2010–2019 թթ․
Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում:
Ապրիլ 2015


Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում:

Ընտանիքը կյանքի առանցքն է և հավերժական երջանկության բանալին

Անցյալ նոյեմբերին ես պատիվ ունեի նախագահ Հենրի Բ. Այրինգի և եպիսկոպոս Ժերալդ Կոսեի հետ միասին հրավիրվելու Վատիկանում (Հռոմ, Իտալիա) կայանալիք ամուսնությանը և ընտանիքին նվիրված կոնֆերանսին: Ներկա էին 14 տարբեր հավատքների կրոնական ներկայացուցիչներ՝ վեց մայրցամաքներից, բոլորը հրավիրված էին իրենց մտքերն արտահայտելու այն թեմայի շուրջ, թե ինչ է տեղի ունենում ընտանիքի հետ ներկայիս աշխարհում:

Նկար
President Henry B. Eyring, Bishop Gerald Causse and Elder Perry in Rome

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոնֆերանսի առաջին նիստի բացումն արեց հետևյալ արտահայտությամբ. «Մենք այժմ ապրում ենք աշխարհիկ մշակույթի ներքո, որում ավելի ու ավելի շատ մարդիկ պարզապես հրաժարվում են ամուսնությունից, որպես հանրային պարտավորություն: Այս վարվեցողության և բարոյականության հեղափոխությունը հաճախ ազատության դրոշի տակ է հանդես գալիս, սակայն, ըստ էության, այն բերել է հոգևոր և նյութական ավերածություն անթիվ մարդկանց, հատկապես՝ ամենաաղքատ և խոցելի: … Հենց նրանք են ամենաշատը տառապում այս ճգնաժամից»:1

Դիմելով աճող սերնդին, նա ասաց, որ կարևոր է, որ նրանք «չհանձնվեն աշխարհիկի թունավոր [մտածողությանը], այլ, ավելի շուտ, հեղափոխականներ լինեն՝ քաջություն ունենալով փնտրելու իսկական և տևական սեր, դեմ գնալով ընդունված ձևաչափերին», նրանք պետք է դա անեն:2

Նկար
Synod hall with the faith leaders on the marriage summit

Բացմանը հաջորդեց կրոնական առաջնորդների հետ երեքօրյա ներկայացում և քննարկում, որի ընթացքում խոսվեց տղամարդու և կնոջ միջև ամուսնության մասին: Լսելով աշխարհի կրոնական ղեկավարների բավական լայն զանգվածին, ես իմացա, որ նրանք լիովին համաձայն են միմյանց հետ և իրենց աջակցությունն են հայտնում մեկը մյուսի հավատքի հետ կապված՝ ամուսնության կարգման սրբության և ընտանիքների կարևորության վերաբերյալ, որպես հասարակության հիմնական միավորների: Ես ունեցա նրանց հետ ընդհանրության ու միասնության մի հզոր զգացում:

Այնտեղ շատերը կային, որ նկատեցին ու արտահայտեցին այս միասնությունը, և նրանք դա տարբեր եղանակներով արեցին: Ինձ դուր եկավ մի մահմեդական մտավորական Իրանից, ով բառացիորեն մեջբերեց երկու պարբերություն «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» մեր հռչակագրից:

Համագումարի ընթացքում ես նկատեցի, որ երբ տարբեր հավատքներ, դավանանքներ և կրոններ միասնական են ամուսնության և ընտանիքի հարցում, նրանք նաև միասնական են այն արժեքների, հավատարմության ու նվիրվածության հարցում, որոնք, բնականաբար, կապված են ընտանիքի միավորի հետ: Ինձ համար հատկանշական էր տեսնելը, թե ինչպես են ամուսնության և ընտանիքի վրա կենտրոնացած առաջնահերթությունները կոտրում քաղաքական, տնտեսական, կամ կրոնական տարբերություններն ու առաջնային դառնում: Երբ խոսքը վերաբերում է ամուսնու կամ կնոջ սիրուն և հույսին, անհանգստություններին, և երեխաների հետ կապված մեր երազանքներին, մենք բոլորս նույնն ենք:

Նկար
President Henry B. Eyring speaking in a news room.

Սքանչելի էր հանդիպումներ ունենալ ներկայացուցիչների հետ ամբողջ աշխարհից, քանի որ նրանք համընդհանուր ուղղում էին իրենց զգացմունքները տղամարդու և կնոջ միջև ամուսնության կարևորության շուրջ: Նրանց յուրաքանչյուր ելույթը ուղեկցվում էր վկայություններով՝ կրոնական մյուս առաջնորդների կողմից: Կոնֆերանսի վերջին վկայությունը բերեց նախագահ Հենրի Բ. Այրինգը: Նա հզոր վկայություն բերեց ամուսնության գեղեցկության մասին և որ մենք հավատում ենք հավերժական ընտանիքների խոստացված օրհնությանը:

Նախագահ Այրինգի վկայությունն արժանի ավարտ էր այդ երեք հատուկ օրերի համար:

Այժմ, հնարավոր է դուք հարցնեք. «Եթե մեծամասնությունը զգաց այդ նմանությունը ընտանիքի առաջնահերթության և համոզմունքների միջև, եթե բոլոր այդ հավատքներն ու կրոնները, ըստ էության, համաձայնել են նրա հետ, թե ինչպիսին պետք է լինի ամուսնությունը, և եթե նրանք բոլորը համաձայնել են այն արժեքին, որը պետք է սահմանվի տների և ընտանեկան հարաբերությունների հարցում, ապա ինչո՞վ ենք մենք տարբերվում: Ինչպե՞ս է տարբերվում և առանձնանում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մնացյալ աշխարհից»:

Ահա պատասխանը. Մինչդեռ հրաշալի էր տեսնել և զգալ, որ մենք այդքան ընդհանուր բաներ ունենք մնացած աշխարհի հետ մեր ընտանիքների առումով, միայն մենք ունենք վերականգնված ավետարանի հավերժական հեռանկարը:

Այն, ինչ քննարկման է դնում վերականգնված ավետարանը ամուսնության և ընտանիքի վերաբերյալ, այնքան մեծ է ու այնքան կարևոր, որ այն պետք է հստակ հնչի. մենք դարձնում ենք այս թեման հավերժական: Մենք տանում ենք ամուսնության նվիրվածությունն ու սրբությունը ավելի բարձր մակարդակի, մեր հավատքի և հասկացողության շնորհիվ, որ ընտանիքները եղել են մինչև այս երկրի արարումը և որ նրանք կարող են շարունակվել հավերժ:

Այս վարդապետությունը շատ պարզ, զորավոր և գեղեցիկ ձևով ուսուցանվում է Երեխաների խմբի երգի համար գրված Ռութ Գարդների խոսքերում. «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել»: Դադար առեք մի պահ և մտածեք երեխաների մասին ամբողջ աշխարհում, ովքեր լիաթոք երգում են այս երգն իրենց մայրենի լեզվով, այնպիսի ոգևորությամբ, որը կարող էր առաջացնել միայն սերն ընտանիքի հանդեպ.

«Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել

Երկնային Հոր ծրագրի շնորհիվ:

Ուզում եմ միշտ լինել ընտանիքիս հետ,

Տերը ցույց է տվել՝ թե ինչպես»:3

Մեր վերականգնված ավետարանի ամբողջ թեոլոգիան կենտրոնացած է ընտանիքների և ամուսնության նոր ու հավիտենական ուխտի վրա: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք հավատում ենք նախաերկրային կյանքին, որտեղ մենք բոլորս ապրել ենք, որպես Աստծո՝ մեր Երկնային Հոր իրական հոգևոր զավակներ: Մենք հավատում ենք, որ Նրա ընտանիքի անդամներն ենք եղել և շարունակում ենք լինել:

Մենք հավատում ենք, որ ամուսնությունը և ընտանեկան կապերը կարող են շարունակվել մահից հետո, որ ամուսնությունները, որոնք կատարվում են Նրա տաճարում, նրանց կողմից, ովքեր ունեն համապատասխան իշխանություն, շարունակելու են գործել գալիք աշխարհում: Մեր ամուսնության արարողությունները բացառում են «մինչև մահը մեզ բաժանի» արտահայտությունը, դրա փոխարեն ասելով «ժամանակի և ողջ հավերժության համար»:

Մենք նաև հավատում ենք, որ ամուր ավանդական ընտանիքները հիմնական միավորներն են ոչ միայն կայուն հասարակության, տնտեսության, և կայուն մշակույթի արժեքների, այլ նաև հիմնական միավորներն են հավերժության և Աստծո թագավորության ու կառավարության:

Մենք հավատում ենք, որ երկնքի կազմակերպությունը և կառավարությունը կկառուցվի ընտանիքների և ընդլայնված ընտանիքների շուրջ:

Մեր հավատքի շնորհիվ, որ ամուսնությունները և ընտանիքները հավերժ են, մենք, որպես եկեղեցի, ուզում ենք առաջնորդ և մասնակից լինել աշխարհի շարժումներին, ամրապնդելով դրանք: Մենք գիտենք, որ ոչ միայն նրանք, ովքեր ակտիվ են հոգևոր առումով, կիսում են հավերժ ամուսնությունների և ամուր ընտանեկան հարաբերությունների ընդհանուր արժեքներն ու առաջնահերթությունները: Մեծ թվով աշխարհիկ մարդիկ եկել են այն եզրակացության, որ հավատարիմ ամուսնությունը և ընտանեկան ապրելակերպը՝ ապրելու ամենազգայուն, ամենատնտեսող և ամենաերջանիկ ուղին է:

Ոչ ոք դեռ չի բացահայտել հաջորդ սերունդը մեծացնելու ավելի արդյունավետ եղանակ, քան ամուսնացած ծնողներից և նրանց երեխաներից կազմված «ընտանիքը»:

Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամենուրեք: Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ամուսնությունը շարունակում է մնալ բոլոր տարիքային խմբերի մարդկանց մեծամասնության երազանքն ու հույսը, նույնիսկ այս վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ապրող սերնդի համար, երբ մենք այսքան շատ ենք լսում ամուրի մնալու, անձնական ազատության և ամուսնության փոխարեն միասին պարզապես ապրելու մասին: Փաստն այն է, որ մարդկանց զգալի մեծամասնությունն ամբողջ աշխարհում դեռ ցանկանում է երեխաներ ունենալ և ստեղծել ամուր ընտանիքներ:

Երբ մենք ամուսնացած ենք և երբ երեխաներ ունենք, ապա ողջ մարդկության համար ընդհանրությունն ավելի ակնհայտ է դառնում: Որպես «ընտանիքի կողմնակիցներ», անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում կամ ինչպիսի կրոնական համոզմունքներ ունենք, մենք ունենում ենք նույն ձգտումները, նույն հարմարվողականությունը, հույսը, անհանգստությունն ու երազանքները մեր երեխաների վերաբերյալ:

Ինչպես ասել է New York Times-ի լրագրող Դեյվիդ Բրուքսը. «Մարդիկ ավելի լավ կյանքով չեն ապրում, երբ նրանց առավելագույն անձնական ազատություն է տրվում՝ անելու այն, ինչ ուզում են: Նրանք ավելի լավ կյանք են ունենում, երբ կապված են պարտավորություններով, որոնք ավելի առաջնային են, քան իրենց անձնական ընտրությունը. պարտավորություններ՝ ընտանիքի, Աստծո, աշխատանքի և երկրի հանդեպ»:4

Խնդիր կա, որ աշխարհի առաջարկած լրատվամիջոցներն ու ժամանցային ծրագրերը չեն համապատասխանում մարդկանց մեծամասնության առաջնահերթություններին և արժեքներին: Ինչևէ, մեր հեռուստատեսությունը, ֆիլմերը, երաժշտությունը, և համացանցը մեծամասամբ առաջարկում են այն դասական տարբերակը, երբ փոքրամասնությունը հանդես է գալիս որպես մեծամասնություն: Անբարոյականությունն ու այլասերվածությունը, սկսած ծայրաստիճան բռնությունից, ավարտած ազատ սեռական հարաբերություններով, մատուցվում են որպես նորմալ երևույթ և կարող են պատճառ դառնալ, որ նրանք, ովքեր բարոյական չափանիշներ ունեն, զգան իրենց հետամնաց՝ անցյալ դարաշրջանի մարդիկ: Այսպիսի լրատվության և համացանցային գերակայության աշխարհում երբեք այսքան դժվար չի եղել մեծացնել պատասխանատու երեխաներ, և միասնական պահել ամուսնություններն ու ընտանիքները:

Չնայած նրան, թե ինչ կարող են առաջարկել լրատվամիջոցների և ժամանցային կենտրոնների մեծամասնությունը, և չնայած որոշ մարդկանց՝ ամուսնությունից և ընտանիքից շեղվելու միտմանը, մարդկության զգալի մեծամասնությունը դեռ հավատում է, որ ամուսնությունը պետք է լինի մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև: Նրանք հավատում են ամուսնական հավատարմությանը, և ամուսնական երդմանը. «հիվանդության և առողջության» և «մինչև մահը կբաժանի մեզ»:

Մենք պետք է մեկընդմիշտ հիշենք, ինչպես ինձ հիշեցվեց Հռոմում, այն հրաշալիորեն վստահեցնող և մխիթարող փաստը, որ ամուսնությունն ու ընտանիքը դեռևս մարդկանց մեծ մասի ձգտումն ու երազանքն է, և որ մենք միայնակ չենք այդ համոզմունքներում: Երբեք այսքան դժվար չի եղել գտնել իրական հավասարակշռություն աշխատանքի, ընտանիքի և անձնական կարիքների միջև, որքան այժմ՝ մեր օրերում է: Որպես եկեղեցի, մենք ցանկանում ենք աջակցել, ինչպես կարող ենք, ամուր ամուսնություններ և ընտանիքներ ստեղծելու և քաջալերելու հարցում:

Սա է պատճառը, որ եկեղեցին ակտիվորեն մասնակցում է և ղեկավարություն ստանձնում տարբեր կոալիցիաներում և միասնական ջանքերում, որոնք ուղղված են ընտանիքն ամրապնդելուն: Սա է պատճառը, որ մենք տարածում ենք ընտանիքի վրա կենտրոնացած արժեքները մամուլում և սոցիալական լրատվամիջոցներում: Սա է պատճառը, որ մենք կիսում ենք մեր ծագումնաբանական և ընդլայնված ընտանեկան պատմությունները բոլոր ազգերի հետ:

Մենք ցանկանում ենք, որ մեր ձայնը լսվի՝ դեմ լինելով բոլոր կեղծ և այլընտրանքային ապրելաձևերին, որոնք փորձում են փոխարինել ընտանեկան կազմակերպությանը, որն Աստված Ինքն է ստեղծել: Մենք ցանկանում ենք նաև, որ մեր ձայնը լսվի՝ հաստատելով այն ուրախությունն ու կատարելությունը, որ բերում են ավանդական ընտանիքները: Մենք պետք է շարունակենք արտահայտել մեր կարծիքն ամբողջ աշխարհում, հայտարարելով, թե ինչու են ամուսնությունն ու ընտանիքն այդքան կարևոր, որ ամուսնությունն ու ընտանիքը, իրոք, նշանակություն ունեն, և միշտ կունենան:

Իմ եղբայրներ և քույրեր, վերականգնված ավետարանը կենտրոնանում է ամուսնության և ընտանիքի վրա: Նաև ամուսնության և ընտանիքի հարցում է, որ մենք կարող ենք լավագույնս համախմբվել մյուս հավատքների հետ: Ամուսնության և ընտանիքի շուրջ է, որ մենք կարող ենք մեծ ընդհանրություն գտնել ամբողջ աշխարհի հետ: Ամուսնության և ընտանիքի շուրջ է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեծագույն հնարավորությունն ունի՝ լինելու լուսը լեռան վրա:

Թույլ տվեք ավարտել, վկայություն բերելով (և իմ ինը տասնյակ տարիներն այս երկրի վրա լիովին որակավորում են ինձ ասելու դա), որ որքան ես մեծանում եմ, այնքան ավելի եմ գիտակցում, որ ընտանիքը կյանքի առանցքն է և հավերժական երջանկության բանալին:

Ես շնորհակալ եմ իմ կնոջ համար, իմ երեխաների համար, թոռներիս ու ծոռներիս, և բոլոր զարմիկներիս, հարսներիս ու փեսաներիս, և ընդլայնված ընտանիքիս համար, ովքեր դարձնում են իմ սեփական կյանքն այսքան հարուստ, և, այո՜, նույնիսկ հավերժական: Այս հավերժական ճշմարտության մասին ես բերում եմ իմ ամենաամուր և ամենասուրբ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը՝ Humanum: An International Interreligious Colloquium on the Complementarity of Man and Woman, Nov. 17, 2014, humanum.it/en/videos; տես նաև zenit.org/en/articles/pope-francis-address-at-opening-of-colloquium-on-complementarity-of-man-and-woman:

  2. Հռոմի պապ Ֆրանցիսկոս, Colloquium on the Complementarity of Man and Woman.

  3. «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», Օրհներգեր, համ. 300:

  4. David Brooks, “The Age of Possibility,” New York Times, Nov. 16, 2012, A35, nytimes.com/2012/11/16/opinion/brooks-the-age-of-possibility.html.