2010–2019 թթ․
Ավետարանի հավերժական հեռանկարը
Ապրիլ 2015


Ավետարանի հավերժական հեռանկարը

Հավերժությանը վերաբերող որոշումներ կայացնելու համար կարևոր է ունենալ ավետարանի հեռանկարը

Մովսեսին տրված հայտնությամբ մեզ ասվում է մեր Երկնային Հոր հայտնած մտադրությունը. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:1 Համաձայն այս խոսքերի Հոր ցանկությունն է յուրաքանչյուրին հնարավորություն տալ ստանալու լիարժեք ուրախությունը: Վերջին օրերի հայտնությունները ցույց են տալիս, որ մեր Երկնային Հայրը երջանկության մի վեհ ծրագիր է ստեղծել Իր բոլոր զավակների համար, մի հատուկ ծրագիր, որի շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ ապրելու Իր հետ:

Երջանկության այս ծրագրի գիտելիքը պարգևում է մեզ հավերժական հեռանկար և օգնում է իսկապես գնահատել պատվիրանները, արարողությունները, ուխտերը, ինչպես նաև փորձություններն ու նեղությունները:

Հիմնական մի սկզբունք ստանում ենք Ալմայից. «Հետևաբար, Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո»:2

Հետաքրքիր է նկատել ուսուցանման գործընթացի հաջորդականությունը: Մեր Երկնային Հայրը առաջին անգամ փրկագնման ծրագիրն ուսուցանեց Ադամին ու Եվային, և հետո Նա նրանց պատվիրաններ տվեց:

Սա մեծ ճշմարտություն է: Ծրագիրը հասկանալը կօգնի մարդկանց պահել պատվիրանները, կայացնել ավելի լավ որոշումներ, և ճիշտ դրդապատճառներ ունենալ:

Եկեղեցում ծառայելու ժամանակ, ես ականատես եղա եկեղեցու անդամների նվիրվածությանն ու հավատարմությանը տարբեր երկրներում, որոնցից մի քանիսում կային քաղաքական, սոցիալական, կամ տնտեսական հակամարտություններ: Մի ընդհանուր գործոն, որը ես հաճախ եմ տեսել այդ հավատարիմ անդամների մոտ, դա նրանց ունեցած հավերժության հեռանկարն է: Ավետարանի հավերժական հեռանկարի շնորհիվ մենք հասկանում ենք մեր տեղը, որը զբաղեցնում ենք Աստծո ծրագրում, ընդունում ենք դժվարությունները և աճում դրանց միջոցով, կայացնում որոշումներ, և մեր կյանքը կենտրոնացնում աստվածային ներուժի վրա:

Հեռանկարն այն միջոցն է, որի շնորհիվ մենք տեսնում ենք բաներ, երբ նայում ենք դրանց որոշակի հեռավորությունից, և դա թույլ է տալիս մեզ գնահատել դրանց իրական արժեքը:

Դա նման է անտառում գտնվելուն, երբ առջևում մի ծառ է կանգնած: Մինչև մենք մի փոքր հետ չքայլենք, չենք կարողանա հասկանալ, թե ինչ է անտառն իրականում: Մի անգամ ես այցելել եմ Ամազոնյան ջունգլիները Լետիցիայում, Կոլումբիա, Բրազիլիայի պերուական սահմանների մոտ: Ես չէի կարողանում գնահատել նրա չափերը, մինչև չթռչեցի նրա վրայով և չունեցա հեռապատկերը:

Երբ մեր երեխաները փոքր էին, նրանք դիտում էին մանկական հեռուստաալիքով ցուցադրվող մի ծրագիր, որը կոչվում էր Ի՞նչ եք տեսնում: Էկրանին շատ մոտիկից, մեծ չափերով ցուցադրվում էր մի բան, և երեխաները պետք է կռահեին, թե դա ինչ է, երբ պատկերն աստիճանաբար փոքրանում էր: Հենց որ առարկան ամբողջությամբ տեսանելի էր դառնում, կարելի էր հեշտությամբ ասել, որ դա կատու է, մի բույս, որևէ միրգ, և այլն:

Հիշում եմ, որ մի առիթով նրանք դիտում էին այդ ծրագիրը, և ինչ-որ մի բան շատ մոտիկից էր ցուցադրվում և շատ տգեղ տեսք ուներ նրանց կարծիքով, նույնիսկ, զզվելի, բայց երբ պատկերն փոքրացավ, նրանք հասկացան, որ դա մի ախորժելի պիցցա է: Այնուհետև նրանք ինձ ասացին. «Հայրիկ, կգնե՞ս մեզ համար դրանից»: Երբ նրանք հասկացան, թե դա ինչ էր, մի բան, որը սկզբից տհաճ էր թվացել, վերջում դարձավ շատ գրավիչ:

Թույլ տվեք կիսվել մեկ այլ փորձով: Մեր տանը, մեր երեխաները սիրում էին հավաքել փազլներ: Մենք երևի բոլորս հնարավորություն ենք ունեցել փազլ հավաքելու: Որոշ փազլներ կազմված էին բազմաթիվ փոքր կտորներից: Ես հիշում եմ, որ մեր երեխաներից մեկը (նրա անունը չեմ հայտնի ինքնությունը պաշտպանելու նպատակով), սովորաբար կենտրոնանում էր առանձին կտորների վրա, և երբ դրանցից մեկը չէր համապատասխանում այն տեղին, որտեղ նրա կարծիքով պետք է դա լիներ, նա զայրանում էր, մտածում էր, որ դա լավը չէ, և ցանկանում էր դեն նետել: Վերջապես նա սովորեց փազլ հավաքել, երբ հասկացավ, որ յուրաքանչյուր փոքր կտոր իր տեղն ունի վերջնական նկարի վրա, նույնիսկ, եթե նա չգիտի, թե տվյալ պահին այն որտեղ պետք է դրվի:

Սա Տիրոջ ծրագրի շուրջ խորհելու մի եղանակ է: Մենք չպետք է մտահոգվենք նրա յուրաքանչյուր մասի համար առանձին, փոխարենը փորձենք ամբողջ նկարը բերել մեր տեսադաշտ, մտովի հիշելով, թե վերջնական արդյունքն ինչպիսին կլինի: Տերը գիտի, թե յուրաքանչյուր կտորը որ տեղն է զբաղեցնում ծրագրում: Բոլոր պատվիրանները հավերժական նշանակություն ունեն՝ երջանկության մեծ ծրագրի շրջանակներում:

Չափազանց կարևոր է, որ մենք չկայացնենք հավերժական արժեքներ ունեցող որոշումներ մահկանացիության տեսանկյունից: Հավերժությանը վերաբերող որոշումների համար կարևոր է ունենալ ավետարանի հեռանկարը:

Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Թեև մենք կարող ենք կենտրոնանալ այն բաների վրա, որոնց համար ամենաշատը հույս ունենք հավերժությունում, որոշ բաներ, որոնց համար մենք հույս ունենք այս կյանքում, տարբերվում են: Մենք կարող ենք հուսալ աշխատավարձի բարձրացման համար, մի հատուկ տոնի համար, ընտրություններում հաղթանակ ունենալու, կամ մեծ տան համար, բաներ, որոնք կարող են կամ իրականանալ, կամ՝ ոչ: Հավատքը Հոր ծրագրի հանդեպ տոկունություն է տալիս մեզ, նույնիսկ երբ այս կարճաժամկետ հույսերը չեն իրականանում: Հույսը մեզ «ջերմեռանդ ներգրավված» է պահում բարի գործերի մեջ, նույնիսկ երբ թվում է, թե ջանքերն ապարդյուն են (տես ՎևՈւ 58.27)»:3

Հավերժական հեռանկար չունենալը, կամ այն կորցնելը կարող է տանել մեզ նրան, որ մենք ունենանք աշխարհիկ հեռանկար, ինչպիսին մեր անձնական չափանիշն է, և որոշումներ կայացնենք, որոնք ներդաշնակ չեն Աստծո կամքի հետ:

Մորմոնի Գրքում նշվում է Նեփիի դրսևորած վերաբերմունքը, և Լամանի ու Լեմուելի վերաբերմունքը: Նրանք բոլորը կրել էին բազմաթիվ չարչարանքներ և շատ դժվարություններ, սակայն, նրանց վերաբերմունքը դրանց նկատմամբ շատ տարբեր էր: Նեփին ասել է. «Եվ այնքան մեծ էին Տիրոջ օրհնությունները մեզ վրա, որ մինչ մենք անապատում ապրում էինք հում մսով, մեր կանայք առատ կուրծք էին տալիս իրենց երեխաներին և ուժեղ էին, այո, ճիշտ տղամարդկանց պես. և նրանք սկսեցին տանել իրենց ճամփորդություններն առանց տրտունջների»:4

Լամանն ու Լեմուելը, մյուս կողմից, դառնորեն բողոքում էին. «Եվ այսպես Լամանը և Լեմուելը, լինելով ավագները, տրտնջում էին իրենց հոր դեմ: Եվ նրանք տրտնջում էին, որովհետև չգիտեին գործերն այն Աստծո, որը ստեղծել էր իրենց»:5 «Գործերն … Աստծո» չիմանալը, կամ անտեսելը հավերժական հեռանկարը կորցնելու գործոններից մեկն է, և տրտնջալն ընդամենը դրա ախտանիշներից մեկն է: Չնայած նրան, որ Լամանը և Լեմուելը Նեփիի հետ միասին ականատես եղան բազմաթիվ հրաշքների, նրանք բացականչեցին, ասելով. «Եվ մենք թափառում ենք անապատում այսքան երկար տարիներ. և մեր կանայք տքնել են՝ երեխայով լինելով. և նրանք երեխաներ են ծնել անապատում և տարել են ամեն ինչ, բացի մահից. և ավելի լավ կլիներ, որ նրանք մահացած լինեին Երուսաղեմից դուրս գալուց առաջ, քան կրեին այս չարչարանքները»:6

Սրանք երկու տարբեր վերաբերմունքներ էին, չնայած որ նրանց կրած դժվարություններն ու չարչարանքները նման էին: Ակնհայտ է, որ նրանց հեռանկարները տարբեր էին:

Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը գրել է հետևյալը. «Եթե նայենք մահկանացիությանը որպես գոյության արդյունքի, ապա ցավը, վիշտը, ձախողումը, և կարճատև կյանքը կլինեն աղետ: Սակայն, եթե նայենք կյանքին որպես հավերժական երևույթի, որը գալիս է հեռվից՝ նախաերկրային անցյալից և շարունակվում է դեպի հավիտենական հետմահու ապագան, ապա բոլոր իրադարձությունները կարող են դիտվել պատշաճ հեռանկարով»:7

Երեց Դեյվիդ Բ. Հայթը մի պատմություն է պատմել քանդակագործ Միքելանջելոյի մասին, ամեն ինչ ճիշտ հեռանկարով տեսնելու կարևորությունը պատկերելու համար. «Երբ քանդակագործն աշխատում էր մարմարի մի կտորի վրա, մի տղա էր գալիս ամեն օր և ծածուկ դիտում էր: Երբ Դավթի արձանը նշմարվեց և հայտնվեց այդ քարից, պատրաստ, որ ամբողջ աշխարհը հիանա, տղան հարցրեց Միքելանջելոյին. «Որտեղի՞ց գիտեիք, որ նա այնտեղ էր»:8

Հեռանկարը, որով քանդակագործն էր տեսնում այդ մարմարի կտորը այլ էր, քան տղայինը, որը հետևում էր նրա աշխատանքին: Քարի մեջ պարփակված հնարավորությունների վարպետի տեսլականը թույլ տվեց նրան ստեղծել արվեստի գործը:

Տերը գիտի, թե ինչ է ցանկանում նվաճել մեզանից յուրաքանչյուրի հետ: Նա գիտի, թե ինչ տեսակ բարեփոխումներ է ցանկանում, որ լինեն մեր կյանքում, և մենք իրավունք չունենք խորհուրդ տալու Նրան: Նրա մտքերն ավելի բարձր են, քան մերը:9

Ես վկայում եմ, որ մենք ունենք սիրող, արդար և ողորմած Երկնային Հայր, ով պատրաստել է ծրագիր մեր հավերժական երջանկության համար: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է և աշխարհի փրկիչը: Ես գիտեմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է: Ես ասում եմ այս բաները Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: