2010–2019 թթ․
Սերմնացանի առակը
Ապրիլ 2015


Սերմնացանի առակը

Դա կախված է յուրաքանչյուրիցս, մենք պետք է դնենք առաջնահերթություններ և անենք բաներ, որոնք մեր հողը կդարձնեն պարարտ, իսկ մեր բերքը՝ առատ:

Գերագույն համաժողովի ելույթները հանձնարարվում են ոչ թե իշխանություն ունեցող մարդու կողմից, այլ Հոգու հուշումով: Շատ թեմաներ անդրադառնում են այն հոգսերին, որ բոլորս ունենք: Սակայն ճիշտ ինչպես Հիսուսը չէր ուսուցանում ինչպես հաղթահարել Իր օրերի դժվարությունները կամ քաղաքական ճնշումները, Նա սովորաբար ոգեշնչում է մեր օրերի Իր ծառաներին խոսել այն մասին, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի վերափոխենք մեր անձնական կյանքը և պատրաստվենք վերադառնալու մեր երկնային տուն: Այս զատկի օրերին ես զգացի, որ պետք է խոսեմ Հիսուսի առակներից մեկում բացահայտված թանկագին և հավիտենական ուսմունքների մասին:

Սերմնացանի առակը պատկանում է այն մի քանի առակների թվին, որոնք տեղ են գտել բոլոր երեք նմանատիպ Ավետարաններում: Դա նաև պատկանում է այն մի քանի առակների թվին, որոնք Հիսուսը մեկնաբանեց Իր աշակերտներին: Ցանված սերմը «արքայության խոսքն» էր (Մատթեոս 13.19), «խոսքը» (Մարկոս 4.14), կամ «Աստծո խոսքը» (Ղուկաս 8.11) – Վարդապետի և Նրա ծառաների ուսմունքները:

Տարբեր տեսակի հողերը, որտեղ ընկնում էին սերմերը, ներկայացնում էին թե ինչպիսի տարբեր ուղիներով են մարդիկ ստանում այդ ուսմունքները և հետևում դրանց: Ուստի, այն սերմերը, որոնք «ճանապարհի մոտ ընկան» (Մարկոս 4.4), չհասան պարարտ հողին, որտեղ կարող էին ծլարձակել: Դրանք այն ուսմունքներն են, որոնք ընկնում են կարծրացած կամ անպատրաստ սրտի մեջ: Ես այդ մասին ավելին չեմ խոսի: Իմ ուղերձը վերաբերում է մեզանից նրանց, ովքեր ստանձնել են լինելու Քրիստոսի հետևորդները: Ինչպե՞ս ենք մեր կյանքում վերաբերվում Փրկչի ուսմունքներին:

Սերմնացանի առակը զգուշացնում է մեզ այն հանգամանքների և վերաբերմունքի մասին, որ կարող է խանգարել ավետարանի ուղերձը ստացած մարդուն լավ բերք տալ:

I. Քարքարոտ հող, առանց արմատ

Որոշ սերմեր «ընկնում են քարքարուտ տեղ, շատ հող չկար, և շուտով բուսավ՝ հողը խոր չլինելուն համար. Եվ երբոր արեգակը ծագեց՝ տաքացավ և արմատ չունենալուն համար չորացավ» (Մարկոս 4.5–6):

Հիսուսը բացատրեց, որ սա նկարագրում է նրանց, ովքեր «երբոր խոսքը լսում են, շուտով ուրախությունով ընդունում են նորան», սակայն քանի որ «իրանց մեջ արմատ չունեին, … երբոր այն խոսքի համար նեղություն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղվում են» (Մարկոս 4.16–17):

Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ ունկնդիրներն «իրանց մեջ արմատ չունենան»: Դա նոր անդամների իրավիճակն է, ովքեր պարզապես դարձի են եկել առ միսիոներները, Եկեղեցու բազմաթիվ գրավիչ հատկանիշները կամ Եկեղեցու անդամության բազում լավ պտուղները: Խոսքի մեջ արմատներ չունենալով՝ ընդդիմության ի հայտ գալուն պես, նրանք նվաղում և չորանում են: Բայց նույնիսկ Եկեղեցում մեծացած լինելով և Եկեղեցու երկար տարիներ անդամ եղած անձինք կարող են հայտնվել մի իրավիճակում, որ արմատներ չունենան իրենց մեջ: Ես ճանաչել եմ որոշ անդամների, ովքեր հաստատուն և տևական դարձի չէին եկել առ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Եթե մենք արմատներ չենք գցել ավետարանի ուսմունքներում և չենք ապրում դրանցով, մեզանից ցանկացած ոք կարող է դառնալ քար սիրտ, որը քարքարոտ հող է հոգևոր սերմերի համար:

Հոգևոր սնունդ է անհրաժեշտ հոգևոր գոյատևման համար, հատկապես մի աշխարհում, որը հեռանում է առ Աստված հավատքից և ճշմարտության ու սխալի բացարձակություններից: Համացանցի այս դարում, երբ մեծարվում են հավատքը խաթարող հաղորդագրությունները, մեր հավատքը զորացնելու և ավետարանում արմատները պահելու համար մենք պետք է ամրացնենք հոգևոր ճշմարտության հանդեպ մեր դիրքորոշումը:

Երիտասարդներ, եթե այս ուսուցումը շատ ընդհանուր է թվում, կբերեմ մի հատուկ օրինակ: Եթե հաղորդության խորհրդանիշները սպասավորելու ընթացքում դուք հաղորդագրություն եք ուղարկում, շշնջում, խաղում տեսախաղ կամ տարվում մեկ այլ զբաղմունքով, ձեզ զրկելով հիմնական հոգևոր սննդից, դուք կտրում եք ձեր հոգևոր արմատները և տեղափոխվում քարքարոտ հողի վրա: Դուք խոցելի եք դառնում հոգևոր տկարության համար, երբ բախվում եք նեղությանը, ինչպիսին է՝ մեկուսացումը, ահաբեկումը կամ ծաղրը: Եվ սա չափահասներին էլ է վերաբերում:

Հոգևոր արմատների մեկ այլ պոտենցիալ կործանիչ է հանդիսանում ավետարանի կամ Եկեղեցու մասին թերի տեսակետը՝ արագացված ներկայիս տեխնոլոգիաների և ոչ միայն դրանց կողմից: Այդ սահմանափակ տեսակետը կենտրոնանում է որոշակի վարդապետության, գործունեության կամ ղեկավարի թերացման վրա և անտեսում է ավետարանի ծրագրի և դրանից բխող օրհնությունների ամբողջական համայնապատկերը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ներկայացրել է այդ թերի տեսակետի մի ցայտուն նկարագրություն: ԲՅՀ-ի լսարանին նա պատմել է քաղաքական մեկնաբանների մասին, ովքեր «բռնկվել էին» այն ժամանակվա լուրերի թողարկման ընթացքում: «Նրանք պերճախոս ձևով զայրույթով լի տարատեսակ վիրավորական խոսքեր էին ասում: … «Անշուշտ,- ավարտել էր նա,- այս ժամանակներում և տեղերում վիրավորանքներով խոսացողներն ընդունելի են»:1 Ի տարբերություն դրան, ավետարանում ամուր արմատներ ունենալու համար մենք պետք է մեղմ և չափավոր լինենք քննադատության մեջ և մշտապես ձգտենք ունենալ ավելի մեծ տեսադաշտ Աստծո փառահեղ աշխատանքի վերաբերյալ:

II. Փշեր.Այս աշխարհի հոգսերը և հարստության խաբեությունը

Հիսուսն ուսուցանեց, որ որոշ սերմեր «ընկան փշերի մեջ, և փշերը դուրս եկան և խեղդեցին նորան. և պտուղ չտուավ» (Մարկոս 4.7): Նա բացատրեց, որ այդ «նրանք են, որ խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերը և հարստութեան խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները մտնում են խոսքը խեղդում. և անպտուղ է լինում» (Մարկոս 4.18–19): Անշուշտ, սա է այն նախազգուշացումը, որին մենք բոլորս պետք է ականջ դնենք:

Նախ կխոսեմ հարստության խաբեության մասին: Անկախ նրանից մեր հոգևոր ճամփորդության որ հատվածում ենք գտնվում, դարձի ինչ կարգավիճակ ունենք, բոլորս էլ գայթակղվում ենք դրանով: Երբ մոտեցումները կամ առաջնահերթությունները կենտրոնացած են գույքի ձեռբերման, օգտագործման կամ պահպանման վրա, մենք դա կոչում ենք նյութապաշտություն: Այնքան շատ է խոսվել և գրվել նյութապաշտության մասին, որ քիչ բան կարելի է ավելացնել այստեղ:2 Ովքեր հավատում են այսպես կոչված բարգավաճման աստվածաբանությանը, տառապում են հարստության խաբեությունից: Հարստություն կամ էական եկամուտ ունենալը նշան չէ երկնային բարեհաճության, իսկ դրա բացակայությունը՝ երկնային անհավանության: Երբ Հիսուսն ասաց հավատարիմ հետևորդին, որ նա կարող էր ժառանգել հավերժական կյանքը, եթե միայն բաժաներ իր ողջ ունեցվածքը աղքատներին (տես Մարկոս 10.17–24), նա նշում էր, որ չարիքը ոչ թե հարստություն ունենալու, այլ դրա հանդեպ այդ հետևորդի վերաբերմունքի մեջ էր: Ինչպես բոլորս գիտենք, Հիսուսը գովաբանեց բարի Սամարացուն, ով օգտագործեց նույն մետաղադրամն իր մերձավորին ծառայելու համար, մինչդեռ Հուդան դա օգտագործեց իր Փրկչին դավաճանելու համար: Ամեն չարիքների արմատը ոչ թե փողն է, այլ սերը փողի հանդեպ (տես Ա Տիմոթեոս 6.10):

Մորմոնի Գիրքը պատմում է այն ժամանակի մասին, երբ Աստծո Եկեղեցին «սկսեց թերանալ իր առաջընթացի մեջ», (Ալմա 4.10) որովհետև «եկեղեցու ժողովուրդը սկսել էր … դնել իրենց սրտերը հարստությունների վրա ու աշխարհի ունայն բաների վրա» (Ալմա 4.8): Ով մեծ նյութական ունեցվածք ունի, գտնվում է հարստություններով և աշխարհիկ այլ բաներով հոգևորապես «ինքնաբավարարված լինելու» վտանգի տակ:3 Դա համապատասխան նախաբան է Փրկչի ուսմունքներից հաջորդի համար:

Առավել նուրբ փշերը, որոնք թուլացնում են ավետարանի խոսքի ազդեցությունը մեր կյանքում, աշխարհիկ ուժերն են, որոնք Հիսուսը կոչում էր «հոգսեր, հարստություն և կյանքի զվարճություններ» (Ղուկաս 8.14): Դրանք թվարկելու համար անչափ շատ են: Մի քանի օրինակները կբավականացնեն:

Մի առիթով Հիսուսը հանդիմանեց Իր գլխավոր Առաքյալին, ասելով Պետրոսին. «Դու գայթակղություն ես ինձ. որովհետև դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթեոս 16.23; տես նաև ՎևՈւ 3.6–7; 58.39): Միտք անել մարդկանց բաները նշանակում է այս աշխարհի հոգսերը վեր դասել Աստծո բաներից՝ մեր գործերով, մեր առաջնահերթություններով և մեր մտածելակերպով:

Մենք տրվում ենք «այս կյանքի հաճույքներին», երբ կախվածության մեջ ենք ընկնում, որը խաթարում է ազատ կամքի Աստծո թանկագին պարգևը, երբ մենք գայթակղվում ենք հասարակ շեղումներով, որոնք մեզ հեռացնում են հավերժական կարևորության բաներից, և երբ մենք ունենք արժանավորության մտածելակերպ, որը դանդաղեցնում է անձնական աճը, իսկ դա անհրաժեշտ է մեր հավերժական ճակատագրին արժանանալու համար:

Մենք տարվում ենք «այս կյանքի հոգսերով, երբ մեզ պատում է ապագայի հանդեպ վախը, որը խանգարում է մեզ հավատքով առաջ գնալ, վստահել Աստծուն և Նրա խոստումներին: Քսաներկու տարի առաջ ԲՅՀ-ի իմ պատվելի ուսուցիչը՝ Հյու Վ. Նիբլին խոսեց աշխարհի հոգսերով տարվելու վտանգի մասին: Մի հարցազրույցի ժամանակ նրան հարցրեցին, թե արդյոք աշխարհի պայմանները և ավետարանը տարածելու մեր պարտականությունը ցանկություն է առաջացնում ձգտել ինչ-որ կերպ «Եկեղեցու մեր գործելակերպով հարմարվել աշխարհին»:4

Նա պատասխանեց. «Դա եղել է Եկեղեցու ողջ պատմությունը, այնպես չէ՞: Պետք է կարողանաս վիրավորել, ռիսկի գնալ: Այդտեղ է, որ օգնության է հասնում հավատքը: … Մեր պարտականությունը փորձություն է, դա դժվար է, դա ձեռնտու չէ՝ այս աշխարհի չափանիշներով»:5

ԲՅՀ-ում մի քանի ամիս առաջ ավետարանի այդ առաջնահերթությունը հաստատեց, Ֆիլադելֆիայի արքեպիսկոպոս պատվելի կաթոլիկ ղեկավար Չարլզ Յ. Չապուտը: Խոսելով «ՎՕՍ և կաթոլիկ համայնքներին անհանգստացնող մտահոգություններից», որոնք են՝ «ամուսնության և ընտանիքի, սեռական բնույթի, մարդկային կյանքի սրբության և կրոնական ազատության հրատապ հարցերը», նա ասաց.

«Ես ցանկանում եմ կրկին շեշտել իրականում մեր համոզմունքներով ապրելու կարևորությունը: Դա պետք է առաջնահերթություն լինի, ոչ միայն մեր անձնական և ընտանեկան կյանքում, այլև եկեղեցում, մեր քաղաքական ընտրություններում, գործարքներում, աղքատներին վերաբերվելիս, այսինքն՝ մեր բոլոր գործերում:

Ահա թե ինչու է դա կարևոր: Սովորեք կաթոլիկ եկեղեցու փորձից: Մենք՝ կաթոլիկներս հավատում ենք, որ մեր նպատակը հասարակության մեջ թթխմորի դեր կատարելն է: Բայց մի նուրբ սահման կա հասարակության մեջ թթխմոր լինելու և հասարակության կողմից մարսվելու միջև»:6

Փրկչի զգուշացումն այն մասին, որ այս աշխարհի հոգսերով տարվելը խեղդում է Աստծո խոսքը մեր կյանքում, անկասկած, մեզ կոչ է անում մշտապես պահել մեր առաջնահերթություններն ու ցանկությունները Աստծո պատվիրանների և Նրա Եկեղեցու ղեկավարության շուրջ:

Փրկչի օրինակները գուցե մեզ ստիպում են այս առակը համարել հողի վերաբերյալ առակ: Հողի պիտանիությունը կախված է այն մարդու սրտից, որտեղ ընկնում է ավետարանի սերմը: Հոգևոր ուսմունքներն ընկալելու առումով որոշ սրտեր կարծրացած և անպատրաստ են, որոշ սրտեր քարացել են անգործությունից, իսկ որոշներն էլ՝ դրված են աշխարհի բաների վրա:

III. Ընկնել պարարտ հողի մեջ և պտուղ տալ

Սերմնացանի առակի վերջում Փրկիչը նկարագրում է այն սերմերը, որոնք «ընկան բարի երկրի վրա, և պտուղ էին տալիս» տարբեր չափերով (Մատթեոս 13.8): Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել լինելու այդ պարարտ հողը և լավ բերք ունենալ:

Հիսուսը բացատրեց, որ «այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են, և համբերությունով պտուղ են տալիս» (Ղուկաս 8.15): Մենք ունենք ավետարանի խոսքի սերմը: Դա կախված է յուրաքանչյուրիցս, մենք պետք է դնենք առաջնահերթություններ և անենք բաներ, որոնք մեր հողը կդարձնեն պարարտ, իսկ մեր բերքը՝ առատ: Մենք պետք է ձգտենք ամուր արմատներ գցել և դարձի գալ առ Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Կողոսացիս 2.6–7): Մենք այդ դարձին հասնում ենք աղոթքով, սուրբ գրություններն ընթերցելով, ծառայելով և մշտապես հաղորդությունը ճաշակելով, որպեսզի միշտ Նրա Հոգին մեզ հետ ունենանք: Մենք նաև պետք է ձգտենք սրտի այն մեծ փոփոխությանը (տես Ալմա 5.12–14), որը չար ցանկությունները և եսասեր մտահոգությունները փոխարինում է Աստծո սիրով և Նրա ու Նրա զավակներին ծառայելու ցանկությամբ:

Ես վկայում եմ այդ ամենի ճշմարտացիության մասին, և ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ում ուսմունքները ցույց են տալիս ուղին, և ում Քավությունը հնարավոր է դարձնում այդ ամենը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Gordon B. Hinckley, “Let Not Your Heart Be Troubled” (Brigham Young University devotional, Oct. 29, 1974), 1; speeches.byu.edu.

  2. Տես օրինակ, for example, Dallin H. Oaks, “Materialism,” chapter 5 in Pure in Heart (1988), 73–87.

  3. Ես պարտական եմ Երեց Նիլ Ա. Մաքսվեին այս հիշարժան նկարի համար (տես “These Are Your Days,” Ensign, Oct. 2004, 26):

  4. James P. Bell, in “Hugh Nibley, in Black and White,” BYU Today, May 1990, 37.

  5. Hugh Nibley, in “Hugh Nibley, in Black and White,” 37–38.

  6. Charles J. Chaput, “The Great Charter at 800: Why It Still Matters,” First Things, Jan. 23, 2015, firstthings.com/web-exclusives/2015/01/the-great-charter-at-800; see also Tad Walch, “At BYU, Catholic Archbishop Seeks Friends, Says U.S. Liberty Depends on Moral People,” Deseret News, Jan. 23, 2015, deseretnews.com/article/865620233/At-BYU-Catholic-archbishop-seeks-friends-says-US-liberty-depends-on-moral-people.html. Արքեպիսկոպոս Չապուտը նաև ասաց, որ «մեր լավագույն կաթոլիկ հաստատություններից մի քանիսը կամ կորցրել են կամ էլ մեծապես թուլացրել իրենց կրոնական ինքնությունը … Բրիգամ Յանգն արտասովոր համալսարան է … քանի որ դա իր կրոնական պատկանելությանը հարազատ մնացած կրթօջախ է: Մի կորցրեք դա» (“The Great Charter at 800”):