ուրախ էի ձեզ հանդիպել: Շնորհակալություն ձեզ այն ամենի համար, ինչ դուք և ձեր ընտանիքը արել եք անցյալում: Ես անհամբեր կսպասեմ տեսնելու ձեզ հաջորդ ամիս»:

Եթե ես ասեի և անեի դա, նա կարող է ավելի շատ բորբոքվեր և նույնիսկ վիրավորվեր: Բայց այժմ ես գիտեմ, թե ինչպես ես կզգայի: Տխրության կամ ձախողվելու զգացումով հեռանալու փոխարեն, ես հնարավոր է մեղմ գովասանք զգայի իմ մտքում և սրտում. «Կեցցե՛ս»:

Բոլորս էլ պետք է խոսենք և գործենք Աստծո անունով այն պահերին, երբ մեր ինքնուրույն դատողությունը բավարար չէ ոգեշնչում ստանալու համար: Այդ պահերը կարող են գալ մեզ վրա, երբ պատրաստվելու ժամանակ չկա: Ինձ հետ հաճախ է այդպես պատահել: Շատ տարիներ առաջ մի հիվանդանոցում, որտեղ մի հայր ասաց ինձ և իմ գործընկերին, որ բժիշկներն ասել են, թե իր ծանր վիրավորված երեք տարեկան աղջիկը րոպեներ անց մահանալու է: Երբ ես ձեռքերս դրեցի աղջկա գլխի այն մասում, որն ազատ էր փաթաթաններից, որպես Աստծո ծառայի, ինձ հարկավոր էր իմանալ, թե ինչ կաներ ու ինչ կասեր Նա:

Խոսքեր եկան իմ միտքն ու իմ շուրթերին, որ նա ապրելու է: Բժիշկը, որ կանգնած էր իմ կողքին, փնչացրեց ու խնդրեց ինձ հեռանալ իր ճանապարհից: Ես դուրս եկա այդ հիվանդասենյակից խաղաղության և սիրո զգացումով: Փոքրիկ աղջիկն ապրեց և քայլում էր մեր հաղորդության ժողովի միջանցքով այդ քաղաքում անցկացրած իմ վերջին օրը: Ես դեռ հիշում եմ ուրախության ու բավարարվածության զգացումն այն բանի արդյունքում, ինչ ես ասել և արել էի Տիրոջ ծառայության մեջ այդ փոքրիկ աղջկա և իր ընտանիքի համար:

Տարբերությունը հիվանդանոցի իմ զգացմունքների և տխրության միջև, որ զգացել էի որպես սարկավագ այն դռնից հեռանալիս, եկել է նրանից, ինչ սովորել եմ աղոթքի և քահանայության իշխանության կապի վերաբերյալ: Որպես սարկավագ՝ ես դեռ չէի հասկացել, որ Աստծո անունով խոսելու և գործելու իշխանությունը հայտնություն է պահանջում, և որ անհրաժեշտության ժամանակ այն ունենալը պահանջում է աղոթք և հավատքի գործողություն՝ Սուրբ Հոգու ընկերակցությունը ձեռք բերելու համար:

Ծոմի նվիրատվության համար այդ դուռը թակելու նախորդող երեկոյան ես ասել էի իմ աղոթքը մահճակալի մոտ: Սակայն հիվանդանոցից եկած այդ հեռախոսազանգից առաջ, շաբաթների ու ամիսների ընթացքում, ես հետևել էի աղոթքի օրինակին և ջանք էի թափել, որն, ըստ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի, թույլ կտա, որ Աստված մեզ անհրաժեշտ ոգեշնչում տա, քահանայության ուժը գործածելու համար: Նա ասել է պարզ խոսքերով.

«Կարիք չկա, որ շատ խոսքերով աղաղակենք առ նա: Կարիք չկա, որ հոգնեցնենք նրան երկար աղոթքներով: Այն, ինչի կարիքը կա մեզ համար, որպես Վերջին Օրերի Սրբեր, մեր իսկ բարիքի համար, հաճախ նրա առաջ կանգնելն է և նրան վկայելը, որ մենք հիշում ենք նրան և պատրաստակամ ենք մեր վրա վերցնել անունը նրա, պահել նրա պատվիրանները և արդարություն գործել. և որ մեր ցանկությունն է, որ նրա Հոգին մեզ օգնական լինի»:1

Դրանից հետո Նախագահ Սմիթն ասել է, թե ինչի մասին պիտի աղոթենք, որպես իր ծառաներ, ովքեր ուխտ ունեն խոսելու և գործելու Աստծո անունից: Նա ասել է. «Ինչի՞ համար եք դուք աղոթում: Աղոթեք, որ Աստված ճանաչի ձեզ, որպեսզի լսի ձեր աղոթքները, որ նա կարողանա օրհնել ձեզ իր Հոգով»:2

Հարցը նրանում չէ այդքան, թե ինչ բառեր ենք գործածում, այլ որ որոշակի համբերություն է պահանջվում: Դա մոտեցումն է ձեր Երկնային Հորը՝ մտադրությամբ, որ անձամբ կճանաչվենք նրա կողմից: Նա Աստված է՝ բոլորից առավել, Հայրը բոլորի, և դեռ պատրաստ է իր ողջ ուշադրությունը ուղղել Իր զավակներից մեկին: Գուցե դա էր պատճառը, թե ինչու էր Փրկիչն ասում «Հայր մեր, որ երկնքում ես. Սուրբ լինի քո անունը»:3

Պատշաճ ակնածանքի զգացում ունենալն ավելի հեշտ է, երբ ծնկի ես իջնում կամ կախում գլուխդ, սակայն Երկնային Հորը մոտ լինելը հնարավոր է զգալ նաև ավելի քիչ պաշտոնական և նույնիսկ լուռ աղոթքում, ինչի կարիքը կարող եք հաճախ ունենալ: Ձեր արթուն օրվա մեծ մասը լցված կլինի աղմուկով ու մարդկանցով: Աստված լսում է ձեր լուռ աղոթքները, բայց ձեզ պետք կլինի սովորել փակել խանգարիչ տարրերը, քանի որ Աստծո հետ կապ ունենալու պահանջը կարող է լինել նաև անհանգիստ ժամանակ:

Նախագահ Սմիթն առաջարկել է, որ դուք կարիք ունեք աղոթելու, որ Աստված ընդունի Նրան ծառայելու ձեր կոչումը: Նա արդեն գիտի ձեր կոչման մանրամասները լիովին: Նա է ձեզ կանչել և երբ աղոթեք նրան ձեր կոչման մասին, նա ավելի շատ գիտելիքներ կբացահայտի ձեզ համար:4

Ես կտամ ձեզ մի օրինակ, թե ինչ կարող է անել տնային ուսուցիչը աղոթելիս: Դուք, հնարավոր է, արդեն գիտեք, որ ձեր պարտականությունն է.

«Այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները… .

… . Միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն.

Եվ հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն.

Եվ հետևել, որ եկեղեցին հաճախ հավաքվի միասին, և նաև հետևել, որ բոլոր անդամները կատարեն իրենց պարտականությունը»։5

Նույնիսկ փորձառու տնային ուսուցչի և նրա կրտսեր ուղեկցի համար այս ամենն անհնար է առանց Սուրբ Հոգու օգնության: Մտածեք ընտանիքների կամ նույնիսկ անհատների մասին, ում կոչված եք ծառայելու: Մարդկային դատողությունն ու լավ մտադրությունները բավարար չեն լինի:

Այնպես որ դուք պետք է աղոթեք, որպեսզի իմանաք նրանց սիրտը, որ իմանաք, թե ինչ բացթողումներ կան մարդկանց կյանքում և նրանց սրտում, ում լավ չեք ճանաչում և ովքեր ցանկություն էլ չունեն, որ դուք իրենց ճանաչեք: Դուք պետք է իմանաք, թե ինչ է Աստված ուզում, որ դուք անեք, որպեսզի օգնեք նրանց և որ անեք ամեն բան՝ հնարավորինս զգալով Աստծո սերը նրանց հանդեպ:

Քահանայության այդ կարևոր և դժվար կոչումն ունենալու պատճառով է Նախագահ Սմիթը հուշում, որ երբ աղոթում եք, միշտ խնդրեք Աստծուն, որ Նա օրհնի ձեզ Իր Հոգով: Սուրբ Հոգին ձեզ պետք է ոչ թե մեկ, այլ այնքան անգամ, որքան Աստված կշնորհի այն ձեզ որպես մշտական ուղեկից: Դա է պատճառը, որ մենք պետք է միշտ աղոթենք, որ Աստված առաջնորդի մեզ Իր զավակների մեր ծառայության մեջ:

Քանի որ չեք կարող բարձրանալ ձեր քահանայության ներուժին առանց Հոգին ձեզ հետ ունենալու, մենք կարող ենք անհատական թիրախ դառնալ երջանկության ամենայն թշնամու համար: Եթե նա կարողանա գայթակղել ձեզ մեղք գործելու, նա կարող է նվազեցնել Հոգով առաջնորդվելու ձեր ուժը և նվազեցնել քահանայության ձեր իշխանությունը: Դա է պատճառը, ըստ Նախագահ Սմիթի, որ դուք պետք է միշտ աղոթեք, որ Աստված զգուշացնի և պաշտպանի ձեզ չարից:6

Նա մեզ նախազգուշացնում է բազմաթիվ եղանակներով: Նախազգուշացումը փրկության ծրագրի մասն է: Մարգարեները, առաքյալները, ցցի նախագահները, եպիսկոպոսները և միսիոներները, – բոլորը նախազգուշացնող ձայն են բարձրացնում՝ հեռու մնալ փորձանքներից՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության և սրբազան ուխտեր կապելու ու պահելու միջոցով:

Որպես քահանայություն կրող՝ դուք պետք է լինեք Տիրոջ նախազգուշացնող ձայնի մի մասը: Բայց դուք պետք է ինքներդ ուշադրություն դարձնեք նախազգուշացմանը: Դուք չեք գոյատևի հոգևորապես, եթե չունենաք Սուրբ Հոգու պաշտպանությունն ու ընկերակցությունը ձեր ամենօրյա կյանքում:

Դուք պետք է աղոթեք և ջանք թափեք այն ունենալու համար: Միայն այդ ուղեկցությամբ կարող եք չարի մեգի մեջ գտնել նեղ և անձուկ արահետով անցնելու ձեր ուղին: Սուրբ Հոգին կլինի ձեր ուղեկիցը, բացահայտելով ճշմարտությունը, երբ ուսումնասիրեք մարգարեների խոսքերը:

Այդ ուղղորդումը ստանալու համար ավելին կպահանջվի, քան պատահական լսելն ու կարդալը: Ձեզ անհրաժեշտ կլինի աղոթել և աշխատել հավատքով, որպեսզի ճշմարտության խոսքերը հասնեն ձեր սիրտը: Դուք պետք է աղոթեք, որ Աստված օրհնի ձեզ Իր Հոգով, որ Նա առաջնորդի ձեզ դեպի ամեն ճշմարտություն և ձեզ ցույց տա ճիշտ ճանապարհը: Դա այն ձևն է, որով նա կնախազգուշացնի և կառաջնորդի ձեզ ճիշտ ուղու վրա ձեր կյանքում և քահանայության ձեր ծառայության մեջ:

Գերագույն համաժողովը մեծ հնարավորություն է տալիս, որ Տերը ամրացնի Աստծո քահանայության մեջ ծառայելու ձեր ուժը: Դուք կարող եք նախապատրաստվել աղոթքով, ինչպես համոզված եմ արել եք այս համաժողովի համար: Դուք կարող եք միացնել ձեր հավատքը նրանց, ովքեր պետք է աղոթեն համաժողովի ժամանակ: Նրանք կհնչեն բազմաթիվ մարդկանց օրհնության համար:

Աղոթքներ կհղվեն, որ Հոգին լինի մարգարեի հետ՝ որպես Տիրոջ խոսափող: Աղոթքներ կհղվեն Առաքյալների և Աստծո կողմից կանչված բոլոր ծառաների համար: Դա ներառում է ձեզ՝ սկսած նորագույն սարկավագից, մինչև կոփված քահանայապետը՝ ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծերը, ովքեր կարող է շուտով գնան հոգիների աշխարհ, որտեղ նրանք կլսեն. «Կեցցե՜ս, բարի ու հավատարիմ ծառայ»:7

Այդ խոսքերը կասվի ոմանց, ովքեր կզարմանան: Նրանք, հնարավոր է, երբեք բարձր պաշտոն կրած չլինեն Աստծո արքայությունում երկրի վրա: Ոմանք հնարավոր է զգացած լինեն, որ մեծ արդյունքի չեն հասնում իրենց գործերում կամ որ ծառայելու որոշ հնարավորություններ երբեք չեն ունեցել: Մյուսները կարող է զգան, որ ծառայության իրենց ժամանակը կարճ է եղել այս կյանքում, քան իրենք հույս են ունեցել:

Զբաղեցրած պաշտոնն ու ծառայելու ժամանակը չէ, որ հավասարակշռություն են համարվում Տիրոջ համար: Մենք գիտենք այդ մասին այգու աշխատավորներ վարձելու Տիրոջ առակից, որտեղ վարձատրությունը նույնն էր, անկախ նրանից, թե որքան և որտեղ էին նրանք ծառայում: Նրանք կպարգևատրվեն նրա համար, թե ինչպես են իրենք ծառայել:8

Ես գիտեմ մի մարդու, հարազատ ընկերոջ, որի այգում ծառայելու մահկանացու ժամանակը լրացավ երեկ երեկոյան՝ ժամը 11.00-ին: Տարիներ շարունակ նա բուժվում էր քաղցկեղից: Բուժման այդ տարիների ընթացքում, ծանր ցավերի ու դժվարությունների մեջ, նա ընդունել է կոչում՝ հանդիպումներ անցկացնել ու պատասխանատու լինել իր ծխում այն անդամների համար, որոնց զավակները գնացել էին իրենց տներից: Այդ անդամներից ոմանք այրի էին: Նրա կոչումն օգնել էր նրանց մխիթարություն գտնել շփվելու և ավետարանը սովորելու միջոցով:

Երբ նա ստացավ վերջնական սթափեցնող կանխատեսումը, որ նրան ապրելու կարճ ժամանակ էր մնացել, նրա եպիսկոպոսը հեռավոր գործուղման մեջ էր: Երկու օր անց, նա հաղորդագրություն ուղարկեց իր եպիսկոպոսին իր քահանայապետերի խմբի ղեկավարի միջոցով: Նա ասաց հետևյալն իր հանձնարարության մասին. «Ես հասկանում եմ, որ եպիսկոպոսը քաղաքից դուրս է, այնպես որ գործը ես կանեմ: Ես մտածում եմ մեր խմբի հաջորդ երկուշաբթի օրերի հանդիպման մասին: Երկու անդամ կարող են մեզ շրջագայության տանել Համաժողովների կենտրոն: Մի քանի անդամ կարող են մեզ մեքենայով տեղափոխել, իսկ սկաուտները կարող են վարել անվասայլակները: Եթե ցուցակագրվածների թիվը մեծ լինի, մենք տարեցներով կարող ենք ինքներս մեզ սպասավորել, բայց լավ կլինի իմանալ, որ պահեստային ուժ կա, եթե անհրաժեշտ լինի: Օգնողների համար դա կարող է նաև լավ ընտանեկան երեկո լինել, այնպես որ կարող են ընտանիքներով գալ: Ինչևէ, ինձ տեղյակ պահեք, որ կարողանամ փակցնել ծրագիրը: … Շնորհակալություն»:

Իսկ հետո նա զարմացրեց եպիսկոպոսին հեռախոսազանգով: Առանց իր սեփական վիճակն ակնարկելու ու իր ծառայության անվեհեր նախաձեռնությունը բացահայտելու, նա հարցրեց. «Եպիսկոպոս, կա՞ ինչ-որ բան, որ կարող եմ անել քեզ համար»: Միայն Սուրբ Հոգին կարող էր թույլ տալ նրան զգալ եպիսկոպոսի բեռը, երբ ինքն անձամբ այդքան ջախջախիչ բեռի տակ էր: Եվ միայն Հոգին կարող էր հնարավոր դարձնել, որ նա իր եղբայրներին ու քույրերին ծառայելու ծրագիր կազմեր նույն ճշգրտությամբ, ինչպես անում էր, երբ Սկաուտական միջոցառումներ էր ծրագրում երիտասարդ տարիքում:

Հավատքի աղոթքի միջոցով Աստված մեզ կարող է քահանայության ուժ պարգևել ինչպիսի հանգամանքներում էլ որ լինենք: Մեզանից պահանջվում է պարզապես, որ մենք խոնարհությամբ խնդրենք, որ Հոգին մեզ ցույց տա, թե ինչ կցանականա Աստված, որ մենք ասենք ու անենք, անենք այդ և շարունակենք արժանի ապրել այդ պարգևին:

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ Հայր Աստված ապրում է, սիրում է մեզ և լսում է մեր յուրաքանչյուր աղոթքը: Ես վկայում եմ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է, որի Քավությունը հնարավոր է դարձնում, որ մենք մաքրվենք և, այդպիսով, արժանի լինենք Սուրբ Հոգու ընկերակցությանը: Ես վկայում եմ, որ հավատքով ու ջանասիրությամբ մենք կարող ենք մի օր լսել խոսքերը, որոնք ուրախություն կպարգևեն մեզ. «Կեցցե՜ս, բարի ու հավատարիմ ծառայ»:9 Իմ աղոթքն է, որ մեր ծառայության վերջն այդպես հրաշալի գնահատվի Տիրոջ կողմից, ում ծառայում ենք: Հիսուս Քրիստոսի անունով. ամեն: