2010–2019 թթ․
Ամառը մեծ մորաքույր Ռոզի հետ
Հոկտեմբեր 2015


Ամառը մեծ մորաքույր Ռոզի հետ

Երբ դուք քայլեք աշակերտ լինելու ձեր լուսավոր ճամփով, ես աղոթում եմ, որ հավատքն ամրացնի յուրաքանչյուր ձեր քայլը։

Իմ սիրելի քույրեր և հարգելի ընկերներ։ Ուրախ եմ այսօր ձեզ հետ լինել և երախտապարտ եմ մեր սիրելի Մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի ներկայության համար։ Նախագահ, մենք սիրում ենք ձեզ։ Մենք վշտացած ենք մեր երեք թանկագին ընկերների և Տիրոջ ճշմարիտ առաքյալների կորստով։ Մենք կարոտում ենք Նախագահ Փաքերին, Երեց Փերիին և Երեց Սքոտին: Մենք աղոթում ենք նրանց ընտանիքների և ընկերների համար։

Միշտ անհամբերությամբ եմ սպասում համաժողովի այս նիստին՝ հրաշալի երաժշտությունը և ոգեշնչված քույրերի խորհուրդները մեծ առատությամբ են Հոգին հրավիրում։ Ձեր շրջապատում ես ավելի լավ մարդ եմ դառնում։

Խորհելով այսօրվա ելույթի մասին, ես մտածեցի Փրկչի մտքերի շուրջ։ Հետաքրքիր է, թե ինչպես նա կարողացավ պարզ պատմությունների միջոցով ուսուցանել ամենավսեմ ճշմարտությունները։ Նրա առակների շնորհիվ Իր աշակերտները ճշմարտություններն ընդունում էին ոչ միայն իրենց մտքում, այլ նաև իրենց սրտում և կապում հավերժական սկզբունքներն իրենց առօրյա կյանքի հետ։1 Մեր սիրելի Նախագահ Մոնսոնը նույնպես իր անձնական փորձառությունների միջոցով ուսուցանելու վարպետ է, որոնք դիպչում են սրտերին։2

Այսօր ես իմ ուղերձը կհղեմ և մտքերս ու զգացմունքներս կարտահայտեմ պատմության տեսքով։ Հրավիրում եմ ունկնդրել Հոգու միջոցով։ Սուրբ Հոգին կօգնի ձեզ գտնելու ձեզ անհրաժեշտ ուղերձն այս առակի մեջ։

Մեծ մորաքույր Ռոզը

Պատմությունը Եվա անունով մի աղջկա մասին է։ Երկու կարևոր բան կա, որ պետք է իմանաք Եվայի մասին։ Առաջինն այն է, որ այս պատմության մեջ նա 11 տարեկան է։ Իսկ երկրորդն այն է, որ նա բացարձակապես չէր ցանկանում գնալ և ապրել իր մեծ մորաքրոջ՝ Ռոզի հետ։ Ոչ մի դեպքում։

Սակայն Եվայի մայրիկը պետք է վիրահատվեր, որից հետո կպահանջվեր երկար վերականգնում։ Այնպես, որ Եվայի ծնողները ցանկանում էին, որ նա ամառն անցկացներ իր մեծ մորաքրոջ հետ։

Եվան բազմաթիվ պատճառներ ուներ, թե ինչու էր դա վատ գաղափար։ Առաջինն այն էր, որ նա հեռու կլիներ իր մայրիկից։ Դա նաև կնշանակեր հեռանալ իր ընտանիքից ու ընկերներից։ Եվ բացի այդ, նա նույնիսկ չէր ճանաչում մեծ մորաքրոջը; Այնպես որ շատ շնորհակալություն, բայց նա իրեն այդպես լավ էր զգում։

Սակայն բազմաթիվ վիճաբանությունները և անհամաձայնությունը չփոխեցին իրավիճակը։ Այսպիսով Եվան կապեց իր ճամպրուկը և իր հայրիկի հետ երկար ճանապարհ գնաց դեպի իր մեծ մորաքրոջ՝ Ռոզի տուն։

Տուն ոտք դնելու պահից ի վեր Եվան ատեց այն։

Ամեն ինչ շատ հին էր։ Յուրաքանչյուր ազատ տարածք լցված էր հին գրքերով, տարօրինակ գույնի շշերով և պլաստմասե սնդուկներով, որոնք լեփ-լեցուն էին ուլունքներով, ժապավեններով և կոճակներով։

Մեծ մորաքույր Ռոզն ապրում էր այդտեղ միայնակ, նա երբեք չէր ամուսնացել։ Մյուս բնակիչը մի մոխրագույն կատու էր, ում դուր էր գալիս բարձրանալ սենյակների բարձրադիր անկյունը և թառել այնտեղ՝ որպես սոված վագր ուշադիր հայացք գցելով իրենից ցած գտնվող ամեն ինչին։

Նույնիսկ տունն ինքնին միայնակ էր թվում։ Այն գտնվում էր ծայրամասում, որից հեռու գտնվում էին այլ տներ։ Եվայի տարիքակից ոչ ոք կես մղոնից մոտ տարածության վրա չէր ապրում։ Այդ պատճառով նույնպես Եվան միայնակ էր զգում։

Սկզբում նա մեծ ուշադրություն չէր դարձնում մեծ մորաքույր Ռոզին։ Մեծ մասամբ նա մտածում էր իր մայրիկի մասին։ Երբեմն, գիշերներն արթուն մնալով նա իր ողջ հոգով աղոթում էր, որ մայրն առողջանա։ Թեև դա անմիջապես տեղի չունեցավ, բայց Եվան սկսեց հասկանալ, որ Աստված հոգ է տանում իր մայրիկի մասին։

Վերջապես լուր ստացավ, որ վիրահատությունը հաջող էր անցել և այժմ Եվայից սպասվում էր դիմանալ մինչև ամառվա վերջը։ Սակայն նա չէր դիմանում։

Հոգում հանգիստ լինելով իր մայրիկի համար, Եվան սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել Մեծ մորաքույր Ռոզին։ Նա խոշորակազմ կին էր՝ նրա ամեն ինչը մեծ էր՝ նրա ձայնը, նրա ժպիտը, նրա անձը։ Հեշտ չէր նրա համար քայլել տնով, բայց նա աշխատելիս միշտ երգում ու ծիծաղում էր և նրա ծիծաղը լսվում էր տնով մեկ։ Յուրաքանչյուր երեկո նա նստում էր իր փափուկ բազմոցին, հանում իր սուրբ գրությունները և բարձրաձայն կարդում դրանք։ Եվ կարդալիս նա, երբեմն, մեկնաբանում էր․ «Օ՜, նա չպետք է դա աներ» կամ «Ամեն ինչ կտայի այնտեղ լինելու համար» կամ «Արդյո՞ք դա ամենասքանչելի բանը չէ, որ երբևէ լսել եք»։ Եվ յուրաքանչյուր երեկո երկուսով ծնկի գալով Եվայի մահճակալի մոտ, մեծ մորաքույր Ռոզն ասում էր ամենագեղեցիկ աղոթքները՝ շնորհակալություն հայտնելով Երկնային Հորը սոխակների և եղևնիների, մայրամուտների և աստղերի և «կենդանի լինելու հրաշքի» համար։ Եվային թվում էր, թե Ռոզը ճանաչում էր Աստծուն և որ Նա իր ընկերն էր։

Ժամանակի ընթացքում Եվան զարմանալի բացահայտում արեց․ միանգամայն հնարավոր էր, որ մեծ մորաքույր Ռոզը իր ճանաչած ամենաերջանիկ մարդն էր։

Սակայն, ինչպե՞ս է դա հնարավոր։

Երջանիկ լինելու համար, ի՞նչ ունի նա։

Նա երբեք չէր ամուսնացել, նա երեխաներ չուներ, նա չունի մեկը, որի հետ կարող է շփվել, բացի այդ սողացող կատվից և նա դժվարանում էր հասարակ գործողություններ անելուց, ինչպես օրինակ՝ կապել կոշիկները և բարձրանալ աստիճաններով։

Երբ քաղաք էր գնում, նա կրում էր չափազանց մեծ գունավոր գլխարկներ։ Բայց մարդիկ չէին ծիծաղում նրա վրա։ Փոխարենը՝ հավաքվում էին նրա շուրջը և ցանկանում խոսել հետը։ Ռոզը դպրոցում ուսուցիչ է եղել և արտասովոր չէր, որ նախկին աշակերտները՝ այժմ արդեն հասակ առած մարդիկ, որոնք իրենք ունեն երեխաներ, կանգնեցնում և զրուցում էին։ Նրանք շնորհակալություն էին հայտնում իրենց կյանքում լավ օրինակ ծառայելու համար։ Հաճախ նրանք ծիծաղում, իսկ երբեմն նույնիսկ արտասվում էին։

Մինչ ամառն առաջ էր շարժվում, Եվան ավելի շատ ժամանակ էր անցկացնում Ռոզի հետ։ Նրանք երկար զբոսանքի էին գնում և Եվան իմանում էր ճնճղուկների և սերինոսների տարբերությունը։ Նա հավաքում էր կարմիր հաղարջ և ջեմ պատրաստում նարինջներից։ Նա իմացավ իր նախատատի մասին, ով հեռացել էր իր հայրենիքից, անցել օվկիանոսը և տափաստանների միջով քայլելով միացել Սրբերին։

Շուտով Եվան ևս մեկ ապշեցուցիչ բացահայտում է անում․ ոչ միայն մեծ մորաքույր Ռոզն իր ճանաչած ամենաերջանիկ մարդն էր, այլ՝ Եվան նույնպես երջանիկ էր, երբ նրա կողքին էր գտնվում։

Ամռան օրերն այժմ ավելի արագ էին անցնում։ Նախքան Եվան կգիտակցեր դա, մեծ մորաքույր Ռոզն ասաց, որ շուտով Եվան պետք է տուն վերադառնա։ Թեև Եվան այդ պահին անհամբերությամբ սպասում էր իր ժամանման պահից սկսած, այժմ նա այնքան էլ վստահ չէր, թե ինչ է զգում։ Նա հասկացավ, որ իրականում նա կկարոտի այս տարօրինակ հին տունը, որսորդ կատվին և սիրելի մեծ մորաքույր Ռոզին։

Նախքան հայրը կգար նրան տուն տանելու, Եվան մի հարց տվեց, որի մասին շաբաթներ շարունակ մտածում էր․ «Մորաքույր Ռոզ, ինչո՞ւ ես դու երջանիկ»։

Մորաքույր Ռոզը ուշադիր նայեց նրան, իսկ հետո ուղեկցեց նրան մի նկարի մոտ, որը փակցված էր նախասրահում։ Դա նվեր էր տաղանդավոր մի ընկերոջից։

«Ի՞նչ ես տեսնում այնտեղ»,- հարցրեց նա։

Նկար
Ռահվիրան աղջիկը ցատկոտում է

Եվան նախկինում նկատել էր նկարը, բայց իրականում մոտիկից չէր նայել այն։ Ռահվիրաների հագուստով մի աղջիկ ցատկոտելով ցած էր իջնում վառ կապույտ ճանապարհով։ Խոտերն ու ծառերը մուգ կանաչ էին։ Եվան ասաց․ «Դա մի աղջկա նկար է։ Կարծես թե նա ցատկոտում է»։

«Այո, դա մի ռահվիրան աղջիկ է, ով երջանիկ ցատկոտում է»,- ասաց մորաքույր Ռոզը։ «Պատկերացնում եմ, թե որքան մութ ու մռայլ օրեր են ունեցել ռահվիրաները։ Նրանց կյանքն այնքան դժվար է եղել, որ մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Սակայն այս նկարում ամեն ինչ պայծառ և հուսադրող է։ Այս աղջիկը ուրախ ետ ու առաջ է անում»։

Եվան լուռ էր, իսկ Մեծ մորաքույր Ռոզը շարունակեց․ «Մեր կյանքում կան բաներ, որոնք այնպես չեն գնում, ինչպես մենք ենք ցանկանում և այսպիսով՝ բոլորը կարող են ընկնել հոռետեսության և մելամաղձության գիրկը։ Սակայն ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր նույնիսկ այն ժամանակ, երբ գործերը լավ չեն գնում, կենտրոնանում են կյանքի հրաշալիքների և հրաշքների վրա։ Նրանք իմ ճանաչած ամենաերջանիկ մարդիկ են»։

«Բայց»,- ասաց Եվան,- «մարդը չի կարող հանկարծակի որոշել և տխրությունից անցում կատարել ուրախության»։

«Ոչ, հավանաբար ոչ»,- մեղմորեն ժպտաց մորաքույր Ռոզը, «սակայն Աստված մեզ չի ստեղծել տխուր լինելու համար։ Նա մեզ ստեղծել է, որպեսզի ուրախություն ունենանք»։3 Այսպիսով, եթե մենք վստահում ենք Նրան, նա մեզ կօգնի՝ նկատելու կյանքի բարի, պայծառ և հուսադրող բաները։ Եվ, անշուշտ, աշխարհն ավելի լավը կդառնա։ Ոչ, դա անմիջապես տեղի չի ունենում, բայց անկեղծ ասած, ո՞ր լավ բանն է անմիջապես տեղի ունենում։ Իմ կարծիքով ամենալավ բաներն, ինչպես տանը պատրաստած հացը կամ նարինջի ջեմը համբերություն և աշխատանք են պահանջում»։

Եվան մի պահ մտածեց դրա շուրջ և ասաց․ «Միգուցե դա այդքան հեշտ չէ այն մարդկանց համար, որոնց կյանքում ամեն ինչ կատարյալ չէ»։

«Սիրելի Եվա, դու իսկապե՞ս կարծում ես, որ իմ կյանքը կատարյալ է»։ Մորաքույր Ռոզը Եվայի հետ նստեց փափուկ բազմոցին։ «Կյանքում մի պահ է եղել, որ ես շատ հուսալքված եմ եղել և չեմ ցանկացել ապրել»։

«Դո՞ւք»,- հարցրեց Եվան։

Մորաքույր Ռոզը գլխով արեց․ «Իմ կյանքում այնքան շատ բաներ եմ երազել»։ Նրա խոսքի մեջ Եվան տխրություն նկատեց, որը նա երբեք նախկինում չէր լսել։ «Դրանցից շատերը չեն իրականացել։ Հիասթափություն հիասթափության հետևից։ Մի օր ես հասկացա, որ երբեք չեմ ունենա այն, ինչ երազել եմ։ Դա ծանր օր էր։ Ես պատրաստ էի հանձնվել և թշվառ լինել»։

«Ապա, ի՞նչ արեցիք դուք»։

«Որոշ ժամանակ ոչինչ չարեցի։ Ես պարզապես բարկացած էի։ Շրջապատի մարդկանց համար հաճելի չէր շփումն ինձ հետ»։ Ապա, նա մի փոքր ծիծաղեց, սակայն դա նման չէր նրա սովորական բարձր, սենյակը թնդացնող ծիծաղին։ «Անընդհատ իմ մտքում կրկնում էի, որ դա արդար չէ։ Սակայն ի վերջո մի բան բացահայտեցի, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը»։

«Ի՞նչ»։

«Հավատք»,- ժպտաց մորաքույր Ռոզը։ «Ես բացահայտեցի հավատքը։ Իսկ հավատքը բերեց հույս։ Եվ հավատքն ու հույսը ինձ վստահություն ներշնչեցին, որ Փրկչի շնորհիվ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի և ամեն սխալ բան կփոխվի և կդառնա ճիշտ։ Դրանից հետո ես սկսեցի նշմարել պայծառ կապույտը, մուգ կանաչը և ալ կարմիրը ու մտածեցի, որ ընտրություն ունեմ՝ ես կարող էի կախել գլուխս և ինքս իմ հանդեպ խղճահարությունից լցված քստքստացնել ոտքերս փոշոտ ճանապարհով կամ ունենալ մի փոքր հավատք, հագնել պայծառ զգեստ, հագնել կոշիկներս և ցատկոտել կյանքի ուղով ու երգել»։ Այժմ նրա ձայնը համահունչ էր նկարի մեջ ցատկող աղջկա տեսքին։

Մորաքույր Ռոզը հասավ սեղանի եզրին և իր մաշված սուրբ գրությունները դրեց ծնկներին։ «Չեմ կարծում, որ տառապում էի ընկճախտով, քանի որ իմ մտածելակերպը փոխվել էր։ Բայց ես ինձ համոզում էի, որ ես թշվառ եմ։ Այո, ես վատ օրեր եմ ունեցել, սակայն իմ տխրությունն ու մտահոգությունը չէին փոխի դա, այլ՝ ավելի էին խորացնում ցավը։ Փրկչի հանդեպ հավատքն ինձ հույս տվեց, որ անկախ անցյալից իմ պատմությունը կարող է երջանիկ ավարտ ունենալ»։

«Ինչպե՞ս կարող ես համոզված լինել»,- հարցրեց Եվան։

Մորաքույր Ռոզը բացեց իր Աստվածաշունչը և ասաց․ «Դրա մասին խոսվում է այստեղ․

«Աստված … կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։

Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։4

Մեծ մորաքույր Ռոզը նայեց Եվային։ Նա լայն ժպտաց և փոքր-ինչ դողդոջուն ձայնով շշնջաց․ «Արդյո՞ք դա ամենագեղեցիկ բանը չէ, որ դու երբևէ լսել ես»։

Եվայի կարծիքով դա իսկապես գեղեցիկ էր։

Մորաքույր Ռոզը շրջեց մի քանի էջ և ցույց տվեց մի հատված Եվային, որ նա կարդա․ «Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»։5

Մորաքույր Ռոզն ասաց․ «Այդպիսի փառահեղ ապագայով, ինչո՞ւ ընկղմվել անցյալի կամ ներկայի մեջ, որոնք այդքան էլ մեր ծրագրած ձևով չեն առաջ շարժվում»։

Եվան զարմացավ․ «Բայց սպասիր»,-ասաց նա։ «Արդյո՞ք դու նկատի ունես, որ երջանիկ լինելու համար միայն պետք է նայել առաջ՝ ապագայի երջանկությանը։ Արդյո՞ք մեր ամբողջ երջանկությունը հավերժության մեջ է։ Չի՞ կարող դրա մի մասն այժմ պատահել»։

«Անշուշտ կարող է», բացականչեց մորաքույր Ռոզը։ «Սիրելի զավակ, ներկան հավերժության մի մասն է։ Պարտադիր չէ, որ այն մեր մահից հետո սկսվի։ Հավատքը և հույսը ցույց կտան քեզ այն երջանկությունը, որը դրված է քո առաջ։

«Ես գիտեմ մի բանաստեղծություն, որի մեջ ասվում է․ «Հավերժությունը բաղկացած է ներկաներից»։6 Ես չէի ցանկանում, որ իմ հավերժությունը բաղկացած լինի մռայլ և սարսափելի «ներկաներից»։ Ես չէի ցանկանում առանձնանալ հասարակությունից, կրճտացնել ատամներս, փակել աչքերս և նեղացած դիմանալ մինչև դառը ավարտը։ Հավատքն ինձ անհրաժեշտ հույս ներշնչեց, որ այժմ ապրեմ ուրախությամբ»։

«Ապա, ինչ արեցիք հետո»,- հարցրեց Եվան։

«Ես գործադրեցի հավատք Աստծո խոստումների հանդեպ՝ լցնելով իմ կյանքն իմաստալից բաներով։ Ես ընդունվեցի համալսարան։ Կրթություն ստացա։ Որի շնորհիվ ձեռք բերեցի իմ սիրած աշխատանքը»։

Եվան մի պահ մտածեց դրա շուրջ և ասաց․ «Սակայն զբաղվածությունը իրականում քեզ երջանիկ չի դարձնում։ Կան շատ զբաղված մարդիկ, ովքեր երջանիկ չեն»։

Մորաքույր Ռոզը պատասխանեց․ «Դու շատ խելացի ես քո տարիքի համար։ Դու շատ ճիշտ ես։ Եվ այդ զբաղված ու տխուր մարդկանցից շատերը մոռացել են աշխարհի ամենակարևոր բանը՝ Հիսուսի խոսքերը, որոնք Նրա ավետարանի ամենակարևոր մասն են»։

«Որո՞նք են դրանք»,- հարցրեց Եվան։

«Դա սերն է՝ Քրիստոսի մաքուր սերը»,- ասաց Ռոզը։ «Ավետարանում մնացած ամեն ինչը՝ բոլոր պետք է, պարտավոր ես և պիտի բառերը հանգեցնում են սիրուն։ Երբ մենք սիրում ենք Աստծուն, մենք ցանկանում ենք ծառայել Նրան։ Մենք ցանկանում ենք նմանվել Նրան։ Երբ մենք սիրում ենք մեր մերձավորին, մենք դադարում ենք այդքան մտածել մեր անձնական խնդիրների մասին և օգնում ենք մյուսներին լուծելու իրենց խնդիրները»։7

«Եվ դա՞ է մեզ երջանիկ դարձնում»,- հարցրեց Եվան։

Մեծ մորաքույր Ռոզը գլխով հաստատեց և ժպտաց, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ «Այո սիրելիս։ Դա է մեզ երջանիկ դարձնում»։

Միշտ տարբեր

Հաջորդ օրը Եվան գրկեց իր մեծ մորաքույր Ռոզին և շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ նա արել էր։ Նա վերադարձավ դեպի իր ընտանիքը, իր տունը, իր ընկերները և հարևանները։

Սակայն նա այլևս նույնը չէր։

Հասունանալիս Եվան հաճախ էր մտածում իր մեծ մորաքրոջ խոսքերի մասին։ Ի վերջո Եվան ամուսնացավ, մեծացրեց երեխաներին և ապրեց երկար ու հրաշալի կյանքով։

Եվ մի օր, երբ իր տանը կանգնած հիանում էր ռահվիրան աղջկա նկարով, որը ցատկոտում էր ցած վառ կապույտ ճանապարհով, նա հասկացավ, որ հասել էր մեծ մորաքույր Ռոզի տարիքին, երբ այդ հիշարժան ամռանը հանդիպեց նրան։

Նկար
Ռահվիրան աղջիկը ցատկոտում է

Երբ նա գիտակցեց դա, նրա սիրտը լցվեց մի հատուկ աղոթքով։ Եվ Եվան երախտագիտության զգացում ապրեց՝ իր կյանքի, իր ընտանիքի, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի և այդքան վաղուց տեղի ունեցած ամռան համար, երբ մեծ մորաքույր Ռոզը8 ուսուցանեց նրան հավատքի, հույսի և սիրո մասին։9

Օրհնությունը

Քրիստոսով ապրող իմ սիրելի քույրեր, իմ սիրելի ընկերներ ես աղոթում եմ և հույս ունեմ, որ այս պատմության մեջ մի ինչ-որ բան դիպավ ձեր սրտին և ոգեշնչեց ձեր հոգին։ Ես գիտեմ, որ Աստված ապրում է և սիրում է յուրաքանչյուրիդ։

Երբ դուք քայլեք աշակերտ լինելու ձեր լուսավոր ճամփով, ես աղոթում եմ, որ հավատքն ամրացնի ձեր յուրաքանչյուր քայլը, որ հույսը ցույց տա ձեզ այն փառքը, որը Երկնային Հայրը պատրաստել է ձեզ համար և որ Աստծո ու Նրա բոլոր զավակների հանդեպ սերը լցնի ձեր սրտերը։ Որպես Տիրոջ առաքյալ ես այս ամենի մասին վկայում եմ և իմ օրհնությունն եմ թողնում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։