2010–2019 թթ․
Գայ քո արքայութիւնը
Ապրիլ 2015


Գայ քո արքայութիւնը

Նրա գալու միտքը արթնացնում է իմ հոգին։ Դա հափշտակիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բանի, ինչ մահկանացու աչքերը տեսել կամ զգացել են։

Մինչ մենք երգում էինք, ինձ խորապես հուզեց այն միտքը, որ հենց այս պահին հարյուր հազարավոր, միգուցե, միլիոնավոր հավատացյալ Սրբեր ավելի քան 150 երկրներում 75 զարմանահրաշ լեզուներով1 բարձրացնում են իրենց ձայներն առ Աստված՝ երգելով․

Եկ, Թագավորների Թագավոր։

Մենք երկար ենք սպասել քեզ։

Բժշկություն քո թևերին,

Ազատելու քո ժողովրդին։2

«Եկ, Թագավորների Թագավոր»։3 Մենք ողջ աշխարհով մեկ տարածված հավատացյալների մի շատ մեծ ընտանիք ենք, Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք։

Մենք մեզ վրա ենք վերցրել նրա անունը, և ամեն շաբաթ, մինչ ճաշակում ենք հաղորդությունը, մենք աղերսում ենք, որ հիշենք Նրան և պահենք Նրա պատվիրանները։ Մենք հեռու ենք կատարյալ լինելուց, սակայն մենք անլրջորեն չենք մոտենում մեր հավատքին։ Մենք հավատում ենք Նրան։ Մենք երկրպագում ենք Նրան։ Մենք հետևում ենք Նրան։ Մենք շատ ենք սիրում Նրան։ Նրա գործը աշխարհի ամենամեծ գործն է։

Մենք ապրում ենք, եղբայրներ և քույրեր, Տիրոջ Երկրորդ Գալստին նախորդող օրերում՝ մի ժամանակ, որին դարեր շարունակ երկար սպասել են հավատացյալները։ Մենք ապրում ենք պատերազմների և պատերազմների համբավների օրերում, բնական աղետների օրերում, օրերում, երբ աշխարհն ընկղմված է խառնաշփոթի մեջ։

Սակայն, մենք նաև ապրում ենք Վերականգնման փառահեղ ժամանակներում, երբ ավետարանը տարվում է ողջ աշխարհին, երբ Տերը խոստացել է, որ Նա «մաքուր մի ժողովուրդ կբարձրացնի»4 և կզինի նրանց «արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։5

Մենք ուրախանում ենք այս օրերում և աղոթում, որ կարողանանք խիզախաբար տանել մեր դժվարությունները և անորոշությունները։ Ոմանց դժվարություններն ավելի մտահոգիչ են, քան մյուսներինը, սակայն ոչ ոք ձերբազատված չէ դրանցից։ Երեց Նիլ Ա․ Մաքսվելը մի անգամ ինձ ասել է․«Եթե ամեն բան կատարյալ ձևով է ընթանում քեզ մոտ այս պահին, պարզապես սպասիր»։

Չնայած, որ Տերը կրկին ու կրկին վստահեցնում է մեզ, որ մենք «վախենալու կարիք չունենք»6, պարզ հեռանկար ունենալը և այս աշխարհից այն կողմ տեսնելը երբեմն հեշտ չէ, երբ մենք փորձությունների մեջ ենք։

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ինձ մի կարևոր դաս է սովորեցրել հավերժական հեռանկար ունենալու մասին։

Տասնութ տարի առաջ, մինչ գնացքով ճամփորդում էինք Շվեյցարիայում Նախագահ Մոնսոնի հետ, ես հարցրեցի նրան իր ծանր պարտականությունների մասին։ Նրա պատասխանն ամրացրեց իմ հավատքը․ «Առաջին Նախագահությունում,- ասաց նա,- մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ այս գործն առաջ տանելու համար։ Սակայն սա Տիրոջ գործն է և Նա է առաջնորդում այն։ Նա է գտնվում ղեկանիվի մոտ։ Մենք հիանում ենք, մինչ հետևում ենք, թե ինպես է Նա բացում դռներ, որոնք մենք չենք կարող բացել, և կատարում հրաշքներ, որոնք մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել»։7

Եղբայրներ և քույրեր, Տիրոջ հրաշքները տեսնելը և դրանց հավատալը, երբ հաստատում ենք Նրա թագավորությունը երկրի վրա, կարող է օգնել մեզ տեսնել և հավատալ, որ Տիրոջ ձեռքը գործում է նաև մեր իսկ կյանքում։

Տերը հայտարարել է․ «Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը»։8 Մեզանից յուրաքանչյուրը փորձում է անել իր մասը, սակայն Նա է գլխավոր ճարտարապետը։ Իր Հոր ղեկավարության ներքո Նա ստեղծեց այս աշխարհը։ «Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ»։9 Երբ մենք հոգևոր առումով արթուն ենք և զգոն, մենք տեսնում ենք Նրա ձեռքը ողջ երկրի վրա և մենք տեսնում ենք Նրա ձեռքը մեր իսկ անձնական կյանքում։

Թույլ տվեք կիսվել օրինակով։

1831թ․, երբ Եկեղեցում կային ընդամենը 600 անդամներ, Տերը հայտարարեց․ «Աստծո արքայության բանալիները վստահված են մարդուն երկրի վրա, և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը»։10

Նեփի մարգարեն կանխատեսել էր, որ մեր օրերում լինելու էին Եկեղեցու «թվով փոքր» անդամներ, եթե համենատենք աշխարհի բնակչության հետ, սակայն նրանք լինելու էին «ողջ երկրի երեսի վրա»։11

Իր թագավորությունը հաստատելու գործում Տիրոջ ձեռքի երեք գեղեցիկ օրինակներ են տաճարները, որոնք հայտարարվեցին այսօր Նախագահ Մոնսոնի կողմից։ Ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ ո՞վ կարող էր տաճարներ պատկերացնել Հաիթիում, Թայլանդում և Փղոսկրի Ափում։

Տաճարի տեղը չի որոշվում աշխարհագրական հարմարավետությունից ելնելով։ Տերը հայտնությամբ տալիս է այն Իր մարգարեին, հայտարարելով, որ մեծ աշխատանք պետք է կատարվի, և հաստատելով Սրբերի արդարակեցությունը, ովքեր կփայփայեն և հոգ կտանեն Իր տան համար սերնդե-սերունդ։12

Նկար
Thomas S. Monson of the Quorum of the Twelve Apostles, visiting Haiti. On April 17, 1983 he dedicated Haiti for the preaching of the gospel and also dedicated a site for the first meetinghouse to be built in Haiti. It was the first visit to the island by a member of the Quorum of the Twelve. (Ensign Aug. 1983, p. 79; Church News, May 22, 1983, p. 4)
Նկար
A group of Missionaries with Elder Andersen

Իմ կինը՝ Քեյթին, և ես այցելեցինք Հաիթի ընդամենը երկու տարի առաջ։ Բարձր լեռան վրա, որտեղից նայում էինք Պորտ-աու-Պրինցին, մենք միացանք Հաիթիի Սրբերին, նշելով Երեց Թոմաս Ս․ Մոնսոնի կողմից ընդամենը 30 տարի առաջ երկրի նվիրագործման օրը։ Մեզանից ոչ ոք չի մոռանա 2010թ․ Հաիթիի ավերիչ երկրաշարժը։ Հավատարիմ անդամների և միսիոներների խիզախ խմբի հետ միասին, որը կազմված էր հիմնականում հաիթցիներից, Եկեղեցին այս կղզում շարունակեց աճել և ամրանալ։ Այն թույլ է տալիս, որ հավատքիս շնորհիվ պատկերացնեմ Աստծո այս արդար Սրբերին սպիտակ հանդերձներով, որոնք ունեն սուրբ քահանայության զորությունը՝ ղեկավարելու և իրականացնելու սուրբ արարողություններ Տիրոջ տանը։

Նկար
Sathit and Juthamas Kaivaivatana of Bangkok Thailand.
Նկար
President Kaivaivatana and other members of the Thailand Bangkok Thailand North Stake leadership..

Ո՞վ կարող էր պատկերացնել Տիրոջ տունը Բանգկոկ գեղեցիկ քաղաքում։ Քրիստոնյաները ընդամենը 1 տոկոս են կազմում սկզբունքորեն բուդիստ համարվող Թայլանդում։ Ինչպես Հաիթիում, այնպես էլ Բանգկոկում մենք տեսնում ենք, որ Տերը հավաքել է երկրի ընտրյալներին։ Մինչ մենք այնտեղ էինք մի քանի ամիս առաջ, մենք հանդիպեցինք Սաթիթ և Ջութամաս Կաիվաիվաթանաներին և նրանց հավատարիմ երեխաներին։ Սաթիթը միացել էր Եկեղեցուն, երբ 17 տարեկան էր, և միսիա էր ծառայել իր հայրենիքում։ Ավելի ուշ նա հանդիպել էր Ջութամասին ինստիտուտում, և նրանք կնքվել էին Մանիլա, Ֆիլիպիններ Տաճարում։ 1933թ․ Կաիվաիվաթանաներին հարվածել էր մի մեքենա, որի վարորդը քնել էր, և Սաթիթը կաթվածահար էր եղել իր կրծքավանդակից ներքև։ Նրանց հավատքը երբեք չէր տատանվել։ Սաթիթը հարգված ուսուցիչ է Բանգկոկի Միջազգային Դպրոցում։ Նա ծառայում է որպես Թայլանդ Բանգկոկ Հյուսիսային Ցցի նախագահ։ Մենք տեսնում ենք Աստծո հրաշքներն Իր հիանալի գործում և մեր իսկ անձնական կյանքում։

Նկար
Couples in the Ivory Coast

Փղոսկրի Ափի Եկեղեցու հրաշքը հնարավոր չէ պատմել առանց երկու զույգերի անունները տալու՝ Ֆիլիպ և Աննելիս Ասսարդներ և Լյուսին և Ագատա Աֆֆոուներ։ Նրանք միացել են Եկեղեցուն, երբ երիտասարդ ամուսնացած զույգեր էին, մեկը Գերմանիայում, մյուսը՝ Ֆրանսիայում։ 1980-ականներին Ֆիլիպն ու Լյուսինը զգացել էին, որ պետք է վերադառնային իրենց հայրենի երկիրը՝ Աֆրիկա, կառուցելու Աստծո արքայությունը։ Քույր Ասսարդից, ով գերմանացի էր, իր ընտանիքը թողնելու և Եղբայր Ասսարդին թույլ տալու համար, որ թողներ իր աշխատանքը որպես կայացած մեխանիկ ինժեներ, արտասովոր հավատք պահանջվեց։ Երկու զույգերը առաջին անգամ հանդիպեցին Փղոսկրի Ափում և սկսեցին Կիրակնօրյա Դպրոցը։ Դա 30 տարի առաջ էր։ Աֆրիկյան այդ գեղեցիկ երկրում այժմ կա ութ ցից և 27000 անդամ։ Աֆֆոուսները շարունակեցին վեհանձնորեն ծառայել, ինչպես անում են նաև Ասսարդները, ովքեր վերջերս են ավարտել իրենց միսիան Աքքրա Չանա Տաճարում։

Կարո՞ղ եք տեսնել Աստծո ձեռքը, որ առաջ է տանում Իր գործը։ Կարո՞ղ եք տեսնել Աստծո ձեռքը Հաիթիի միսիոներների կամ Կաիվաիվաթանաների կյանքում։ Կարո՞ղ եք տեսնել Աստծո ձեռքը Ասսարդների և Աֆֆոուների կյանքում։ Կարո՞ղ եք տեսնել Աստծո ձեռքը ձեր իսկ կյանքում։

«Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն … բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում»։13

Աստծո հրաշքները տեղի են ունենում ոչ միայն Հաիթիում, Թայլանդում կամ Փղոսկրի Ափում։ Նայեք ձեր շուրջը։14 «Աստված հիշում է ամեն ժողովրդի, … այո, նա հաշվում է իր ժողովրդին, և նրա գթասրտությունը ողջ երկրի վրա է»։15

Երբեմն մենք կարողանում ենք տեսնել Տիրոջ ձեռքը ուրիշների կյանքում, սակայն խորհում ենք․ «Ինչպե՞ս ես կարող եմ ավելի պարզ տեսնել Նրա ձեռքը իմ իսկ կյանքում»։

Փրկիչն ասել է․

«Չերկմտիք»։16

«Մի վախենար»։17

«Ոչ մի [ճնճղուկ] չի ընկնիլ գետինն առանց ձեր Հոր [իմացության]։ …

Ուրեմն մի վախենաք․ [քանի որ] դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք»։18

Հիշեք պատանուն, ով աղաղակեց Եղիսե մարգարեին, երբ նրանք շրջապատված էին թշնամիներով․«Վա՜յ, ի՞նչ անենք»։19

Եղիսեն պատասխանեց․

«Մի վախենար․ որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները։

[Ապա] Եղիսէն աղօթք արաւ, … Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ․ եւ Տէրը բացաւ ծառայի աչքերը եւ նա տեսաւ[,որ] սարը լիքն էր հրեղէն ձիերով եւ կառքերով»։20

Երբ դուք պահեք պատվիրանները և հավատքով աղոթեք, ձեր կյանքում Տիրոջ ձեռքը տեսնելու համար, ես խոստանում եմ ձեզ, որ Նա էլ ավելի լայն կբացի ձեր հոգու աչքերը և դուք ավելի պարզ կտեսնեք, որ դուք մենակ չեք։

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մենք պետք է «անսասան կանգնենք նրա հավատքում, որը պիտի գա»։21 Իսկ ի՞նչ է գալու։ Փրկիչն աղոթել է․

«Մեր Հայր, որ երկնքումն ես․ սուրբ լինի քո անունը․

Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպես էլ երկրի վերայ»։22

Մենք բոլորս նոր երգեցինք՝ «Եկ, Թագավորների Թագավոր»։

Մեր հավատքը մեծանում է, մինչ մենք սպասում ենք Փրկչի երկիր վերադառնալու փառահեղ օրվան։ Նրա գալու միտքը արթնացնում է իմ հոգին։ Դա հափշտակիչ պահ է լինելու։ Այդ տեսարանը և դրա վեհությունը, մեծությունը և փառահեղությունը կգերազանցեն ամեն բանի, ինչ մահկանացու աչքերը տեսել կամ զգացել են։

Այդ օրը Նա չի գա «խանձարուրներով պատած, մսուրի մէջ դրած»23, այլ Նա կհայտնվի «երկնքի ամպերի մեջ՝ զորություն ու մեծ փառք հագած․ բոլոր սուրբ հրեշտակների հետ»։24 Մենք կլսենք «հրեշտակապետի … եւ Աստծո փողի» ձայնը։25 Արևը և լուսինը կխավարեն, և «աստղերը կնետվեն իրենց տեղերից»։26 Դուք և ես, կամ նրանք, ովքեր հետևում են մեզ, «սրբերը … աշխարհի [յուրաքանչյուր ծայրից]»27 «կկենդանացվեն և կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան»,28 և նրանք, ովքեր մահացել են արդարակեցության մեջ, նրանք նույնպես «կհափշտակվեն վեր, որ դիմավորնեն նրան երկնքի …մեջ»։29

Ապա, տեղի կունենա մի փորձառություն, որը գրեթե անհնար է պատկերացնել․«Ամեն մարմին,- ասում է Տերը,- միասին կտեսնի ինձ»։30 Ինչպե՞ս դա տեղի կունենա։ Մենք չգիտենք։ Սակայն ես վկայում եմ, որ դա տեղի կունենա․ ճիշտ այնպես, ինչպես մարգրեացվել է։ Մենք ակնածանքով ծնկի կիջնենք, «և Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն»։31 «Այն կլինի շատ ջրերի ձայնի պես, և ուժեղ ամպրոպի ձայնի պես»։32 «[Ապա] Տերը … Փրկիչը, կկանգնի իր ժողովրդի մեջ»։33

Այնտեղ կլինի երկնքի հրեշտակների խմբերի և երկրի վրա գտնվող Սրբերի անմոռանալի միավորում։34 Սակայն, ամենակարևորը, ինչպես Եսայիան է հայտարարել. «Երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը»35 և Նա «կթագավորի ամեն մարմնի վրա»։36

Այդ օրը թերահավատները կլռեն, «քանզի ամեն ականջ պիտի լսի … , և ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի»,37 որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչը և Քավիչը։

Այսօր Զատիկ է։ Ողջ աշխարհի քրիստոնյաների հետ միասին մենք ուրախանում ենք Նրա փառահեղ Հարության համար և մեզ իսկ խոստացված հարության համար։ Թող որ մենք պատրաստվենք Նրա գալստին, վերհիշելով այս փառահեղ իրադարձությունները կրկին ու կրկին մեր իսկ մտքում և նրանց հետ, ում սիրում ենք, և թող Նրա աղոթքը լինի մեր աղոթքը․ «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպես էլ երկրի վերայ»։38 Ես վկայում եմ, որ Նա ապրում է։ «Եկ, Թագավորների Թագավոր»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Թեև ընդհանուր առմամբ գերագույն համաժողովը թարգմանվում է 94 լեզուներով, ոչ բոլոր լեզուները կամ ոչ բոլոր նիստերն են միաժամանակ հեռարձակվում։ Այս գերագույն համաժողովի կիրակի առավոտյան նիստի ժամանակ հեռարձակումը տեղի է ունեցել 75 լեզուներով։

  2. «Եկ, Թագավորների Թագավոր», Hymns, no. 59։

  3. Երեքշաբթի օրը՝ 2015թ․ մարտի 31-ին, Առաջին Նախագահության գրասենյակից ինձ նամակ ուղարկեցին, բացատրելով, որ ես պետք է խոսեի կիրակի օրը ցերեկը՝ ապրիլի 5-ին, անմիջապես հետևելով «Եկ, Թագավորների Թագավոր» օրհներգին։ Փարլի Պ. Պրատի կողմից գրված Վերականգնման այս հրաշալի օրհներգի բառերը խոնարհ աղերսանք է ուղղված Փրկչին, որ վերադառնա երկիր։ Այնտեղ զետեղված է համաժողովի իմ ելույթի ուղերձը, հավանաբար, ավելի զորեղ կերպով, քան որևէ այլ օրհներգում, որ մենք երգում ենք։ Ես խորապես հուզվեցի, երբ ամենուր գտնվող հավատացյալ Սրբերը միավորված Զատկի կիրակի օրը, բարձրացրեցին ձայներն առ Աստված և միասին երգեցին «Եկ, Թագավորների Թագավոր։ Մենք երկար ենք սպասել քեզ»։ Գիտակցելով, որ ես անձամբ ոչ մի ներդրում չեմ ունենում կապված գերագույն համաժողովի երաժշտության հետ, ես մտածեցի, որ նրանք, ովքեր պատասխանատու են երաժշտության համար, կարդացել էին համաժողովի իմ ելույթը, որ վերնագրված էր «Գայ քո արքայութիւնը» և ապա ընտրել այս օրհներգը, որը Փրկչի Երկրորդ Գալուստի մասին է։ Ավելի ուշ ես իմացա, որ Թաբերնաքլի Երգչախմբի ղեկավարությունը առաջարկել էր օրհներգը Առաջին Նախագահությանը մարտի սկզին, շաբաթներ առաջ, մինչ ես կուղարկեի իմ ելույթը Առաջին նախագահությանը՝ թարգմանության համար։ Վերջին անգամ «Եկ, Թագավորների Թագավոր» օրհներգը գերագույն համաժողովի ժամանակ երգել են 2002թ․ հոկտեմբերին։ Մեզանից յուրաքանչյուրը փորձում է կատարել իր մասը, սակայն Նա է մեծ ճարտարապետը։

  4. Վարդապետություն և Ուխտեր 100․16։

  5. 1 Նեփի 14․14։

  6. Վարդապետություն և Ուխտեր 10․55։

  7. Անձնական փորձառություն, մայիս 1997թ․։

  8. 2 Նեփի 27․20։

  9. Հովհաննես Ա․3։

  10. Վարդապետություն և Ուխտեր 65․2։

  11. 1 Նեփի 14․12։

  12. 2001թ․ աշնանը, մինչ ապրում էի Բրազիլիայում, ես ոգևորությամբ կիսվում էի Առաջին նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետ բազմաթիվ տպավորիչ փաստերով, որոնք վերաբերում էին Սրբերին, ովքեր ապրում էին Քուրիթիբա քաղաքում, հույս ունենալով, որ նա այդ տեղեկությունները կփոխանցեր Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին։ Նախագահ Ֆաուստը ընդհատեց իմ խոսքը․ «Նեյլ,- ասաց նա,- մենք չենք փորձում ազդել Նախագահի վրա՝ ի շահ որոշակի հարցի։ Որոշումը, թե որտեղ պետք է կառուցվի տաճար, կայացվում է Տիրոջ և Նրա մարգարեի միջև»։ Քուրիթիբա Բրազիլիա Տաճարը նվիրագործվեց 2008թ․։

  13. Վարդապետություն և Ուխտեր 59․21։

  14. Տիրոջ ձեռքով կատարված մեծ հրաշքներից մեկն Իր թագավորության տարածումն է Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նահանգի քաղաքներում և գյուղերում։ Ահա մեկ օրինակ։ 2006թ․ինձ հանձնարարեցին ներկա գտնվելու ցցի համաժողովին Դենթոնում, Տեխաս։ Ես մնացի ցցի նախագահի՝ Նախագահ Վաուգն Ա Անդրուսի տանը։ Քույր Անդրուսը պատմեց ինձ Դենթոնի վաղ շրջանի Եկեղեցու մասին, որի հիմքերը դրել էին նրա ծնողները՝ Ջոն և Մարգարեթ Փորթերները։ Այնտեղ սկզբում կար միայն Կիրակնօրյա Դպրոց։ Սակայն Փորթերները ավետարանով կիսվեցին Ռագսդալների հետ, որքեր իրենց հերթին կիսվեցին Նոբլների և Մարտինոների հետ։ Միսիոներները, իհարկե, ավելացրեցին իրենց կարևորագույն ներդրումը։ Շատ ընտանիքներ միացան Եկեղեցուն։ Ուրիշներն էլ արևմուտքից տեղափոխվեցին Դենթոն։ Այսօր այնտեղ, ուր կար մի փոքրիկ ճյուղ, այժմ կա չորս ցից, և Մարտինոների որդիներից մեկը՝ Երեց Բ. Մարտինոն, ով միացել էր Եկեղեցուն, երբ 17 տարեկան էր, ծառայում է որպես Եկեղեցու Բարձրագույն Իշխանավոր։

  15. Ալմա 26․37։

  16. Մատթեոս ԻԱ․21։

  17. Մարկոս Ե․36։

  18. Մատթեոս Ժ․29, 31։

  19. Դ Թագավորաց Զ․15։

  20. Դ Թագավորաց Զ․16–17։

  21. Մոսիա 4․11։

  22. Մատթեոս Զ․9–10, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 65․6։

  23. Ղուկաս Բ․12։

  24. Վարդապետություն և Ուխտեր 45․44։

  25. Ա Թեսաղոնիկեցիս Դ․16։

  26. Վարդապետություն և Ուխտեր 133․49։

  27. Վարդապետություն և Ուխտեր 45․46։

  28. Վարդապետություն և Ուխտեր 88․96։

  29. Վարդապետություն և Ուխտեր 88․97։

  30. Վարդապետություն և Ուխտեր 101․23։

  31. Վարդապետություն և Ուխտեր 45․49։

  32. Վարդապետություն և Ուխտեր 133․22։

  33. Վարդապետություն և Ուխտեր 133․25։

  34. Տես Մոսիա 7․63։

  35. Եսայիա ԾԲ․10։

  36. Վարդապետություն և Ուխտեր 133․25։

  37. Վարդապետություն և Ուխտեր 88․104։

  38. Մատթեոս Զ․10։