2010–2019 թթ․
Փնտրելով Տիրոջը
Ապրիլ 2015


Փնտրելով Տիրոջը

Փրկչի մասին մեր հասկացողությունը խորացնելով կմեծանա ուրախ ապրելու մեր ցանկությունը և վստահությունը, որ ուրախությունը հնարավոր է:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ուրախությամբ եմ կանգնած այստեղ ձեր առջև, երբ միասին մասնակցում ենք այս գերագույն համաժողովին: Տարիների ընթացքում գերագույն համաժողովներին իմաստության, խորհրդի, սփոփանքի և նախազգուշացման խոսքեր լսելը հսկայական օրհնություն է եղել Քույր Տեքսեյրայի, մեր ընտանիքի և ինձ համար:

Տարվա այս հատուկ Զատկի կիրակի ես ցանկանում եմ անդրադառնալ իմ կյանքում Փրկչի ուսմունքների, Նրա բարյացակամության և սիրո օրինակի կարևորությանը:

Հիսուս Քրիստոսին ավելի խորը հասկանալը մեզ կպարգևի ավելի մեծ հույս ապագայի հանդեպ և, անկախ մեր անկատարություններից, ավելի շատ վստահություն մեր արդար նպատակներին հասնելու համար: Դա նաև մեզ ավելի մեծ ցանկություն կտա ծառայելու մեր մերձավորներին:

Տերն ասել է. «[Փնտրեք] ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:1 Տիրոջը փնտրելը և Նրա ներկայությունը զգալն ամենօրյա խնդիր է, արժանահավատ ջանք:

Եղբայրներ և քույրեր, այսօր առավել քան երբևէ մենք մեր տրամադրության տակ ունենք բացառիկ հնարավորություններ և ռեսուրսներ՝ խորացնելու մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի ուսմունքների և Նրա Քավության վերաբերյալ: Պատշաճ կերպով օգտագործելով այդ միջոցները կարող ենք ուրախությամբ լի բեղմնավոր կյանք ապրել:

Որթատնկի և ճյուղերի փոխաբերության միջոցով Փրկիչն ասել է. «Կացեք ինձանում՝ և ես ձեզանում. ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որթումը չմնա, այսպես ոչ էլ դուք՝ եթե ինձանում չմնաք»:2

Որքան շատ հասկանանք Քրիստոսի անզուգական դերը մեր կյանքում, այնքան ավելի կգիտակցենք այստեղ մահկանացու կյանքում մեր նպատակը, որն է՝ ունենալ ուրախություն: Ինչևէ այդ ուրախությունը մեզ չի արգելում փորձություններ և դժվարություններ ունենալ, որոնցից մի քանիսն այնքան մեծ և բարդ են, որ գուցե մտածենք, թե նման պայմաններում հնարավոր չէ երջանիկ լինել:

Իմ փորձից գիտեմ, որ արդար ապրելու և Քրիստոսում մնալու ուրախությունը կարող է շարունակվել անկախ մահկանացու կյանքին բնորոշ դժբախտություններից: Ի վերջո, այդ փորձությունները հաճախ հարստացնում, մարքագործում և ուղղորդում են մեզ դեպի այստեղ մահկանացու կյանքում մեր գոյության և Հիսուս Քրիստոսի Քավության ավելի խորը հասկացողություն: Իրոք, ուրախության լիակատարությունը կարող է միայն ձեռք բերվել Հիսուս Քրիստոսի օգնությամբ:3

Նա ասաց. «Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, և ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել»:4

Ես հավատում եմ, որ Փրկչի մասին մեր հասկացողությունը խորացնելով կմեծանա ուրախ ապրելու մեր ցանկությունը և վստահությունը, որ ուրախությունը հնարավոր է: Հետևաբար, մենք կկարողանանք ամեն օր կյանքի հանդեպ ավելի մեծ խանդավառությամբ լցվել և Աստծո պատվիրանները պահել, անգամ դժվարին հանգամանքներում:

Եկեք վաղվան չթողնենք այն, ինչ կարող ենք անել այսօր: Այսօր մենք պետք է գանք դեպի Քրիստոսը, որովհետև «եթե [մենք] հավատում ենք [Նրան], [մենք] կաշխատենք, քանի դեռ կոչվում է այսօր»:5

Ամեն օր մեր շփումներում պետք է հաճախակի կիրառենք Քրիստոսի ուսմունքները: Մեր ամենօրյա փոքր ու պարզ քայլերը և գործերը՝

  1. Մեր կյանքում կխորացնեն Տիրոջ կարևորության մեր հասկացողությունը, և

  2. Կօգնեն մեզ կիսվել այդ հասկացողությամբ աճող սերնդի հետ, ովքեր անկասկած կզգան Երկնային Հոր և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի սերը, երբ տեսնեն ավետարանով անկեղծ ապրելու մեր օրինակը:

Ուրեմն, որո՞նք են մեր օրերի այն պարզ վարքագծերը, որոնք բալասան կդառնան մեր հոգիների համար՝ ամրացնելով Քրիստոսի և Նրա առաքելության մասին մեր վկայությունը:

Նկար
Woman on a train with a cell phone illuminating her face.

2014թ. National Geographic լուսանկարների մրցույթը ստացավ ավելի քան 9200 հայց պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների կողմից ավելի քան 150 երկրից: Հաղթող լուսանկարում պատկերված է մի կին, որը գտնվում է ուղևորներով լի գնացքի մեջ: Նրա բջջային հեռախոսից արձակվող լույսը լուսավորում է նրա դեմքը: Նա հստակ ուղերձ է հղում մյուս ուղևորներին՝ անկախ նրանից, որ նա ֆիզիկապես ներկա է, նա իրականում այնտեղ չէ:6

Բջջային հեռախոսները, սմարթֆոնները և սոցիալական կայքերը հիմնովին փոխել են աշխարհում մեր կենսակերպը և մյուսների հետ մեր փոխհարաբերությունները:

Այս թվային դարաշրջանում մենք կարող ենք այնքան արագ տեղափոխվել տարբեր վայրեր և ներգրավվել տարբեր գործունեությունների մեջ, որ կարող ենք արագ հեռանալ կյանքի համար կարևոր բաներից, որոնք լի են հարատև ուրախությամբ:

Չվերահսկվելու դեպքում, այս համացանցային դարում հնարավոր է նախապատվությունը տանք ոչ թե մեր ընտանիքի անդամների, այլ այն մարդկանց հետ հարաբերություններին, ում մենք չենք ճանաչում կամ երբեք չենք հանդիպել:

Մյուս կողմից մենք բոլորս գիտենք, որ օրհնված ենք ունենալով համացանցային հրաշալի ռեսուրսներ, այդ թվում՝ Եկեղեցու կողմից ստեղծված կայքեր, օրինակ սուրբ գրությունների և համաժողովի տեքստային և աուդիո տարբերակները, Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մասին տեսանյութերը, մեր ընտանիքի պատմությունը գրանցելու ծրագրերը և ոգեշնչող երաժշտություն լսելու հնարավորությունները:

Վճռորոշ դեր են խաղում այն ընտրություններն ու առաջնահերթությունները, որ մենք կատարում ենք համացանցում գտնվելու ընթացքում: Դրանցով է պայմանավորված ավետարանում մեր հոգևոր առաջընթացը, հասունությունը և ցանկությունը, որպեսզի մեր ներդրումն ունենանք ավելի լավ աշխարհ ստեղծելու և առավել բեղմնավոր կյանք ապրելու գործում:

Այդ պատճառով, այսօր ես կցանկանայի նշել երեք պարզ սովորություններ, որոնք կնպաստեն համացանցային առողջ գործունեությանը: Այդ սովորույթները կօգնեն ամեն օր մտորել, թե ինչն է մեզ համար կարևոր մեր Երկնային Հոր և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի ուսմունքներին էլ ավելի մոտենալու համար:

Սովորություն համար 1. Այցելեք Եկեղեցու պաշտոնական վեբկայքեր նյութեր գտնելու համար:

Շաբաթվա ընթացքում այդ կայքեր այցելություններ կատարելով մենք մշտապես ուշադիր կլինենք ավետարանի ուսմունքների հանդեպ և կխրախուսենք մեր ընտանիքին և ընկերներին հիմնականում մտածել և խորհրդածել, թե ինչն է առավել կարևոր:

Սովորություն համար 2. Գրանցվեք Եկեղեցու պաշտոնական սոցիալական ցանցերում:

Այդ ընտրության շնորհիվ դուք ձեր էկրանին կտեսնեք այն նյութերը, որոնք կարևոր են ձեր որոնումը և Տիրոջն ու Նրա ուսմունքների փնտրումը խորացնելու համար, և որոնք կամրացնեն ավետարանը հասկանալու ձեր ցանկությունը: Իսկ ամենակարևորն այն է, որ դա կօգնի ձեզ հիշել, թե ինչ է Քրիստոսն ակնկալում յուրաքանչյուրիցս:

Ճիշտ ինչպես «չկա լավ հող առանց լավ հողագործի»,7 նմանապես էլ լավ արդյունք չենք ստանա համացանցից, եթե ի սկզբանե առաջնահերթություններ չդնենք մեզ համար մատչելի նյութերի մեջ:

Սովորություն համար 3. Որոշ ժամանակով մի կողմ դրեք բջջային սարքերը:

Էլեկտրոնային սարքերը որոշ ժամանակով մի կողմ դնելը թարմացնում է, եթե փոխարենը բացեք ձեր սուրբ գրությունները կամ ժամանակ հատկացրեք զրուցելու ընտանիքի և ընկերների հետ: Հատկապես Տիրոջ օրը, զգացեք հաղորդության ժողովին մասնակցելու խաղաղությունը՝ առանց մշտապես ստուգելու նոր հաղորդագրությունները կամ նոր գրառումները:

Ձեր թվային սարքերը որոշ ժամանակով մի կողմ դնելու սովորությունը կհարստացնի և կընդլայնի ձեր տեսադաշտը, քանի որ կյանքը չի սահմանափակվում 10սմ էկրանով:

Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացեք իմ սերի մեջ»:8 Աստված ուզում է, որ մենք ունենանք ուրախություն և զգանք Նրա սերը: Քրիստոսը նման ուրախությունը հնարավոր է դարձնում մեզանից յուրաքանչյուրի համար: Մենք միջոցներ ունենք Նրան ավելի լավ ճանաչելու և Նրա ավետարանով ապրելու համար:

Ես իմ վկայությունն եմ բերում այն ուրախության մասին, որը գալիս է, երբ մենք պահում ենք պատվիրանները և այն խաղաղության ու ապահովության մասին, որ զգում ենք, երբ մնում ենք Երկնային Հոր և Նրա Որդու, մեր Փրկչի սիրո մեջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: